Jump to content

Նամակ խմբագրության (Մուրացան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակ խմբագրության (Մուրացան)
ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ
«Ռուզանի» քննադատության առիթով

Թույլ տվեք, խնդրեմ, երկու խոսք ասել նկատմամբ իմ «Ռուզան» դրամայի այն քննադատության, որ լույս տեսավ «Մուրճի» ներկա տարվա մարտի համարում Լ․ ստորագրությամբ։

Իմ երկի քննության մատչելուց առաջ՝ պ. Լ․ թվում է, թե՝ ի՛նչ ու ի՛նչ է հարկավոր հեղինակին պատմական դրամա գրելու համար, որից հայտնվում է այն՝ որ հարկավոր է «ձեռքի տակ ունենալ առատ և լավ ուսումնասիրված նյութ»։ Եվ որովհետև դրա փոխարեն «մենք ձեռքի տակ ունենք հատ ու կտոր տեղեկություններ թղթի վրա, իսկ մեր աչքի առաջ հին կյանքի թողած խղճուկ հետքեր», ինչպես, օրինակ, ավերակների մնացորդներ և այլն, ուրեմն «պետք է ահագին ջանք, երկար տարիների ուսումնասիրություն՝ այդ թղթի կտորներին, ավերակներին մի գեղարվեստական գրվածքի մեջ շունչ ու կենդանություն հաղորդելու համար։ Առանց այդպիսի նախապատրաստության չէ կարող ստեղծվել որևէ պատմական երկ, որովհետև յուրաքանչյուր պատմական գրվածքի (վեպի կամ դրամայի) մեջ ամենից առաջ և ամենից շատ պետք է լինի պատմական ճշմարտություն, չկա այդ ճշմարտությունը՝ և պատմական երկը կներկայացնե մի ողորմելի կեղծիք», ասում է նա։

Բայց մի՞թե այդպես է։— Որ ամեն մի գրվածքի համար «առատ և լավ ուսումնասիրված նյութ» անհրաժեշտ է, այդ ոչ ոք չի հերքիլ։ Բայց թե «ահագին ջանք և տարիների ուսումնասիրություն գործ դնելով միայն կարելի է թղթի կտորներին ու ավերակներին շունչ ու կենդանություն հաղորդել», այդ ես արդեն նորություն եմ համարում։ Որովհետև մինչև այժմ հայտնի էր, որ «թղթի կտորին ու ավերակներն» շունչ ու կենդանություն տալու համար գեղարվեստագետին հարկավոր է ոչ թե գիտնականի կամ հնախույզի վայել «ահագին ջանք կամ երկար տարիների ուսումնասիրություն», այլ բանաստեղծական հափշտակություն, վառ երևակայություն, ստեղծագործող ուժ և, այդ ամենի հետ միասին՝ մարդկային հոգվո խորքը թափանցելու կարողություն։ Ապա թե ոչ «ահագին ջանքը և երկար տարիների ուսումնասիրությունը», առ առավելն, կարող են թղթի կտորի հաղորդած մի տեղեկությունը դարձնել երկու, կամ ավերակի չորս քարերի վրա ավեյացնել հինգերորդը. բայց խոսեցնել թղթին, վերաշինել ավերակը, հարուցանել նրա մեջ ապրող ու զգացող մարդիկ, անկարող են։

Գալով քննադատ Լ․-ի այն առարկության, թե «պատմական գրվածքի (վեպի կամ դրամայի) մեջ ամենից առաջ և ամենից շատ պետք է լինի պատմական ճշմարտություն, կասեմ, որ այդ սխալ է․ որովհետև քերթողական արվեստի ամենատարրական օրենքն այն է, որ բանաստեղծը իր գրվածքների մեջ առաջին տեղը տա ոչ թե պատմական, այլ իդեական ճշմարտությանը և նրա կոչումը լինի ոչ թե հաստատել ճշմարտությունը, այլ ցույց տալ այն։

