Մշակ/1873/1/Բանասիրական․ մատենագրութիւն
Կանոնաւոր և վայելուչ գրութեան պատմութիւնը ու տեսութիւնը, Մ․ Մ․ Միանսարեանց, Ս․-Պետերբուրգ, 1872, Գինն է 1 ռ․ 70 կոպ․
Մանկական աշխարհ, Ա և Բ մասն․ թարգմանութիւն կ․ Տէր Դաւթեանց, Թիֆլիս։
„Այրարատ“ ամսագրի 6-րդ համարում մի „կրիտիկոս“ մեղադրում է մեզ մեր մատենագիտական նկատողութիւնների համար, ասելով թէ նոքա լոկ մատնացուցութիւններ են և ոչ հիմնաւոր քննութիւններ։ Այս մեղադրանքը արդարացի կը լինէր, եթէ մեր դիտաւորութիւնը եղած չլինէր ժամանակ առ ժամանակ ներկայացնել միայն „լոկ հաշիւ“ մեզանում հրատարակուած գրքերի վրայ, յայտնելով նոցա գլխաւոր արժանաւորութիւնները ու թերութիւնները, ինչպէս որ մենք հասկանում ենք։ Այլապէս չենք էլ կարող վարուել։ „Մշակի“ էջերը այնքան նեղ և շրջափակուած են, իսկ նիւթերի կողմից այնքան բազմակողմանի, որ եթէ հանգամանքներին չենթարկուելով մեր գրչին ու ցանկութեանը կատարեալ ազատութիւն տայինք, կը ստիպուէինք մի և նոյն նիւթերի վրայ մի քանի համարում խօսել, բայց սորանով կը մեղանչէինք օրագրականութեան նշանակութեան դէմ ընդհանրապէս և „Մշակի“ ուղղութան դէմ մասնավորապես։
Վերջին ժամանակներումս լոյս տեսած գրքերի մէջ առանձին մտադրութեան արժանի է Պ․ Մ․ Միանսարեանցի հրատարակած „կանոնաւոր և վայելուչ գրութեան պատմութիւնը”։
Ամբողջ գիրքը բաղկացած է 259 ութածալ երեսներից և պարունակում է իր մէջ իսկապէս տասը գլուխ բան, որ վերաբերում են գրուածքի բուն նիւթին (1―150), հինգ յաւելուած զանազան նիւթերի վրայ (150―248) և վերջապէս մի քանի ուրիշ ծանօթութիւններ (218―259)։
„Հին դարերից սկսած մինչև Պեստալօցցիի ժամանակը― ասում է հեղինակը գրուածքի առաջին գլխում― այս գիտութեան (այսինքն վայելչագրութեան) դասատուութեան եղանակը մեքենայական էր։ Ամէն մի աշակերտի տետրակը խազում էին հասարակ խազերով, խազերի սկիզբն ուսուցիչը գրում էր տառերը,― այբբենական կարգաւ,― և աշակերտը, միայն նայելով ուսուցչի գրած օրինակին, պիտի աշխատէր մեքենայաբար օրինակել, կամ, առաւել ճիշդ ասել, դուրս նկարել նոյն դասերը այնքան ժամանակ, մինչև որ կարողանար փոքր ի շատէ յարմարացնել ուսուցչի գրած օրինակին։ Այսպիսի նահապետական դրութեան մէջ գտնվում էր և կայ մինչև այսօր ևս վայելուչ և կանոնաւոր գրութեան դասատուութիւնները մեր մէջ” (եր․ 4―6)։
Բայց անցեալ դարու վերջերից արդէն Եւրոպայում շատ երևելի մանկավարժներ աշխատեցան վայելչագրութիւնը գիտութեան աստիճանին բարձրացնել, որոշ օրէնքների վրայ հիմնուած, որոնք կարող են հետևեալ հիմնական կանոններին վերածուել․ 1. բաժանել և դասաւորել տառերը բնական կերպով, համեմատ այն սկզբնական համանման խազերին, որոնցից բաղկացած են զանազան նոյնաձև գրերը, զօր․ ս, ա, ո, ռ, տ, կամ լ, շ, ղ, զ, չ, ջ, կամ ի, խ, ք, ֆ, և այլն։ 2. Համանման տառերի մէջ խազերը միաչափ պահել, թէ գծի վրայ լինեն (ա, ս, ո), թէ գծից բարձր (ն, ծ) կամ ցածր լինեն (լ, ղ)։ 3. Խազերը միակերպ, միաձև թեքել։ 4. Միաչափ լայնութիւն պահել իւրաքանչիւր տառի խաղերի մեջ։ 5. Իւրաքանչիւր բառի տառերը մինը միւսից միաչափ հեռաւորութեամբ պահել։ 6. Իւրաքանչիւր բառ իւր նախընթացից և հետևորդից այնքան հեռու գրել, որ ամէն բան որոշակի կարդացուի, այնպէս որ առ հասարակ մի բառի առաջին տառը շատ մօտ չլինի նախընթաց բառին, և վերջին տառը յետագայ բառին։
