Jump to content

Մրցում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Մ Ր Ց Ո Ւ Մ
(Ժամանակակից բարքեր)

Կարապետ, իր թաղին Ազգ. վարժարանին գրասեղաններուն վրայեն իսկ տասնըչորս տարեկանին՝ առավ շահուն հոտը, զոր փողոցին վաճառորդները օրն ի բուն՝ կը տարածեին օդին մեջ իրենց պոռչտունքներովն ու իրենց ծախած այլազան ապրանքներովը։

Ծնողքին, որ դեռ կուզեին ուսմունք սովրեցնել իրեն, Կարապետ կտրուկ և անդառնալի շեշտով մը ըսավ.

― Էս ուսմունք-մուսմունք չիյտեմ, փարա վաստըկելու նայինք։

Իր հավաքած քառասուն հիսուն ղուռուշովը ճախարակ, ասեղ, աժաննոց ժանյակ, դերձան, գնդասեղ և այլն գնելով, տեղավորեց փայտե տուփիկի մը մեջ և փողոց ինկավ, «իփեկճի» եղավ։

Առաջին վայրկյանեն, դեռ այդ մատաղ տարիքին մեջ, ուր հոգիները հեզ են ու միամիտ, Կարապետ մրցման, ամեն բան տապալել քանդելու հաղթանակ ուզող մրցման միկրոբին խայտալը զգաց իր մեջ։ Պոլսո այն թաղերը ընտրեց մասնավորապես, ուր իրեն տարեկից հրեա տղաք «իփեկճիությամբ» կը պարապեին։ Հանկարծ երևան ելլող այս սմսեղուկ արհեստակիցին սուր կանչըն ու մկան սրտակարկառ ցռուկով դեմքը սարսափ ազդեցին մյուսներուն։ Կարճ ժամանակվան մեջ, Կարապետ անձանձիր հետապնդությամբ ու սիրալիր ու կեղծապատիր ձևերով անոնց հաճախորդները խլեց՝ աժան մինչև իսկ վնասով ապրանք տալով։ Քանի մը ամսվան մեջ տփիկը տուփ եղավ, և տուփը՝ կռնակին վրա բարձված փոքրիկ խանութ մը, որ ահուսարսափով լեցուց իր հրեա արհեստակիցները, որոնք արդեն կամաց կամաց ոտվընին քաշած էին Կարապետին արշավանքեն աշխարհակալված թաղերեն, փնտռելով շահու նոր ու անկոխ գետիններ, հայ «իփեկճիին» անծանոթ։ Միսմինակ մնալով, Կարապետ, մրցման սիրուն նախապես իր կրած վնասներուն վրեժը լիուլի լուծեց այս անգամ, իր հաճախորդներեն , զորս խաբեց խաբխբեց, փտած վարնոց և նորությունե ինկած ապրանքներ քշելով անխնա։ Ոսկին ոսկիին վրա բարդեց՝ շահու համեն հոտեն հանկուցված գործը ընդարձակեց, ձիով պտտցուց իր խանութը, իր շահագործման սահմաններուն մեջ ոչ մեկ մրցակից թույլատրելով։ Իր ծրագրած ու գործադրած մրցումին անվրեպ հաջողությունեն գինովցած։

