Jump to content

Մի մարդ գնում է իր համար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԻ ՄԱՐԴ ԳՆՈՒՄ Է ԻՐ ՀԱՄԱՐ


Իրիկնադեմին ստվերն ընկավ թեժ սալաքարին, եւ
քարը թշշաց։ Պահի լեզուն - ահա լույսը՝
ջուրն երեսին աղջիկ։ Աչքերս ընդառաջ են գնում։

Ճանապարհները կանգ են առնում։ Ես սիրում եմ այնքան,
որքան չեմ սիրում (պատկերացնո՞ւմ եք, թե որքան եմ սիրում)։
Մթան հետ հաշտ էր մոմը՝ քանի դեռ չէր վառվում։

Օրը չեմ հիշում, բայց այդ պահին ամբողջ երկնքում մի
թռչուն կար միայն։ Մեծ քարից վեր։ Ու թե վանականը, աղոթքից-աղոթք,
թաքուն չվազեր աղջկա մոտ, չէի հավատա, թե նա մարդն է Աստծո։

Անսպառելի հայացք՝ Աթալի։ Անօդ անուն։ Թեեւ
քո քույրն է, բայց քո քույրը չէ։ Մեսսալին։ Դյուբարրի։
Մատա Խարին։ Աչքերդ։ Աչքերդ։ Մոլեգին լույս՝ ջուրը երեսին։

Հավքը իջել, մագիլները սիրով մխրճել է աղջկա կրծքի մեջ,
վիզը երկարել եւ, կտուցը՝ նրա տաք շուրթերին, նվաղել է։ Այսքանը
երեւաց, երբ հանկարծահաս կայծակը պատռեց երկինքը։
Մի մարդ գնում է ինքն իր համար։ Բայց ինքն իր համար չի
գնում, իրենով նա լրացնում է (սիզիֆյան աշխատանք)
Աստծո ստեղծած աշխարհը, որ երբեք չի լրանալու։

Հայացքդ - տխուր երազ։ Ծաղիկները հանդերում շրջում են
շարունակ՝ թափառական աստղերի նման։ Աչքերդ։
Աչքերդ։ Մինչեւ այսօր չեկած անձրեւներ են գալիս անվերջ։