Jump to content

Նամակ Պարսկաստանից (4)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Դավրեժ, հուլիսի 25-ին

Այս տարի Միջագետի մեջ հայտնված ժանտախտի պատճառավ Պարսկաստանի հարաբերությունները Բաղդադի հետ կտրվեցան, պարսիկներին արգելք դրվեցավ այն կողմերում մտնել: Այս արգելքը զրկեց պարսիկներին մի նշանավոր կրոնական մխիթարությունից, այն է Քարբալայի ուխտագնացությունը, որ կատարվում է Բաղդադից փոքր-ինչ հեռու նաջաֆ կոչված տեղում, ուր դրած են Ալիի նահատակված որդիների Իմամ-Հասանի և Իմամ-Հուսեյնի շիրիմները:

Քարբալայի ուխտագնացությունը պարտավորական է ամեն մի մահմեդականի համար, որ պատկանում է շիա աղանդին: Եթե մի մահմեդականի ամբողջ հարստությունը հասնում է այն չափին, որ նա կարող է հոգալ ճանապարհի ծախսը, պետք է անպատճառ կատարե յուր ուխտագնացությունը, հակառակ դեպքում նա օրենքի դեմ մեղանչած կհամարվի: Մի այսպիսի սնահավատությունը ամեն տարի Պարսկաստանի ամենահեռավոր անկյուններից անգամ ուխտավորների հազարավոր կարավաններ քաշում է դեպի իմամների սուրբ շիրիմները և աղքատ, ողորմելի ժողովրդի արծաթը ծախսվում է օտար երկրում:

Թողյալ այդ, պարսիկներն յուրյանց մեռելների դիակներն ևս տանում են Բաղդադ և թաղում են Նաջաֆի հողի մեջ, որ սրբված է իմամների արյունով…

Այս տարի, որպես ասեցինք, ժանտախտի պատճառավ պարսիկները զրկվեցան հիշյալ կրոնական մխիթարություններից: Բայց իմամներն չուզեցին թողնել Պարսկաստանի ժողովուրդն անխնամ և կարոտության մեջ. նրանք մտածեցին` եթե ժողովրդին արգելված է յուրյանց մոտ գալ և յուրյանց ուխտը կատարել, ավելի լավ է, որ իրանք` իմամներն տեղափոխվեն ժողովրդի մոտ և նրանց կարոտը լցուցանեն: Եվ հանկարծ նրանք Բաղդադից գաղթելով հայտնվում են Պարսկաստանի Խոյ քաղաքում:

Հիշյալ քաղաքում կա մի վաղեմի մատուռ, որին տեղացիք կոչում են մաղվարա, այնտեղ դրած են մի քանի սեիդների, այսինքն` իմամների սերունդների շիրիմներ: Մատուռի միաբանությունը կազմող մոլլաներից մեկն հայտնի տեսիլքի մեջ տեսնում է Բաղդադի իմամներին, որոնք ասում են նրան. «Մենք Քարբալայի իմամներն ենք, մենք չուզեցինք, որ այս տարի պարսիկներն զուրկ մնային մեր շնորհներից, և եկանք Պարսկաստան: Այս մատուռն կլինի մեր բնակարանը, այստեղից մենք կթափենք մեր զորությունները ժողովրդի վերա: Վեր կա՛ց, գնա՛, քարոզիր ժողովրդին, թող բերեն յուրյանց կաղերն, կույրերն ու անդամալույծներն, և նրանք բժշկություն կգտնեն»:

Իմամների Խոյ քաղաքում հայտնվելու լուրը կայծակի արագությամբ տարածվում է մինչև Պարսկաստանի ամենախորին ծայրերը, ամեն կողմից կույրերի, կաղերի, անդամալույծների և զանազան ուխտավորների ահագին բազմություն թափվում են դեպի հիշյալ քաղաքը և հրաշալի կերպով բժշկվում են...

Այո՛, բժշկվում են… թեև բժշկված մեկը ոչ ոք չէ տեսել, բայց ժողովուրդն ստեղծել է բժշկվածների հազարավոր անծանոթ անուններ և ջերմ ոգևորությամբ պատմում է բոլոր հրաշքները, որ կատարվեցան նրանց վերա: Բժշկությունը և հրաշքները, որպես միշտ, կատարվում են սնահավատ ժողովրդի բորբոքված երևակայության մեջ...

