Քարերի այգի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վերնագիրը՝ ապագայում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Քարերի այգի)

Վարդան Հակոբյան

Մի մարդ գնում է իր համար
ՔԱՐԵՐԻ ԱՅԳԻ

Ծառերը տեղից չեն շարժվում ոչ մի ժամանակ,
սակայն շրջում են ողջ աշխարհով մեկ. ծառերին
տանում են այն
թռչունները, որոնք ծնվել են իրենց ճյուղերին։

Մեր փնտրածը գտնում ենք այնտեղ (եթե գտնում ենք),
որտեղ որ երբեք չենք
գտնում։
Աշխարհի բոլոր հավքերը (երգի առումով) հայրենակիցներ են։

Մենք լքեցինք իրար, որ
սերը
մեզ չլքի։ Եվ պարզապես գնացինք՝ գտնելու անգտնելի
կետն այն միակ,
որտեղից երեւում է ճապոնական այգու տասնհինգերորդ քարը՝
որպես սեղմնապատկերը նրա, որ
ապրում է մեր մեջ, բայց որին... ո՞վ է հասել, որ մենք հասնենք։

Արշալույսներին չեմ բերկրում այնքան,
որքան տխրում եմ մայրամուտներին։
Հավքը թռչող տերեւ է, նրա
տեսիլքը
անձնագիրն է ծառի։ Ասում են՝ ոչ մի
տերեւ աշխարհում, ինչքան էլ՝ նման, չի կրկնում ուրիշ ոչ մի տերեւի։

Աչքերդ սիրում են հեքիաթները. ես մի հեռավոր օր,
որը դեռ չի եկել, համբուրել եմ
երկրի ու երկնքի ոչ մի ծայրից չերեւացող աստղը։

Մի հեռավոր օր, որը դեռ չի եկել (չէ՛, չի եկել-անցել),
ես ու դու եղել ենք միասին, եւ ժամերը
հաջորդել են իրար՝ որպես սրտի արագացված զարկեր։
Իմ նպատակն է՝ հասնել այնտեղ, ուր երբեք չեմ հասնելու։

Ծառերը միշտ ոտքի վրա են, ծառերը միշտ ճանապարհին են,
որովհետեւ նրանք անսահման են,
որովհետեւ նրանք թեւեր են,
որովհետեւ յուրաքանչյուր ճանապարհ,
ի վերջո, շարունակությունն է բաբելոնյան աշտարակաշինության եւ իմ։