Jump to content

Սվյատագորը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թարգանիչ՝ Հովհաննես Թումանյան

[ 165 ]

(Ռուսական առասպել)

    Էն սեպ սարերում, էն սուրբ սարերում
Նըստած էր հըսկան— Սվյատագորը մեծ,
Չէր գալի ռուսաց հողը սըրբազան,
Չէր կարում տանի գետինը նըրան։
Ուզեց մի անգամ սիրտը հըսկայի
Ժուռ գա մի ազատ լայնարձակ դաշտում.
Թամբեց նըժույգը իր հըսկայական,
Ժեռուտ կողմերով ելավ ճանապարհ։
Ճըխաց լանջի տակ սիրտը այրական,
10 Խաղս առավ ուժը երակների մեջ,
Ու դուրս է հորդում ասես խաղալով։
Նեղվում է սակայն հըսկան էն ուժից,
Նեղվում է ինչպես մի ծանըր բեռից,
Ուրիշն էլ չըկա, որ հետը չափվի։
     Ու ձգում է վեր մըկունդն իր պողպատ,
Ամպերից վերև— աչքից կորցընում,
Բըռնում է կըրկին ճերմակ ձեռներով.
Ու խոսում է նա ինքնիրեն էսպես.
— Եթե գըտնեի ես ուժը հողի—
20 Օղ կամրացնեի երկնի կամարից,
Օղից երկաթի շըղթա կանեի,
Ցած կըքաշեի երկինքը ներքև,
Երկիրն էլ տեղից ես շուռ կըտայի,

[ 166 ]

Ողջ կըխառնեի— երկինք ու երկիր։
    Էստեղ նկատեց, որ դուրան դաշտում
Գընում է հետի մի այլ աժդահա,
Ու էն աժդահի ուսովը ձըգած
Կա ճամփորդական մի փոքրիկ խուրջին։
Եթե քըշում է նըժույգն ամեհի,
30 Բաց թողնում ձիու թափովը ամբողջ,
Գընում է հեռու ճամփորդ աժդահան
Ու չի հասնում ձին իր հըսկայական։
Թե մեղմ է քըշում ու դանդաղ քայլքով,
Իր տեղն է հըսկան, չի շարժվում ասես։
Ու գոռաց էսպես Սվյատագորը մեծ.
— Հե՜յ դու անցավոր, անծանոթ կըտրիճ,
Կաց, կանգնի տեղըդ մի առժամանակ։
Թե քըշում եմ ես նըժույգս ամեհի,
Բաց թողնում ձիու թափովն իր ամբողջ,
40 Գընում ես հեռու քո ճանապարհին
Ու չի հասնում ձին իմ հըսկայական։
Թե մեղմ եմ քըշում ու դանդաղ քայլքով,
Քո տեղն ես դու միշտ, չես շարժվում ասես։
    Կանգնեց իր ճամփին անցվորն անծանոթ,
Վեր դըրավ գետնին ուժեղ ուսերից
Իր ճամփորդական խուրջինը փոքրիկ։
Ու մոտ քշեց ձին Սվյատագորը մեծ.
— Ասա՛ մի տեսնեմ, դու քաջ տըղամարդ,
Ի՞նչ է քո բեռը խուրջինիդ միջին։
    50 Ու ճամփորդն էսպես տըվավ պատասխան.
— Ո՛վ դու փառապանծ հըսկա դյուցազուն,
Փորձ փորձի մի առ իմ բեռը չընչին,
Վեր առ, թե կարաս, հըզոր ուսերիդ
Ու էնպես քըշի դաշտը լայնարձակ։
    Պատասխան տվավ անցորդն անծանոթ,
Ու ձիուց իջավ Սվյատագորը մեծ։
Առաջ մի մատով ուզեց վեր քաշի—
Չըշարժվեց տեղից խուրջինն էն փոքրիկ։
Ապա մի ձեռքով բռնեց աժդահի—

[ 167 ]

60 Կըրկին չըշարժվեց խուրջինն իր տեղից։
Ապա թե հասավ ողջ ուժովն իր մեծ,
Դեմ տըվավ ճերմակ կուրծքը հըսկայի
Ուսի էն չընչին, փոքրիկ խուրջինին,
Բըռնեց ահավոր ուժովն իր ամբողջ—
Մինչև ծընկները գընաց հողի մեջ,
Արյունը կաթեց ճերմակ երեսից,
Իր տեղն է սակայն խուրջինը կըրկին։
Ու էսպես խոսեց հըսկան զարմացած.
— Շատ եմ ման եկել աշխարքումը ես—
70 էսպես հըրաշքի դեռ չեմ հանդիպել,
էսպես մի տեսիլք չեմ տեսել երբեք,
Չեմ տեսել էս բեռն իմ ծնած օրից.
Ուժ ունիմ էսքան— ուժըս չի պատում.
Ի՞նչ կա քո փոքրիկ խուրջինի միջին,
Եվ ո՞վ ես ինքըդ և կամ ո՞րտեղից,
Պատասխան տուր ինձ, անծանո՛թ հըսկա։
— Իմ փոքրիկ խուրջնում ուժն է մայր-հողի,
Իսկ ես Միկուլան Սելյանինովիչ։
Պատասխան տըվավ անծանոթ հըսկան։