Մոճոռյանց Պետրոս։ «Բանաստեղծություններ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մոճոռյանց Պետրոս։ «Բանաստեղծություններ»

Հովհաննես Թումանյան

[ 13 ]

1892

ՄՈՃՈՌՅԱՆՑ ՊԵՏՐՈՍ «Բանաստեղծություններ»

Աղեքսանդրապոլ. տպարան Աբրահամ Մալխասյանցի, 1892 թ., 68 երես, գինն է 25 կ.

Այս գրքի մասին ստիպում է խոսել ոչ թե արժանիքը, այլ այն հանգամանքը, որ լռությունը կխաբե հեղինակին, և նա, իրան շարունակ բանաստեղծ համարելով, իզուր և նույնիսկ վնասակար աշխատանք կանի գրականության համար։ Մանավանդ բանաստեղծի հռչակ ունենալու ցանկությամբ հիվանդացած է մեր երիտասարդների մի նշանավոր մասը, որոնք, չնչին բացառությամբ, նույնքան զուրկ են բանաստեղծական բնատուր շնորհքից, որքան և պ. Մոճոռյանը։

Սրանց սրտումը բանաստեղծական սրբազան կրակի տեղ մի ճճի կա, որ անհանգիստ է անում, ստիպում է մի գործ կատարել, մի փառք վաստակել, բայց որովհետև չեն կարողանում կամ չի հաջողվում այդ, գողանում են, մուրում են թեմաներ, մտքեր, այլանդակում են, հանգեր են թխում և անճոռնի հուսահատ աղաղակներով բարձրանում Ոլիմպոսի գագաթը՝ անհայտ չկորչելու և ավելի բարձր երևալու համար։

Սակայն նոքա չեն խաբել ընթերցող հասարակությանը և հայոց Մուսայի համար ընդհանուր արհամարհանք են վաստակել, բանաստեղծի նշանակությունը ծիծաղելի են դարձրել՝ այն տեղն են հասցրել, որ «Բանաստեղծություններ» վերնագիրը կրող գիրքը շատ անգամ առանց կարդացվելու է պախարակվում։

Այդ դժբախտ հերոսներից մեկն է պ․ Մոճոռյանը։ Մեր վկան նորա գիրքն է։

Վերցնենք առաջին ոտանավորը՝ «Մուսա», որ իբրև գոհար դրած է գրքի ճակատին։ [ 14 ] «Ոլիմպոսի սուրբ գագաթից Արամազդը զայրացավ, երբ... մի հողեղեն տեսավ։ Պերսեփոնին հրամայեց նրան Տարտարոս տանե... Դյուցազները սարսափեցին, բայց Մուսայի ահեղ դեմքը չսարսափեց (ղոչաղ դեմք)։ Այն ժամանակ Արամազդը հարցրեց. «Ասեք, Հերմես, Ապոլլոն... գուցե ձեր է սա ժառանգ մի երկրային կնոջից։ Եվ Ապոլլոնը չոքեց, ներում աղաչեց․


Ներում եմ, ասաց Արամազդ,
Բայց դու շտապիր ողջունել,
Ոլիմպոսի բարձունքից
Անմահ հոգով պսակել։


Ապոլլոնը չգիտեմ ինչպես հասկացավ այս հրամանը, միայն «խոստացավ Մուսային իր քնար... երգեց տխուր հրաժեշտով (հրաժեշտը), պատվերներ տվեց, «և երկնածին (չէ՛ որ երկրային կնոջից էր ծնվել) վեհ Մուսան հեշտագին սլացավ Ոլիմպոսի բարձունքից»։

Մուսայի աշխարհ գալու պատմությունն է երգի առարկան։

Բայց ինչու համար Արամազդը զայրացավ և Տարտարոս ուղարկեց հողեղենին, խեղճը խոմ «ահավոր բարձունքը չպղծեց»։ Ե՞րբ է Արամազդն արգելել հողեղեններին ներքև շրջել— երևալ։ Չէ՞ր կարելի ուրիշ բանով զայրացնել հայր Արամազդին (օրինակ մի ճանճ քթին նստեր, կամ մի օրինակ «Բանաստեղծություններ» ստանար Աղեքսանդրապոլից) Մուսայի քաջությունը ցույց տալու համար։ Բայց մի՞թե Մուսան յուր ահեղ դեմքից չսարսափելու համար աքսորված է Ոլիմպոսի գագաթից, և մի՞թե երկնայիններից ավելի քաջասիրտ է երկրային կնոջ ծնունդը...

Վերցնենք երկրորդ ոտանավորը՝ «Իմ րեզետային».

Բանաստեղծը յուր պարտիզի ծաղիկներից բաժանում է սիրուն հափրուկին (եթե րեզետան հափրուկ է, էլ ինչու չգրել հափրուկ) և զարդ ընտրում յուր սրտին անշուք (!)։ Հափրուկը զրկված յուր վիճակից «վարդափթիթ ծաղկի ստվերով անուշ հոտ էլ չի տարածում» (?). երգիչը զղջում է, թե ինչի (ինչու) քաղեց (վերևն էլ ասում է բաժանեցի — ուրեմն պոկել է) յուր քնքուշ ծաղկին և սպասում է (մենք էլ հետը) չորանալուն։ [ 15 ] Բայց, հանկարծ, ո՛վ հրաշք, ծաղիկը սենյակի մի լուռ անկյունում ուրախ, անհոգ սրտով դարձյալ ծաղկում է և բուրում «անցածը իսպառ մոռանալով»։ Եվ սրան բանաստեղծը անվանում է «անգութ բախտին հնազանդվել»։ Ստիպված ենք հայտնելու պ. Մոճոռյանին, որ քաղած հափրուկը, եթե յուր անգութ բախտին հնազանդվեր, պիտի չորանար, ոչ թե չորաննալուց հետո դարձյալ ծաղկեր և բուրեր...

