Jump to content

Նահապետի ողբը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆԱՀԱՊԵՏԻ ՈՂԲԸ


Այս ի՞նչ ձայն է գալիս բարձրից, այս ի՞նչ կռռոց է տխուր,
Այն ի՞նչ շղթա վեր եթերքում, սլանում է դեպի ո՞ւր.
Ա՜խ, քեզ տեսնեմ, սիրուն կռունկ, անցյալ գարնան է՜յ իմ հյուր.

Ինչո՞ւ նախկին բնեդ ելար, դեպ մեզ իջար, ա՜խ, ի զուր...
5 Կռունկ, ի տար, օ՜ն,
Դեհ, դեպի Տարոն
Թռի՛ր, սլացի՛ր,
Գնա հեռացիր։

Ա՛յ, ծիծեռնակն էլ եկել է, տեղ չի գտնում բուն շինի,
10 Օճորք չըկա, ողջ քանդվել են, ավերակումն ի՞նչ անի.
Քեզնից վերև, տե՛ս, արծիվը պտտվում է, զգույշ կացիր,
Սիրուն կռունկ, խախալ արա, գութան արա ու դարձիր.
Կռունկ, ի տար, օ՜ն
<Դեհ, դեպ ի Տարոն
15 Թռի՛ր, սլացի՛ր
Գնա հեռացիր։>

Ես էլ պետք է ձեռքս առնեմ ջախջախ քնարս ու քեզ մոտ
Այս ավերակ պատի տակին կուչ գամ մինչև առավոտ.
Հնչե քնարս, թող վշտաձայն, խոսե սիրտս այս ցավոտ.
20 Ա՜խ, գիշերը տարի դառնար, չըլուսանար առավոտ.
Կռունկ, ի տար, օ՜ն,
<Դեհ, դեպի Տարոն
Թռի՛ր, սլացի՛ր,
Գնա հեռացիր։>

25 Վարք ու բարքով, խելք ու մտքով հատը հատին չպատահին,
Ախ ու վախով պիտի ապրեն, վայ նրանց դառն օրերին.
Ա՜խ, դժվար է, սիրուն կռունկ, դժվար ապրել միասին,
Ընկեր լինի, թե հարևան, ծառա, տեր, թե ամուսին.
Կռունկ, ի տար, օ՜ն,
30 <Դեհ, դեպի Տարոն
Թռի՛ր, սլացի՛ր,
Գնա հեռացիր։>

Թե տեսանես ողջ Պարսկաստան, արաբ, հույն կամ լեռնական
Զորք ժողոված ու պոկ եկած արշավում են Հայաստան.
35 Ասա, կռունկ, ասա, հոգիս, այդ ի՞նչ անթիվ զորք, բաբան.
Ասա, կռունկ, ասա, հոգիս, Մամիկոնյանք էլ չըկա՞ն.
Կռունկ, ի տար, օ՜ն,
<Դեհ, դեպի Տարոն
Թռի՛ր, սլացի՛ր,
40 Գնա հեռացիր։ >

Մշու շքեղ մշուշապատ դաշտի միջով համարձակ
<    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .
 .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .
 .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .    >
45 Սուրբ շիրիմներն իմ հայրերի՝ ահեղազոր դյուցազանց
Ոտնատակի անարգում են քյուրդ, տաճիկը լիրբ, անսանձ,
Մշու սուլթան սուրբ Կարապետ մեր տաճարը վեհափառ
Ինչ, սև սգո քուրձ է հագել, ողբում է անմխիթար։
Կռունկ, ի տար, օ՜ն,
50 <Դեհ, դեպի Տարոն
Թռի՛ր, սլացի՛ր,
Գնա հեռացիր։ >

Ախ, թե տեսնես ազգիս բախտը... կտրուկ, քաջարի,
Մոլորել է ավերներում Տուրուբերան աշխարհի,
55 Կռունկ, ասա, բավական է, թափառելուց դադարի,
Ասա, կռունկ, ասա, հոգիս, ասա արի՛, ա՜խ, արի՛։
Կռունկ, ի տար, օ՜ն,
<Դեհ, դեպի Տարոն
Թռի՛ր, սլացի՛ր,
60 Գնա հեռացիր։>

1886