Եվ ահա հենց այս օրենքը անտես առնելն է եղել պատճառ, որ պ․ Լ. փոխանակ «Ռուզանը» իբրև դրամա, այսինքն՝ բանաստեղծական գրվածք քննելու, քննում է իբրև պատմություն: Այդ պատճառով էլ մի երկար քաղվածք է առաջ բերում Կիրակոս պատմագրից՝ ապացուցանելու համար, որ իմ պիեսի հերոսներից մինը— Հասան-Ջալալը հռչակված է եղել բարեպաշտությամբ և ոչ քաջությամբ. թե նա միայն աստվածասեր և քահանայասեր մի մարդ էր և ոչ պատերազմող. թե նրա կինը, մայրը բոլորն էլ կրոնամոլներ էին և թե, վերջապես, այդ ճգնավորների ընտանիքը կարող էր նյութ տալ մի հոգևոր ներբողի և ոչ թե այնպիսի գաղափարների, որոնք մտցրված են «Ռուզան» դրամայի մեջ և այլն, և այլն։ Թեպետ այդ առարկությունները կապ չունեն իմ դրամայի ներքին իմաստի հետ, այսուամենայնիվ, ես կամենում եմ շեղվել խնդրից մի փոքր՝ բացատրելու համար, թե ի՛նչպես պ. Լ. սխալ է հասկանում նույնիսկ պատմական ճշմարտությունը, որի անունով խոսում է։

Հայոց պատմական կյանքն ուսումնասիրողը պետք է ուսումնասիրե նաև այդ կյանքի մասին գրող մարդկանց հոգեբանությունը, որպեսզի ըստ այնմ կարողանա որոշել նրանց գրվածքի արժեքը։ Արդ, եթե Կիրակոսը իր նկարագրի մեջ Ջալալին դուրս է բերել մի ճգնավոր, մի՞թե այդ նշանակում է, թե իրոք նա ճգնավոր էր։ Իբրև եկեղեցու մի բարեպաշտ վարդապետ, Կիրակոսը, իր ժամանակակից հոգևորականների նման, մարդու ամենամեծ արժանիքը համարել է բարեպաշտությունը, ուստի այդ արժանիքն էլ հատկացրել է Ջալալին, կամենալով նրան ավելի «մեծ» ներկայացնել ընթերցողի աչքում։ Բայց Ջալալի, իրոք, պատերազմող լինելու վկայությունը հենց ինքն է տալիս իր պատմության մեջ, հիշելով թաթարների՝ այդ իշխանի հետ կապած հաշտության պայմանները, որոնցից մինն էր՝ «ամ ամի երթալ զկնի նոցա ի գործ պատերազմի»։ Եթե Ջալալը ճգնավորի մեկն էր, հապա ինչո՞ւ պիտի ունենար այնքան զորություն, որ դեռ թաթարներին էլ օգներ պատերազմի մեջ։ Բացի դրանից, հայտնի է, որ Ջալալը հաճախ գտնվում էր ճակատամարտերում իր մորեղբայրների՝ Զաքարեի և Իվանեի հետ, ինչպես էր Խուչախների կամ Կովկասայինների կռիվը և այլն։ Վերջապես ինքը Ջալալը երբեք չէ կամենում, որ իրան համարեն ճգնավոր։ Գանձասարի իր շինած եկեղեցու արձանագրության մեջ նա իրան անվանում է «Ինքնակալ բարձր և մեծ արցախական աշխարհի և թագավոր ի հոգնասահման նահանգի»: Նրա կին Մամքանը՝ Վաճառու եկեղեցու արձանագրության մեջ իրեն անվանում է «թագուհի ամուսին Ջալալ Դոլին և թոռն Բաղաց թագավորի»: Իսկ Ջալալի աղջիկ Մինախաթունը մի արձանագրության մեջ կոչում է իրան՝ «Դուստր ինքնակալ իշխանաց իշխան Ջալալայ» և այլն։

Այս մեծագոչ անվանումները, կարծեմ, բավական բնորոշում են Ջալալյաններին և ապացուցանում, որ նրանց ընտանիքը շատ հեռու է եղել «ճգնավորի ընտանիք» լինելու կամ համարվելու մտքից։

Նույնիսկ Ջալալի մեծածախ եկեղեցի կառուցանելը չէ ապացուցանում նրա քաջությունից զուրկ լինելը․ նախ՝ այն պատճառով, որ նա եկեղեցին կառուցել է իր հոր Վախտանգ իշխանի ցանկության ու կտակի համաձայն, և երկրորդ` որ մեր թագավորներից և իշխաններից շատերը միշտ մի ձեռքում ունեցել են սուր և մյուսում՝ խաչ։ Դրանցից շատերն են վանքեր ու եկեղեցիներ կառուցել, և միևնույն ժամանակ, մեծամեծ պատերազմներ մղել թշնամիների դեմ։

Այս շեղումը խնդրից ես արի նրա համար, որ ցույց տամ թե պ. Լ․ քննական աչքով նայում նույնիսկ պատմական փաստերի վրա, ապա թե ոչ, սա, մինչև անգամ, ավելորդ էր․ որովհետև, ինչպես ասացի, ես պատմության չեմ գրել, այլ դրամա, որ, իհարկե, պատմություն չէ, այլ բանաստեղծություն։ Հետևապես, եթե Ջալալը, Ռուզանը, կամ դրանց շրջապատողները հերոսներ էլ չլինեին, ես դարձյալ իրավունք ունեի իմ դրամայի մեջ, իբրև դյուցազներգական (էպիկ) գրվածքի մեջ, ստեղծել նրանցից իմ ցանկացած մարզիկը, կամ նրանց գործունեությանը տալ այն գույնն ու հոգին, ինչ որ պահանջում էր իմ դրամայի գաղափարը։

Այս առիթով կարևոր եմ համարում առաջ բերել այստեղ ռուսաց գրականության փայլուն աստղերից մեկի՝ Բելինսկու կարծիքները պատմական դրամայի վերաբերմամբ։

Խոսելով «Московцкий наблюдатель»-ում տպված Կուկոլնիկի պատմական մի դրամայի վերաբերյալ Շեվիրյովի կրիտիկայի մասին և առաջ բերելով վերջինի այս խոսքերը՝ «Կարծեմ պատմությունն ինքն է ծրագրում թատերագրի ճանապարհը, ինքն է առաջ բերում գլխավոր դեպքերը, ինքն է կարգագրում գործողությունները», Բելինսկին բացականչում է՝ «Այս ի՞նչ է. չե՞ն խաբում ինձ իմ աչքերը… ի՞նչպես. ուրեմն ինքը պատմությո՞ւնն է տալիս արվեստագետին դրամատիկ գրվածքի ծրագիրը, իսկ իրան, բանաստեղծին, մնում է միայն չեղծանել (պատմությունը), հավատարիմ մնալ նրան և գուշակել որևէ բան, որ ծածկել է ժամանակը կամ տարեգրությունը… Այդպես ուրեմն, ես գրում եմ պատմական դրամա, նա գրում է, դուք գրում եք, նրանք գրում են, և մենք բոլորս, որքան էլ շատվոր լինենք, ակամա գրում ենք միևնույն բանը։ Ո՞րտեղ է մնում ուրեմն քերթողի ազատությունը, նրա ոգևորությունը, նրա ստեղծագործությունը… Խոստովանում եմ, հրաշալի րեցեպտ է պատմական դրամաներ գրելու համար։ Զարմանում եմ թե ի՞նչպես Шевырев-ի այս հոդվածից հետո լույս չընկան մի քանի տասնյակ պատմական դրամաներ»։