Այս կանոնները յաջողութեամբ գործադրելու համար մանկավարժները զանազան մէտօդներ մշակեցին։ Նշանաւոր են այս կողմից Կարստերի, Օգօյիէի, Նիդելինի, Չիլիի, Հակմանի և ուրիշների աշխատութիւնները, որոնց վրայ երկար բարակ խօսում է հեղինակը։
Իններորդ գլխում պ․ Միանսարեանցը հայ գրութեան պատմութիւնն է անում, որի մէջ յիշում է զանազան դարերում հնարուած գրութեան ձևերը սեպագրից ու երկաթագրից սկսած մինչև փառագիրն ու փակագիրը։ Այս տեսակ տեսակ ձևերը յայտնի ցոյց են տալիս այն մտքի ճշմարտութիւնը, որ գրութիւնը մինչև ժամանակներս մեր մէջ լոկ իբրև արուեստ մշակուել է և ոչ իբրև գիտութիւն։
Սորանից յետոյ հեղինակը խօսում է այն մէտօդի վրայ որ գործ դրեց իր հրատարակած վայելուչ գրութեան օրինակների մէջ, որոնց համար օգուտ քաղեց զանազան եւրոպական և հայ լեզուներով հրատարակուած վայելչագրութեան օրինակներից։ Թէ գրութեան և թէ տօղաշարների տպագրուելու օրինակները պ․ Միանսարեանցի տուած գաղափարների վրայից խազեց և գրեց Վեննայի միաբան Հ․ Արսէն Այտընեանը։
Գրութեան օրինակները, ինչպէս տեսնում ենք գրքի ցանկից, բաղկանում են հինգ տետրակից․ առաջին տետրակի մէջ գրած են միայն սկզբնական խազերը, կամ գրերի կազմակերպութեան տարրերը, իսկ միւսների մէջ հետզհետէ գրած են զանազան վարժութիւններ, սկսած ամենապարզ խոշոր, միջին և մանր տառերով։ Մեզ մինչև հիմա յաջողուել է միայն երկու տետրակները տեսնել։
Երկու գլխաւոր պակասութիւն ենք նկատում այս աշխատութեան մէջ։ Պ․ Միանսարեանցը սովորութիւն ունի առհասարակ իւր հրատարակութիւնները զանազան յաւելուածներով ծանրաբեռնել։ Լաւ էր եթէ այդ յաւելուածները միշտ կապ ունենային գրուածքի նիւթի հետ․ այն ժամանակ ոչինչ մեղադրելու բան չէինք ունենալ։ Բայց արի տես որ շատ անգամ հակառակն է պատահում։ „Կանոնաւոր և վայելուչ գրութեան” հինգ յաւելուածներից իսկապէս միայն մինը (զանազան թանաքներ շինելու տարազները) վերաբերում է գրուածքին, որովհետև ինչ յարաբերութիւն կարող է լինել վայելչագրութեան և „անտառների ստիպողական հարկաւորութեան“ կամ „անատոմիկական ստուերագրերի ու բառարանի“ մէջ․․․․
Միւս պակասութիւնն է ծանօթութիւնների չափազանց շատութիւնը, որոնցից ոմանք բոլորովին աւելորդ են։ Այսպէս օրինակի համար, ուսուցիչ բառը մեկնելու համար ծանօթութեան մէջ դրած են բոլոր նորա ածանձները ու զանազան ձևերը մինչև քառասուն բառ (եր․ 5)․ գրութեան մէջ թուահամարի գործածութեան վրայ խօսելիս՝ ծանօթութեան մէջ համարեա բոլոր բացարձակ ու դասական թուականները յիշում է, իսկ մի թուականի գրաբառ հոլովումը դնում է (եր․ 29), և այլն։ Այս յաւելուածները ու ծանօթութիւնները գրքի կէսից աւելի են բռնում։
Առհասարակ պէտք է ասած, որ պ․ Միանսարեանցի այս աշխատութիւնը, որքան էլ արժանաւորութիւններ ունենայ, մի անհրաժեշտ երևոյթ չէ մեր աղքատիկ գրականութեան մէջ, որ ուրիշ աւելի մեծ կարօտութիւններ ունի։ Մեր կարծիքով աւելի լաւ կը լինէր եթէ հեղինակը աւելի խնայողութեամբ վարուելով՝ բաւականացած լինէր միայն վայելչագրութեան հիմնական կանոնները ամփոփելով գրութեան օրինակների առաջին տետրակի սկզբում, իբրև հրահանգ ուսուցիչների համար։ Այդ մեծ թեթևութիւն կը լինէր թէ հասարակութեան և թէ հեղինակի համար, որ հազիւ թէ կարողանայ իր արած ծախքերը ծածկել։ Երանի թէ մենք խաբուած լինենք մեր կարծիքի մէջ․․․
