Նամուս/Առաջին/II
մաշվել էին, տեղ-տեղ մորթու մազերը թափվել էր ու սպիտակ կաշին մերկացել։ Բացի Բարխուդարից, խանութում գործում էին երեք աշակերտներ և մի քյարգյար (օգնական վարպետի Բարխուդարը յուր փոքրավորներին և՛ սիրում էր, և՛ ատում․ նա և՛ կակղությամբ էր վարվում նրանց հետ, և՛ խստությամբ, նայելով ինչ հոգեկան տրամադրության մեջ էր։ Եթե գոհ էր յուր աշակերտների վարք ու բարքից, կատարած գործերից, կատարյալ հայր էր նրանց համար։ Սիրում էր նրանց, ինչպես յուր Սմբատին և Սուսանին, պարգևներ էր բաշխում, հետը տուն էր տանում ճաշելու, ընթրելու կամ թեյ խմելու։ Մուշտարի եկած ժամանակ աշխատում էր, որքան կարելի է «շագիր — դանա» շատ պոկել։ Իսկ երբ նա տխուր էր կամ աշակերտներից անբավական, այն ժամանակ կատաղում էր, և ի՛նչպես։ Նրա մշտական մռայլ դեմքը կարմրում էր, աչքերը արյունով լցվում էին․ նա մոռանում էր ամեն բան։ էլ մկրատներ, գազաչափեր, մոմի կռուճներ, մատնոցներ, մահուդի կտորտանք չէին մնում, որ նստած տեղից չհասցներ հանցավոր աշակերտի գլխին։ Երբեմն պատահում էր, որ գործ էր դնում կրակով լիք արդուկը կամ տեղից վեր էր կենում, բարձրացնում էր փոքրիկ հանցավորին մինչև յուր գլուխը և միանգամից վայր խփում գետնին։ Աշակերտը զգում էր, թե իբր մի բարձր ծառից է ընկնում, այնքան երկայն էր վարպետի հասակը։ Այս բավական չէր․ պատժվելուց հետո հանցավորը չէր կարող բարձր ձայնով լաց լինել, եթե ոչ հավատացած էր, որ երկրորդ անգամ կպատժվի։ Նա քաշվում էր խանութի մի անկյունը, և սովորաբար այն անկյունը, ուր ածուխ էր հավաքած և, նստելով այստեղ, լաց էր լինում կամացուկ, մինչև որ սիրտը հանդարտվում էր։ Այնուհետև Բարխուդարը սկսում էր նրա սիրտն առնել, խրատներ տալ, իհարկե, միևնույն ժամանակ, արտաքուստ ցույց չտալով, թե զղջամ է յուր խստության մասին։
— Քիչ տզտզիր, վե՛ր կաց, էս չուխան տար տուր տիրոջը, ամա տես հա՛, առանց շագիրդանի չի պուք գաս։ Պատժված աշակերտը աչքերը սրբում էր և ցավը մոռանում։
Երկրաշարժը պատահած րոպեին Բարխուդարը դարձյալ բարկացած էր աշակերտներից մեկի վրա։ Նա հենց նոր էր վերջացրել կշտին դրած մոմի կռուճները, գազաչափերը, մահուդի կտորտանքը և ուզում էր տեղից բարձրանալ, երբ բոլոր մարմնով դողաց և «թրըփ» մեկ էլ նորից նստեց տեղը։
— Ուստա, դո՛ւրս թռիր, տափը տիրուն ա կյամ, — գոռաց քյարգյար Սարգիսը և, պատասխանի չսպասելով, ինքը մի ոստումով թռավ փողոց։
Բարխուդարը և աշակերտները անմիջապես հետևեցին նրան։
— Սարգի՛ս, դուքանը ձեռաց կապիր, ես տուն եմ վազում, — ասաց և գդակը գլխից հանելով (ինքն էլ չգիտեր ինչու), վազեց դեպի տուն։
Տունը բավական հեռու էր, գտնվում էր քաղաքի մյուս ծայրում։ Ամբողջ ճանապարհը Բարխուդարը պիտի բարձրանար դեպի վեր, որ մի մեծ դժվարություն էր նրա համար այդպիսի դրության մեջ։ Նա սկսեց յուր երկայն ոտներին ուժ տալ։ Մի քանի քայլ չանցած, նրան հանդիպեց Հայրապետը։
— Զրընգ, զրընգ, փշրվեցին, Բարխուդար, տունս քանդվեց։
— Քեչի ջան հարայընդա, ղասաբ — փի,[1] — պատասխանեց միայն Բարխուդարը, ուշադրություն չդարձնելով Հայրապետի վրա և մինչև անգամ չնայելով նրա երեսին։
Հարևաններր շարունակեցին իրանց ճանապարհը դեպի տուն։ Բարխուդարը արագիլի նման էր ընթանում, մինչդեռ Հայրապետը հազիվ հազ կարողանում էր հետևել նրան։ Կարճահասակ մարդը ճարահատյալ սկսեց վազ տալ, որպեսզի հետ չմնա յուր հարևանից։