Օր մը, սակայն, ծաղրանք մը, անպատվություն մը, զրկանք մը իսկ թվեցավ իրեն՝ դրամ շահելու այդ թափառական, ողորմելի ու վերջապես սահմանափակ միջոցը, ու ինքզինքը ի վիճակի նկատեց նույնիսկ խանութ մը բանալու։ Ծախեց ձին, առնելիքները հավաքեց մինչև հետին սանթիմը, և խանութ մը բացավ Պոլիս, Մահմուտ Փաշա։ «Իփեքճիությունը» «թոհաֆճիության» վերածեր։ Անշուշտ դեռ պստիկ խանութ մըն էր իրը, մանավանդ շատ աննշան՝ բաղդատմամբ ուրիշ երկու «թոհաֆճի» խանութնե¬ րու, որոնց մին ձիշդ իր քովը, մյուսը դիմացը։ Այդ երկու հզոր մրցակիցներու մեջ անտարակույս շատ դժվար պիտի ըլլար Կարապետի գործը։ Ասոնք հեռի էին ըլլալե այն հրեա բոկոտն վաճառիկները զորս լեղապատառ փախուցած էր փողոցներեն, անոնց հաճախորդները հափշտակելու համար։ Հեշտին հաղթանակ մը տարած էր այն ատենը, բայց համը բերանն էր մնացած։ Սակայն Կարապետ մեծցած էր ա՛լ հիմակ, ու մրցման իր դիվային հանճարն ալ միասին։ Ուրիշ մը՝ այս նոր ասպարեզին ու մրցավայրին վրա պիտի մնար ձեռնածալ, համեստ ու հանդարտ, հետամուտ՝ օրինավոր շահելու ու դանդաղաշարժ առաջադիմության։

Կարապետի մեջ մրցման ոգին ահագին ու ահեղ սավառնանք մը ուներ, խոշոր ամբարտակներու վրայե խուժելու և իհարկին զանոնք կործանելու ատակ։

Խանութը բանալեն հետո, — դեպք մը որ գրեթե աննշան անցած էր տենդային առուտուրի այդ հրապարակին վրա,— Կարապետ իր սմսեղուկ ցռուկովը օդը միջավայրն ու կացությունը հաստատեց։ Հաչաղկոտության փայլակներով հղի բիբերովը դիտեց իր պզտիկ խանութն ու հանդիպակաց խանութը։ Միակտուր ապակիե վիթխարի ցուցափեղկեր անոնց առաջայքը կը զարդարեին։ Ի՜նչ այլազանություն, ի՜նչ ճոխություն, ի՜նչ ճաշակ ապրանքներու ցուցադրման ու հարդարման մեջ։ Բոլոր օրը երկու խանութներն ալ լեցուն էին հաճախորդով․ մինչ ինքը բարակ ու փոքրածիր ապակիով ցուցափեղկին ետևեն, ակռաներր սեղմած, նախանձի կայծերով այտերն ատրաշեկ, կը դիտեր զանոնք՝ շունչը կտրած, ռնգունքը ընդլայնված։

– Ա՜խ, եթե իմս ըլլային սա խանութները, կը մռլտար սեղմ ակռաներուն մեջեն։

Օրը հազիվ հինգ վեց հաճախորդ ներս կը մտներ, վարանոտ, տեղին խեղճությունեն կասկածելով, ու պզտիկ գնումներու համար։

Քանի մը շաբաթ Կարապետ ճակատը շփեց, քունքերը քետրեց, հևաց, հառաչեց, մռնչեց։ Հետո, հանկարծ զվարթ, ուրախ շենշող եղավ, երգեց, ծխեց, ծիծաղեցավ։ Վերիվայր փոխված էր «թոհաֆճի» Կարապետ։

Իր երկու արհեստակից խանութպանները, անշուշտ իրենց զորությամբը ապահովված, բնավ դժգոհ չեղան երրորդ խանութի մը բացումեն որ ոչ մեկ կերպով կրնար վնասել իրենց կամ իրենց հետ մրցիլ։ Հայ էին անոնք, և երբ տեսան՝ որ իրենց նորեկ դրացին ալ հայ էր «ի՛նչ կըլլա, թող ան ալ վաստկի, հայ չէ՞ մի» ըսին ու իրենց գործերով զբաղեցան։

Կարապետին հարակից խանութպանը քառասուն տարեկան հայ մըն էր, Օհան Տերտերյան, Գում-Գափուցի հսկահասակ մարդ մը, սև խոշոր աչքերով և հաստ ընքվիներով։ Միամիտ ու դյուրահավան մարդու ամենեն պերճ տիպարն էր։ Իր ժպտուն դեմքը երբեմն ահավոր խոժոռությամբ մը կը կնճռոտեր։ Բարձրաձայն կը խոսեր և Կարապետ շատ անգամ կիմանար անոր ձայնը, երբ կը պոռար իր պաշտոնյաներուն։ Ժաման ակ մը չհամարձակեվեցավ մինչև իսկ բարևել զայն, անոր դիրքեն, ճոխ խանութեն ու պատկառելի հասակեն սահմռկած։ Բայց առտու մը, սանկ շատ խոնարհաբար իր տված մեկ բարևին, տեսավ, որ Օհան աղան ժպտելով և մտերմորեն պատասխանեց։

