Նամուս/Առաջին/III
սփռելով բակում, խորտակված պարսպից քիչ հեռու, մի քանի կապերտներ, բավական ընդարձակ տեղ էր պատրաստել երկու ընտանիքների համար։
Բարխուդարի և Հայրապետի ընտանիքների մեջ կար մի անկեղծ բարեկամություն նահապետական ձևով։ Երկու հարևան ընտանիքները մոտ քսան տարի էր, որ խաղաղ և անխախտ շարունակում էին այդ բարեկամությունը։ Քսան տարիներ ապրելով միասին, նրանք այնչափ ընտելացել էին իրարու, որչափ հազիվ կարողանան ընտելանալ երկու ազգական ընտանիքներ։ Մեկի տխրությունը բնականաբար տխրություն էր պատճառում մյուսին, ուրախությունը — ուրախություն։
— Մի հատ քեզ պես հարևանը ինձ համար թանկ է, քան տասը ազգականներ, — դեպքը պատահած ժամանակ Հայրապետը չէր մոռանում կրկնել Բարխուդարին։
— Եթե պատահում էր, որ նրանցից մեկը այս կամ այն ձախորդության պատճառով ընկնում էր նյութական կամ բարոյական նեղ դրության մեջ, իսկույն մյուսը, առանց հարցնելու, աշխատում էր յուր հարևանին դուրս բերել նեղությունից։
— Բարխադա՛ր։
— Հը՞մ։
— Ախար երեկ էլի «սուխարի» (ժլատ) Սարգիսը բազարում բռնեց ինձ։
— Պատճա՞ռը։
— Դուքանի քրեհ է ուզում։
— Լա՛վ։
Եվ Բարխուդարը մյուս օրը, մի կերպ հաշիվը վերջացնելով «սուխարի» Սարգսի հետ, Հայրապետի օձիքը ազատում էր նրա ձեռքից։
Այս սերտ բարեկամության շնորհիվ շատ հազիվ էր պատահում, որ երկու ընտանիքները նեղ դրության մեջ մնային։
— Ունայնություն ունայնությանց, այսօր բաղումն ենք, վաղը հողումը, — կրկնում էր Բարխուդարը ստեպ-ստեպ։
Մյուս հարևանները, տեսնելով Բարխուդարի և Հայրապետի այս բարեկամությունը, զարմանում էին, մանավանդ նրանք, որոնք ավելի մոտիկ էին ծանոթ երկու հարևանների բնավորությանը։ Այսպիսիների համար հանելուկ էր, արդյոք ինչն է նպաստում Հայրապետի և Բարխուդարի այդչափ սերտ բարեկամությանը։ Նրանք երկար միջոց իրարու հետ վիճաբանում էին այս մասին։ Վերջ ի վերջո, իրանց կարծիքով, մի կերպ իբրև թե հանելուկը բացատրեցին։
Առաջ Հայրապետի ու Բարխուդարի հարևանները այսպես էին դատում։
— Տանձ ու խնձոր մի ծառի վրա ո՛վ է տեսել։ Ախար մինը կրակի կտոր գայլ է, մյուսը գլուխը բոշ-ոչխար, յարաբ ի՞նչպես են իրարու աչքը մտել։
Իսկ հետո, երբ, իրանց կարծիքով, գաղտնիքը իմացան, այսպես էին դատում․
— Մինը էշ է, մյուսը փալան։
Այսպես թե այնպես, Հայրապետը և Բարխուդարը բարեկամներ էին, և այս բարեկամությունը իրավունք էր տալիս նրանց ընտանիքներին միասին գիշերելու։
