Մշակ/1873/1/Ներքին լուրեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակ Ղզլարից Ներքին լուրեր

Մշակ

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Մեզ գրում են Բագուից որ այդ քաղաքում դիտավորութիւն կայ հրատարակել մի հայոց ամսագիր։ Մենք կարծում ենք, (և սորա մասին ուրիշ անգամ կը խօսենք) որ գաւառներում աւելի ձեռնտու է տեղական փոքրիկ շաբաթական թերթ, քան թէ ամսագիր, այնպիսի թերթ, որ պարապէր գլխաւորապէս բոլորովին տեղական խնդիրների մշակութեամբ և տեղական ոգի ունենար,— այն ժամանակ, նա օգտաւէտ կը դառնայ թէ այն գաւառական քաղաքի համար, թէ մեզ համար։ Մի և նոյն ժամանակ, նա զուրկ, չը պիտի լինի թեթև, դիւրամարս ընթերցանութիւնից։

Մենք ստացանք Վան քաղաքից գալու 1873 թուին հրատարակվելու շաբաթաթերթի յայտարարութիւնը։ Սա է հին „Արծիւ Վասպուրականի“ նորոգված հրատարակութիւնը։ Խմբագիրը պ․ Մանուէլ Անանեանցն է, որ պ․ Սանասարեանի հաշվով ուսել է Գերմանիայում։ Ցանկանում ենք աջողութիւն մեր եղբայրակցին։

Նորին Կայսերական Բարձրութիւն Թագաժառանգը, որ շարունակ ստացվող պաշտօնական տեղեկութեանց նայելով, բաւական ծանր հիւանդ էր,—այժմ օրէ ցօր լաւանում է։

Նոյեմբերի 21-ին Մօսկվայի գաւառի Եասնէվսկի վիճակի մէջ իր գործունեութիւնը սկսեց նոր բացած գիւղական փոխատու և խնայողութեան ընկերութիւնը։

Դեկտեմբերի 27-ին հաւաքվեցաւ Թիֆլիսի քաղաքային վարչութեան դահլիճում մի մասնաժողով գազի լուսաւորութեան և ջրանցքի խնդիրը քննելու համար։ Քաղաքացիք իրանք կամենում են ջրանցքի և գազի լուսաւորութեան համար բաժանորդների ընկերութիւնը հիմնելու, բայց մի և նոյն ժամանակ, ինչպէս երևում է, հակված չեն մի սկզբնական գումար հաւաքելու տեղի նախապատրաստական հետազօտութիւնները անելու, պրօէկտը շինելու, և բաժանորդական ընկերութեան հիմնելուն հարկաւոր մայրագումար որոշելու համար․․․․ Որոշվեցավ քանի մի ազդեցութիւն ունեցող անձանց միջոցով ստորագրութեամբ հաւաքել մի գումար նախապատրաստական աշխատութիւններին ձեռք տալու համար։

Ռուս Голосъ լրագիրը ստացավ առաջին պաշտոնական նախազգուշութիւնը։

Голосъ լրագիրը լսել է, որ զինուորական գիմնազիաները պիտի ենթարկվեն փոփոխութիւններին։ Ինչպէս յայտնի է սոքա փակ ուսումնարաններն էին և մատչելի էին միայն հասարակութեան արտօնացած դասերին։ Աչքի առաջն ունենալով ընդհանուր զինուորական պարտաւորութեան օրէնքը, կամենում են այժմ մատչելի անել ամեն դասերին միջին կարգի ուսման կրթութիւնը։

Թիֆլիսի ամբողջ հայ-հասարակութիւնը գիտէ, որ դեռ Մատթէոս կաթողիկոսից մի կօնդակ տրվեցաւ Ներսիսեան դպրոցի հոգաբարձութեանը։ Վանքի Մայր եկեղեցու դիմաց գտնվող դարդակ հողի վերա Ներսիսեան դպրոցի համար մի յարմար շինութիւն կառուցանել։ Թիֆլիսի հասարակական կարծիքը վաղուց գիտենալով այս բանը տարակուսում է, թէ ինչ է պատճառ, որ մինչև հիմի հոգաբարձութիւնը չէր շինում մի օրինաւոր ուսումնարան այն հողի վրա։ Այժմեան հոգաբարձութիւնը, ասումեն, որ հասկացել է դպրոցիս այժմեան շինութեան անյարմարութիւնը․․․ Մի՞թէ նա էլ անուշադիր կը լինի մեր հասարակական կարծիքի բողոքող ձայնին․․․ Չենք կարծում։

Մեզ գրում են Բագուից որ քաղաքիս Մարդասիրական ընկերութեան խորհրդական անդամոց պաշտօնակատարութեան երեք տարվայ ժամանակը այս 1873 թիւ յունվարի ամսին վերջանում է։ Համաձայն 17-որդ յօդվածի Բարձրագոյն հաստատեալ կանօնադրութեան խորհրդական անդամներ պարտաւոր են հրաւիրել ընկերութեան բոլոր անդամներին, որ ընդհանուր ժողով կազմեն՝ նոր նախագահ և խորհրդական անդամներ ընտրելու։ Ժողովը կը հաւաքվի Բագուի մէջ յունվարի 25-ին։

Դուրս եկաւ Թիֆլիսում նոր ռուս լրագրի Тифлисский Въстникъ առաջին համարը։ Խմբագիրը պ․ իշխ․ Բէբուտօվն է։

Պ․ Էրիցօվի Кавказкая Старина ամսագրի 2-որդ համարը հրատարակվեցաւ։