Պարսկաստանում այսպիսի երևույթներ պատահում են խիստ հաճախ, բայց նրանց և ոչ մեկը մինչ այս աստիճան ցնորամիտ խաբեության հասած չէ եղել: Ամեն ընտանիք, որի մեջ գտանվում է ախտավոր մեկը, դիմում է դեպի Խոյ քաղաքը իմամների շնորհը վայելելու և յուր ախտավորը առողջացնելու: Թեև նրանց բաղձանքը չէ կատարվում, թեև կույրը վերադառնում է յուր տունը դարձյալ կույր աչքերով, այնուամենայնիվ, այսպիսիքը միշտ ունեն մի խոսք յուրյանց կարծիքը արդարացնելու. «Գուցե մեր հավատքը հաստատուն չէր, գուցե մենք ջերմեռանդ հույսով չդիմեցինք իմամի դուռը և նա չկատարեց մեր խնդիրքը»: — «Բայց Քարիմը և Հաշիմը բժշկվեցան, որովհետև նրանց միտքն ուղիղ էր»: Բայց ո՞վքեր են այդ Քարիմը և Հաշիմը, ոչ ոք չէ ճանաչում, ոչ ոք չգիտե, նրանք ապրում են ժողովրդի երևակայության մեջ...

Այստեղից հասկանալի է, թե ո՞րպես ստեղծվեցան հրաշքները և որպես նրանք կրկնվում են մեր լուսավոր դարումը...

Բայց ցավալին այն է. որ այսպիսի երևույթները միշտ սպառնում են վտանգ տեղային քրիստոնյաներին: Ժողովուրդը, գրգռված յուր ցնորամիտ մոլեռանդության մեջ, սկսում է հալածանք բարձրացնել քրիստոնյաների դեմ, ասելով. «անիրավներ, այսքան հրաշքներ տեսնելուց հետո, դուք դարձյալ պիտի մնաք ձեր անհավատության մեջ»: Այսպիսով, այսօրվա օրս Խոյ քաղաքի հայերի կյանքը մեծ վտանգի մեջ է:

Կառավարությունը ուշադրություն չէ դարձնում հանգստացնելու սնահավատ ժողովրդի ամբոխմունքը: Իսկ մոլլաներն յուրյանց կողմից մեծ գրգիռ են տալիս նրան, որովհետև դորա մեջ է նրանց օգուտը, ուխտավորներից նրանք շահում են: Նրանք կցանկանային, որ Բաղդադի աներևույթ իմամներն երկար մնային Պարսկաստանում և շարունակեին յուրյանց հրաշագործությունները… Բայց կառավարությունը, եթե խրատված լինի անցյալ փորձերից, նա պետք է ամեն հնարքներ գործ դնե հանգստացնելու ժողովրդի կատաղի հուզմունքը ոչ միայն քրիստոնյաների հանգստությունը պահպանելու համար, այլ նույնիսկ յուր շահերը պահանջում են այդ: Որովհետև այսպիսի խաբեական երևույթները միշտ ամրապնդում են ռամկին յուր մոլեռանդությանց մեջ և հետևապես բարձրացնում մոլլաների ազդեցությունը և հարգը, որոնք մոլեռանդության ներկայացուցիչներն են: Այսպիսով կառավարությունը զրկվում է իրագործելու յուր նպատակը, մոլլաների ազդեցությունը թուլացնելու մասին, որոնք միշտ հակառակ են գնում պետության բարենորոգումների դեմ:

Ի՛նչ խայտառակություն է այդ, մի խաբեբա մոլլայի ինքնահնար երազի պատճառով ամբողջ Պարսկաստանը տակնուվրա է լինում: Շինականը, երկրագործը, վաճառականը թողնում են յուրյանց աշխատությունը, բավականին ծախսեր անելով, հեռու տեղերից գալիս են հրաշքներ տեսնելու: Թողնենք այս իրողության բարոյական կողմը, մի՞թե դա նյութապես չէ վնասում աղքատ և ողորմելի ժողովրդին:

Այժմ ես հասկանում եմ, թե որպես ստեղծվեցան և իրական կերպարանք ստացան հրաշքները…