Jump to content

Մրջյունն ու լուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄՐՋՅՈՒՆՆ ՈՒ ԼՈՒՆ

Մրջյունն ու լուն եղբայրացան և միասին գնացին դաշտ զբոսնելու։ Այդտեղ դրանք դեմ առան մի առվի։

Լուն ասաց.— Ես մի ոստյունով կարող եմ թռչել առվի մյուս կողմը, իսկ դու ի՞նչ կանես։

— Ես էլ կարող եմ ցատկել,— ասաց մրջյունը։

Լուն կուչ եկավ, բոլոր ուժը հավաքեց ու հանկարծ թռավ առվի մյուս կողմը։ Մրջյունը նույնպես բոլոր ուժը հավաքեց, ցատկեց ու ընկավ առուն։ Նրա բախտիցը ջրի մեջ մի թուփ խոտ կար բսած, ընկավ խոտի վրա և խեղդվելուց ազատվեց, բայց տեսավ որ չպիտի կարողանա ցատկել մյուս կողմը, կանչեց լու եղբորը և ասաց.

— Սիրելի եղբայր, ջուրը կմեծանա ու ինձ կխեղդի, մի ճար արա, այս փորձանքիցն ինձ ազատիր։

Լուն թռչկոտելով հասավ խոզին ու ասաց.

— Խոզիկ-խոզիկ, մազիկ տուր, մազից շինեմ մի պարան, պարանը գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ։

Խոզը պատասխանեց.

— Եթե ինձ համար կաղին կբերե՜ս...

Լուն թռչկոտելով հասավ կաղնի ծառին ու ասաց.

— Կաղնի-կաղնի, կաղին տուր, կաղինը տամ խոզիկին, խոզիկը ինձ մազիկ տա, մազից շինեմ մի պարան, պարանը գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ։

Կաղնին պատասխանեց.

— Եթե ագռավին իմ վրայից կքշե՜ս․․․

Լուն թռչկոտելով ագռավին հասավ և ասաց.

— Ագռավ-ագռավ, կաղնուն թող, կաղնին ինձ կաղին տա, կաղինը տամ խոզիկին, խոզիկն ինձ մազիկ տա, մազից շինեմ մի պարան, պարանը գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ։

Ագռավը պատասխանեց.

— Եթե ինձ համար հավի ձագիկ կբերե՜ս...

Լուն թռչկոտելով հասավ հավին և ասաց.

— Հավիկ-հավիկ, ձագիկ տուր, ձագիկը տամ ագռավին, ագռավը քաշվի կաղնուց, կաղնին ինձ կաղին տա, կաղինը տամ խոզիկին, խոզիկը ինձ մազիկ տա, մազից շինեմ մի պարան, պարանը գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ։

Հավը պատասխանեց.

— Եթե ինձ համար կուտ կբերե՜ս...

Լուն թռչկոտելով հասավ ցորնահորի մոտ և ասաց.

— Հորիկ-հորիկ, կուտիկ տուր, կուտիկը տանեմ հավին տամ, հավիկը ինձ ձագիկ տա, ձագիկը տամ ագռավին, ագռավը քաշվի կաղնուց, կաղնին ինձ կաղին տա, կաղինը տամ խոզիկին, խոզիկը ինձ մազիկ տա, մազից շինեմ մի պարան, պարանը գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ։

Հորը պատասխանեց.

— Եթե մուկը ինձանից կհեռացնե՜ս...

Լուն թռչկոտելով հասավ մկանը և ասաց.

— Մուկիկ-մուկիկ, ինձ լսի, ցորնի հորին մի դիպչիր, որ հորիկն ինձ կուտիկ տա, կուտիկը տամ հավիկին, հավիկը ինձ ձագիկ տա, ձագիկը տամ ագռավին, ագռավը քաշվի կաղնուց, կաղնին ինձ կաղին տա, կաղինը տամ խոզիկին, խոզիկը ինձ մազիկ տա, մազից շինեմ մի պարան, պարանը գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ։

Մուկը պատասխանեց.

— Եթե ինձ կատվից կազատես...

Լուն թռչկոտելով հասավ կատվին և ասաց.

— Կատվիկ-կատվիկ, թող մուկին, մուկը քաշվի հորիցը, որ հորիկն ինձ կուտիկ տա, կուտը տանեմ հավին տամ, հավիկը ինձ ձագիկ տա, ձագիկը տամ ագռավին, ագռավը քաշվի կաղնուց, կաղնին ինձ կաղին տա, կաղինը տամ խոզիկին, խոզիկը ինձ մազիկ տա, մազից շինեմ մի պարան, պարանը գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ։

Կատուն պատասխանեց․ — Եթե ինձ համար կաթ կբերե՜ս...

Լուն թռչկոտելով հասավ կովին և ասաց.

— Կովիկ-կովիկ, կաթիկ տուր, կաթը տանեմ կատվին տամ, կատուն մուկին չդիպչի, մուկը քաշվի հորիցը, հորիկը ինձ կուտիկ տա, կուտը տանեմ հավին տամ, հավիկը ինձ ձագիկ տա, ձագիկը տամ ագռավին, ագռավը քաշվի կաղնուց, կաղնին ինձ կաղին տա, կաղինը տամ խոզիկին, խոզիկը ինձ մազիկ տա, մազից շինեմ մի պարան, պարանը գցեմ առուն, մրջյուն եղբորս ազատեմ։

Կովը պատասխանեց.

— Եթե ինձ համար խոտ կբերե՜ս...

Լուն գնաց դաշտից մի խորոմ խոտ քաշեց, տարավ կովին տվավ:

Կովը նրան կաթ տվավ, կաթը տվավ կատվին, կատուն հաշտվեց մկան հետ, մուկը հորին չդիպավ, հորը լվին կուտ տվավ, կուտը տարավ հավիկին, հավը նրան ձագ տվավ, ձագը տարավ ագռավին, ագռավը թռավ կաղնուց, կաղնին էլ կաղին տվավ, կաղինը խոզին տվավ, խոզիկը մի մազ տվավ, մազից պարան շինեց, պարանը կամուրջ գցեց, մրջյուն եղբորն ազատեց։