Ապա ծաղրելով կրիտիկոսի երկարաբան առարկությունները այս նյութի նկատմամբ, Բելինսկին ավելացնում է․- «Իսկ մենք մեր կողմից այն կարծիքին ենք եղել միշտ, թե՝ բանաստեղծը չէ կարող և չպիտի լինի պատմության ստրուկը. որովհետև, թե՛ մեկ և թե մյուս դեպքում, նա կդառնար միայն արտագրող, ընդօրինակող և ոչ թե ստեղծագործող: Աչքը լույս այն բանաստեղծին, որի վեպի կամ դրամայի հերոսը բոլորովին նման պիտի լինի պատմության այն հերոսին, որին նա դուրս է բերել իր քերթվածում։ Այդ կարող է պատահել, բայց միայն այն դեպքում, երբ բանաստեղծը ինքնուրույն կերպով գուշակել է պատմական անձի որպիսին լինելը, երբ նրա երևակայությունը ազատորեն հարմարվել է իսկականին։ Բայց այդ էլ կլինի պատահմունք և ոչ թե հաշվով արած բան, հաջողություն և ոչ թե մտադրություն։ Բանաստեղծը կարդում է քրոնիկներ ու պատմություն, ստուգում է, համադրում է, ընտանենում է ընտրած ժամանակի և անձինքների հետ։ Ուսումնասիրելը անհրաժեշտ է նրան․ բայց այդ ուսումնասիրությունը չէ կազմում ստեղծագործության ակտը։ Բանաստեղծը պտրում է պատմական անձը, կանչում է նրան իր մոտ, բայց չէ տեսնում (որովհետև պատմության մեջ եղածը իր ցանկացածը չէ), մինչև որ նա (այդ ցանկացածը) ինքը չէ գալիս, անկոչ, անսպաս, բանաստեղծական սրբազան հափշտակության վայրկենին, գուցե, այն ժամանակ, երբ նա արդեն ձգել է և պատմությունը, և քրոնիկոնները… Միևնույնը պատահում է և քերթվածի ծրագրի, ընթացքի և նրա բոլոր հորինվածի հետ։

«Քերթողին պետք են միայն մի քանի վայրկյաններ հերոսի կյանքից, միայն մի քանի գծեր նրա ժամանակից: Նա իրավունք ունի բաց թողնել շատ բան, թույլ տալ անկարևոր անախրոնիզմներ, իրավունք ունի խանգարել պատմության փաստական ճշմարտությանը, որովհետև նրան հարկավոր է գերակայական (իդեալական) ճշմարտություն:

«Առեք երեք-չորս ընտիր պատմագիրներ, որոնք խոսում են այս կամ այն ժամանակի կամ պատմական անձի մասին, և կտեսնեք, որ այդ ժամանակը կամ անձը դրանցից ամեն մեկի գրվածքում զանազանվում է որոշ, հակասական ստվերագծերով։ Կնշանակե, պատմության մեջ էլ կա ստեղծագործություն, կնշանակե պատմագիրն էլ իր համար իդեալ է ստեղծում։ Քրոնիկները լինում են միատեսակ, բայց դրանց համեմատ կազմված իդեալները զանազան։

«Երբեմն արվեստագետը (մանավանդ երբ նրա տաղանդը ենթակայական-սուբյեկտիվ է), ունի կատարյալ իրավունք եղծանել պատմությունը իր պատմական դրամայի մեջ, առնելով այն (պատմությունը) միայն իբրև շրջանակ իր գաղափարի համար։ Շիլլերի Փիլիպպոսն ու Դոն-Կարլոսը ոչնչով նման չեն պատմական Փիլիպպոսին և Դոն-Կարլոսին (ինչպես և Շեքսպիրի Համլետը պատմական Համլետին), բայց լինելով անհավատարիմ պատմական ճշմարտության, նրանք վերին աստիճան հավատարիմ են մարդկային հոգու, մարդկային սրտի հավիտենական ճշմարտությանը, հավատարիմ են բանաստեղծական ճշմարտությանը, որովհետև հնարովի կամ մտացածին չեն, այլ ինքնագո»։

Առաջ բերելով հայտնի կրիտիկոսի այդ կարծիքները պատմական դրամայի վերաբերմամբ, կարծեմ, ինձ այլևս ոչինչ չէ մնում ավելացնել համոզելու համար «Ռուզանի» քննադատ պ. Լ․-ին, որ ես իմ դրամայում ուղիղ ճանապարհն եմ ընտրել քերթողական արվեստի օրենքներին և նրա հավիտենական ճշմարտությանը հավատարիմ մնալու համար։

Մնացած ոչ-հիմնական կետերի վերաբերմամբ ավելորդ եմ համարում խոսել։

Մուրացան