Jump to content

Նամակներ հայ գյուղացիներին և բանվորներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

16. ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԲԱՆՎՈՐՆԵՐԻՆ

Անցյալ տարվա փետրվարի հեղափոխության օրերում, երբ որ թալանիչ ու ավերիչ պատերազմից զզված ժողովուրդն ապստամբեց ու տապալեց Նիկոլայի արյունաներկ գահը, իշխանությունը ոչ թե աշխատավոր ժողովրդի ձեռքն անցավ, ինչպես որ պետք է լիներ, այլ իշխան Լվովի, Միլյուկովի, Կերենսկու և նրանց նմանների ձեռքն անցավ։ Այդ պարոնները չէին ուզում, որ հասարակ, աշխատավոր ժողովուրդն ինքն իր ձեռքով կառավարե իրան:

Դրանց կարծիքով ժողովուրդն ունակ չէ ինքն իրա գլխի տերը լինելու, ինքն իրան կառավարելու։

Դրանց կարծիքով ժողովրդի գլխին իշխան ու տեր պիտի կանգնեն հողատեր ու փողատեր աղաները, աղա ազնվականներն ու աղա առուտուրականները և այդ աղաներին ծառայող, նրանց սեղանից կերակրվող և դրա համար աղաների շահը պաշտպանող պարոնները՝ Միլյուկովը, Լվովը, Կերենտկին և դրանց նմանները։

Հողատեր ու փողատեր աղաների առաքյալներն ու ծառաներն էին դրանք և դրա համար ամեն միջոցով ուզում էին համոզել ժողովրդին ու հավատացնել, թե ժողովրդի շահը պահանջում է, որ իրանք՝ այդ աղա հողատերերի և փողատերերի առաքյալները իշխանության գլուխը կանգնեն։ Ժողովուրդը դարերով ստրկության ու խավարի մեջ էր ապրում, ժողովուրդը հատկացել էր, որ թագավորին ու նրա մինիստրներին պետք է տապալել, բայց ժողովուրդը դեռ չգիտեր աղա հողատերերի, փողատերերի խորամանկությունները, դեռ միամիտ էր ժողովուրդը և ամեն խոսք հալած յուղի տեղ էր ընդունում։

Դրա համար, երբ Կերենտկին դուրս էր գալիս ու կուրծքը ծեծելով աղաղակում էր, թե ինքը ժողովրդի համար մեռած է, թե ինքը սոցիալիստ է, ժողովուրդը հավատում էր և Կերենսկուն ժողովրրդի բարեկամ համարում, և դրա համար իշխանությունը արյունարբու և բռնավոր թագավորի անկումից հետո մնում էր աղաների և նրանց ծառաների՝ Կերենսկու, Միլյուկովի, Չեռնովի և նմանների ձեռքում։

