Jump to content

Մուրոմցի Իլիան կռվում է Վլադիմիր իշխանի հետ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մուրոմցի Իլիան կռվում է Վլադիմիր իշխանի հետ
Թարգանիչ՝ Հովհաննես Թումանյան

Ըստ Ավենարիուսի

— Գընում է ծերուկն արձակ դաշտերով,
Գընում է ծերուկն երկար ժամանակ է
Մաշվել են հագի շորերը նախշուն,
Հատել է արդեն իր գանձը ոսկի,
Ու Իլիան ինքնին խոսում է էսպես.
— Եղել եմ հիմի ամբողջ Լիտվայում,
Եղել եմ հիմի ողջ օրդաներում,
Մենակ Կիևում չեմ եղել վաղուց:
Կիև գընամ մի, գընամ մի տեսնեմ՝
10 Ինչ է կատարվում էնտեղ— Կիևում։
    Հասնում է Իլիան Կիև քաղաքը մայր․
Քեֆ֊խնջույք ունի իշխան Վլադիմիրը․
Սեղան են բազմած հըզոր հըսկաներ
Ու պայազատներ մինչև երեսուն։
    Մըտնում է ծերուկն ապարանքը ներս,
Կանգնում է, կենում սըրահի շեմքին,
Խաչ քաշում դեմքին, ինչպես օրենքն է,
Ողջույն է տալի ընդունված կարգով
Արև իշխանին ու տիկնոջն էլ ջոկ։
20 — Ապրած կենաս, տեր, իշխան Վլադիմիր,
Հաց ու ջուր կըտա՞ս եկվոր քաջերին։

Քեզ ուղիղ սըրտով եկել եմ ծառա.
Չեմ վախում դաշտում հազար թաթարից,
Չեմ վախում, թեկուզ մյուս հազարն էլ գա,
Չեմ փախչիլ, թող գա երրորդ հազարն էլ․
Ու օգնության էլ հարկավոր չեն ինձ
Երեսուն ագռավն իրենց ճուտերով։
    Ով էր— չիմացավ իշխանը հյուրին։
— Ուսկի՞ց ես, ո՛վ քաջ, ի՞նչ ազգ ու տակից,
30 Քեզ ի՞նչ անունով կանչենք, մեծարենք,
Կամ ի՞նչ հայրական կոչումով հարգենք։
— Նիկիտան եմ ես Զաոլեշանին։
— Ո՛վ, դու Նիկիտա Զաոլեշանին,
Ե՛կ, նըստի, մեզ հետ հաց անուշ արա,
Մի տեղ կա դատարկ էնտեղ, ներքևում,
Սեղանի ծերին, բազմոցի վերջին.
Բըռնած են ուրիշ տեղերը բոլոր։
    Ու, կըռներն ընկած, մարդիկն իշխանի
Տարան Իլիային ծերը ներքևի,
40 Նըստեցրին էնտեղ՝ ներքևի ծերին։
Ու էսպես խոսեց Իլիան ներքևից.
— Ով դու Վլադիմիր, մայր Կիևի տեր,
Վայել չի ուժին, ոչ աստիճանին
Տեղն ու պատիվը, որ տալիս ես դու.
Ինքըդ նըստում ես ագռավների հետ,
Ինձ տեղ ես տալի ճուտերի կողքի՞ն։
    Ասավ, կամեցավ տեղը դըրըստի—
Ջարդոտեց շուրջը կաղնի բազմոցներ,
Ոլորեց բիրերն ամբողջ երկաթի,
50 Սեղմեց հյուրերին անկյունը վերին։
    Դուր չեկավ էս բանն Արև իշխանին.
Տեղիցը առույգ ելավ նա ոտի,
Մըթնեց աշունքվա գիշերի նըման,
Մըռընչաց, ինչպես կատաղի գազան։
— Ի՜նչպես, Նիկիտա Զաոլեշանին,
Խառնես տեղերը դու իմ սահմանա՜ծ,
Ծըռես բիրերը համայն երկաթի՜․․․

