Jump to content

Նամուս/Առաջին/I

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՆԱՄՈՒՍ
Խորին երախտագիտությամբ նվիրում եմ
իմ մորը, Օվսաննա Մովսիսյանին

ՀԵՂԻՆԱԿ
I

1859 թվականի մայիս ամսին պատահած երկրաշարժը մեծ թշվառություն էր Շամախու համար։ Բավական ծաղկած և կանոնավորված նահանգական քաղաքը մի րոպեում կերպարանափոխվեց, դարձավ ավերակ։ Ստորերկրյա զորեղ հարվածը մի ակնթարթում դուրս թափեց փողոցները հազարավոր ընտանիքներ, որոնք մինչև այդ րոպե հանգիստ իրանց տներում նստած` չգիտեին բնությունն ինչ դժբախտություն է պատրաստել իրանց համար։ Հայ, ռուս, թուրք, բոլորը խառնվեցին — իրարու, և փողոցներն ու հրապարակները մի րոպեում սևացան մարդկանցով։ Բարձրացավ աննկարագրելի աղմուկ, խլացուցիչ դղրդոց։ Քառասուն հազար բնակիչների միաձայն գոռում ու գոչումները, խառնվելով փլատակվող շինությունների թնդումների հետ, ականջներ էին խլացնում։

Ընդհանուր աղմուկին մասնակցում էին տնային կենդանիների աններդաշնակ ձայները։ Տավարների բառանչումները, շների ոռնալը, թռչունների կչկչոցները, բոլորը, միանալով փոշիալի օդի մեջ, ահաբեկել էին ժողովրդին։

Առաջին վտանգալի րոպեին մարդիկ մոռացան ամեն ինչ, նույնիսկ յուր սրտին ամենամերձավոր արյունակիցներին։ Այդ մահաբեր րոպեն մոռացնել տվեց մորն յուր զավակներին, որոնց համար մի փոքր առաջ պատրաստ էր կյանքը զոհել։ Հանկարծահաս վտանգի բուռն զգացմունքների ճնշման ներքո սեփական անձի փրկության խնդիրը երկրաշարժի րոպեում խավարեցրեց, անհետացրեց ամեն ինչ։

Անցավ առաջին ահարկու րոպեն։ Մարդիկ փրկված են վտանգից։ Ամենքը, փլչող պատերից հեռացած, խռնվում են փողոցներում։ Այստեղ միայն առաջին անգամ յուրաքանչյուրը սկսում է մտաբերել յուր արյունակիցներին։ Կրկին սոսկումը տիրում է ամենքին, և ահա թշվառները գունաթափված, մեռելային դեմքերով, ընդհանուր խառնաշփոթության մեջ չվարված, որոնում են իրարու։

Օդը թնդում է հազարավոր վայվույներով։

— Աղբերս վա՛յ, աղբերս վա՛յ, — բացականչում է մի կողմում մի նազելի աղջիկ, փետտելով գլխի մազերը և մերկ կրծքին բռունցքներ տալով։

Սովորական ամոթխածությունը նրան չի նեղում այդ րոպեին։ Նա մոռացել է յուր ծննդավայրի ավանդությունը, որը չափահաս աղջկան արգելում է օտար տղամարդկանց առաջ բերան բանալն անգամ։

Օրիորդն ուշադրություն չի դարձնում յուր շուրջը, չի քաշվում ոչ ոքից։ Նրա ուշ ու միտքը կենտրոնացած է հողի ու քարերի մի բարձր կույտի վրա։ Այստեղ կենդանի թաղված է նրա թանկագին եղբայրը, որ մի րոպե առաջ նրա հետ խոսում էր, զվարճանում էր կամ գուցե կռվում։ Ձեռներն առաջ տարածելով, նա աղաչում, պաղատում է անցորդներին, որ օգնեն դուրս բերելու եղբորը հողի ու քարերի տակից։ Ո՛չ ոք ուշադրություն չի դարձնում նրա աղերսալի գոռոցների վրա։ Ամենքը զբաղված են իրանց մոտավորների վիճակով․ երևի, ամենքն ունեն մի-մի այդպիսի կենդանի թաղված, անխելքություն է մեկից օգնություն սպասելը։ Տեսնելով, որ ոչ ոք չի օգնում, աղջիկը հուսահատված ու գրեթե անզգա, շտապում է դեպի կենդանի եղբոր տարօրինակ գերեզմանը։ Յուր քնքուշ մատներով նա աշխատում է բարձրացնել առաջին մեծ քարը։ Քարը չի շարժվում տեղից, շատ ծանր է։ Քնքուշ մատներից հեղում է վարդագույն արյունը, եղունգները փշրտվում են, բայց քարը դարձյալ չի շարժվում։ Անեծք քեզ, անսիրտ քար։

