Մշակ/1873/1/Նամակ Ղզլարից
Ղզլարի բնակիչները․— Հայեր։ Տիրապետող լեզուն ստորին և միջին դասերում հայերէնն է։ Ստորին դասը սերտ կապուած է իւր մայրենի լեզուի, նորա բոլոր առանձնութիւնների, աղաւաղութիւնների, առածների, զրոյցների ու առակների հետ, որոնք նա բերել է իւր հայրէնիքից և յաջորդաբար աւանդում է իւր յետնորդներին։ Այստեղի բարբառի գլխաւոր տարբերութիւնը կազմում են բայերի և մանաւանդ կատարեալի վերջաւորութիւնները (ասամ-ար-աւ, ասանք-աք-ան) և կոշտ բաղաձայնների փափկացնելը (կալ-գալ, կնալ-գնալ, ծէն-ձայն և այլն) իբրև օրինակ կարող են ծառայել այս տողերը ժողովրդական երգերից․
„Բաղերին ղրաւ խփաւ (Այգիները եղիամն պատեց)
„Եափրաղը թամբաքու դառաւ (Տերևը ծխախոտ դարձաւ)
Միջին դասը նոր առարկաներին առաջին անգամ օտար լեզուի միջնորդութեամբ ծանոթանալով և մի առանձին ձգուտմն ունենալով որքան կարելի է շատ խառնել օտար բառեր իւր խօսակցութեան մէջ, հասցրել է լեզուն սարսափելի աղաւաղութեան։ Բառերի համարեա կէսը օտար ազգի է։ Այստեղ շատ կարելի է լսել այսպիսի նախադասութիւններ․ „էսքան бочка отправить արաւ եարմունկա (ярмарка)“ կամ „Ուզըմա оправдаться իլի черезъ ինձանով“
Բարձր դասի մէջ բոլորովին հալածուած է մայրենի լեզուն։
Կրօնասիրութիւնը յատկանիշն է Ղզլարեցու։
Այստեղ կայ երկու եկեղեցի քաղաքի մէջ մինը Աստուածածնայ, իսկ միւսը Լուսաւորչի անունով։ Վերջինս առաւել նոր է և հոյակապ շինուած պատած է պարսպով և բակումի ունի պարտէզ։ Քաղաքից դուրս կայ նոյնպէս երկու եկեղեցի․ մինը սուրբ Գէորգայ անունով․ շինած է անտառի մէջ թերեքի ափին և համարվում է ուխտատեղի, միւսը գերեզմանատանն է։ Ժողովուրդը առ հասարակ մեծ համարումն ունի դէպի հոգևորականները, թէպէտ սոցանից ոմանք դժուարանում են հասարակ ընթերցանութեան մէջ։ Քահանայ քարոզիչ, Ղզլարը համարեա երբէք չէ տեսնում իւր մէջ։
Հեռաւոր երկիրներից եկած մի քահանայ ստորագրութիւն բանալով իւր անձնական օգտի համար հարիւրներ է դուրս տանում այստեղից, մինչ շատ խեղճեր նոյն իսկ քաղաքի մէջ զոհ են լինում կարօտութեանը ոչոք ուշադրութիւն չէ դարձնում նոցա վերայ։ Ղզլարը պատկանում է Հաշտարխանու հոգևոր վիճակին․ այստեղ նստում է մի յաջորդ վարդապետ։
Լուսաւորութեան մակերևոյթը ընդհանրապէս շատ ստոր է։ Մինչև վերջին տարիներս Ղզլարը չունէր իւր պիտոյքներին լիապէս համապատասխանող ուսումնարան։ Ստորին դասի մանուկները անխնամ շրջում էին փողոցներում և իւրեանց անհանգստութեամբ կազմում էին հասարակութեան պատիժը, մինչև որ հասակը ներում էր նոցա դառնալ մշակներ, մանրավաճառներ կամ գիշերաշրջիկ հիւրեր․ օրիորդի կրթութիւնը համարվում էր բոլորովին աւելորդ բան։ Բարձր և միջին դասերի մանուկները ուղարկվում էին նահանգական ուսումնարանը, որ շատ աննախանձելի դրութեան մէջ էր, իսկ ոմանք նոցանից ուղարկվում էին Մոսկուայի, Թիֆլիզի, Ստավրապօլի և այլն գիմնազիօնները կամ բարձրագոյն ուսումնարանները, բայց նոքա վերադառնալով ըստ մեծի մասին արտայայտում էին իւրեանց գործունէութիւնը միայն արտաքին ձևերի մէջ։ Ոմանք միայն բացում էին փոքրիկ ուսումնարաններ, ուր ուսուցանում էին հայերէն և ռուսերէն կարդալ-գրել։ Ահա քանի մի տարի է, որ Ղզլարը ունի տղայոց ուսումնարան, որի երրորդ տարեդարձը հանդիսաւոր կերպով կատարեցին նորերումս, նոյնպէս և օրիորդաց ուսումնարան, որոնք պահպանվում են եկեղեցական գումարներով և ժողովրդի կամաւոր նուիրատվութեամբ։ Պէտք է նկատել է, որ ժողովուրդը բաւական համահրում է նոցա և զատիկ ու ծննդեան երեկօները բաւական գումար է հաւաքում յօգուտ նոցա։ Բացի դորանից իւրաքանչիւր տարի Հայերից, ինչպէս և միւս ազգիւթիւններից որոշեալթւով ուղարկվում են մանուկներ Վլադիկովկազի արհեստական ուսումնարանը։ Դոցա մէջ կրթվում է մանուկ սերունդը, իսկ ամբոխը, ընկղմուած է տգիտութեան և սորանից անբաժան ընկերակից խորին ստոնիապաշտութեան մէջ։ Եթէ հաւաքենք այն բոլոր գերբնական պատմութիւնները, որոնց ստեղծել է նորա վառ երևակայութիւնը, մի ամբողջ հատոր կը կազմուի։ Նա մասամբ բերել է նոցա իւր հայրենիքից, մասամբ շարադրել է ինքը և մասամբ ընդունել է իւր շրջապատողներից։ Վերջիններիս կարգումը կարելի է համարել հաւատըալքերի (русалка) գոյութեան։
Հասարակական կեանքը զարգացած չէ, ամէն մարդ իւր համար է ապրում։ Միայն կարգէ դուրս երևոյթների համար հրաւիրվում են քաղաքացիքը դէպի ընդհանուր ժողով, (собрание) բայց և այստեղ հասարակութիւնը ըստ մեծի մասին գնում է իբրև լոկ հանդիսական և ոչ իբրև ջերմ մասնակցող անդամ։
Դորա հակառակ զարգացած է ընտանեկան կեանքը, մանաւանդ ստորին և միջին դասերում, ուր ընտանիքը կազմում է գերդաստանի նախագահի՝ հօր անմատչելի թագաւորութիւնը, որի չորս պատից երբէք չեն դուրս թրչում ճնշուած կնոջ կամ գերդաստանի այլ անդամների հառաչանքը, որովհետև նոքա պատած են ամօթխածութեան պարսպով։
Առ հասարակ կնօջ գրութիւնը այստեղ շատ աննախանձելի է։ Այդ երևոյթը անտարակոյս կապ ունի ժողովրդի զարգացման հետ, բայց և միւս կողմից դա հետևանք է այն հանգամանքի, որ կանայքը չունեն արտադրական աշխատանք, թէպէտ նոցա վզին է բոլոր ընտանեկան ծառայութեան հոգսը։ Նա ստանում է իւր ապրուստը մարդից իբրև ողորմութիւն, և դորանով կարծես աւելի հաստատվում է վերջինիս հրամանատարութիւնը, իրաւունքը, որ նրան աւանդուած է իւր նախորդներից։
Ասածներիս հաստատութեան համար կարող ենք բերել այն փաստը, որ մերձակայ Ռուսաց գիւղերում, ուր մարդու և կնօջ դերերը փօխուած են, այսինքն կինը կատարում է բոլոր դաշտային աշխատանքը, վարում է երկիրը, փայտ է բերում քաղաք վաճառելու և այլն, այնտեղ ընդհանրապէս աւելի այրը կախումն ունի կնօջից, քան թէ սա նորանից։
Ժողովուրդը ընդհանրապէս աշխատասէր է։ Թէպէտ ամենքի երեսին նկարուած է կարօտութեան հոգսը, բայց և զուրկ չէ այն բանաստեղծական կողմերից, որոնք յատուկ են գինաւէտ երկիրների բնակիչներին։ Նա ունի ժողովրդական երգեր, որոնցից շատերը հետաքրքիր են թէ իբրև ճիշդ նկարագիր տեղական կեանքի և թէ իբրև մաքուր օրինակ այստեղի բարբառի։
Բացի Ղզլար քաղաքից, Հայեր կան և շրջակա գիւղերում, որպիսի են Սուրբ Խաչ կամ Մաջառ, Ղարաջավլու և այլն։ Մաջառ գիւղում խօսում են մի բոլորովին անծանօթ լեզուով, թէպէտ գիտեն և հայերէն։
Այսքանս Հայերի համար։ Միւս նամակովս կաշխատեմ խօսել Ղզլարաբնակ միւս ազգերի մասին։