Jump to content

Նամակներ Սոֆի Եսայանին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակներ Սոֆի Եսայանին
1931, օգոստոսի 26, Բարիզ

Սոֆի Եսայանին

Ահա դարձյալ Բարիզում եմ։ Երկուշաբթի օրը անձրևներից և արգելափումից ձանձրացած, որոշել էի Պուգից[1] հեռանալ, ու դրա մասին հայտնել էի Տատային։ Բայց երկուշաբթի օրը Բարիզից ստացա մի նամակ, որով ինձ իմացնում էին, որ Հայաստանի կոմիսարների խորհրդի նախագահ Տեր-Գաբրիելյանը ժամանել է Բարիզ, մնալու է ընդամենը մի շաբաթ, որ եթե ուզում եմ նրան տեսնել, ապա պետք է անմիջապես վերադառնամ[2]։ Կարող ես պատկերացնել, թե ինչպիսի փութկոտությամբ փակեցի ճամբրուկս։ Ես մեկնեցի ժամը 3-ի գնացքով և Բարիզ հասա ժամը 7-ին։ Մաթիլդը սպասում էր կայարանում։ Տաքսի նստելով՝ մենք գնացինք նրա բնակարանը (Բալաք փողոցում), որտեղ և գիշերեցի։ Այս առավոտ միայն եկա տուն, և ահա գրում եմ սույն տողերը։ Հիմա պիտի պատրաստվեմ, որպեսզի գնամ խմբագրություն։

Նախագահի ժամանումն ինձ հույս է ներշնչում, որ շատ բան պիտի կարգավորվի տեղնուտեղը։ Բայց ավելի լավ է՝ կանխատեսություններով չզբաղվենք։ Ես քեզ տեղյակ կպահեմ գործի ընթացքի մասին։ 

Համբուրում եմ երկուսիդ և սպասում լուրերին։  

Զապել 

Հ․Գ․ Պուգում բոլորն էլ լավ էին։ Տեղատարափ անձրևներին վերշ չկար։ Դար աննկարագրելի մի բան էր։ Վերջապես ազատվեցի այդտեղից։

Բնագիրը՝ ԳԱԹ, Զապել Եսայանի ֆոնդ, № 178 (թարգմանություն ֆրանսերեն բնագրից)

[1931, օգոստոս][3], Բարիզ

Սոֆի Եսայանին

Կեսգիշեր Է։ Նստած եմ Կուպոլում[4], և հոգիս լի է հրճվանքով։ Այսօր տեսնվեցի նախագահի հետ։ Նա սիրալիությամբ ընդունեց ինձ և ասաց.

— Գիտե՞ք, ժամանելուս պես Ձեր մասին եմ հարցրել։

— Ուրախ եմ, որ չեք մոռացել ինձ։

— Ինչպե՞ս կարող էի մոռանալ։ Դուք մեր ամենահավատարիմ ու ամենաթանկագին բարեկամն եք սփյուռքում։

Այնուհետև ես հարց տվեցի, թե ինչու են ուշացնում մեր վիզաները։ Նա զարմացավ, ափսոսանք հայտնեց և վերջում ասաց.

— Իսկ ինչու՞ չհեռագրեցիք ինձ։ Չէ՞ որ Դուք տարբեր առիթներով հեռագրել եք ուրիշների համար և անմիջապես պատասխան ստացել։ Զեր դիմումի հիման վրա ես արդեն կարգադրել եմ, որ վիզաներն ուղարկվեն։

— Ես այստեղ եկել եմ ոչ թե խնդրանքների կապակցությամբ, այլ Ձեզ տեսնելու հաճույքի համար։

— Զեր բոլոր խնդրանքներն էլ սիրով կընդունվեն ու կիրագործվեն։

— Այդ դեպքում պիտի խնդրեի, որ աղջկաս հետ միասին գնամ։

— Ե՞րբ եք ցանկանում ճամփորդել։

— Աշնանը։

— Շատ լավ։ Ամեն ինչ պատրաստ կլինի Ձեր որոշելիք թվականին։

— Բայց որևէ բան որոշելուց առաջ կուզենայի խորհրդակցել Մեհրաբյանի հետ։

Նա կանչեց Մեհրաբյանին, և զրույցը շարունակեցինք երեքով։ Մեհրաբյանը հիանալի մարդ է։ Իմ մասին նա արդեն խոսել էր ամենաբարձր գովեստներով։ Եվ այժմ էլ այնքան հոգատարություն ցուցաբերեց, որ ներքուստ ցանկություն ունեցա նրան համբուրելու։ Նա ասաց.

