Jump to content

Արևի ճառագայթները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[ 417 ]
ԱՐԵՎԻ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԸ

Պայծառ արևը բարձրացավ երկինք և ոսկեփայլ ճառագայթները տարածեց երկրի վրա։

Առաջին ճառագայթն ընկավ արտույտի վրա։ Արտույտը թփրտաց, թափ տվեց թևերը, դուրս թռավ բնից, բարձրացավ վեր ու վեր և սկսեց երգել բարձրաձայն.— ճի՜վ, ճի՜վ, ճի՜վ, ճիլի-վիլի, ճիլի-վիլի. վո՜ւտ-վո՜ւտ-վո՜ւտ. ճը՜ռռ...

Երկրորդ ճառագայթը նապաստակի վրա ընկավ, նապաստակն ականջները խլշացրեց, նայեց դես ու դեն, ցատկելով մտավ ցողաթաթախ կանաչկուտը և սկսեց նախաճաշիկ անել մեղրածոր խոտերով։

Երրորդ ճառագայթը հավաբունն ընկավ։ Աքաղաղը թափ տվեց թևերը և կանչեց ծուղրուղո՜ւ... Ղո՜ւ-ղո՜ւ-ղո՜ւ։ Կանչեց աքաղաղը հավերին, որ ցած իջնեն թառերից և առավոտյան նախաճաշիկն անեն։

Հավերը ցած թռան, կչկչացին և աքաղաղի հրավերով սկսեցին քուջուջ անել։

Չորրորդ ճառագայթը փեթակի վրա ընկավ։ Մեղուները [ 418 ] տաքացան և դուրս ընկնելով դես ու դեն թռան տզտզալով, որ մեղրածոր ծաղիկներից իրենց սնունդն ստանան։

Հինգերորդ ճառագայթն ընկավ մի ժիր մանուկի անկողնու վրա և սկսեց նրա աչքերը ծակծկել․ նա վեր թռավ տեղից և շտապով պատրաստվեց ուսումնարան գնալու։