Մեն մի հըսկայի արանքումը ես
Բիրեր եմ զարկել ամուր երկաթի,
60 Որ խընջույքներին, որքան էլ խըմեն,
Որքան էլ հարբեն, չըդիպչե՜ն իրար։
Հե՜յ դուք, մեծազոր ըռուս հըսկաներ,
Լսվա՞ծ է որ ձեզ, էդ հըսկաներիդ
Ագռավներ կանչի մինը ու ճուտեր։
Դուրս եկեք ձեզնից երեք լավերըդ.
Դո՛ւրս շպըրտեցեք– սըրահից փողոց։
    Դուրս եկան ընտիր երեք հըսկաներ,
Սկսան Նիկիտին քաշել, քաշքըշել,
Սկսան Նիկիտին հըրել, հրմըշտկել.
70 Կանգնած է Նիկիտն ու ժաժ չի գալի,
Չի շարժվում նույնիսկ գըլխարկը գըլխին։
    — Թե կուզես, իշխան, դու զըվարճանաս,
Թող գան սըրանց հետ երեք հըսկա էլ․
Դուրս եկան ուրիշ երեք հըսկա էլ,
Սկսան Նիկիտին քաշել, քաշքըշել,
Սկսան Նիկիտին հըրել, հրմըշտկել.
Կանգնած է Նիկիտն ու ժաժ չի գալի,
Չի շարժվում նույնիսկ գըլխարկը գըլխին։
    — Թե կուզես, իշխան, դու զըվարճանաս,
80 Թող դուրս գան գոնե երեք հըսկա Էլ։
    Դուրս եկան երրորդ երեք հըսկան Էլ,
Բան չըկարացին անեն Նիկիտին։
Ու Էսպես խոսեց Նիկիտը այնժամ.
    — Իշխան Վլադիմիր, մայր Կիևի տեր,
Ախորժակ ունիս անշուշտ խընդալու.
Համեցեք, հիմի մըտիկ արա ինձ
Ու ախորժակըդ կանցնի խընդալու։
    Ու Նիկիտը ինքն սկսավ խընդալ,
Սկըսավ սեղմել, զարկել, տըրորել
90 Ուժեղ ու հզոր Էն հըսկաներին։
Սողում են սրահում հըսկաներն ամեն,
Չի կարում կանգնի ոչ մինը ոտի։

    Դուրս եկավ Նիկիտն ապա սրահից,
Դըռները զարկեց՝ շրջանակն ընկավ,
Դարպասը զարկեց՝ սյուները թըռան,
Ջարդ-փշուր եղան ճաղերը քաշած։
    Իշխանը մըտավ ետևը փեչի։
Սամուր մուշտակը քաշեց իր գըլխին,
— Վա՜յ, կամա՜ց, տղե՛ք, ժաժ չըգաք տեղից
100 Չըլըսի Նիկիտ Զաոլեշանին,
Թե չէ ետ կըգա ջարդ֊փշուր կանի.
Ոչ մեծ կըթողնի, ոչ փոքըր մեզնից,
Ժառանգ չի թողնիլ ինձ՝ Վլադիմիրիս․․․
    Դուրս եկավ Իլիան դարպասն ընդարձակ
Ու լարեց ճայթուն իր աղեղը զիլ,
Սուր, մըխած նետը դըրավ աղեղում,
Էսպես ինքն իրեն խոսեց նետի հետ.
— Սըլացի՛ր, իմ նետ, տանիքը ոսկի,
Վեր բեր ոսկեզօծ գըմբեթները ցա՜ծ։
    110 Ընկան ոսկեզօծ գըմբեթները ցա՜ծ,
Ու կանչեց Իլիան կոկորդովը մին.
— Հե՜յ, դուք կաբակի մերկ ու տըկլորներ,
Հե՜յ, կամավորներ Արև իշխանի,
Վաղեցե՛ք, եկե՛ք դարպասն իշխանի,
Առե՛ք ոսկեզօծ գըմբեթները թանկ,
Կըրեցե՛ք, տարե՛ք կաբակն արքունի,
Արաղ խըմեցեք էնտեղ կուշտ ու պինդ։
    Վազեցին, եկան տըկլորներն ամեն,
Կամավորները Արև իշխանի,
120 Տարան, կըրեցին գըմբեթներն ոսկի,
— Ո՜վ դու մեր պաշտպան, մեր ծնող, մեր հայր․․․
    Ու Իլիայի հետ ելան, գընացին,
Խըմեցին բոլոր գըմբեթներն ոսկի,
Խըմեցին մինչև վերջինը միասին։
Ու երկյուղ ընկավ սիրտները էստեղ.
Ի՞նչ կանի մեզ հետ իշխանը հիմի,
Ի՞նչ պատիժ կըտա, ով գիտի, հիմի,

Խըմեցինք նըրա գըմբեթները ողջ։
Ու Իլիան էսպես խոսեց նըրանց հետ,
130 — Խըմե՛ք, տըկլորներս, դուք մի՛ վախենաք.
Ես եմ վաղվանից իշխան Կիևում,
Իսկ դուք ամենից մեծ պիտի լինիք։
    Անցավ երկյուղը, սկըսան խըմել,
Տերից սկըսան կյանք խընդրել քաջին։
Իսկ իշխանական խընջույքի վըրա
Գընաց համբավը Արև իշխանին.
— Ո՜վ Արև իշխան, մայր Կիևի տեր,
Չես ասիլ՝ Նիկիտ Զաոլեշանին
Քու էս հարկերից, ոսկի հարկերից,
140 Ձըգեց ոսկեզօծ գըմբեթները ցած,
Կանչեց կաբակի ողջ տըկլորներին,
Խըմեց նըրանց հետ գըմբեթներն ոսկի։
    Նըստած էր էնտեղ խընջույքի միջին
Ջահիլ Դոբրինիա Նիկիտիչ հըսկան,
էսպես ասավ նա Արև իշխանին,
— Իշխան Վլադիմիր, մեր կարմիր Արև,
Նիկիտան չի նա Զաոլեշանին,
Այլ իմ խաչախպերն— Իլիան Մուրոմից։
    Ասավ իշխանը մտքի տունն ընկավ,
150 Իր հետ անվանի ազատներն ամեն
Եվ հըսկաները ուժեղ ու հըզոր,
Թե ինչպես անի— հաշտվի ծերի հետ։
— Միտք արե՛ք, տըղեք, միտք արե՛ք մի լավ,
Միտք արե՛ք, տըղեք, խորը միտք արե՛ք,
Խելք խելքի տըվե՛ք, մի հընար գըտե՛ք,
Ո՞ւմ ղըրկենք արդյոք ծերի ետևից,
Որ կանչի նըրան հարգինքի սեղան։
Ես ինքս գընամ— չեմ ուզում գընամ,
Ապրակսին ղըրկեմ— վայել չի նըրան։
    160 Ամենքը էստեղ մըտքի մեջ ընկան.
— Ո՞ւմ ղըրկենք արդյոք ծերի ետևից․․․

