Jump to content

Նամուս/Առաջին/IX

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

նա, — որ մին էլ էս ղալաթները չանի, էլ ոչ ես, ոչ դու, Հայրապետ մեր բարեկամությունը կկտրվի մինչև հավիտենական դուռը»։

Լսելով այս խոսքերը, Հայրապետը բազարի մեջ մնաց տեղն ու տեղը։ Նա մի քանի վայրկյան ոչ կարողացավ շարժվիլ, ոչ կարողացավ խոսիլ, միայն գլուխը ծռեց դեպի աջ ուսը, հոնքերը վեր քաշեց, աչքերը չռեց, ծնոտը լախացրեց և ապշած սկսեց նայել Բարխուդարին, որ այդ միջոցին մի քանի քայլ առաջ էր գնացել։ Տեսնելով որ յուր հարևանը կանգնեց, ինքն էլ հետ նայեց և նրա հայացքը ընկավ ուղիղ Հայրապետի դեմքին։

— Հը՛մ, ցուրտ է, բաս, սառած կմնաս բաս չէէ՛։ Ականջներդ բաց արա ու լավ լսիր, թե որ լակոտիդ ջլովը ձեռդ չառնես, մեր բանը վերջացած է։

Հայրապետը դարձյալ ոչինչ չպատասխանեց։ Նա մի քանի վայրկյան ևս զարմացած մտիկ տվավ ու վազեց։

«Գնաց, որ տընգըզի, թո՛ղ տընգըզի, ա՛խ, թե իմ էլ ձեռս կընկնես, Սեյրան լակոտ, մեծ թիքադ ականջդ կթողնեմ», — ասաց Բարխուդարը և շարունակեց յուր ճանապարհը։

Հայրապետը, գնալիս, ճանապարհին ինքն իրան խոսում էր, զանազան հիշոցներ էր տալիս, հայտնի չէր ո’ւմ, և ձեռներով ու գլխով անսովոր շարժումներ անում։ Անցորդները տեսնելով նրան, կանգնում էին ու մտիկ անում զարմացած, «գժվե՞լ է էս մարդը, ինչ է» կրկնելով։

Վերջապես, Հայրապետը հասավ տուն։ Սեյրանը տանը չէր։ Հայրապետը մտավ խոհանոց Մարիամ բաջուն տեսնելու, բայց նրան ևս այնտեղ չգտավ։ Նա կամեցավ անմիջապես գնալ Բարխուդարանց տուն, բայց հետո փոշմանեց և, մի քանի քայլ չանցած, կրկին վերադարձավ յուր սենյակը։

Քառորդ ժամից հետո ներս մտավ Մարիամ բաջին։

— Քեզ նման կնկա սիրտը պիտի հանեմ, շամփրին քաշեմ ու թեժ կրակի վրա դես խորովեմ, դեն խորովեմ, որ բալքա սիրտս հովանա, — գոռաց Հայրապետը, հարձակվելով յուր ամուսնու վրա։

Մարիամ բաջին իսկույն հասկացավ նրա բարկության պատճառը։

— Ես ի՛նչ մեղավոր եմ, այ մարդ, որ իմ գլուխս ես ծակում։ — Բաս ես եմ ծնե՞լ էն լակոտին, հըմ, ես եմ ծնե՞լ։

— Ծնողը ի՞նչ հող ածի գլխին։

— Սև հող։ Մեղավորը դու չես, բաս ո՞վ է։ Դու չե՛ս, որ նրա հետ աղաչանք-պաղատանքով ես խոսում, դու չե՛ս, որ փայտը ձեռս վերցնելիս, գլխապատառ մեջտեղ ես մտնում, որ ես էն, էն շնին չի խրատեմ։ Հըմ, գնա՛, դեհ հիմա սաղ քաղաքում խայտառակվիր, ըըը՛ ես քո էդ, էդ, էդ, մեղա քեզ, տեր ամենակարո՛ղ, հը՞մ, ասա, տեսնեմ, ինչո՞ւ ես ծնել։

Հայրապետը, վերջին հարցը կրկնելով, ուսերը վեր քաշեց, մոտեցավ Մարիամ բաջուն, բռնեց նրա թիկունքից և սկսեց թափահարել, անդադար կրկնելով․ «ինչո՞ւ ես ծնել»։

