Նամակ Հովհաննես Թումանյանին (Շուշանիկ Կուրղինյան)
- Հարգելի Հովհաննես Թումանյան․
Երևի չեք հիշում, որ անձամբ հին ծանոթներ ենք մենք, ահա հիշել եմ տալիս ու «օգտագործում» անցած-գնացածը։
Ուղիղ երկու ամիս է, որ Խարկովից եկել ու դեմ եմ առել սարերին։ Հիվանդ եմ և կարոտ կլիմայական բժշկության։ Ինձ բժշկող պրոֆեսորի խորհրդով անհրաժեշտ է ձմեռս անցկացնել Թիֆլիսում, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում տեղական վրացական հյուպատոսից թույլտվություն ստանալ։
Պահանջվում է իրենց ներքին գործող նախարարի համաձայնությունը։ Այդ պատճառով էլ դիմում եմ Ձեզ, հատկապես խնդրելով, լինել բարի ու հանձն առնել այս նեղությունը, կարելիին չափ շտապ (սարերն արդեն ձյունով են ծածկվել) անպայման աչքի առաջ ունենալով, որ հետս բերելու եմ իմ անտիպ գրվածքները, անհրաժեշտ գրքեր, որոնց ապահովությունը, վրացական տերիտորիայում, օրինական կերպով պիտի խոստացվի Ձեզ, որպես եզակի մեկին, որին պարտադիր եմ հավատալ։
Հետս լինելու են աղջիկս ու որդիս։