— Իմ կարծիքով' Տիկնոջ ներկայությունն այստեղ ավելի անհրաժեշտ է։ Իսկապես, ես մենակս ոչինչ չեմ կարող անել այստեղ, մինչդեռ նրա աջակցոլթյամբ կհաղթահարեմ բոլոր դժվարությունները։ Բայց քանի որ նա շատ է ցանկանում այդ ուղևորությունը կատարել, ապա ես կհամաձայնեմ միայն այն պայմանով, որ այնտեղ մնա երեք կամ չորս ամիս, իր բացակայության ընթացքում ևս շարունակի աշխատակցել և ապա նորից ետ գա։

— Դուք մեծ պատիվ եք անում ինձ։ Ես կջանամ արժանի լինել այդ պատվին։

Նույն րոպեին ներս մտավ Թահմաղը[5]։ Մեհրաբյանը դեռ շարունակում էր շռայլորեն գովաբանել իմ ժուռնալիստական ընդունակությունները։ Եվ ավելացրեց.

— Դուք, որպես խոշոր արձակագիր, փայլուն արդյունքների կհասնեք բոլոր ժանրերի մեջ... և այլն։

Ի վերջո, նախագահը խոստացավ մի գեղեցիկ բնակարան պատրաստել տալ ինձ ու քեզ համար։ Ինչ վերաբերում է Հրանտին, ապա նա այնտեղ կկատարելագործի իր մասնագիտությունը, որովհետև 23—24 տարեկան հասակում նա դեռ շատ ջահել է, որպեսզի ուսումը չշարունակի։ Նրա համար կստեղծեն բոլոր պայմանները։

Վերջացնում եմ նամակս և համբուրում երկուսիդ։ Կարծում եմ, որ դուք էլ ինձ չափ պիտի ուրախանաք։

Ձեր՝ Զապել

Բնագիրը՝ ԳԱԹ, Զապել Եսայանի ֆոնդ, № 200 (թարգմանություն ֆրանսերեն բնագրից)։

1931, դեկտեմբերի 20, Բարիզ

Սոֆի Եսայանին

Մեկ օրից մյուսը ձգձգում էի պատասխանս, այն հույսով, որ ազատ ժամանակ կգտնեմ գրելու։ Բայց երևի դա հնարավոր չէ, որովհետև միշտ Էլ չափազանց զբաղված եմ։ թերևս մի քանի օր հետո կարողանամ աշխատանքս դասավորել ավելի կազմակերպված ձևով։

Հեռագիրդ մեզ հուսախաբ արեց, սակայն ես և Հրանտը նախընտրեցինք չառարկել, որպեսզի ճնշում գործադրած չլինենք քո որոշումների վրա։ Վերջին նամակներդ ինչ-որ չափով անհասկանալի են։ Իմ կարծիքով՝ բոլոր դեպքերում էլ անհանգստանալու ոչինչ չկա, քանի որ մեր առջև պարզված է Հայաստանի հեռանկարը։ Այս ամենի մասին մենք ավելի հանդարտ ու երկար կխոսենք հետո, երբ այստեղ գաս։

Առողջությունս լավ է, այլևս չեմ հազում, չնայած որ գիշերները մինչև ուշ աշխատում եմ։ Հիմա Էլ Տատան Է սարսափելի հազում, այն աստիճանի, որ երեք օր Է, ինչ չի կարողանում քնել։ Բայց դա վտանգավոր չէ, ես այդ գիտեմ անձնական փորձով։ Միայն թե՝ հոգնեցուցիչ է։

Հրանտը պետք է քեզ դրած լինի Մոսկվայի պատվերի մասին[6]։ «Դա ինձ հետաքրքրում է շատ տեսակետներով։ Հարկավոր է, որ գտնեմ լուսանկարներ, փաստաթղթեր և ձեռագրեր, ֆոտո-պատճեններ։ Կարծեմ իմ ներքին ցանկությանն ընդառաջելու համար պատվիրեցին, որ գրական կյանքի վերաբերյալ հուշերս գրեմ։ Այդ աշխատության մեջ կարելի է ընդգրկել արևմտահայ ժամանակակից գրականության պատմությունը, գրեթե ամբողջությամբ։ Պիտի ջանամ աշխատությունը գրել խնամքով և անթերի ոճով, որպեսզի ներկայացնի նաև գեղարվեստական արժեք։

Ես նամակ գրեցի Կոստերի գրքի թարգմանության կապակցությամբ[7]։ Եթե համաձայնություն կայացվի ապա մենք կհարստանանք։ Հիշյալ երկու աշխատությունները կարող են մեզ բերել մոտ 60 000 ֆրանկ։

Մի խոսքով՝ ես գոհ եմ, և խանդավառված եմ աշխատանքով։ Հուսով եմ, որ քո հաղորդելիք լուրերն էլ լավ կլինեն, և որ միասին ուրախ օրեր կանցկացնենք, երբ մեզ միանաս այստեղ։