Դրանք բոլորը իրանց աշխատավոր ժողովրդի բարեկամ էին ձևացնում, որպեսզի ավելի լավ խաբեն աշխատավոր գյուղացիներին ու բանվորներին։ Բայց աշխատավոր ժողովուրդն իսկական ճշմարիտ բարեկամներ էլ ուներ։ Այդ բարեկամները հեղափոխական կոմունիստներն էին, այսինքն բոլշևիկները, որոնք միշտ պատերազմի դեմ էին խոսում ու գրում, որոնք միշտ իշխանների, աղաների դեմ էին կռվում, որոնց թագավորական լկտի իշխանությունը հազարներով կախաղան էր հանում ու սպանում էր, որոնց հազարներով բանտ էր դնում ու Սիբիր աքսորում։ Ահա այդ ժողովրդի իսկական բարեկամները, այդ ճշմարիտ և ոչ թե Չեռնովի, Կերենսկու և դաշնակցականների նման կեղծ ու սուտ սոցիալիստները սկսեցին բացատրել աշխատավոր ժողովրդին, որ իշխանությունը ժողովուրդն իր ձեռքը պիտի առնե և ոչ թե թողնե Կերենսկու, Պապաջանովի, Միլյոսկովի և նմանների ձեռքում։ ժողովրդի իսկական բարեկամները բոլշևիկներն էին և նրանք ասում էին, որ պետք է իսկույն վերջ դնել թալանիչ ու ավերիչ պատերազմին, պետք է խլել իշխանությունը աղաների և նրանց շահը պաշտպանողների ձեռքից։ Բոլշևիկներն սկսեցին բաց անել ժողովրդի աչքն ու միտքը, և դրա համար ժողովրդի թշնամի Կերենսկին ու նրա ընկերները ամեն կերպ հալածում էին բոլշևիկներին, բոլշևիկների մասին հազար ու մի սուտ ու փուտ լուրեր էին տարածում, որպեսզի իշխանությունն իրանց ձեռքում պահեն ու ժողովրդին անվերջ կեղեքեն ու ճնշեն։ Բայց չնայած այդ նենգամիտ խաբեբաների բռնություններին ու հալածանքներին, բոլշևիկների քարոզը բաց արեց ժողովրդի աչքն ու միտքը։ Բոլշևիկների կոմունիստական պարտիան (կուսակցությունը) քանի գնաց ուժեղացավ, որովհետև գյուղացիք ու բանվորները ճանաչեցին իրանց իսկական բարեկամներին և սկսեցին նրանց շարքերը մտնել։ Գյուղացիներն ու բանվորներն սկսեցին կազմակերպվել բոլշևիկների կոմունիստական պարտիայի (կուսակցության) ղեկավարությամբ։ Քանի գնաց աճեց, զորացավ այդ կազմակերպությունը։ Եվ ահա հոկտեմբերին այդ կազմակերպությունն արդեն այնքան զորեղ էր, որ մի հարվածով գետին գլորեց իշխանության գահին բազմած ժողովրդի թշնամիներին՝ Կերենսկուն և իր ընկերներին։

Պետեբուրգի և Մոսկվայի բանվորներն ու զինվորները խորտակեցին ժողովրդի թշնամիների իշխանությունն ու այդպիսով իշխանությունն անցավ ժողովրդի իսկական բարեկամների — ժողովրդի շահը պաշտպանողների ձեռքը, այսինքն յուր՝ ժողովրդի միջից ընտրված բանվորների, չքավոր գյուղացիների ձեռքը, ահա թե ինչ է նշանակում խորհուրդների իշխանությունը (այսինքն գյուղացիներից, բանվորներից և զինվորներից ընտրված խորհուրդների իշխանությունը)։ Բայց տապալվելով Պետերբուրգում ու Մոսկվայում, հասարակ, աշխատավոր ժողովրդի թշնամիները, հողատեր ու փողատեր աղաներն ու նրանց ծառայող կերենսկիները, միլյուկովները, ծերևթելիներն ու չխեիձեները, սուտ սոցիալիստ հեղափոխականները, մենշևիկներն ու դաշնակցականները ուրիշ հնար մտածեցին, նրանք գավառներ գնացին։ Գնացին Ուկրաինա, Ռոստով, Կովկաս և սկսեցին բոլշևիկ կոմունիստների, Ռուսաստանում հոկտեմբերին հաստատված գյուղացիական ու բանվորական կառավարության դեմ ագիտացիա անել, այսինքն քարոզել։ Սկսեցին բոլշևիկների և գյուղացիական ու բանվորական կառավարության վրա կեղտոտ ստեր բստրել, լկտի զրպարտություններ անել։ Ուզում կին այդպիսով պղտորել հեռավոր գավառների ժողովրդի միտքն ու սիրտը և ուժ հավաքել, որպեսզի նորից իշխանությունն իրանց, աղա հողատերերի և փողատերերի ձեռքն առնեն։ Որպիսզի լրբություն — նրանք ուզում էին խաբել գյուղացիներին ու բանվորներին և այդ խաբված գյուղացիների ու բանվորների ուժի վրա հենված՝ խլել իշխանությունը բոլշևիկների գյուղացիական ու բանվորական կառավարության ձեռքից, իրանց ձեռքն առնել այդ իշխանությունն ու նորից քերթել ու ճնշել հասարակ, աշխատավոր ժողովրդին։

