Նամակ խմբագրության (Հ․ Թումանյան, 1904)
Հաճախ դիմում են ինձ այնպիսի հարցերով ու գործերով, որ վերաբերում են պ. պ. Հարություն կամ Արշակ Թումանյաններին։ Անշուշտ այս շփոթությունը առաջանում է այն հանգամանքից, որ երեքս էլ նույն ազգանունով ոտանավոր ենք գրում։ Եվ շփոթում են ոչ միայն մասնավոր մարդիկ, այլ նաև մամուլը, ինչպես պատահել է մի քանի անգամ, թե այստեղ—Կովկասում, թե արտասահման։ Սրանից առաջ են գալի շատ անախորժություններ, ուստի ստիպված եմ հրապարակով խնդրելու, որ գործ ունեցողները կամ քննադատները մեզ չշփոթեն իրար հետ և ոչ էլ եղբայրացնեն, ինչպես վերջերս, «Բազմավեպն» արավ։ Մենք ոչ եղբայրներ ենք, ոչ ազգականներ, և մինչև անգամ ոչ էլ հայրենակիցներ։
Կան մի տեսակ շփոթողներ էլ, որ ինձ շփոթում են ոչ թե ուրիշների, այլ իրանց հետ։ Սրանք էլ մեր հայերեն դասագիրք հորինողներից են։ Վերցնում են իմ ոտանավորը, փոփոխում են, ինչպես քեֆներն է տալի, և դարձյալ իմ անունով տպում իրանց դասագրքերում, իբրև թե ես այնպես եմ գրել[1]։ Այս պարոններին էլ, դասագիրք կազմողներին, արգելում եմ այսուհետև օգտվելու իմ ոտանավորներից առանց իմ համաձայնությունն առնելու։
Տողատակեր
[խմբագրել]- ↑ Ինչպես արել էր հանգուցյալ Հ. Ճաղարբեգյանը, այս տարի էլ արել է պ. Տեր-Ղևոնդյանը։