Ամուր համբուրում եմ քեզ և սպասում նամակիդ։

Քո՝ Զապել

Բնագիրը՝ ԳԱԹ, Զապել Եսայանի ֆոնդ, № 187 (թարգմանություն ֆրանսերեն բնագրից)։

1932, մարտի 2, Բարիզ

Սոֆի Եսայանին

Վաղուց ուզում էի քեզ գրել, բայց սպասում էի քո խոստացած երկար նամակին։ Վերջերս սկսել ես ուղարկել միայն հակիրճ հաղորդագրություններ, որոնք լի են խորհրդավորությամբ։ Մենք ոչինչ չենք հասկանում և չենք կարողանում որոշակի կռահել, թե ակնարկություններդ ինչի մասին են։ Հրանտը քեզ տեղյակ է պահում մեր այստեղի կյանքին, և ես վստահ եմ, որ իմ հայտնելիք լուրերը նա արդեն հաղորդած կլինի։

Շատ շնորհակալ եմ ուղարկածդ գեղեցիկ քսակի համար, որը մեծ հաճույք պատճառեց ինձ։ Ես հատուկ, գրեթե երեխայական թուլություն ունեցել եմ և ունեմ նվերների նկատմամբ։ Գուցե դա կարելի է բացատրել նրանով, որ միշտ ես եմ մտածել ուրիշներին հաճույք պատճառելու մասին։ Մի խոսքով, քո նվերն ինձ ուրախացրեց ավելի, քան կարող ես երևակայել։

...Վերջին օրերի ամենազգայացունց իրադրությունն այն է, որ «Մեր ուղին», թերթի հրատարակությունն արգելվեց[8]։ Դրա փոխարեն մենք պիտի հրատարակենք «Դարբնոց» անունով մի լրագիր, որի առաջին համարը լույս է տեսնելու վաղը[9]։ Գործը հեշտ ու խաղաղ չիրագործվեց։ Տեսնո՞ւմ ես այդ հերիֆներին..․ Եվ հենց ինձ վիճակվեց նրանց առաջին այցն ընդունել խմբագրատանը։ Պետք է խոստովանեմ, որ իմ նկատմամբ նրանք հնարավորին չափ մեղմ ու զուսպ պահեցին իրենց։ Իրարանցման գլխավոր պատճառը Վ.-ի հիմար հոդվածն էր, որն անցել էր առանց քննարկվելու խմբագրական կոլեգիայի կողմից։ Չես կարող պատկերացնել, թե ինչքան անմիտ ու անփափկանկատ մարդ է նա։ Այն օրը, որ նրա հոդվածը երևաց, ես ահագին աղմուկ բարձրացրի և գուշակեցի պատահելիքը։

Այսօր հանդիպում ունեցա բժիշկ Ֆուկեի հետ, որը եկել էր Արտավազդին տեսնելու։ Նրա մայրը ծանր հիվանդ է, և շատ ազդված է դրանից։ Նա սքանչելի մարդ է։ Հետաքրքրվեց քեզանով և հարցրեց, թե Զատկի արձակուրդներին Փարիզ գալո՞ւ ես։ Ասացի, որ դեռ հայտնի չէ։

Ի դեպ, մեզ իմացրու քո գալու հավանականությունների մասին։ Եթե չես կարող գալ, ապա թերևս Հրանտին կուղարկեմ քո մոտ։ Գուցե ես ինքս էլ կգաս, թերևս դա տարակուսելի է մի շարք պատճառներով։ Բոլոր դեպքերում նախընտրելի կլիներ, որ դու գայիր, եթե դա կապված չէ դժվարությունների հետ և կամ թե դրա հետևանքով տհաճություններ չեն ստեղծվի։ Գրիր հատկապես քեզ վերաբերող բոլոր բաների մասին։ Ես զարմանում եմ, որ առաջվա պես երկար նամակներ չես գրում։

Համբուրում եմ քեզ և անհամբեր սպասում լուրերիդ։

Քո՝ Զապել
1914, մարտի 20, Սկյուտար

Շատ սիրելի աղջիկս,

Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ (Սոֆին ավարտելու էր Փարիզի ֆրանսիական պարտադիր ուսուցման նախակրթարանի չորրորդ դասարանը ):

Սիրելի Սոֆի, որքա՜ն կուզենայի լինել քո մոտ, Փարիզում, և գրկելով շնորհավորել ծննդյանդ տարեդարձը: Բայց ես Բատիին գրել եմ իմ ուշացման պատճառը, և քեզ կբացատրի, թե ինչու մի քանի շաբաթ հետո եմ գալու: Այդ հետաձգումը առավելապես քո օգտի համար է, թեև իմ աչքում ամենակարևորն այն է, որ հնարավորին չափ շուտ միանամ քեզ: Համենայն դեպս, լավ է այն, ինչ վերջանում է բարեհաջող: Ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի քո ապագան ապահովված լինի, և դու կարողանաս հետևել այն ասպարեզին, որ ընտրելու ես ըստ քո սեփական հակումների:

Սիրելի աղջիկս, մենք շուտով միասին կլինենք, և կխոսենք այս ամենի մասին: Այնուամենայնիվ, ուզում եմ քեզ նախօրոք ասեմ, որ առաջին հերթին պետք է սարսափել միջակությունից, այսինքն` անգույն ու նվաստ դիրքից: Հայտնի մարդ դառնալ, անձնական արժանիքներ ցուցաբերել, բարձր նպատակի ծառայել – ահա սրանք պետք է լինեն քո ձգտումները: Ի՜նչ նշանակություն ունի երջանիկ կամ ապերջանիկ լինելը: Ամենադժբախտ մարդը նա է, ով վարում է միջակ ու անօգուտ կյանք, ներքուստ ափսոսալով, որ վրիպել է իր կոչումից: Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց: Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել: Հարկավոր է, որ հիմիկվանից որոնես քո ուղին, և այն գտնելուց հետո անշեղ քայլես դեպի նպատակակետը, ուշադրություն չդարձնելով այն խորհուրդներին, որոնցով «գործնական» մարդիկ կփորձեն խափանել ճանապարհդ:

Դու խելացի ես, հոգով ու մարմնով առողջ: Եվ դու պատկանում ես մի ժողովրդի, որը քանակապես փոքր լինելով հանդերձ, մեծ է իր տառապանքներով, մաքառումներով, հույսերով: Դու կոչված ես մասնակցելու նրա պայքարին, նրա իղձերի իրականացման գործին: Քո ժողովրդի և քո ծագման բերումով դու կոչված ես մեծ դեր խաղալու քո երկրում, որտեղ հարկավոր է ոչ միայն աշխատել, այլև կազմակերպել կյանքը, նույնիսկ ստեղծել այն: Կարելի՞ է պատկերացնել դրանից ավելի հետաքրքրական ու գեղեցիկ ասպարեզ:

  1. Պուգ―հանքային ջրերի առողջարան Ֆրանսիայում, Փարիզից հարավ-արևելք։ Զապել Եսայանաը բուժվում էր այդ առողջարանում։
  2. Զապել Եսայանը Սահակ Տեր-Գաբրիելյանի միջոցով և նրա օգնությամբ էր ուզում կարգավորել վիզաների հարցը և ժամ առաջ տեղափոխվել Հայաստան։
  3. Նամակն անթվակիր է։ Տարեթիվը ճշտվել է և վերականգնվել Սահակ Տեր-Գաբրիելյանի Փարիզում գտնվելու տարեթվով։ Նամակը գրված պիտի լինի 1931 թ․ օգոստոսի 26-ի և 30-ի միջև ընկած ժամանակաշրջանում։
  4. Կուպոլ―Փարիզի Մոնպարնասում գտնվող սրճարան, որտեղ ընթրում էին հայ և օտար գրողներն ու արվեստագետները։
  5. Թամրաղյան Գուրգեն―Փարիզի «Երևան», «Մեր ուղին», «Դարբնոց» առաջադիմական թերթերի աշխատակից, կրթությամբ իրավաբան։
  6. Մոսկվայի պետական հրատարակչությունը թարգմանիչ Հակով Խաչատրյանի ռուսերեն թարգմանությամբ տպագրեց Եսայանի «Պատկերներ թրքահայ կյանքից» գործը (1931)։
  7. Զ․ Եսայանը 1930-ական թթ․ զբաղվել է նաև թարգմանությամբ։ Ի թիվս այլ հեղինակների, նա թարգմանել է բելգիացի նշանավոր գրող Շարլ դը Կոստերի «Տիլ Ուլենշպիգելի արկածները» վեպը։ Թարգմանության ձեռագիրը չի պահպանվել։
  8. «Մեր ուղին»―քաղաքական, հասարակական, գրական երկօրյա թերթ։ Փարիզ, 1931―1932 թթ․։ Ուներ սովետական կողմնորոշում։ Զապել Եսայանը, լինելով այդ թերթի աշխատակիցը, պրոպագանդում էր սովետահայ գրողների գործերը, գրում դիմաստվերներ։
  9. «Դարբնոց»―քաղաքական, հասարակական և գրական երկօրյա թերթ։ Լույս է տեսել Փարիզում, 1932 թ․։ Ուներ առաջադիմական ուղղություն։ Զ․ Եսայանը գլխավորում էր թերթի գրական բաժինը։