Բարխուդարը նստած էր փափուկ մինդարներից մեկի վրա։ Նա, մի կուռը բարձին հենած, մյուս ձեռով երկայն ու բարակ չիբուխը բռնած, մտածողության մեջ թաղված, ծխում էր։ Դաղստանի դառն թամբաքուի ծուխը, քուլա-քուլա դուրս սրընթալով նրա հաստ բեղերի տակից, ոլոր-մոլոր պտույտներով բարձրանում էր խաղաղ օդի մեջ։ Ամեն անգամ, ծխի քուլաները բերանից դուրս արձակելու ժամանակ, Բարխուդարը գլուխը բարձրացնում էր վեր և, կրկին ցած ձգելով, «չըրթ» թքում գետնին։ Հայրապետը նստած էր նրա դեմ ու դեմ։ Այս մարդը նույնպես ինչ-որ մտածմունքների մեչ էր, ինչպես այդ երևում էր նրա ճակատի կնճիռներից։ Երկայն տերողորմյայի սև ու խոշոր հատիկները, կանոնավոր կերպով պտույտ գալով նրա ձեռում, չխկչխկում էին միատեսակ ձայնով։ Կար մի տեսակ ներդաշնակություն այդ չխկչխկոցների և Բարխուդարի բերանից դուրս եկող ծխի քուլաների մեջ։
Սմբատը, մի կողմ քաշված, ճրագի առաջ ինչ-որ գիրք էր թերթում։ Նրանից մի փոքր հեռու Մարիամ բաջին և Գյուլնազը, քիթ քթի տված, ընթրիքի պատրաստություն էին տեսնում, երբեմն իրարու հետ քչփչալով։ Սուսանը և Սեյրանը պառկած էին Բարխուդարի ձախ կողմում, ջոկ-ջոկ անկողինների մեջ։
Սեյրանի գլուխը և ձախ աչքը փաթաթված էին կարմիր թաշկինակով։ Սուսանը բոլորովին անվնաս էր պրծել։
Վտանգից փրկված մանուկները, իրարու դեմ պառկած, խոսակցում էին մի քանի ժամ առաջ իրանց գլխով անցած փորձանքի մասին։ Նրանք խոսում էին այնպիսի սառնասրտությամբ, որ կարող էր ամաչեցնել հասակավորներին։
— Ես հողի տակ չլսեցի կարմիր կովի ձայնը, — ասում էր Սեյրանը։
— Ես լսեցի․ նա մին բառաչում էր, մին բառաչում էր, որ ջանս զարզանդում էր, — պատասխանեց Սուսանը։
— Ի՞նչպիսի կով էր․ պոզեր ունե՞ր։
— Ուներ, ուներ, ամեն պոզը էն ծառի բոյի, — Սուսանը յուր փոքրիկ ձեռքով ցույց տվավ բակում գտնվող կանաչազարդ թթենին։
— Աչքեր էլ ունե՞ր, — կրկին հարցրեց Սեյրանը։
— Բաս, բաս, այ էսպես, — Սուսանը վերմակի տակից հանեց երկու ձեռները և, նրանց ծայրերը իրարու մոտեցնելով, կռներով մի շրջանակ կազմեց։
— Ես պոզերն էլ տեսա, գլուխն էլ տեսա, աչքերն էլ տեսա, — շարունակեց Սուսանը, չիմ տեսա, չիմ։ Սեյրան, նա բերանը բաց էր արել ու ինձ ասում էր․ «Սուսան, Սուսան, ես քեզ կուլ կտամ, իմանո՞ւմ ես»։ Սեյրան, նրա բերանից, քթի ծակերից, աչքերից մին կրակ էր փչում, մին կրակ էր փչում, որ կասես, մեր էն մեծ թոնիրն էր։ Դու տեսե՞լ ես մեր մեծ թոնիրը։
— Հա՛, տեսել եմ։
— Իմանո՞ւմ ես, որ հաց թխելիս նրա մեջ ալովը ինչպես է «գուփ-գուփ» անում։
— Հա, տեսել եմ, իմանում եմ։
— Այ, կովի բերանի կրակն էլ հենց էնենց «գուփ-գուփ» էր անում։ Իմանո՞ւմ ես։ Բաս լեզուն, էլ մի՛ ասա, վա՜յ, վա՜յ․ հենց կասես, որ նոր թխած կարմիր հաց լիներ։
— Սուտ ես ասում, ես չեմ հավատում, — ընդմիջեց նրան Սեյրանը, ուղղելով յուր գլխի թաշկինակը։ — Ես եմ սուտ ասո՞ւմ, եեեե՞ս, եեեե՞ս, — բարկացավ Սուսանը, գլուխը բարձրացնելով և ձեռներով ճակատի վրա թափած գանգուր մազերը հետ դարսելով։ — Բաս չե՞ս իմանում, որ տափի տակին կարմիր կով կա։ Չե՞ս իմանում, որ երբ որ մարդիկ կարմիր կովին շատ են կթում, էլ նրա պստիկ բալի համար կաթ չեն թողնում, կովը հրսոտվում է մեզ վրա։ Չե՞ս իմանում, որ պոզերով տափը ժաժ է տալիս ու մեզ էլ տակովն է անում էսօրվա պես։ Հը՞մ, հը՞մ, չե՞ս իմանում։
— Քեզանից էլ լավ եմ իմանում, ինչպես չեմ իմանում, ամա դու էլի սո՛ւտ ես ասում, ինչու որ նրան հողի տակը իսկի չես տեսել։
— Սուտը դու ես, որ չես հավատում։ Սուտ, սուտ, սուո՛ւտ։
— Ուտես հավի կո՛ւտ, հը՛ը, դեհ, լա՞վ էր, — բարկացավ Սուսանը և կարմրեց։
— Հա՛ հա՛ հա՛, — կչկչաց Սեյրանը։
— Ծիծաղիր, ծիծաղիր, անհավատ, հարցու հայրիկից։
— էլի ի՞նչ կա, ինչո՞ւ համար եք կռիվ անում, — մեջ մտավ Բարխուդարը, վերջապես չիբուխը հանելով բերանից և կշտին դնելով։
— Սեյրանը չի հավատում, որ տափի տակին կարմիր կով կա։
— Սուտ է ասում Սուսանը, ես հավատում եմ, — արդարացավ Սեյրանը։
— Հա, կա, բալաներս, բաս որ չլիներ, էսօր տափը ժաժ կգա՛ր, — ասաց Բարխուդարը, քաղցրությամբ շոյելով Սուսանի մազերը և համբուրելով նրա ճակատը։
— Ո՛վ էր հրսոտացրել կարմիր կովին, որ մեզ հողի տակ թողեց, — հարցրեց Սեյրանը։
— Զեզ պես չար ու կռվարար երեխերքը։
— Մենք ի՞նչ ենք արել, որ ասում ես։
— Էլ ի՞նչ պիտի անեք, մեր խոսքը չեք լսում, մեր ասածը չեք կատարում, չարություններ եք անում, երեխաների հետ կռիվ եք անում ամեն օր, այ ինչ եք անում:
— Ես իսկի կռիվ չեմ անում, — հակառակեց Սուսանը։
— Ես Սուսանին էնքան եմ սիրում, էնքան եմ սիրում, որ չեմ ուզում ինձանից հեռանա, ինչո՞ւ պիտի կռիվ անենք, — ավելացրեց Սեյրանը։
— Շատ լավ եք անում, շատ լավ եք անում, բալաներս, ուրիշ երեխաների հետ էլ էդպես սիրով վարվեցեք, նրանց հետ էլ կռիվ մի անեք։
— Իրանք են մեր հետ կռիվ անում, մենք իսկի կռիվ չենք անում, — պատասխանեցին միաբերան մանուկները։
— Մեզ փախըլություն են անում նրանք, — շարունակեց Սեյրանը, — հենց տեսնում են, որ ես ու Սուսանը մի տեղ խաղ ենք անում, թափվում են մեզ վրա, ծիծաղում են, մեր աչքերին հող են ածում, մեզ «հըռհըռ» են կանչում։ Մենք էլ հրսոտվում ենք նրանց վրա ու կռիվ անում։ Այ, էն օրը Թափտուղանց Ջհանգիրը ուզում էր Սուսանի մազերից քաշի, ամա հենց որ ես մոտեցա, մի սիլլա տվի, մի սիլլա տվի, որ մի բաշ փախավ իրանց տուն։
— Ի՞նչ էիր խոսում, Սուսի ջան, Սեյրանի հետ հողի տակ, — հարցրեց Հայրապետը, վերջապես, ընդհատելով յուր տերողորմյայի չխկչխկոցը։
— Ի՞նչ էր խոսում, հա, չէ, չէ, չեմ իմանում․ միտս չի, Սեյրանը կասի։
— Խոսում չէինք, լաց էինք իլում, — մեջ մտավ Սեյրանը։
