Նամակ Մարգո և Ալիս Ասլանյաններին (Շուշանիկ Կուրղինյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Նամակ Հովհաննես Թումանյանին Նամակ Մարգո և Ալիս Ասլանյաններին

Շուշանիկ Կուրղինյան

Նամակ Մարգո և Ալիս Ասլանյաններին
6 նոյեմբերի, 1925 թ.
Խարկով
Մարգո և Ալիս ջան․

Լինում է, չի լինում մի փոքրիկ ծիտիկ է լինում։ Այդ ծիտիկն ապրում է մի հին ու ծերացած ծառի վրա, իր փոքրիկ բնի մեջ։

Մի առավոտ աչքը բաց է անում ծիտիկը և սաստիկ զարմանում՝ արևը փայլում է երկնքում, աղբյուրը քչքչում է, ծաղիկները բացվել զարդարվել են, իսկ թռչունները երգում են ուրախ, ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ․․․

— Լա՛վ, լա՛վ,— ասում է փոքրիկ ծիտիկը,— դե՛հ, շատ մի զարմացեք, սպասեցեք բունս հավաքեմ, փետուրներս սարքեմ, կտուցս մաքրեմ թռչեմ, թռչեմ մի սիրուն ծառի ճյուղին և ես էլ երգեմ, իմ ձայնն էլ հասնի արևին, աղբյուրին․․․

Ու փոքրիկ ծիտիկը տեղավորվում է մի կանաչ ծառի ճյուղի, հպարտ նայում է դես ու դեն, վեր ու վար և սկսում է՝ ծի՛վ-ծի՛վ ծի՛վ-ծի՛վ, հե՜յ-հե՜յ․․․

Մի պառավ թռչուն բարկանում է հանկարծ,― Ձայնդ կտրիր, անպիտան, հեյ հեյն ի՞նչ է, արի մեզ մոտ, մեզ նման երգիր, որ մարդիկ լսեն ու հավանեն․․․

― Հե՜յ-հե՜յ,― նորից երգում է ծիտիկը։

Մի սոխակ ասում է այն պառավ թռչունին․

― Թո՛ղ, մի՛ խանգարիր, թող երգե հե՜յ-հե՜յ։

Մի նախանձոտ, նիհար թռչուն գնում է չար կատվին կանչելու, որ գա ծիտիկին ուտի։

― Իմ ի՞նչ գործն է մինչև անտառ գնալը․ քո էլ ի՞նչ գործն է ծիտիկի հե՜յ-հե՜յ կանչելը,― թաթով խփում է թռչունի գլխին և ուտում կշտանում է․․․

Փոքրիկ ծիտիկը մեծանում, բուն է շինում, փոքրիկ ձվեր ածում և սիրուն ու փափլիկ ձագուկներ հանում․․․

Նստում են ձագուկները իրենց ծառի վրա ու երգում․․․ Մի օր հանկարծ իջնում է երկնքից մի չարսիրտ ուրուր ու տանում ուտում է մեծ ձագուկին։

Ծիտիկը լաց է լինում գիշեր ցերեկ, լաց են լինում ձագուկներն ու մեծանում․․․

Մի օր ծիտիկը նստած ծաղիկների մոտ մտածում է և հանկարծ վար է ընկնում ու ոտքը սաստիկ ցավում է։

Էլ չի երգում ծիտիկը։ Պառկած իր բնի մեջ նայում է անտառին․ ծառերը խշխշում են, թռչունները երգում, պտուղները կարմրում։ Գալիս են չարսիրտ թռչունները, նայում են հիվանդ ծիտիկին ու հարցնում․― Ինչո՞ւ պառկել ես, վեր կաց աշխատիր։

― Հա՜․․․ ոտքդ ցավո՞ւմ է, հա՞․․․

― Միայն մի՞ ոտքդ է ցավում․․․

― Բեր թևերդ կտրենք, ոտքդ կլվանա․ բեր սիրտդ հանենք՝ դնենք ոտքիդ տակ, որ գետնին հասնի, ման գաս․․․

Ծիտիկը մնաս բարով է ասում անտառին, արևին, աղբյուրներին ու թռչում, գնում է տաք երկիր․․․

Այդ երկրում ոչ ոք չի խանգարի ծիտիկին «հե՜յ-հե՜յ» երգելուն։

Մի օր ծիտիկի ոտքը կլավանա և կթռչի, ման կգա, մի լավ ծառ կգտնի, նոր բուն կշինի ու երբ բունը վերջացնե՝ ձեզ կկանչի, որ տեսնեք իրան, ուրախանաք․․․

Մարգո և Ալիս ջան, Դյոմային էլ դուք պատմեցեք ծիտիկի մասին։

Ձեր տատիկ՝ Շ. Կուրղինյան