Քաղաքը չէր հանդարտվում, փողոցները դեռ լիքն էին խառնիճաղանջ ամբոխով։ Հայրապետը և Բարխուդարը դժվարությամբ էին կարողանում իրանց համար ճանապարհ բանալ։ Ամեն մի քայլափոխում նրանց առաջ հանդիսանում էին մեկը մյուսից զարհուրելի տեսարաններ։ Մի կողմում երեք-չորս մարդիկ փալասի մեջ փաթաթած տանում էին բազարից դեպի տուն իրանց ազգականներից մեկի դիակը։ Փալասի ծայրերը բռնողները լաց չեն լինում, նրանց աչքերի արտասուքը չորացել է․ նրանք առաջ են շարժվում լուռ ու մունջ, ինչպես գիշերային ուրվականներ։ Մյուս կողմում մեջքից ծոված մի ծերունի, կանգնած յուր փլատակված տան ավերակների վրա, ողբում է յուր որդու կորուստը, ուժաթափ ձեռները խփելով ալեզարդ գլխին։ Այստեղ հավաքված են մի խումբ մանուկներ։ Նրանք, իրանց մոր դիակը շրջապատած, մի այնպիսի աղաղակ են բարձրացրել, որ լսողի գլխի մազերն են ցցվում։ Այնտեղ ահա, ուղիղ փողոցի մեջտեղում, մի կին է նստած։ Նա յուր գրկում բռնած է մի մանկահասակ աղջկա ջարդ ու փշուր եղած գլուխը, կատաղի համբուրում է նրան։ Երբեմն բարձրացնում է յուր գլուխը և, երկու ձեռներով բռնելով անցորդների հագուստի փեշերից, բղավում է վայրենի ձայնով․
— Տվեք ինձ, ի՛նձ տվեք մինիկ աղջկանս, դուք եք նրան սպանել, անաստվածներ, դուք չօգնեցիք նրան հողի տակից դուրս բերելու։
Սակայն անցորդները ուշադրություն չեն դարձնում նրա վրա, միայն մի վայրկյան նայում են նրա արյունալի աչքերին, «գժվել է», բացականչում են և, գլուխները շարժելով, շարունակում են իրանց ճանապարհը։
Եվ այսպես, ամեն քայլափոխում Բարխուդարը և Հայրապետը հանդիպում էին մեկը մյուսից ավելի ողբերգական, ավելի սարսափելի պատկերների։
Վերջապես, հասան այն փողոցը, ուր գտնվում էին նրանց տները։ Դեռ փողոցի ծայրից Բարխուդարը տեսավ, որ յուր տան հանդեպ խառնվում են մարդիկ։
«Տունս թափվել է, կնիկս ու բալաներս տակն են մնացել», անցավ նրա մտքով, և նա զգաց սոսկում։ Պակաս չսարսեց և Հայրապետը, բայց նույն վայրկյանին հանկարծ նրանց առաջը կտրեց մի գունաթափ պատանի։
Սա Բարխուդարի որդի Սմբատն էր։
— Սուսանին էլ դուրս բերեցին հողի տակից, Սեյրանին էլ, սաղ սալամաթ են։ Մի քիչ Սեյրանի գլուխը արնվել է, ինքը լաց չի լինում, ասում է, չի ցավում, ծիծաղում է։ — Բաս մե՞րդ, Մարիամ բաջի՞դ, սաղ սալամա՞թ են, — հարցրեց Հայրապետը։
— Չիմ, չիմ սաղ սալամաթ են։ Մարիամ բաջին ինձ ասեց, որ վազ տամ ու ձեզանից խաբար իմանամ։ Շուտ հասեք, նրանք նիգարան են, դրսում հավաքված լաց են լինում։
Փողոցում նրանք հանդիպեցին Գյուլնազին և Մարիամ բաջուն։ Մաբիամ բաջին, տեսնելով յուր ամուսնուն կենդանի է անվնաս, չկարողացավ զսպել յուր ուրախությունը։ Նա վազեց առաջ և ուզում էև փաթաթվել Հայրապետի վզովը, բայց հանկարծ մտաբերեց, որ փողոցումն է և ետ քաշվեց։ Իսկ ամոթխած Գյուլնազը ուրախության արտաքին ոչինչ նշան չցույց տվավ։
— Սաղ սալամաթ են, — խոսեց վերջապես Մարիամ բաջին, — Սեյրանս ու Սուսանս ազատվեցին, օղորմի մեր հարևանների մեռելներին, նրանք մեզ ձեռք հասցրին, հանեցինք հողի տակից։
— Փառք աստուծո, փառք աստուծո, — ասացին միաբերան Բարխուդարն ու Հայրապետը, իրանց երեսների քրտինքը սրբելով։
— Ամատունս քանդվեց, Մարիամ ջան, զրընգ-զրընգ կուժ ու կուլաս փշրվեցին։ Ու՛ֆ, հենց կասես ոսկորներս էին փշրվում, հավատաս, մի հատ էլ սաղ չի մնացել։ Պիտի վազ տամ, տեսնեմ։
— Փիեե՜, զահլա տարիր հո, — հանդիմանեց Բարխուդարը յուր հարևանին, — ինչ անշնորհակալ մարդ ես, մին երեսիդ խաչահանիր, որ մենք ամեններս սաղ սալամաթ ազատվել ենք։
Այս ասելով, Բարխուդարը մյուսների հետ շտապեց ներս։
Երկու հարևաններից ոչ մեկի տունը չէր քանդվել, միայն բակի կողմից ցած պարիսպը փլատակվել էր կիսով չափ։ Նույնպես մի քանի տեղերից ճաքճքվել էր փողոցի պարիսպը։ Այս կողմից երկու հարևանները համեմատաբար բախտավոր էին, քան մյուս հարևանները, որոնցից շատերի տները կատարյալ ավերակ էին դարձել։
Բարխուդարը և Հայրապետը, տեղեկանալով Սուսանի և Սեյրանի մասին, շտապեցին իրանց ազգականների ու բարեկամների մոտ` «հալ օվհալ» իմանալու։
Մի երկու ժամից հետո վերադարձան և հայտնեցին, թե փառք
- ↑ Այծն յուր կյանքի հոգսումն է, իսկ սպանդագործը նրա ճարպի: