Jump to content

Մորս երգերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄՈՐՍ ԵՐԳԵՐԸ


Մայրս իր համար երգեր է ասում,
մորս երգերը՝ անլաց ծաղիկներ,
մորս երգերը այնպե՜ս են հուզում։
Ահա մի առվակ խտուտ է գալիս
ու կանաչներին խտուտ է բերում
ծանոթ մարգերում,
եւ մայրս բոբիկ, բոբիկ ոտքերով,
առվի ջուրն ի վար գնում-գալիս է.
ծաղիկ առ ծաղիկ բուրում է դաշտը
մորս ձայնի մեջ։
Հետո՝ անձրեւի խոշոր կաթիլներ։
Կանաչներն ի վար վազում է մայրս
եւ իմ բարուրը առնում է ձեռքը՝
ծառերի ճոճքից,
դեմքիս համբուրում անձրեւաշիթը։
Ես մեծանում եմ, մայրիկիս համար
ամենահրաշք տղան եմ դառնում
ես այս աշխարհի,
եւ իմ մանկության ծաղիկն ավելի
                արագ է ընկնում,
քան թե խակության ծաղիկը՝ մարգի
կանաչ վարունգից։
Եվ ահա. մայրս ժամացույց առել,
                 կապել է թեւս,
իսկ ժամացույցս առաջ է ընկնում,
ասում եմ՝ ուղղեմ։
-Բայց ի՞նչ ուղղես, երբ որ սխալը
քո ժամացույցի մեջ չէ, բալիկս,
այլ՝ ժամանակի...

Մայրս երգում է հայրիկիս համար,
Մայրս երգում է բալիկիս համար,
Մայրս երգում է մայրիկիս համար,
Մայրս չգրված երգեր է երգում...