Մի ակնթարթում աղջիկը զգում է, որ կանգնած է եղբոր գերեզմանի վրա։ Զգում է, որ ինքը, փոխանակ թեթևացնելու, ավելի ևս ծանրացնում է այդ գերեզմանը յուր մարմնի կշռով։ Ծայրահեղ սարսափը վերջնականապես ուշաթափ է անում սիրող քրոջը, և նա, մի ճիչ արձակելով, կամենում է հեռու փախչել, բայց ծնկները չեն հնազանդվում, և գնդակահարվածի պես փռվում է հողի ու քարերի կույտի վրա։

— Կնի՜կս, բալաներս, ա՛յ քրիստոնյաներ, ա՛յ ձեր հերը լույս դառնա, ա՛յ, հրես էստեղ է, — բացականչում է մի ուրիշ կողմից մի տղամարդ, ցույց տալով մի մեծ գերան, որի տակից երևում է նրա կնոջ գլուխը։

Դժվար է նկարագրել այդ կնոջ դեմքը։ Նրա վրա ամեն ինչ այլանդակվել է։ Ծանրակշիռ գերանը, որ հորիզոնաձև ընկած է նրա վրա, այնքան ճնշում է, որ քթի ծակերից թափվող արյունը տեղ չի գտնում հոսալու։ Մի քիչ նրանից հեռու երևում են երկու մանկական գլուխներ և չորս ձեռիկներ, իրարու գրկած։ Ձեռիկներից մեկում սեղմված է մի փոքրիկ խնձոր, մյուսում մի գույնզգույն տիկնիկ։

Ողորմելի՛ ամուսին, տարաբա՛խտ հայր։ Նա, կարծես, խելագարվել է, ուժ է անում գերանի ծայրը բարձրացնելու, սակայն անզոր է, գերանը անշարժ է։ Կինը ծանր բեռան տակից արձակում է հազիվ լսելի տնքոցներ։ Ամուսինը կուրծքը գերանին դեմ տված անդադար ուժ է անում։ Զո՛ւր։

Այսպես շարունակվում է, մինչև որ մի քանի հարևաններ, կանխապես հավաստիանալով իրանց արյունակիցների ապահովության մասին, շտապում են օգնելու թշվառ հարևանին։

Հարյուրավոր այսպիսի տեսարանների բեմ էր ներկայացնում Շամախին նույն ժամին, երբ երկրաշարժ ասված աղետալի երևույթը կործանում էր այսօրվա հետ ընկած խղճուկ ավանը, որ մի ժամանակ ամբողջ Կովկասի պարծանքն էր յուր սքանչելի մետաքսով և առատ պտղաբերութամբ․․․

Քաղաքի արևմտյան կողմում, մալականյան անվանված թաղի փողոցներից մեկում, գտնվում էին երկու փոքրիկ միհարկանի հարևան տներ։ Այս տները իրանց արտաքին համեստ ու անշուք տեսքով իրարուց զանազանվում էին մի բանով միայն, այն, որ մեկը փողոցի կողմից ուներ մի փոքրիկ պատուհան, մյուսը — չուներ։ Երկրաշարժից ուղիղ մի ժամ առաջ այս պատուհանի առջև նստած էր մի կին, մոտ երեսունհինգ տարեկան։ Դերձակ Բարխուդարի ամուսինը, Գյուլնազն էր։ Նստած էր նա մի ծնկան վրա, մյուսը ձգած դեպի սենյակի հատակը, որ ծածկված էր ասիական գորգերով։ Փողոցից միայն նրա կիսադեմն էր երևում։ Միջօրեի ախորժելի արեգակի ճառագայթները, անցնելով երկաթե ցանցով պաշտպանված լուսամուտի ապակիներով, սփռվել էին նրա վրա։ Չնայելով Գյուլնազի տարիքին, նրա ոչ այնքան նիհար այտերի վրա դեռ պահպանվում էր երիտասարդական թարմությունը, իսկ խոշոր, սևագույն աչքերի մեջ փայլում էր մի կրակոտ արտահայտություն։ Մեխակագույն, նուրբ բրդից գործված շալի տակից մազերի ծայրերը հասնում էին մինչև մեջքը։ Նա գույնզգույն գուլպա էր հյուսում, թուրքերեն բարբառով երգելով շամախեցի կնոջ աղերսալի բայաթին․