— Խաթի բալի մեջ չընկա՞նք։ Այ մարդ, ֆիքր արա, տես ինչե՞ր ես դուրս տալիս, խելքդ ո՞րտեղ ես թողել։

— Խելքս փափախիս տակն է։ Մին էլ եմ հարցնում, ախար ինչո՞ւ ծնեցիր, հըմ, ինչո՞ւ, որ էսօրվա՛ օրը ինձ Բարխուդարի մոտ սև երես թողնի՞, հաա՞, այ ես քո էն․․․ տե՛եեր աստված։

Մարիամ բաջին, տեսնելով, որ յուր ամուսինը շատ է երկարացնում, երեսը շուռ տվավ ու դուրս եկավ։ Հայրապետը մինչև երեկո այս կողմ այն կողմ շուռ տվավ, դես վազեց, դեն վազեց, մինչև որ իրիկնադեմին Սեյրանը եկավ տուն ։

Առանց մի խոսք ասելու, առանց որևէ հարց ու փորձի, Հայրապետը մի մեծ կոպալ խլեց, որ հարձակվի յուր որդու վրա։ Վերջինը հենց սկզբից հասկացավ շարժողության պատճառը, փախավ դուրս, և ամբողջ օրն ու գիշեր չվերադարձավ տուն։ Բայց և այնպես նա չազատվեց պատժից։ Հայրապետը մյուս օրը երեկոյան բռնեց Սեյրանին և այնքան ծեծեց, որ ինքը հոգնեց, իսկ ծեծվողը ուշաթափվեց։

Սուսանի հետ տեսնվելուց հետո Սեյրանը այլևս դադարել էր հաճախել Բարխուդարի խանութը։ Նա վախենում էր, բայց որ ամենագլխավորն է, ամաչում էր երևալ ահարկու «ուստայի» աչքին։ Առավոտը նա դուրս էր գալիս տնից, վերադառնամ էր երեկոյան։ Հայրապետը ամեն օր շարունակում էր գործածել խրատելու սովորական միջոցը — ծեծը։ Մարիամ բաջին աշխատում էր խելքի բերել Սեյրանին յուր մայրական քնքուշ խրատներով։

— Այ գեդա, այ գեդա, խնայիր մեզ, անուններս տափը մի՛ կոխիր, խելքի ե՛կ, գնա՛ բանիդ։

— Կթակի, չեմ ուզում։

— Հուրսը քնել է, լավ է, բաշխել է, մի՛ վախենար։

— Հըմ, մի վախենար։ Սմբատն ասում է, ամեն օր անունս լսելիս, բեղերը կրծոտում է։ Չէ, չեմ ուզում, լավ է քաղցած մեռնիմ, քան թե նրա երեսը տեսնեմ։ Ես թակից չեմ վախենում։

— Բաս ինչի՞ց ես վախենում։

— Ամաչում եմ, ամոթ է։

— Մին բան ես բռնել, որ չամաչե՞ս, սև երես գեդա։

Սեյրանի համար ամենացավալի բանն այն էր, որ չարագուշակ երեկոյից հետո չէր կարողանում տեսնել Սուսանին, հարցնել, իմանալ նրա դրությունը։ «Ո՛վ գիտե, կարելի է նա նեղացած է ինձանից, որ ես համբուրեցի և այսքան չարչարանքների պատճառ դարձա», — ասում էր ինքն իրան Սեյրանը։ «Բայց չէ, այստեղ համբույրը չի գլխավոր պատառը․ ասում են, որ Բարխուդարը վաղուց է իմացել մեր տեսնվելը»։ Ահ, մի անգամ էլ նա տեսնե Սուսանի երեսը, հարցնե, իմանա նրա միտքը, հետո ինչ ուզում են, թող անեն նրան․․․

Եվ այս նպատակին հասնելու համար գիշեր ցերեկ նա տածում էր, տեսակ-տեսակ ծրագիրներ էր կազմում։ Ամեն երեկո մութն ընկնելուց հետո, նա վազում էր ու թաքնվում Բարխուդարանց տան պատերի տակ, որ գուցե Սուսանը բակը դուրս գալու Ժամանակ, նրան հանդիպի։ Բայց իզուր, Սուսանը չէր երևում, կարծես նա չկար աշխարհում։ «Չլինի թե հիվանդ պառկած է անկողնում», — մտածեց մի օր Սեյրանը։ Բայց հետևյալ օրը նա կողմնակի կերպով հարցրեց այս մասին Սմբատից, և վերջինի խոսքերից երևաց, որ Սուսանը վաղուց է առողջացել։

Այսպես Սեյրանը մի ամբողջ ամիս անցկացրեց։

Կեսօրվա ժամի մեկն էր։ Արեգակը կիզում էր։ Այն փողոցը, ուր գտնվում էին Բարխուդարի և Հայրապետի տները, դատարկ էր։ Միայն երբեմն այս կամ այն տան դռներից դուրս էր գալիս շալի մեջ փաթաթված մի կին կամ օրիորդ շտապով մտնում հարևան տներից մեկը, ձեռքում շալի տակ մի ափսե պահած։ Նա այսօրվա եփած կերակրից յուր հարևանի համար «ղոնշի փայի» (հարևանի բաժին) է տանում։

Արեգակի տաքությունից նույնիսկ թափառական շները քաշվել էին փողոցի կիսախարխուլ պատերի ստվերի տակ և, լեզուները մինչև արմատը դուրս բերած, «լահ էին թակում»։ Օգուտ քաղելով նրանց թուլացած դրությունից, շնաճանճերը վրա թափված, անխնա կերպով կծոտում էին նրանց։ Շները անդադար թափահարում էին իրանց դնչերը, որ ճանճերին փախցնեն․ «տը՜զ» թռչում էին ճանճերը մի վայրկյան և կրկին նստում իրանց տեղը, որ նորից սկսեն ծծել խեղճ կենդանիների արյունը։

Մերթ ընդ մերթ փողոցի մելամաղձոտ լռությունը ընդատում էր ամբողջ քաղաքին ծանոթ, բուխարու հին գդակներ գնող, կարճահասակ, չալ միրուքով, սպիտակ ատամներով, հաստ ու կարմիր շրթունքներով, հնդիկ Բաշիրի հաստ ու խռպոտ ձայնը։ «Քոհնա փըփախ, քոհնա փըփախ», — գոռում էր նա, կանգնելով այս ու այն տան դռների առաջ և, հոնքերը վեր քաշած, նայում դեպի բակը։ Բակերում խաղացող մանուկները, լսելով նրա տարօրինակ ձայնը, «այ բաջի,

այ դադաշ, ղարա Բաշիրը եկել է, որ մեզ տանի դևի մոտ», 

աղաղակում էին նրանք ու փախչում էին ներս։ «Ղարա Բաշիրի» ձայնին հետևում էր նույնպես ամբողջ քաղաքին հայտնի «թեփ առնող» Թաղիի ձայնը։ Ահա՛ հրեն էէ՛է, Թաղին, մի չվալ թեփ շալակած, մեջքից երկու ծալ ծռված, տնքտնքալով անցնում է այս փողոցից դեպի մյուսը, ուժասպառ ձայնով բացականչելով․ «սաթտըղ քյափաակ օլան»։ Եվ Թաղիի ձայնը, որ, կարծես, հորի խորքից է դուրս գալիս, տարածվելով «Խարաբա շահարի» առանց այն ևս մռայլ ավերակների վրա, կրկնապատկում էր նրանց մռայլությունը։ Մարիամ բաջին այդ ժամանակ իրանց բակում պատի ստվերում նստած կար էր անում։ Նա նստած էր երեսը դեպի բակի փլատակված պարիսպը դարձրած։ Բակում ուրիշ ոչ չկար, միայն խոհանոցի առջև հավաքվել էին հավերն ու աքաղաղները և կուտկտում էին գետնին թափված խաշած բրինձները և երբեմն կչկչալով իրարու կտցահարում։

— Քիիշշշ, քիիշշշ, ա՛յ անտեր մնաք, ո՛ւֆ, մարդու սիրտ կճաքացնեք դուք, — բացականչում էր շուտ-շուտ Մարիամ բաջին հավերի վրա, յուր կշռին դրած բարակ ճիպոտը գետնին չփացնելով։

Մարիամ բաջու միտքը այդ րոպեին զբաղված էր, այդ պատճառով նա շուտ-շուտ բարկանում էր հավերի վրա, որ խանգարում էին նրա մտածմունքները։

Մի քանի րոպե կարելուց հետո, Մարիամ բաջին հանկարծ ասեղը ցցեց կարի մեջ, մատնոցը մատից հանեց և կարի հետ շպրտելով մի կողմ, ձեռը մեկնեց մինդարի տակ, որի վրա ինքը նստած էր ծալապատիկ։ Նա այնտեղից դուրս բերավ մի հին շորի փոքրիկ կապոց և բաց արավ նրա կշռկուռները։ Դուրս թափվեցին կապոցի միջից մի բուռն չորացած ու սևացած սիսեռներ։ Մարիամ բաջին վեր առավ քթախոտամանը, ցուցամատի և բութ մատի ծայրերով դուրս բերավ այնտեղից մի պտղունց քթախոտ։ Մի երկու անգամ ախորժակով քաշեց, փռշտաց, հազաց ու երեսին խաչակնքեց, ասելով, «տեր աստված, դու չարը խափանես, բարին առաջ բերես»։ Հետո, նա քթախոտամանը կրկին դրավ յուր տեղը, կրկին երեսին խաչակնքեց, այս անգամ երեք անգամ, և ջերմեռանդությամբ սկսեց «նոխուդ բացել», այսինքն սիսեռների վրա հմայել, քթի տակ տմտըմալով, «իլի-չիլի դա, տեր ամենակարող աստված, իմ Սեյրանիս բախտը իլի, թե որ երեխիս վերջը բարի է, էս նոխուդը բաց դուրս գա, թե չէ շառ է, փակ դուրս գա»։

Այս ասելով, Մարիամ բաջին աջ ձեռի ափով յոթ անգամ տրորեց սիսեռները և մատների ծայրերով բաժանեց երեք մասերի։ Նա այս կողմը դարսեց, այն կողմը դարսեց սիսեռները, մի տեղ ավելացրեց, մի տեղ պակասեցրեց, հետո կրկին խառնեց ու մեկ էլ բաժանեց, այս անգամ ինը տեղ։ Այնուհետև նա ձեռները սիսեռներից հեռացրեց, դեմքին լրջություն տվավ և, նայելով նրանց, սկսեց ինքն իրան խոսել։

«Դա բաց ճանապարհն է, էս մեկն էլ Սեյրանս է, տես, տես ինչպես է կանգնել ֆիքրի մեջ կորած։ Հա՛, սա էլ Սեյրանիս առաջ մեկը կանգնած է, ո՞վ լինի, հը՞մ։ — Հալբաթ Սուսանս է։ Հետո, դե սրանք էլ Սեյրանիս ընկերներն են, ուֆ, աստված, ինչպես են չարերի պես երեխիս պատել չորս կողմից։ Ձեզ տեսնեմ, որ բեբեգներդ ջուր լինի ու ձեոներիդ մեջ թափվի, յարաբ ի՛նչ եք ուզում երեխիցս։ Հա, լավ, բաս էս մեկը ո՞վ է, տեր աստված, որ էդպես երեխիս առաջը կապում է սև թելի պես։ Ուֆ, քո աչքն էլ հանեմ, ո՛րտեղից դուրս պրծար դու։ Ով պիտի իլի, աստված, հըմ»։

Մարիամ բաջին, աջ ձեռի մատները ծռելով, դրավ ծնոտի վրա, իսկ ցուցամատով ծածկելով բերանը, խորը մտածողության մեջ ընկավ։

«Չէ, չէ, բաս նոխուդը պակաս է, ասաց նա ինքն իրան, ձեռը ծնոտից հեռացնելով։ Մի-չորս, երկու-չորս, երեք-չորս, չորս-չորս։ Դա էլ հինգ-չորս, դա էլ մին թաք։ Դրուստ տասը-չորսը, մին թաք։ Պակաս չի, մեկ էլ բաց անեմ»։