— Ի՞նչ է ան նայինք, բարեկամ, ըսավ, մեզի դրացի եկար, ո՞ւր տեղացի ես, և այլն։

Կարապետ ըսավ թե ով էր և ուրտեղացի էր և իր խոսվածքին մեջ անանկ անհամեստություն մը, հարգանք մը և մինչև իսկ վախկոտություն մը դրավ որ Օհան աղա կամ մեղքցավ զայն, կամ ավելի հիշդը համակրեցավ անոր։

— Աստուծով դուն ալ առաջ կերթաս, մեզի պես խանութպան մը կըլչաս, ըսավ։

Եվ իբրև քաջալերանք ավելցուց․

— Պակաս ապրանք մը, բան մը ունենաս նե մենե առպարոն Կարապետ։

— Գլխուս վրա, շնորհակալ եմ, պատասխաներ Կարապետ, ուրախ և գոհ։

Այն օրեն ետքը, բնականաբար Կարապետ մշակեց իր հարաբերությունը քովի խանութին հետ։ Առտու իրիկուն թեմեննահ ըրավ, լեզվին վրա շաքար ու մեղը դրած, նայվածքին մեջ խոնարհություն և շարժումներուն մեջ արգահատանք հրավիրող ձև մը։

Իր մրցակցին մեկը սիրաշահած էր Կարապետ, գրպանը դըրած էր զայն գրեթե։

Կը մնար մյուսը։

Մյուսը, Խաչիկ աղա Մորուքյան, զուգադիպությամբ մը ան ալ Գում—Գափուցի, ավելի տարեց էր, ավելի նրբակազմ, բարեձև, աղեբեկ մորուքով, և քիչ մը խոժոռ նայվածքով։ Հավանաբար, անոր մերձենալը ավելի դժվար բան մըն էր։ Կարապետ ամիսե մը ի վեր խանութը բացած էր, և Մորուքյան տակավին մինչև անգամ անգիտնալ կը ձևացներ ճիշդ իր դեմը իրեն մրցակից խանութ մը բացված ըլլալը։ Կարապետ, օրվան մեջ, երբեմն պատրվաներ ստեղծեց այդ խանութին մոտենալու՝ երբ տերը դուրսը, դրան առջև կը կենար․ բայց մարդը չէր տեսեր զինքը։ Սաայն, դիտեց որ շատ անգամ այդ երկու խանութպաններ՝ միևնույն ժամանակ գոցելով խանութնին՝ միատեղ կելլային Լերթային։ Բարեկամ էին ըստ երևույթին մտերիմ ու սիրալիր։ Արհեստին մրցակցութունը զանոնք թշնամի ընելեհեռի կարծես իրարու մոտեցուցած, մտերմուցած էր ընդհակառակը։

Արդ, օր մը, Կարապետ իր քովի խանութպանին ըսավ թե այն իրիկունը ինքն ալ Գում–Գափու պիտի երթար, հետևապես իրեն ըներանար՝ եթե արգելք չէր ըլլար։

― Վա՞յ, անանկ է նե,― պատասխանեց Օհան աղա,― այս իրիկուն քեզի հետ քանի մը հատ ճնկենք։

Ու պատահեցավ որ դիմացի խանութպանն ալ նույն ժամուն գոցելով իր խանութը՝ ըներացավ Կարապետին և Օհանին։ Այս վերջինը ծանոթացուց իրեն նոր արհեստակիցը Խաչիկ աղային, որ քիչ մը կարծես արհամարանքով վերաբերվեցավ իր նոր ծանոթին հետ։