Դա՛դ, ինձի բռնեցին,
Շամփրի վրա խորովեցին,
Միսս կերան, կշտացան,
Ոսկորներս ձգեցին։

Տանը, բացի Գյուլնազից, ոչ ոք չկար։ Նրա ամուսինը, Բարխուդարը, խանութումն էր, որ գտնվում էր քաղաքի թրքաբնակ թաղում, իսկ մեծ որդին, միակ արու զավակը, տասնուհինգ տարեկան Սմբատը, դեռ ուսումնարանից չէր վերադարձել։ Փողոցում անցորդներ չկային։ Մանկահասակ տղաների և աղջկերանց մի խումբ, պատուհանի տակ հավաքված, ինչ-որ մանկական խաղ էր խաղում։ Ստեպ-ստեպ Գյուլնազը յուր հայացքը դարձնում էր փողոց և նայում խաղացող մանուկներին։ Մանկական անմեղ ճլվլոցների ձայնը, հազիվ թափանցելով փակված պատուհանով, հասնում էր նրա ականջներին։ Այս մանուկների հետ խաղում էր և նրա միակ աղջիկը, մոտ տասը տարեկան Սուսանը։ Գյուլնազը ծնողական զգացմունքների ամբողջ թափով սիրում է յուր Սուսանին և սիրում է այնչափ, որ չի վստահանում րոպե անգամ աչքից հեռացնել։ Այս պատճառով, պատուհանի մոտ նստած, հսկում է Սուսանին մայրական զգաստ աչքերով։ Ահ, չլինի թե մեկը ընկերներից որևէ վնաս հասցնի նրա զավակին։

Դուրեկան էր, գեղեցիկ էր փոքրիկ Սուսանը։ Նա գեղեցիկ էր, որովհետև ներկայացնում էր յուր մոր, Գյուլնազի կատարելատիպը։ Փոքրիկ աղջիկը ժառանգաբար ստացել էր բնությունից յուր մոր բոլոր ֆիզիկական հատկությունները, ամենաաննշան մանրամասնություններով անգամ։ Բարխուդարը, ամեն անգամ աղջկա երեսին նայելիս, սովորություն ուներ ասելու․ «Փառք քո զորութենին, տեր ամենակարող աստված, էդքան էլ նմանություն, կասես, մեր ու աղջիկ մի խնձոր լինեն, երկու տեղ բաժանած»։ Պակաս չէր զարմանում և ինքը, Գյուլնազը այդ նմանության վրա։ Նա մտաբերում էր յուր մանկությունն ամեն րոպե, երբ նայում էր Սուսանի երեսին։ Նրան թվում էր, թե այդ փոքրիկ դեմքի վրա, ինչպես հայելու մեջ, տեսնում է յուր դեմքը։ Նույն փայլուն, սևորակ աչքերը երկայն թերթերունքներով, նույն շնորհալի սրածայր քիթը, նուրբ, վարդագույն շրթունքները, գեղեցիկ այտերը, իհարկե, մանկաթյան հատուկ թարմությամբ։

Սուսանի հետ խաղացող երեխաների թվում կար մոտ տասնումեկ տարեկան մի տղա։ Սա ամենամոտիկ հարևան «կուժ ծախող» Հայրապետի որդի Սեյրանն էր։ Հայրապետը յուր ընտանիքով ապրում էր այն տան մեջ, որ գտնվում էր դերձակ Բարխուդարի տանը կից։

Սուսանի և Սեյրանի մեջ նկատվում էր մի տեսակ մտերմություն, մի մտերմություն, որ, երևի, առաջացել էր երկու մանուկների հաճախ տեսնվելուց։ Այս մտերմությունը երևան էր գալիս նամանավանդ այն ժամանակ, երբ Սեյրանը կամ Սուսանը կռվում էին իրանց ընկերակիցների հետ։ Այսպիսի դեպքերում մեկը պաշտպանում էր մյուսին, օրինակ, երբ Սեյրանը կռվում էր մեկի հետ, Սուսանը իսկույն հարձակվում էր նրա հակառակորդի վրա, յուր փոքրիկ ձեռքերով բռնում էր նրա արխալուղի փեշերը քամակից և բոլոր ուժով քաշում։ Այսպիսով նա նպաստում էր Սեյրանի հաղթության։ Իսկ երբ Սեյրանի հակառակորդների թիվը մեկից ավելի էր լինում, այդ ժամանակ Սուսանը անմիջապես վաղում էր Սեյրանի մորը հայտնելու։

— Մարիամ բաջի, Մարիամ բաջի, Սեյրանին երեխերքը սպանեցին, — ասում էր նա, արտասուքն աչքերում և հոզմունքից ամբողջ մարմնով դողդողալով։