Ուրիշ խոսքով այդ դավաճաններն ուղում էին խաբեբայությամբ ստիպել, որ գյուղացիք ու բանվորները իրանց ձեռքով իրանց տունը քանդեն։ Եվ ցավն այն է, որ Ուկրաինա, Ռոստով, Կովկաս գտնվեցին այնպիսի անգիտակից ու խավար գյուղացիներ, որոնք խաբվեցին թշնամիների քարոզով ու սուտ խոստումներով և խաբվելով միացան նրանց։ Այդպիսի գյուղացիք չէին հասկանում,

10 Վահան Տերյան հ. III որ այդպիսով իրանք իրանց տունը կքանդեն։ Եվ ահա, տեսեք որպիսի զարմանալի բան — այդ միլյուկովներն ու կերենսկիները, շխեիձեներն ու ծերեթելիները, որոնք առաջ միշտ կրկնում ու աղաղակում էին, թե Ռուսաստանը պետք է մեկ լինի և անբաժան, այն օրից, երբ իշխանությունը գյուղացիական ու բանվորական խորհուրդների ձեռքն անցավ, սկսեցին քարոզել, թե պետք է Ռուսաստանից բաժանվել, պետք է Ուկրաինան, Դոնը, Կաբանը, Կուբանը անկախ հայտարարել, իբր թե ազգերն ազատելու համար։

Իսկ իրոք նրանք ուզում էին այդպիսով բանվորական և գյուղացիական կառավարության դեմ կռվել։ Ժողովրդի թշնամիներն սկսեցին գնդեր կազմել և դուրս գալ կոմունիստ բոլշևիկների դեմ, որպեսզի տապալեն բանվորների, գյուղացիների իշխանությունն ու իրանց, կեղեքիչների՝ աղաների իշխանությունը հաստատեն։ Բայց նրանց դավաճանական խարդախ ծրագիրը ջուրն ընկավ, և նրանք ամեն տեղ հաղթվեցին ու ջախջախվեցին։ Հաղթվեցին ու ջախջախվեցին նրա համար, որ երբ դրանց հակահեղափոխական գնդերը մտած գյուղացիք իմացան, թե ինչն ինչումն է, միանգամից կոմունիստ բոլշևիկների կողմն անցան, այսինքն սոցիալիստական գյուղացիական ու բանվորական կառավարության զորքերի կողմը, իսկ ժողովրդի թշնամիների, այսինքն գեներալ Կոռնիլովի, գեներալ Կալեդինի մոտ մնացին միայն հարուստ օֆիցերներն ու հողատեր կազակները, դրանք մի լավ ջարդ կերան ու ցրվեցին, և էլ դրանց իզն ու թոզը չմնաց։ Եվ այդպես բանվորական ու գյուղացիական խորհուրդների իշխանությունը քանի գնում զորանում էր ու տարածվում ողջ Ռուսիայում։

Կովկասում ևս սկսվեց քիչ-քիչ հաստատվել բանվորական ու զինվորական խորհուրդների իշխանությունը։ Բաքվում, ուր բանվորները շատ կազմակերպված ու աչքաբաց էին, իսկույն իշխանությունն իրանց ձեռքն առան, ընտրեցին բանվորական ու զինվորական խորհուրդ, որն սկսեց կառավարել քաղաքն ու մտցնել Պետերբուրգի խորհուրդների հրատարակած նոր օրենքները։ Բայց Բաքվից այն կողմը դեպի Թիֆլիս, Երևան, Գանձակ իշխանությունըն իրանց ձեռքն էին առել թուրք բեգերի շահը պաշտպանող մուսավաթ կուսակցությունը, վրացի ազնվականների օգուտը պաշտպանող մենշևիկներն ու հայ սուտ սոցիալիստ, հայ գյուղացու պաշտպան ձևացող կարճիկյանների կարճատես կուսակցություն այսինքն հայ հակահեղափոխական դաշնակցությունը:

Եվ այն ժամանակ, երբ Ռուսաստանի բանվորական ու գյուղացիական կառավարությունը զինաթափ էր անում աղաներին, ունևորների ու զինում գյուղացիներին ու բանվորներին, ահա այդ նույն ժամանակ Կովկասի «կառավարությունը», որն, ինչպես ասինք, բաղկացած էր վրացի մենշևիկ կեղծ սոցիալիստներից սուտ դեմոկրատ դաշնակցականներից և թուրք բեգերից, զինաթափ էր անում ոչ թե աղաներին, այլ ռուս զորքերին ու նրանց զենքերը զինում թուրք բեգերի գնդերը. այդ կառավարությունը զենք ու փամփուշտ էր ուղարկում գյուղացիների և բանվորների դեմ կռվող գեներալ Կալեդինին, իսկ երբ այդ վերջինները ջախջախվեցին ու ընկան, երբ Ռուսաստանի գյուղացիական ու բանվորական խորհուրդների սոցիալիստական զորքերը սկսեցին մոտենալ Կովկասին, նրանք, այդ դավաճան չխենկելիները, խան-խոյսկիները և խատիսյանները Ռուսաստանից անկախ, բաժանված հայտարարեցին. նրանք հայտարարեցին, թե կռվելու են բոլշևիկական զորքերի դեմ, որովհետև դրանք անարխիա են մտցնում Կովկաս՝ այսինքն անիշխանություն, խառնակություն, անկարգություն են մտցնում: Այնինչ ով չգիտե, որ, ընդհակառակը, իրանք այդ խաների ու բեգերի հետ բարեկամ դարձած վրացի մենշևիկներն ու դաշնակցականներն էին, որ Կովկասում անկարգություն ու իրարանցում մտցրին, դրանք էին, որ զինեցին բեգերի գնդերը և այն ժամանակ, երբ իրանք Թիֆլիսում բեգերի հետ նստած խորհուրդ էին անում, թե ինչպես բոլշևիկներին ջնջեն, ահա հենց այդ ժամանակ Բաքվի ճանապարհի վրա նույն բեգերի ձեռքով ու իրանց ողնությամբ կազմված ու զինված խմբերը կոտորում էին անցնող ռուս զինվորներին, հայ ճանապարհորդներին և խաղաղ մալական գյուղացիներին...

Եվ Ռուսաստանի բանվորական ու գյուղացիական Խորհուրդների հետ միանալու փոխարեն, կարճամիտ դաշնակցականները միացան թուրքերի ու վրացի ազնվականների շահը պաշտպանող ավազակների հետ — Չխենկելիի Չխեիձեի, Գոբեշիայի, Խան-Խոյսկու հետ: Փոխանակ հեղափոխական Ռուսաստանի հետ դաշն կապելու, նրանք դաշն կապեցին հակահեղափոխական և արյունարբու բեգերի ու դավաճան մենշևիկների հետ: Եվ մի տգեղ օր, մի զզվելի օր դավաճանները Կովկասը Ռուսաստանից անկախ հայտարարեցին, կտրեցին Ռուսաստանից։ Արյունարբու իմպերիալիստ (այսինքն թալանչի) Տաճկաստանն էլ հենց այդ էր ուզում։

