Jump to content

Նամակ Պարսկաստանից (3)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակ Պարսկաստանից (3)

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Դավրեժ, մայիսի 22-ին

Այս տարի գարունը սկսվեցավ այստեղ անընդհատ անձրևներով, որոնք խոստանում էին առատ պտղաբերություն: Ուտելիքները օրըստօրե էժանանում էին: Բայց մայիսի սկզբներում Պարսկաստանի այլևայլ տեղերում մի ամենասաստիկ կարկուտ եկավ և այնպիսի արագությամբ, որ շատ տեղ 5 րոպե միայն տևելով, մեկ թզաչափ ծածկեց երկրի երեսը: Կարկուտի հատիկները հասնում էին մեկ ընկույզից ավելի մեծության, նրանք թափեցին ոչ միայն ծառերի պտուղները, այլ նրանց միանգամայն ճյուղակտոր տերևաթափ արեցին: Օդի մեջ նույն րոպեում գտնված թռչունները սպանվեցան և դաշտերում բազմաթիվ գառներ և ոչխարներ նույնպես կոտորվեցան: Դավրեժից հեռու տեղերից նույնպես լուրեր են հասնում, որ կարկուտը շատ կողմերում զարկել է: Մարանդի մեջ երկնքից համարյա խոշոր սառույցի կտորներ են ընկել: Պատճառած վնասը բազմագումար է: Օրինակ, Դավրեժի դպրոցին պատկանած այգին կարկուտից առաջ կամենում էին վարձել 85 թումանով, բայց նորանից հետո կես գնով ևս փող տվող չեղավ:

Այստեղ շատ է խոսվում Ռաշտ քաղաքում պատահած անցքի մասին, որ իր բարբարոսությամբ ետ չէ մնում Սալոնիկի եղեռնագործությունից: Այդ անցքը այդպես են պատմում: Մի պարսիկ կնոջ և մի երիտասարդ հայի մեջ նկատելի են լինում կասկածավոր հարաբերություններ: Մահմեդական ամբոխը, այս լսելով, կատաղած դիմում է քաղաքի մուշտայիդի մոտ և հայտնում է նորան: Մուշտայիդը անմիջապես դիմում է մեջիդը և ամբիոնը բարձրանալով, խոսում է ժողովրդին, թե որպիսի խստությամբ պատժում է Իսլամի օրենքը այդպիսի հանցանքներ և վերջացնում է իր քարոզը ամենասարսափելի կերպով գրգռելով ժողովուրդը, միևնույն ժամանակ կարդալով ողորմելի երիտասարդի մահվան դատավճիռը: Այնուհետև ամբոխը մի քանի մոլլաների առաջնորդությամբ դուրս է գալիս մեջիդից, և սկսում է որոնել երիտասարդին: Նորան գտնում են տան մեջ, հարձակվում են և կոտրատելով ու կողոպտելով տան բոլոր կարասիքը, երիտասարդին դուրս են քարշում: Երիտասարդին բերելով մեջիդի դռանը մի հրապարակի վերա, այն տեղ ժողովուրդը վայրենի կատաղությամբ հարձակվում է նորա վերա և սրերով ծակծկում է… Հետո ոտները մի պարան կապելով, սկսում են քաղաքի բոլոր փողոցներում քարշ տալ: Աննկարագրելի էր սույն միջոցին ամբոխի դժոխային հոգեզմայլությունը, թե մինչև ո՛ր աստիճան նա բորբոքված, իր սրտի ուրախությունը հայտնում էր հոգևոր երգերով... Այս զոհը իր ցավալի վախճանին հասցնելեն հետո, ամբոխը տակավին չէ հանդարտվում. մահմեդականները գտնում են և հիշյալ կնոջը: Այս թշվառի մահը էլ ավելի սարսափելի է լինում: Սորան տանում են քաղաքի հրապարակի վերա, և մինչև կուրծքը թաղում են գետնի մեջ, այնպես որ մարմնի վերևի մասը դրսումն է մնում: Այնուհետև ամբոխին առաջնորդող մոլլան մոտենում է զոհին և առաջին քարը ինքն գցելով, հրամայում է հետևել իր օրինակին: Մի րոպեի մեջ խեղճ կնոջ դիակի վերա քարերից մի ահագին բլուր է ձևանում: Ռաշտի մեջ գտնված ռուսաց, անգլիացոց և ֆրանսիացոց կոնսուլները` ոչ մինը չէ համարձակվում իր տանից դուրս գալ. և ճշմարիտ է մահմեդականների այդ սարսափելի մոլեռանդ բորբոքման ժամանակ նոքա կարող էին ենթարկվել Սալոնիկի զոհերի վիճակին: Հեռագրի թելերը կտրատված լինելով, անհնար է լինում Թեհրան լուր տալ, բայց հետևյալ օրը, երբ ժողովրդի կատաղությունը մի փոքր հանդարտվում է, ռուսաց և անգլիացոց կոնսուլները անցքը սուրհանդակով Թեհրան իմացում են տալիս: Քաղաքի դատավորը երկյուղից մի քանի օր շարունակ տանից չէ դուրս գալիս: Այժմ լսում ենք, որ նորին մեծություն շահը ուղարկել է Ռաշտ մի գունդ զորք և խռովությանը գրգիռ տվող գլխավոր մոլլաները կալանավորվեցան և պետք է Թեհրան տարվին, այնտեղ պատժվելու համար:

Մինչև ե՞րբ պետք է շարունակվի Պարսկաստանում մոլլաների այսպիսի մոլեռանդությունը, մինչև ե՞րբ...