Բայց և այնպես, ետքը, կազինոյին մեջ, օղիի գավաթներուն ազդեցությանը տակ, Խաչիկ աղա ալ մտերմացավ իր դրացի խանւթպանինհե և սիրալիր ու բարյացակամ եղավ անոր նկատմամբ։

Օղիի սեղանին առջև, Կարապետ տեսավ թե իր դրացի Օհան աղան որքան դյուրաբորբոք, բուռն և անմտած մարդ մըն, Խաչիկ աղա նույնքան հանդարտ և պաղարյուն, քիչ խոսող և խոհուն անձ մը։ Նկարագիրներու այդ հակընդդիմությունը ուրախությամբ լեցուց Կարապետը։ Անկեց ետքը քանիցս այդպես Գում–Գափու երթալու պատրվակին տակ, Կարապետ ըներացավ երկու թոհաֆճիներուն և մտավ անոնց մտերմությանը մեջ։ Իմացավ խուլ հրճվանքով, թե որքան որ ալ Օհան և Խաչիկ բարեկամ էին՝ իրենց խանութներուն մերձավորության բերմամբը, զիրար շատ չէին սիրեր․ նախ իրենց հակոտնյա նկարագրին և հետո ընտանեկան հին ու անմռանալի խնդրո մը պատճառով։ Իրենց երիտասարդությանը, Օհան և Խաչիկ միևնույն աղջկան «զարնված» էին։ Ասկեց բախում մը, որմե Խաչիկ ավելի նուրբ և ավելի խորամանկ, հաղթող ելած էր և աղջկանը հետ ամուսնացած։ Օհան թեև մոռնալ ցուցուցած էր այս հարվածը, երբեմն անոր ցավը կը զգար իր հոգիին մեջ հակառակ ինքն ալ ամուսնացած ու զավակներու տեր եղած ըլլալուն։ Կարապետ դիտեց նաև որ Խաչիկ միշտ հեգնական շեշտ մը ուներ Օհանին հետ որ ատկից չափազանց նեղանալը ակներև ցույց կուտար։

Մրցման մարտադաշտին վրա ռազմական ծրագրի մը հարդարմամբը ու գործողությամբը զբաղելով հանդերձ Կարապետ ջանաց իր գործը զարգացնել։ Իր դրացիին բարի հոժարութենեն օգտվելով, անոր երաշխավորությամբը ապրանք վերցուց, տեսակը ճոխացուց, հաճախորդը շատցուց։

Բայց այդ հառաջադիմությունը զինքը, իր անկուշտ ախորժակը գոհացնելե շատ հեռի էր։

Օրվան մեջ քանի քանի անգամներ, աչքերը ըղձանքի կայծերով «բռնկած, իր հարուստ դրացիներուն ցուցափեղկերը կը զններ, «ա՞խ սըվոնք իմս ըլլային» մռլտալով։

Պալաթեն, ուր կը բնակեր, Կարապետ Գում-Գափու փոխդըրվեցավ, տեղվույն վրա կարենալ գործելու համար։

Այդ միջոցներուն Գում֊Գափու թաղային խնդիր մը ծագեցավ։ Երկու հակամարտիկ կուսակցություններ բուռն պայքար մը մղեցին երկու խումբ ընտրելիներու շուրջ՝ նոր Թաղ․ Խորհուրդի մը կազմության համար։ Օհան և Խաչիկ հակառակորդ կուսակցությանց մեջ գտնվեցան։ Խաչիկ աղա իր մեկ հարուստ և ազդեցիկ ազգականը կուզեր թաղական ընտրել տալ։ Օհան կը հակառակեր ատոր։ Բայց Խաչիկ աղայի կուսակցությունը, ավելի զորավոր, տարավ հաղթանակը։ Կարապետ ալ պայքարին մեջ դեր մը խաղաց, ձեռքը տակե ուժ տալով Խաչիկ աղայի ընտրելիին հաջողությանը։ Ընտրական հանձնաժողովներուն միջոցին, Գում-Գափուի գետնատան մեջ, ուր սովորաբար կը հավաքվեին իրիկունները շուկացիք, տաք վիճաբանություններ կատարվեցան, մինչև իսկ իրիկուն մը Օհան և Խաչիկ, գլուխնին տաքցած, գիրար բարձրաձայն նախատեցին։