Նա կրկին խառնեց սիսեռները և կրկին միևնույն տեսակ բաժանեց։

«Փիեե, էլի բեբեք դուրս եկածը պըպզեց երեխիս առաջ», ասաց Մարիամ բաջին և սկսեց երրորդ անգամ բանալ։ Հետո նա չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, վերջապես, մինչև տասնուհինգ անգամ բաժանեց և բաց արավ։ Վերջապես, Մարիամ բաջին հոգնեց, ինքն իրան բարկացավ և սիսեռները հավաքեց։

«Անտեր մնաս, այ նոխուդ, մի խեր խաբար չես անում, կորի՛ր», ասաց, արագությամբ մի կողմ շպրտելով սիսեռների կապոցը, և կարը վերցրեց։

Այդ ժամանակ հանկարծ նա լսեց մի բարձրաձայն աղաղակ, որից հետո իսկույն մի գլխաբաց երիտասարդ, գդակը ձեռում բռնած, ներս թռավ։

— Նամարդներ, ինձ մենակ եք տեսե՞լ, սպասեցե՛ք, ես ձեր գլխին մի օյին բերեմ, որ ճանաչե՛ք, թե ես ո՞վ եմ, — գոռում էր երիտասարդը, վազելով բակի մյուս կողմը, ուր խոհանոցն էր գտնվում։

Մարիամ բաջին հայացքը ձգելով երիտասարդի վրա, սարսափեց և տեղն ու տեղը անշարժ մնաց։ Նրա ձեռները թուլացան, և կարն ընկավ գետնին։ — Սեյրան, Սեյրան, էլի ո՞ւմի հետ, էլի ո՞ւմի հետ, — աղաղակեց նա, ուշքի գալով և տեղից վեր թռչելով։

Բայց Սեյրանը չէր լսում։ Նա վազեց խոհանոց, մի երկայն կարմրագույն փայտ վերցրեց, մի վայրկյանում չուխան հանեց, փաթաթեց ձախ թևին և թռավ փողոց։ Մարիամ բաջին հետևեց նրան։

Փողոցում սպասում էին երկու առողջակազմ երիտասարդներ նույնպես մի-մի փայտ ձեռներին և, իբրև վահան, ձախ թևերին չուխաները փաթաթած։

Սեյրանը գլխակոր վազեց նրանց դեմ։ Կռիվը սկսվեց։ Սեյրանը պաշտպանվում էր և, հաջող վայրկյաններ գտնելով, հարվածներ էր տալիս յուր հակառակորդներին։ Մեջ ընկավ ոտաբաց և գլխի մազերը փետտելով Մարիամ բաջին։

«Ա՛յ ձեր մեջքը տափին կպչի, ա՛յ ձեր մերերը սևում մնան, ա՛յ ձեր աչքի լույսը ջուր դառնա, երեսներդ թափվի, ի՞նչ եք անում»։

Սեյրանի հակառակորդներից մեկը, փայտի մի հարված տալով Մարիամ բաջու ուսին, չթողեց մեջ մտնելու։

— Ուֆ, ջիգարդ դաղվի, հարայ, ա՛յ հայ քրիստոնյաներ, էրեխիս սպանե՛ցին, վայիս հասեք, — գոռաց Մարիամ բաջին և ուժասպառ ընկավ գետնին։

Այդ վայրկյանին կռվողներին մոտեցավ մի ուրիշ բարձրահասակ երիտասարդ։ Դա նույնպես զրահավորված էր փայտով։ Հասավ թե չէ, երիտասարդը Սեյրանի հակառակորդներից մեկի թևին մի սաստիկ հարված տվավ։

— Ուխա՛յ, ուխա՛յ, բոյիդ մեռնեմ, Սմբատ, ուխայ, մին էլ, — բացականչեց Մարիամ բաջին։

Հակառակորդի թևը թուլացավ, ձեռից փայտն ընկավ, նա սկսեց փախչել։ Մյուս ընկերը անմիջապես հետևեց նրան։ Սեյրանն և Սմբատը վազեցին նրանց հետևից, բայց հակառակորդները անհետացան փողոցի ծայրում։

Սմբատը և Սեյրանը հաղթության զգացմունքով վառված հետ վերադարձան։ Մարիամ բաջին չէր դադարում աղաղակել և մազերը փետտել։

— Հերիք է, սո՛ւս արա, տեսար հո ինչ բերինք նրանց գլխին,