Ե՛կ ղըրկենք գընա ջահիլ Դոբրինիան,
Չէ որ Իլիայի խաչախպերն է նա.
Նըրա՛ն կըլըսի Իլիան՝ թե լըսի։
    Սեղանը անցավ Վլադիմիր իշխանն,
Եկավ ու կանգնեց Դոբրինիայի դեմ
Ու էսպես խոսեց Դոբրինիայի հետ.
— Արի՛, ե՛լ, կարիճ, ջահիլ Դոբրինիա,
Ծերուկ Մուրոմցու մոտ գընա մեզնից,
170 Երկիրը պագիր, խոնարհ ողջունիր,
Խոնարհիր մինչև հատակն աղյուսի,
Խոնարհիր մինչև էն գետինը ցած
Ու էսպես ասա նըրան մեր կողմից.
— Ուղարկել է ինձ Վլադիմիր իշխանն
Ու մայր տիկինը՝ Ապրակսիան իր հետ,
Խընդրում են, որ գաս ուրախ հարգինքի։
Նա չի ճանաչել քեզ, կըտրիճ քաջիդ,
Նըստեցրել է ցած, ներքևի ծերին։
Խընդրում է հիմի, լիասիրտ խընդրում,
180 Խընդրում լիասիրտ ու մեծ ցընծությամբ.
Խընդրում է մոռնաս ինչ անց է կացել։
    Գընում է ահա ջահիլ Դոբրինիան,
Գընում է ճամփով ու միտք է անում.
    — Արդյոք վաղաժամ մահի՞ս չեմ գընում․․․
Բայց թե չըլըսեմ Արև իշխանին
Փորձանք է գալու անշուշտ նըրանից։
    Ու գընում է նա կաբակն արքունի,
Մըտնում է ահա կաբակն արքունի.
Նըստած է էնտեղ ծերուկ Մուրոմցին,
190 Խըմում, քեֆ անում տըկլորների հետ։
Ու միտք է անում ջահիլ Դոբրինիան,
Ո՞ր կողմից արդյոք նըրան մոտենա,
— Առջևից գընամ՝ դուր չըգամ գուցե.
Լավ է թիկունքի կողմից մոտենամ։
    Եկավ, մոտեցավ թիկունքի կողմից,
Բըռնեց Իլիայի ուժեղ ուսերից

Ու էսպես մեղմով խոսեց նըրա հետ.
— Ո՜վ դու իմ խաչախպեր, իմ ախպերացու,
Ո՜վ դու իմ ախպեր, ծերուկ Մուրոմցի,
200 Քեզ պահի առժամ ձեռներըդ ճերմակ,
Բըռնի ու զըսպի սիրտըդ կըրակոտ։
Չէ՞ որ բանբերին չեն կապում, կախում.
Մենք էլ հո մեր մեջ ուխտ ունենք արած,
Ուխտ ունենք արած մեծ ու ահավոր,
Որ փոքր ախպերը լըսի իր մեծին,
Մեծն էլ իր փոքրին ականջ անի միշտ,
Ու էսպես կանգնենք մեկ մեկի համար։
Դեսպան է ղըրկել քեզ մոտ ինձ էսօր
Վըլադիմիր իշխանն իրեն տիկնոջ հետ,
210 Քեզ, հըզոր քաջիդ նա չի ճանաչել,
Նըստեցրել է ցած, ներքևի ծերին։
Խընդրում է հիմի նա քեզ ցընծությամբ,
Խընդրում լիասիրտ մեծ խըրախճանի,
Թողնես, ասում է, ինչ անց է կացել։
    Ետ է շուռ գալի Իլեյկոն էստեղ.
— Հե՜յ դու, Դոբրինիա ջահել Նիկիտիչ,
Քու բախտը բանեց՝ ետևից եկար,
Թե չէ առջևից գայիր. Դոբրի՛նիա,
Հող ու մոխիրըդ քամուն պիտ տայի։
220 Հիմի, ախպերըս, ձեռ չեմ տալի քեզ,
Կարգն ու օրենքը անցնել չի լինիլ։
Ետ դարձի՛, ասա Արև իշխանին,
Թող որ ինձ համար, ի՛նձ, քաջիս համար
Արձակի սաստիկ, սաստիկ հըրաման
Ամբողջ Կիևին, Էս մայր քաղաքին
Եվ Չերնիգովին նույնպես սըրա հետ,
Որ արքունական կաբակները ողջ
Բացվեն երեք օր ու երեք գիշեր,
Ժողովուրդն ամեն գա արաղ խըմի,
230 Ով չի կամենալ որ արաղ խըմի,
Թող նա գարեջուր խըմի հարբեցնող,
Ով որ չի ուզիլ գարեջուր խըմի,