Ասիկա բարեդեպ առիթ մը եղավոր Կարապետ, մտերմական խոսակցության մը միջոցին, Օհան աղային ականջին բաներ մը փսփսաց Խաչիկ աղայի մասին։ Իբր թե այս վերջինը ըսած կըլլա Կարապետի թե՝ շատ շը մտերմանա Օհանի հետ, որովհետև կասկածելի և վտանգավոր մարդ մըն է ան։

— Ես վտանգավոր մարդ եմ մի՞, պոռաց Օհան աղա կատաղութենեն փրփրելով։

Եվ ահագին ձեռքը սեղանին զարկավ շիշեր ու գավաթներ տապալելով։

— Զավակներուդ վրա կերդնո՞ւս որ ինե իմացած ըլլալդ չհայտնես, ըսավ ուրիշ իրիկուն մը Կարապետ՝ Օհան աղային։

— Կերդնում։

— Աղեկ․ Խաչիկ աղա երեկ ինծի ըսավ քեզի համար թե պիտի սնանկանա մոտերս, և թե գործերդ շատ գեշ վիճակի մեջ են…

Օհան աղային դեմքը կաս–կարմիր եղավ․ թավ հոնքերուն տակ աչվըները արյունով լեցվեցան, կուրծքը ահեղորեն ուռեցավ և բառերը զորս ուզեց արտասանել կոկորդին մեջ խեղդվեցան։ Քանի մը րոպե ֆշշաց միայն։ Կարապետ անձկությամբ դիտեց իր զոհին այս այլակերպությունները։ Եվ շարունակեց։

— Խրատեց ալ զիս որ այլևս գործի հարաբերություն չունենամ քեզ հետ։

Այս անգամ Օհան աղային այտերը դալկահար գունատվեցան, և մեկ քանի անհաջող կաղկանձյուններ ելան կոկորդեն։

— Բայց ես կարևորություն անգամ չեմ տար անոր խոսքերուն, վերջացուր Կարապետ՝ գոհունակությամբ խմելով իր օղին։

Մեր թոհաֆճին խնամքը ունեցավ նաև նույնիմաստ վերագրումներ ընելու Օհան աղայի՝ Խաչիկ աղայի մոտ, այս վերջինին զսպված կատաղության դիմաշարժությունները լրտեսելով անոր ընդհանրապես խաղաղ ու անվրդով դեմքին վրա։

Շատ չանցած, երկու վաղեմի արհեստակիցներ, իրենց միջև ծագած թշնամության մասին առանց բառ մը փոխանակելու, խզվեցան, և իրար հետ «բարև աստծու բարինը» դադրեցուցին բոլորովին։

Իր խանութին ցուցափեղկին ետև ապաստանած, Կարապետ հրճվանքով իր ձեռքերը կը շփշփեր՝ դիտելով երկու խանութպաններուն ատելությամբ ու վրեժխնդրությամբ վառված ակնարկները՝ իրարու դեմ արձակված։ Ու իր ամենօրյա հանկերգը շրթներուն վրա Էր.