Աւելի մեծ մանկավարժական նշանակութիւն ունի Ուշինսկու „Մանկական Աշխարհի“ հայկական թարգմանութիւնը, որի երկրորդ հատորը նորերումս հրատարակուեցաւ։
Քիչ գիրք կայ որ պ․ Կամսար Տէր Դաւթեանցի այս աշխատութեան չափ յարձակմունքների ենթարկուած և միևնոյն ժամանակ այնքան տարածուած լինի, այնպէս որ առաջին հատորի երկրորդ տպագրութիւնը արդէն սպառվելու վրայ է։ Ինչ է սորա պատճառը, ընթերցող։— Ընթերցանութեան գրքերի սակաւութիւնը։ Այդ ճշմարիտ է, բայց մի ուրիշ աւելի հիմնաւոր պատճառ կայ այստեղ․— Ուշինսկու գրքի պատուականութիւնը մի կողմից և թարգմանութեան խակութիւնը միւսից։
Հին ու ծանօթ ճշմարտութիւն է, որ մի լեզուից միւս լեզվով բան թարգմանելու համար երկու գլխաւոր արժանաւորութիւն է հարկաւոր․ առաջին, երկու լեզուների հիմնաւոր ծանօթութիւնը և երկրորդ, թարգմանելի առարկաների հիմնաւոր գիտութիւնը։ Այս երկու արժանաւորութիւններից մանաւանդ առաջինի դէմ մեղանչում է պ․ Դաւթենացը։ Թարգմանչի ցանկութիւնն է եղել, ինչպէս երևում է, երեխաներին հասկանալի լինելու համար․ մի միջին լեզու գործ դնել ժողովրդական ու գրաւոր լեզուների մէջ․ ուստի գործ է ածում գաւառական բառեր ու ձևեր խառն գրաւոր լեզուի բառերի ու ձևերի հետ։ Սորանից առաջ եկաւ մի անբնական խառնուրդ, մի աններդաշնակութիւն, այնպէս որ գաւառական կենդանի ձևերն ու բառերը իրանց գեղեցկութիւնը կորցնում են այն բոլոր խաօսի մէջ։ Այս տպաւորութիւնն է անում ընթերցողի վրայ „Մանկական աշխարհի“ ընթերցումը։
Բացի սորանից ուրիշ պակասութիւններ ենք նկատում պ․ Տէր Դաւթեանցի աշխատութեան մէջ․ օտար բառերի գործածութիւն այնտեղ, ուր համապատասխան բառեր կան հայերէնի մէջ․ այսպէս են՝ սանկա, կնեաղ, համ․․․ համ և այլն, փոխանակ սահնակ, իշխան, թէ թէ․․․ գործածական բառերի։ Դերանունների տարապայման կրկնութիւնը, ինչպէս այս պարբերութեան մէջ․ նա „հարցրեց նրանց թէ ինչ են կանչում նրանց (երևի какъ ихъ зовутъ)“, քանի տարեկան են նրանք, կարդալ գրել գիտեն թէ ոչ, նրանց ծնողները ովք են, նրանք որտեղ են բնակվում" (ա․ 7)։ Աւելի բնական ու կանոնաւոր կը լինէր ասել հայերէն՝ նա հարցրեց նրանց անունն ու տարիքը․ թէ կարդալ գրել գիտեն թէ ոչ, ծնողները ովք են, որտեղ են բնակվում։ Լեզուի հիմնական կանօնների դէմ սխալներ, օրինակի համար՝ „լաւ աշակերտը պէտք է ջանասիրութիւնով տանը դասերը կրկնել, իսկ գրքերը և տետրակները մաքուր և կարգին պահել․․․։ Նա պէտք է քաշքշվի և․․․ մի կտոր հաց խնդրել․— փոխանակ կրկնէ պահէ խնդրէ․— վերջապէս թէև Ուշինսկու այս աշխատութիւնը ընդհանուր կրթողական բնաւորութիւն ունի, այնուամենայնիւ կան հատուածներ, որոնց միջից ռուսաց կեանք է արտաշնչում։ Պ․ Տէր Դաւթեանցը իր տեսակ է մշակում այդպիսի հատուածները։ Այսպէս, մի հատուածի մէջ կարդում ենք․ „դեկտեմբերի 12-ին գիշերը երեք անգամ երկարանում է օրիցը․․․․ առաւոտեան ժամի 9-ին դեռ էլի մութն է, ճաշից յետոյ ժամի 3-ին արդէն հարկաւոր է ճրագները վառել“, և այլն։ Աշկարայ է որ այստեղ Ռուսաստանի և մասնաւորապէս Պետերբուրգի ձմեռուայ վրայ է խօսքը։ Թարգմանիչը այս հատուածը հայացնելու համար բաւական է համարում վերջումը ռուս բառի տեղ հայ բառը դնել, ասելով․ „Ուրախ է անցկենում հայ մարդու ձմեռուայ կեանքը“։ Գեղեցիկ մշակութիւն․․․