Նայիր աչքերին... տես ո՜նց են նայում
Ու ո՜նց են ձգում փայլով շողաթաց,
Չասվող խոսքերի բույրով հմայում
Եվ իրենց գիրկն են քեզ քաշում կամաց:
Փախչել չես կարող դու նրանց առաջ,
Քեզ քո ցանկության ցավին են գամում,
Հողի մեջ ծլող բույրերով կանաչ
Սուրբ կրակներ են սրտիդ մեջ քամում:
Թե մեղավոր ես, մնում ես խոնարհ,
Բացում ես մեկեն սիրտ ու էություն,
Դու քո ոտքի տակ դառնում ճանապարհ
Եվ քեզ մաքրության եզերք ես տանում...
Աղջկա աչքեր... աչքե՜ր իմ սիրո,
Ճամփիս լույս տվող մոգեր լուսեղեն,
Թող ցավ չտեսած ձեր անեղծ սիրով
Իմ երազների դեմքը ողողեմ...