— Ա՜խ, սա խանութները իմս ըլլային։

Զարմանալի դյուրաթեքությամբ մը, Կարապետ՝ զիրար այլևս մահու չափ ատող այդ երկու մարդուց հետ ալ իր հարաբերությունները կը պահպաներ կը մշակեր, սիրալիր ու մտերմական, առանց ասոր համար անոնցմե այպանվելու. նույնիսկ կարծես թե անոնց լռելյայն հոժարամիտ հավանությամբը, որովհետև անոնց միակ կապը ինքն էր այնուհետև, և որպեսզի այդ կապին շնորհիվ անոնք հրահրեին իրենց փոխադարձ ատելությունը և անոր միջոցով կարենային նախատել և դրդոել զիրար։ Կարապետ, հետևապես անհրաժեշտություն մը դարձավ այդ մարդու համար։ Հետո, իր երևութական անշահախնդրությունը երկուքին համար ալ արևին պես պայծառ էր։ Մինչև անգամ այդ անմեղը իրենց ատելության և թշնամության մեկ զոհը կը նկատեին, և ասիկա կերպով մը փոխարինելու համար երկուքն ալ կը ջանային օգտակար ըլլալ անոր՝ այժմ ապրանքներ տալով, փոխտվություններ ընելով, իրենց տուներն իսկ տանելով, երկկողմանի զրպարտությանց համար— զորս նենգամիտ թոհաֆճին խնամքը ունեցավ հետզհետե դարբնելու և արծարծելու—անոր առջև ջանալով ինքզինքնին չքմեղացնել։ Կարապետ՝ Մորուքյան և Տերտերյան ընտանիքներուն բարեկամը եղավ հավասարապես, սիրվելով և մեղքցվելով, պաշտպանվելով և նպաստավորվելով անոնցմե։ Մանավանդ նրբամտությունը ունեցավ անոնցմե. յուրաքանչյուրին ներշնչելու այն հավատքը թե ինք` իսկապես և անկեղծորեն միմիայն իր բարեկամն էր, և մյուսին՝ շահու համար միայն կապված։

Երկու խանութպաններուն այս խուլ և անագորույն պայքարին միջոցին Կարապետ լեցուր իր խանութը ապրանքով, այլազան և արժեքավոր, և հաճախորդները շատցուց։ Մանավանդ որ անդին կռիվը, թեև անաղմուկ սաստկագույն աստիճանի մը հասավ։ Խաչիկ աղա, հակառակ իր բնածին պաղարյունությանը, իր խանութին դրան առջև կեցած, շատ նշանակալից ու ամբարտավան և մարտահրավեր կերպով պեխերը կոլորտեր, աչքերը իր հակառակորդին խանութին հառած դաժանորեն։ Անոր այս գրգռիչ ընթացքը շատ դպավ Օհան աղային, որ արդեն դյուրագրգիռ, իր կողմեն նույնքան անբարհավաճ եղանակով մը հակակշռելու համար մյուսինը, իր խոշոր հասակովը, ձեռքերը ետին կապած, վեր վար պտտեցավ խանութին աոջևը, հաճախորդ, առուտուր, և այլն մոռցած, և ամբողջ մարմնովը տենդային մոլեգնությունե մը դղրդված։

Կարապետին մեկ նոր և արյունալի բանսարկությունը դեպքերը գահավիժեցին։

Գիշեր մը, միշտ օղիի սեղանին առջև, երդումի սովորական բանաձևը կատարելե հետո, իբր թե զվարթությամբ և ակամա, Կարապետ հայտնեց Խաչիկ աղային։

— Օհան աղան կըսե որ Թերեզա հանըմը ձեր կինը ըլլալե առաջ իրեն հետ ամեն բան ըրեր լմնցուցեր է․․․ բայց ես բնականաբար չհավատացի։

Եթե դիպվածով Օհան աղան նույն տեղը գտնվեր, անշուշտ ոճիր մը հավանական էր։ Հեք Խաչիկ աղա իր ընտանեկան պատվույն տրված այդ ամեհի հարվածին տակ շլմորած՝ դանդաջելեն տուն գնաց։ Հետևյալ օրը, եթե չըլլար Օհան աղայի պարթև հասակը և ֆիզիկական բացահայտ ուժը, Խաչիկ աղա ապահովապես հարձակված էր անոր վրա։ Բայց իսկույն, Կարապետ անոր ընծայեց նյութական վրիժառության մը դյուրին միջոցը։

Օհան աղայի շահու գլխավոր աղբյուրներեն մեկն էր մազի ներկ մը, որ մեծ քանակությամբ կը սպառեր, և որ կըսեին, անոր գործին ընդարձակվելուն գլխավոր պատճառն էր եղած։ Արդ, Կարապետ հաջողեցավ գտնել հրեա մը, որ գաղտնիքը ուներ մազ ներկելու ջուրի մը, տեսակին մեջ առաջնակարգ, և որ հավանեցավ կլորիկ գումարի մի փոխարեն Կարապետին հանձնել այդ գաղտնիքը։ Ասով զինված, Կարապետ Խաչիկ աղային մոտեցավ։ Նախ, իրեն հատուկ նրբամտությամբ մը, անոր մեջ հրահրեց քինախնդրության հնոցը՝ զոր տարիե մը ի վեր պատրաստելու վրա էր, և հետո իր ներկին խնդիրը պարզեց. բացատրեց, որ եթե այդ ներկը իր խանութին մեջ շատ աժան գինով ծախվեր, Օհան աղային ներկը կիյնար, կը լմննար։ Ուրախության շեկ փայլեր շողացին Խաչիկ աղայի աչվըներուն մեջ, այդ երանելի ներկը իր թշնամիին փճացումն էր։

— Շինե՛, բե՛ր` ծախենք, ըսավ, ի՞նչ են պայմաններդ։

Հոս` Կարապետ ճակատը շփջփեց վարանմամբ։ Պայմաննե՞րդ։

— Պայմաններս շատ ալ թեթև չեն, ըսավ ժպտալով։

— Ինչ որ ալ ըլլան, առաջվընե ընդունած եմ, պատասխանեց Խաչիկ աղա, ձեռքը թոհաֆճիին երկնցնելով ի նշան հավանության։

— Պետք է որ մեր երկու խանութները միացնենք և ընկեր ըլլանք, ըսավ Կարապետ կշռավոր և խուլ ձայնով մը, ներքին զսպված հուզումե մը թրթռուն։

— Ընկե՜ր, կրկներ Խաչիկ աղա, ճակատին քրտինքը սրբելով մատներովը։

— Այո՛, ընկեր, արձագանքեց անագորույն խանութպանը։

Շաբաթ մը ետքը Խաչիկ Մորուքյան և ընկ. ֆիրմայով մազի ներկ մը հրապարակ ելավ, տուփը տասը ղրուշի, մինչ Օհան Տերտերյանի ներկը քսան ղրուշ կարժեր։ Օհան աղա ափի, բերան եղավ։

— Վա՜յ թշվառական սրիկա, պոռաց, տունս տեղս պիտի կործանեմ սա նայե...

Խաչիկ-Կարապետ ընկերությունը երկուքին մեջ գաղտնիք էր միայն։ Բայց շատ չանցած՝ Կարապետ իր խանութը ճոխացուց` ահագին ապրանք բերելով և նույնիսկ երկու պաշտոնյա վարձելով։ Խանութին ճակատը ընդարձակեց, խոշոր և հոյակապ ցուցափեղկով մը որ վար չէր մնար հիմակ իր մրցակից ցուցափեղկերեն։ Ներկը ահագին ընդունելություն գտավ. անոր պատճառով Կարապետ գերակշիռ դիրքի մը տիրացավ Մորուքյան վաճառատան մեջ, իր ազդեցությանը տակ ճզմելով հեք Խաչիկ աղան, որուն կյանքը բարոյապես փճացած էր, անմարելի վրիժառության կրակներուն մեջ անդադար ճենճերված։