Երբ նա տեսավ, որ պաշտոնապես Կովկասը կտրվեց Ռուսաստանից, իսկույն ևեթ զորքը շարժեց առաջ և գրավեց Կովկասի հայաբնակ երկրները։ Տաճկաստանն այսպես ասաց՝ քանի որ դուք Ռուսաստանից անկախ պետություն եք, ուրեմն իմ Ռուսաստանի հետ կապած պայմանները ձեզ չեն վերաբերվում, ուրեմն ջուրն են ընկնում այդ պայմանները։ Իսկ այդ պայմանում ասված էր, որ Թուրքիան Ղարսից դենն անցնելու իրավունք չունի։ Այժմ, երբ Կովկասը անկախ է, ասաց Թուրքիան, Ռուսաստանի հետ կապած պայմանն իր ուժը կորցնում է, և դրա համար մենք պահանջում ենք, որ թույլ տաք մեր զորքը մտցնելու Երևան, Ալեքսանդրապոլ, Ախալքալաք և այլն։ Ահա թե ինչպես հայ աշխատավոր ժողովրդի տունը քանդեցին ժողովրդին բարեկամ ձևացող դաշնակցականները՝ միանալով թուրք մուսավաթական բեգերի և դավաճան մենշևիկների հետ։ Բայց ինչ անել այժմ, երբ թուրք ու թաթար հորդաները խուժել են հայ գավառները և մահացու վտանգի մեջ են դրել հայ աշխատավոր գյուղացուն և բանվորին:

Մենք, հայ բոլշևիկներս, չենք կարող անտարբեր մնալ, երբ վտանգի է ենթարկված հայ աշխատավոր գյուղացու և բանվորի կյանքը, որովհետև չէ՛ որ մեր կոմունիստական պարտիան (կուսակցությունը) չունևոր գյուղացիների և բանվորների կուսակցություն է։

Մենք ամենից առաջ պիտի բանանք ժողովրդի աչքը, ցույց տանք, թե ով է նրա իսկական բարեկամը, մենք, ինչպես և առաջ, պիտի կրկնենք ու պնդենք, որ հայ աշխատավոր գյուղացու և բանվորի իսկական և հավատարիմ բարեկամը կարող են լինել միայն և միայն Ռուսաստանի գյուղացին ու բանվորները և այդ գյուղացիների ու բանվորների շահը պաշտպանող, նրանց ձեռքով հաստատված խորհուրդների իշխանությունը։ Մենք պիտի նորից ու նորից կոչ անենք հայ գյուղացիներին ու բանվորներին, որ միանան Ռուսաստանի բանվորների ու գյուղացիների կուսակցության, այսինքն բոլշևիկների կոմունիստական կուսակցության և Ռուսաստանի բանվորական ու գյուղացիական կառավարության հեղափոխական կարմիր գնդերին։ Մենք միշտ քարոզել ենք և այժմ էլ պիտի անդադար քարոզենք, որ հայ աշխատավոր ժողովրդի փրկությունը Ռուսաստանի բանվորական և գյուղացիական խորհուրդների իշխանության հզորության մեջ է։ Եվ ով որ դեմ է խորհուրդների իշխանության՝ նա դավաճան է նա ժողովրդի թշնամին է: Եվ ահա մենք, հայ կոմունիստ բոլշևիկներս, կոչ ենք անում ձեզ, հայ գյուղացիներ և հայ բանվորներ՝ միացեք Ռուսաստանի խորհուրդների կարմիր գնդերին, ուժ տվեք նրանց, որովհետև բանվորական և գյուղացիական Ռուսաստանի սոցիալիստական կարմիր գնդերն են, որ պիտի մի գեղեցիկ օր եղբայրական ձեռք մեկնեն տանջված ու կեղեքված մահացու վտանգի մեջ գտնվող հայ գյուղացուն ու բանվորին, միայն Ռուսաստանի բանվորական և գյուղացիական խորհուրդների իշխանության կարմիր գնդերն են, որ կարող կլինեն ազատություն ավետել արյունաներկ երկրին: Մտե՛ք ուրեմն մեր գյուղացիական և բանվորական կոմունիստական կուսակցության շարքերը, մտե՛ք մեր կարմիր հեղափոխական գնդերի մեջ, հիշեցեք միշտ և տարածեցեք ամեն տեղ մեր մեծ ուսուցիչ, աշխատավոր ժողովրդի բարեկամ Մարքսի ոսկի խոսքերը՝ Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք։