Jump to content

Մտերմություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ


Լեռների վրա
Համրության նման հալվում է արդեն
Երկնի ձյունեղեն, ճերմակ մանվածքը։
Ինչ-որ մի կանաչ ժպիտ է ծաղկում
               աշխարհի դեմքին,
Ողողում ամբողջ իմ էությունը...
Արեւի շուրթից գարունը ծորում,
Եռում է պրկված իմ երակներում,
Մերվում խոհերիս
Ու երգի փոխվում շուրթերիս վրա
               սիրո մի երգի...
Եվ նոր եմ զգում,
Որ դեռ ինչքա՜ն բան ունեմ ասելու
               ես այս աշխարհին,
Որի հետ վաղուց, շատ վաղուց ի վեր
Ջերմ մտերմություն ունեմ հաստատած
Եվ նոր եմ զգում,
Որ արարողը ես չեմ այս գարնան.
Դրա համար չե՞ն գարունն ու սերս
               այսքան մտերիմ
Ու իրար նման։
. . . . . . . . . . . . . . . . . . .
Ինչ-որ ժպիտ կա աշխարհի դեմքին,
Կանաչ մի ժպիտ,
Որ թվում է, թե
Ուր-որ է պիտի փոխվի ծիծաղի։