Մարիամ բաջին իսկույն դուրս էր թռչում և կռվող մանուկներին իրարուց բաժանում։ Սույն պաշտպանությունը փոխադարձաբար ցույց էր տալիս Սեյրանը յուր կողմից Սուսանին, երբ վերջինին պատահում էր մեկի հետ կռվել։ Իսկ այս փոխադարձ պաշտպանությունը նրանց մյուս ընկերակիցների մեջ զարթեցնում էր նախանձ, որ շատ անգամ արտահայտվում էր բացարձակ թշնամությամբ։ Սուսանին և Սեյրանին ծաղրում էին, նրանց վրա ծիծաղում էին և պատահում էր մինչև անգամ, որ, ամենքը միանալով, հարձակվում էին նրանց վրա ու ծեծում։

Գյուլնազին վաղուց էր հայտնի այս ամենը։ Այս էր պատճառը, որ նա շուտ-շուտ նայում էր փողոց։ Մի առանձին ախորժելի, միևնույն ժամանակ դառն ժպիտ էր սահում Գյուլնազի երեսով ամեն անգամ, երբ նա հայացքը ձգում էր Սուսանի վրա։ Նա տեսնում էր, թե ինչպես փոքրիկի դեմքը բերկրությամբ փայլում է, երբ Սեյրանը մոտենալով նրան և ձեռք-ձեռքի տալով քաշում է խաղի ասպարեզը, որտեղից Սուսանը սովորություն ուներ շուտ-շուտ հեռանալ և քաշվել պատի տակ։ Նա տեսնում էր, թե ինչպես Սեյրանը հոնքերը կիտում էր ու դեմքը թթվացնում, երբ որևէ բանով անբավական էր լինում Սուսանը։

Այդ րոպեներին Գյուլնազի գլխով տեսակ-տեսակ մտքեր էին անցնում, և նրա մայրական քնքուշ սիրտը սկսում էր բաբախել յուր զավակի ապագա վիճակի մասին։ Նա կրկին մտաբերում էր յուր անցյալը, սեփական մանկությունը և այդ մանկության հետ կապված շատ հիշատակներ։ Նա Կրծքի խորքից արձակում էր խորը հառաչանքներ։

Ահա այդ հառաչանքներից մեկի վայրկյանին էր, երբ Գյուլնազը հանկարծ զգաց մի զորեղ շարժում։ Երկար մտածել չէր կարելի, նա իմացավ, թե ինչ է նշանակում այդ շարժումը։ Գուլպան ձգեց մի կողմ և մի ակնթարթում դուրս թռավ։

Առաջին վայրկյան նա մտածեց յուր զավակների, հետո միայն ամուսնու մասին։ Որդին — Սմբատը ուսումնարանում է, իսկ ուսումնարանը բավական հեռու է, ուրեմն նախ հարկավոր է որոնել Սուսանին։ Գյուլնազը վազեց փողոց, որ արդեն լցվել էր հարևաններով։

— Ախչի՛, Գյուլնա՛զ, Գյուլնա՛զ, այ բոյիդ մեռնեմ, բալաներս, բալաներս, — ասելով հանդիպեց նրան փողոցի դռանը մի միջահասակ կին, երկու ձեռներով ճանկռտելով մերկ կուրծքը։

Սա հարևան «կուժ ծախող» Հայրապետի կինն էր, Սեյրանի մայրը, Մարիամ բաջին։ Գյուլնազի մեջ կենդանություն չէր մնացել, նրա լեզուն կաշկանդվել էր․ խոսելու ուժ չուներ։ Առանց պատասխան տալու, թռավ առաջ և ընկավ Մարիամ բաջու գիրկը, ինքն էլ չգիտեր ինչու համար։

— Ձեռ քաշիր, ախչի՛, խելքդ գլուխդ հավաքիր, որ տեսնենք բալաներս ինչ տեղ մնացին, — բղավեց Մարիամ բաջին, բոլոր ուժով հրելով Գյուլնազի կրծքին։

Խեղճ կինը բոլորովին ուժաթափ եղավ, բայց ոչ երկար ժամանակ։ Մայրական սերը կրկին վերադարձրեց նրան բնական աշխուժությունը։ Նա, գլխակոր վազելով, հետևեց Մարիամ բաջուն, որ նույն վայրկյանին ինքն էլ չգիտեր, ուր է վազում։

Այս ամենը անցնում էր երկրաշարժը պատահած րոպեին, երբ մարդիկ զգում էին, թե դեռ երկիրը չի դադարել օրորվելուց։ Երկու մայրերը չգիտեին ինչտեղ էին իրանց զավակները։ Գյուլնազը այնքան շփոթված էր, որ մոռացել էր, թե մի րոպե առաջ նրա Սուսանը խաղում էր մանուկների հետ հենց իրանց տան պատուհանի առջև, ուրեմն այդ կարճ միջոցում նրանք չէին կարող շատ