— Հերիք է, Սեյրան, քիչ խոսիր, այ տղա, գլուխդ կցավի, — շշնջաց Մարիամ բաջին, մոտենալով յուր որդուն։
Հետո նա շալը բերանին պահած, մոտեցավ յուր ամուսնուն և ցած ձայնով ավելացրեց․
— Այ մարդ, երեխիս մի թողնիր, որ հողի տակ մնալը միտը գցի, ախար կզարզանդի ու հետո կհիվանդանա։
— Քո բանը չի, թող ինչքան ուզում է` խոսի, սիրտը կպինդանա, մին էլ, որ կմեծանա, կմոռանա, — ասաց Հայրապետը։ — Ասա, բալաս, ի՞նչպես մնացիր հողի տակ, ի՞նչ էիք խոսում։
Սեյրանը, կարծես, հենց մի այդպիսի առիթ էր որոնում։ Նա գլուխը բարձրացրեց, ծալապատիկ նստեց անկողնի մեջ և այսպես սկսեց․
— Սուսանը տիկին — տիկին էր խաղում Սուսամբարի, Թագուհու, Զազառի, Սապանի, Խաթայի, Նուրջիի ու Հուռուսիկի հետ, ես էլ թամաշա էի անում։ Մին էլ տեսնենք «գյուռ-գյուռ» երկինքը գոռգոռեց, տափը լըխլխեց, գլուխս շուռ տվավ, ոտի վրա կանգնել չկարողացա։ Չիմ փախան, ես ու մեկ էլ Սուսանը մնացինք։ Ես էլ կփախչեի, ամա Սուսանը մնաց, եկավ կպավ շորերիցս, պուկ չեկավ, ես էլ չկարողացա ոտ փոխել։ Մին վախտ տեսնենք Ախչամանանց դուռը «թարախկ» մեզ վրա ընկավ, մի քիչ գլխիս կպավ, ամա մին ցավացրեց, մին ցավացրեց, որ ես հարայ տվի ու տեղնուտեղը ընկա։ Սուսանն էլ ընկավ իմ կողքին։ Խեղճը մին լաց էր իլում, որ մազերս դիք-դիք էր կանգնում, սիրտս մըղկըտ-մըղկըտ էր անում։ Մին էլ տեսնեմ «գյուռ-գյուռ» հողը սելի պես թափվեց մեր գլխին, ամա Ախչամանանց դուռը ընկած էր մեզ վրա ու չէր թողնում, որ հողը մեզ շատ զոռ անի։ Սուսանը վախութենից ինձ ղուջ արավ, «ա՜խ մամա, վա՜յ մամա» կանչելով։
— Հետո, հետո, հա, տեղս նեղ չէր, ամա գլխիս ճղված տեղը շատ ցավում էր, նաֆասս էլ մին քիչ փաթաթվում էր։ Սուսանը ասեց. «Սեյրան, դա տափի տակը կարմիր կովն է․ էլի հրսոտվել է մեզ վրա»... Հետո՞․ հետո ես ասացի․ «Սուսան, եկ մենք էստեղից դուրս գալուց հետո էլ չարություն չանենք, կարմիր կովին չհրսոտացնենք, երեխաների հետ կռիվ չանենք, չիմին սիրենք»։ Սուսանը ասեց․ «Հա, կսիրեմ, կսիրեմ, չիմ երեխաներին կսիրեմ, մինիկ եղբորս արևը վկա, կսիրեմ․ թող մին ազատվենք, թող մինիկ մամիս երեսը տեսնեմ»։
— էս որ ասեց, էլի լաց իլավ, ես էլ լաց իլա, երկուսներս էլ ձեն ձենի տվինք ու լաց իլանք։ Եմ խեղճս գալիս էր Սուսանին: Հետո... հետո,հետո ի՞նչ իլավ, հա չեմ ասիլ։
Սեյրանը, վերջին խոսքերը ասելով, գլուխը ցած թեքեց և սկսեց ամոթխածությամբ աչքերի տակով նայել Սուսանին։ Նրա ականջները և երեսը կարմրեցին։ Սուսանը աչքերը պլշած, ուշադրությամբ լսում էր նրան։
— Հետո ի՞նչ իլավ, — հարցրեց Հայրապետը, ձեռքերով շոյելով Սեյրանի գլուխը։
— Հետո ես դռնի տակից ձեռներս մեկնեցի, ղուջ արի ու պաչեցի, էլ նրանից հետո ինչ իլավ, ինչ չիլավ, միտս չի։
— Ո՞ւմին պաչեցիր։