Նոր ներկին հրապարակ ելլելն և մեծաքանակ վաճառման մը արժանալեն հետո հասկցվեցավ որ Տերտերյանին գործը իր ներկին հաջողությանը հետ կապված էր։ Մրցման չդիմանալով՝ ինկավ ան, ու եկավ վայրկյան մը ուր Տերտերյան ներկը բոլորովին դադրեցավ վաճառվելե։ Օհան աղա կը մռնչեր. կը դառնար վաճառատանը մեջ, կը հայհոյեր, կը քֆրեր թիապարտի մը պես, թայր ստեղծված նոր կացության դարման մը չէր գտնար։ Դիտած էր որ խանութին առջև իր ցուցադրած հոխորտանքները տղայական շարժուձևեր էին, անօգուտ և ծիծաղելի։ Գործը սկսած էր վտանգվիլ, մանավանդ հորմեհետե քովի աննշան խանութն ալ անակնկալ փայլ ու ճոխություն ստացած էր։ Կարապետ այլևս առաջվան պես քծնական ձևեր չուներ իր դրացի խանութպանին հետ․ մենծաղայական էր անոր պես և անկեց ալ ավելի։ Վերջին ժամանակներս իր կրած բուռն հուզումները, բարկություններն ու կատաղության տագնապները շատ բան պակսեցուցած էին Օհան աղային խրոխտ առնականությունեն։ Սոսկմամբ դիտեց որ գործը վտանգավոր ուղղության մը մեջ էր, և որովհետև տակավին վստահություն ուներ Կարապետի վրա, իր «տերտը» բացավ անոր։

— Վիճակս աղեկ չէ, Կարապետ, օղլում, ըսավ, սա դիմացի խայտառակին ներկը խերս անիծեց․ ասանկ երթա նե լմնցած եմ․ ճար մը գիտե՞ս։

— Ճար, ճար, ճար, մրմռաց նենգավորը, և մեկեն ի մեկ.

— Օհան աղա, ըսավ, կուզե՞ս որ քեզի փրկեմ։ Ընկեր ըլլանք, կը փրկվիս։

— Ընկե՜ր, կմկմաց հեք մարդը՝ խոլոր-մոլոր Կարապետին նայելով։

— Այո՛, ընկե՛ր, արձագանքեց բանսարկուն։

Երկու օր ետքը պայմանագրություն մը կնքվեցավ, որուն համեմատ Կարապետ Սանդուռճյան` Օհան Տերտերյանի գործին ընկեր կըլլար, և փոխադարձաբար։

Այսպես, Խաչիկ աղայեն ետքը, Օհան աղան ալ ափին մեջ առավ Կարապետ․ ու ա՛լ անկեց ետքը բնավ հոգը չըրավ որ անոնք կրնան հասկնալ թե երկու թշնամիներուն ալ գործին ընկեր է ինքը, վասնզի նյութական և բարոյական անանկ դիրքերի մը հասած էր որ բանե մը քաշվելու պետք չուներ։ Արձակ համարձակ, վարեց երեք խանութներն ալ։ Արդեն, քանի մը ամիս ետքը, Օհան աղա անձնապես անանկ ծանրածանր պարտքերու տակ ընկճված էր որ, Կարապետ երկու հարյուր ոսկի դրավ անոր ափը և դուրս ըրավ։ Գալով Խաչիկ աղայի, անոր գործը ավելի դյուրին եղավ լմնցնել։ Սպառնացավ ներկը չպատրաստել և ուրիշի մը փոխանցել անոր իրավունքը` եթե չհավաներ թողուլ խանութը երկու երեք ոսկիի փոխարեն։ Խաչիկ աղան փարան առավ և կորագլուխ դուրս ելավ։

Այս գործողության հետևյալ առտուն, Կարապետ, Պալաթցի երբեմնի աննշան «իփեքճին», եկավ կեցավ Մահմուտ Փաշա փողոցին մեջտեղը, և շուրջը նայեցավ. թոհաֆճի երկու փառավ ը վաճառատունները, որոնք իր աղքատ իփեքճիի հողին ատենոք այնքան աքցանած էին նախանձի և հաջողանքի գելաններուն տակ, ահա իրն էին. ինքը կը տիրապետեր հիմա երեք վաճառատանց մեջ՝ շնորհիվ մրցումին, անարգ ու եղեռնական մրցումին։

― Օ՜խ, հառաչեց, իմս են ասոնք... ու հիմակ ա՛լ ապրինք... իբրև պատվավոր մարդ։

Իրավ ալ, թոհաֆճի Կարապետը կարևոր և պատվավոր մարդ Է հիմակ. «իր գործին զավակն» է, կըսեն, և 30000 ոսկիի տեր։ Ազգը անով կը պարծենա. ու մարդկությունը... նմանապես։