Թող նա մեղրաջուր խըմի քաղցրահամ,
Որ ողջ իմանան՝ Կիև է մըտել
Մուրոմցի ծերուկ Իլիան Իվանովիչ։
Ինձ համար էլ թող, էս քաջիս համար,
Սեղան բաց անի ճոխ մեծարանքի․
Իսկ թե չի անիլ ինչ ասում եմ ես,
Կիևում կիշխի մինչև լուս միայն։
    240 Ու արագ֊արագ վազեց Դոբրինիան,
Վազեց Վլադիմիր անուշ իշխանին,
Պատմեց Իլիայի պատվերը նրան։
    Հենց լըսեց պատվերն իշխան Վլադիմիրը,
Իսկույն, անհապաղ սաստիկ ու սաստիկ
Գըրեց բովանդակ Կիև քաղաքին.
Այլև Չերնիգով հանեց հըրաման,
Թե ողջ երեք օր ու երեք գիշեր
Բաց պետք է լինի կաբակն արքունի,
Գա, արաղ խըմի ժողովուրդն ամեն,
250 Խըմի, քեֆ անի անվարձ, անվըճար,
Որ ողջ իմանան Կիև է մըտել
Մուրոմցի ծերուկ Իլիան Իվանովիչ։
    Ու ինքը բացեց հարգինքի սեղան,
Կանչեց, հավաքեց իշխան ու բոյար,
Ըռուսաց բոլոր մեծ հըսկաներին,
Այլև քաջարի կանանց դյուցազուն։
    Բայց մարդ չի գընում կաբակն արքունի,
Ամենքն իշխանի պալատն են վազում,
Ոչ կերուխումի, ոչ ոսկու համար,
260 Վազում են տեսնեն անվեհեր քաջին,
Տեսնեն Մուրոմցի էն ծեր Իլիային։
Հավաքվում են ողջ դարպասն իշխանի
Մըտնում են կամաց ապարանքը ներս։
    Ու ծեր Մուրոմցին գալիս է ահա,
Գալիս՝ կաբակի տըկլորների հետ.
Գալիս է, մըտնում սըրահը պայծառ,
Խաչ հանում դեմքին, ինչպես օրենքն է.

Ողջույն է տալի ընդունված կարգով,
Երկըրպագում է չորս կողմը խոնարհ,
270 Արև իշխանին ու տիկնոջն էլ ջոկ։
    Վեր կացավ իսկույն իշխանը առույգ,
Առավ Իլիայի ճերմակ ձեռներից,
Համբուրեց նըրա շըրթունքը շաքար,
Ապա թե էսպես խոսեց շողոմքոր.
— Ո՜վ դու ծերունի, Իլիա Մուրոմցի,
Ցած եղավ թեպետ քու տեղն ամենից,
Այժըմ ամենից վերև կըլինի։
Հե՜յ, դուք ծառաներ իմ հավատարիմ,
Տարեք ծերունուն բա՜րձըր ամենից։
    280 Բայց նա չընստեց ամենից վերև,
Գընաց ու նըստեց մեջտեղն ամենի,
Հետը նստեցրեց մերկ տըկլորներին
Ու էսպես դարձավ Արև իշխանին.
    — Ո՜վ դու Վլադիմիր, մայր Կիևի տեր,
Լավ ես իմացել՝ ում ղըրկես ինձ մոտ.
Չըլներ Դոբրինիան՝ իմ ախպերացուն,
Չէի լըսելու էստեղ ոչ ոքի,
Ու մըտքումս արդեն դըրել էի ես
Լարել էս ճայթուն իմ աղեղը զիլ
290 Արձակել դեպի սրահըդ շքեղ,
Սպանել և քեզ, իշխան Վլադիմիր,
Եվ քու տիկնոջը՝ քու Ապրակսիային։
Բայց էս անգամը աստված քեզ ների
Քու էդ հանցանքը, էդ հանցանքը մեծ։
    Էստեղ անուշներ բերին հյուրերին,
Քաղցըր մեղրաջուր խըմիչքներ բերին,
Բերին ամենին դըրին մի֊մի թաս
Ու էսպես խոսեց Իլիան իշխանին.
— Ա՛յ դու Վլադիմիր, մայր Կիևի տեր,
300 Սըրանո՞վ ես դու պատվում հյուրերիս,
Սըրանո՞վ ես դու հարգանք ցույց տալի,
Էս տըկլորներին միայն մի֊մի թա՛ս․․․