Երրորդ ոտանավորում պ. Մոճոռյանը պատմում է, որ «Լայն ու ազատ կամարում հուսո վերջին նշույլով մի փոքրիկ վարդագույն ամպ է տեսել սիպտակ թևերով, չար հողմերի ճանկերում դանդաղ լողալիս, որի սիրտը, սակայն, շտապում է...»։

Բնությունը շատ հրաշալի պատկերներ է ստեղծում, բայց բնությանը ծանոթ մարդը լայն ու ազատ կամարում այսպիսի հրաշք չի լինիլ տեսած։ Ամպը վարդի գույն է ընդունում արշալուսի կամ վերջալուսի շողերից և բոլորովին կարմրում է կամ միայն եզերքն են կարմրում, բայց երբեք չի պատահիլ, որ ամպի մեջը կարմրեր, իսկ եզերքը սիպտակ մնային, այն էլ մի փոքրիկ ամպի։ Փոքրիկ ամպի «հուսո վերջին նշույլը» և «շտապող սիրտն» էլ բնության գաղտնիքներ են, որ Ոլիմպոսի այս սիրելիին են միայն ըմբռնելի։

Այսպես, կարգով կարելի էր գնալ մինչև այն ցանկալի, խորհրդավոր բառը, որ կոչվում է «վերջ», բայց բանաստեղծը մեզ կանգնեցնում է յուր գերեզմանի վրա։ Երես 39 («Գերեզմանիս վերա, նվեր օր. Հ. Մ.-ին»)։ Այստեղ իմանում ենք, որ բանաստեղծը մեռած է եղել (և այս երազ չէ), օրիրորդը նրա վրա վերջին անգամ մի բուռն սև հող է ձգել լալով, բայց նա յուր քաղած հափրուկի նման կրկին հարություն է առել։

Մի անգամ, երկնքում աստղեր չտեսնելով, պ. Մոճոռյանը բացականչում է.

Գոռոզ աստված մի ձեզ հանգցրեց

Նախանձելով ձեր ազատ փառքին,

Թե՞ անողոք մի բռնակալ ձեզ վանեց

Դեպի մութ վայրեր, լայն Տարտարոսին... (երես 18)։ [ 16 ] Մի ուրիշ անգամ տեսնելով, որ մի աստղ թռավ, նա հարցնում է.

Ասեք, աստղեր.. ազատ, շա՞տ փայլեր
Նրա լույսիցը ժայթքեցին… (երես 51)։


Այս բոլորի համար պ. Մոճոռյանը մեզ պատասխանում է․

Դատարկ է սիրտս և ամայացա՜ծ…
Ա՜խ, ե՞րբ ես տեսել մի չորցած ծաղկի
Բուրել ու բացվել գարնան ցողերով (երես 44)։


Եվ այս խոստավանելով հանդերձ դարձյալ ստիպում է մեզ յուր դատարկ ու ամայի սրտում բանաստեղծի խանդ ու տաղանդ որոնել, չորցած ծաղկից բուրմունք ընդունել…

Պր. Մոճոռյանը ոչ թե զուրկ է թեկուզ փոքրիկ բանաստեղծի երևակայությունից ու շնորհքից, այլև հասարակ հիշողություն անգամ չունի։ Նա առաջին տողում ասածը մոռանում է մյուս տողում և այդպիսով հառաջանում են խայտառակ հակասություններ, որոնք այնքան շատ են և աչքի ընկնող, որ մարդ ամեն մի ոտանավոր կարդալուց հետո, ակամայից հիշում է մի ուրիշ այսպիսի բանաստեղծի նշանավոր դարձած տողերը.

Կապույտ երկնքում աստղեր են փայլում,
Կարկուտ ու կայծակ գլխիս են թափվում։


Ինքնաստեղծ այլանդակ բառեր ու նախադասություններ որքան կամենաք․ մոլեգնային վշտեր, անշուք սիրտ, չար ճակատագրի անողոք բախտ, որոտ հրաման, և այլն և այլն։

Հանգերի ու վանկերի մեծ անհամաձայնության մասին էլ չենք խոսում,

Պր. Մոճոռյանը նմանություններ էլ ունի. (Վտակ, Ամպ, Տվեք ինձ մի քաղցր քուն, Եթե սիրտս ոչ մի տեղում, և այլն)։ Այս անհիշատակ նմանություններն էլ այնքան են հաջող, որ ինձ հիշեցնում են մի ուրիշ բան։ Մեր գյուղացի քարտաշին [ 17 ] տվել էին ձիու պատկեր, որ նմանը փորագրի մի քաջ մարդու գերեզմանի վերա․ ուստեն փորագրել էր և ձիու տեղ դուրս էր եկել էշ։

Այստեղ արդեն ժամանակ է բարի խորհուրդ տալու պ. Մոճոռյանին, թողնել բանաստեղծությունը և յուր գործը ճանաչել․ թե չէ, ոչ թե հողեղենների անհայտ մեղքերի, այլ այսպիսի բաների համար միայն Ոլիմպոսի սուրբ գագաթից կզայրանա հայր Արամազդը, և գուցե Տարտարոս էլ ուղարկի։