Jump to content

Մեր տան մեծը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԵՐ ՏԱՆ ՄԵԾԸ


Ծերացել է օրորոցը,
Բայց իմ մանկանց կանչով նորից
                Երեխա է...
Օրորվում է՝
Երգով, սիրով, գորովանքով
Օրորելով եւ հին մի հուշ...
Պապիս ձեռքով տաշված-նախշված,
Բախտի ձեռքով մի կողմ քաշված
Օրորոցը
Մնացել էր առանց օրոր,
Մնացել էր առանց մանչուկ։
Սակայն պապս՝
Նորահարսին տանը թողած,
Որդուն կռիվ ճամփած պապս,
Գիշերները
Հաճախ էր վեր ցատկում քնից.
- Այ հարս, այ կին, բա չե՞ք լսում,
Որ երեխան
Խեղդամահ է լինում լացից...
Տան մթան մեջ
Փշրվում էր
        սիրտը հարսի...
Եվ... սթափված պապս հանկարծ
Խեղճանում էր,
Կծկվում էր՝
Փոքրանալով վերմակի տակ.
- Ձայն էր, թվաց, ինչ-որ լացի...
Եվ տատս էր նեղվում ցավից,
                 Բայց ի՞նչ աներ,
Ելքը գտավ...
Օրորոց կար, սակայն ինչպե՞ս,
Ո՞նց էր հասել... օճորքի տակ,
Գնաց տատս ու բերեց տուն,
Նրա լացն էր պապիս սրտում...
Ծերացել է, սակայն նորից
Օրորվում է՝
Գրկած պապիս թոռան թոռին,
Մեր հին, մեր սուրբ օրորոցը՝
Մեծավորը,
               մե՜ծը մեր տան։