Դուր չեկավ էս խոսքն Արև իշխանին,
Էսպես ծերունուն տըվավ պատասխան.
— Ամենքի համար խոր նկուղներում
Արաղ ունեմ ես ինչքան կամենան,
Մարդը մի տակառ քառսուն չափանոց։
Թե հերիք չանի՝ ինչ որ կա էստեղ,
Թող իջնեն իրենք նկուղներն իմ խոր։
310 — Ա՛յ դու Վլադիմիր, իշխան Կիևի,
էդպե՞ս են պատվում քեզ մոտ հյուրերին,
էդպե՞ս են քեզ մոտ հարգում քաջերին,
Որ իրենք գտնեն ուտեստ ու խըմի՜չք․․․
Տեսնում եմ տանտերն ես եմ լինելու։
    Ասավ ծերունին ու ոտքի ելավ,
էլ հարցմունք չարավ նկուղի ճամփեն,
էլ նկուղների բանալիք չուզեց,
Թափ իջավ դեպի նկուղները խոր,
Դռները արավ ողջ կըրընկահան,
320 Պոկեց կողպեքներն առանց բանալի,
Ներս մըտավ ինքը նըկուղներն էն խոր։
Առած մի տակառն էս մի կըռնատակ
Ու մյուս տակառը մեկ էլ կըռնատակ,
Երրորդը ոտով գըլորում է դուրս.
Ու դուրս գըլորեց դարպասն իշխանի,
Գոռաց ու կանչեց կոկորդովը մին.
— Հե՛յ դուք կաբակի մերկ ու տըկլորներ,
Դուրս եկեք էստեղ — դարպասն իշխանի,
Եկե՜ք, ամենքիդ արաղ խըմեցնեմ։
    330 Ու իջավ կըրկին նըկուղները ցած։
Չըտարավ իշխանն ու թունդ ելավ խիստ,
Որոտաց ուժգին իր հընչուն ձենով.
— Հե՜յ հավատարիմ դուք իմ ծառաներ,
Շո՛ւտ, եկե՜ք, հասե՜ք արագ ու արագ,
Արագ ու արագ, ճեպով, հապճեպով,
Վեր դըրեք քաջին խորունկ նըկուղում,
Շուրջը քաշեցեք երկաթի ցանցով,

Կաղնի կոճղերով կապեցեք չորս դին,
Թաղեցեք դեղին ավազի տակին,
340 Սովամահ արեք խորունկ նըկուղում։
    Վազեցին, հասան ծառաներն արագ,
Արագ ու արագ, ճեպով, հապճեպով,
Վեր դըրին ծերին խորունկ նըկուղում,
Շուրջը քաշեցին երկաթի ցանցով,
Կաղնի կոճղերով կապեցին չորս դին,
Թաղեցին դեղին ավազի տակին։
    Ու ցավ դառավ էս մյուս հըսկաներին,
Վեր կացան կիսատ քեֆի սեղանից,
Ելան, դուրս եկան դարպասն ընդարձակ,
350 Իրենց ամեհի ձիանքը հեծան,
Դես֊դեն ցըրվեցին էն արձակ դաշտում,
էն լեն ու ազատ տարածության մեջ.
    — էլ չենք մընալ մենք էստեղ Կիևում,
էլ չենք ծառայիլ Արև Իշխանին։
    Ու էլ Վլադիմիր իշխանի մոտին
Հըսկա չըմընաց Կիև էն օրից։