Նատյուրմորտ՝ կարոտներով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մի տղայի աչք իր վրա Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Նատյուրմորտ՝ կարոտներով)

Վարդան Հակոբյան

Սիրեցեք զմիմիանս
ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ՝ ԿԱՐՈՏՆԵՐՈՎ


Ես նկարել եմ կարոտդ թղթին
եւ հետո տեսել,
որ նույն այդ թղթի կապույտը գետ է՝
շարժուն, հարահոս
եւ հնար չկա այլեւս պատռել։
Ես ծով եմ գալու՝ քո անվան հետքով։

Անունդ՝ որպես մեն մի բարունակ,
կելնի-կծաղկի
հորիզոնի մեջ։
Հետո երկինքը կիջնի ուսերիս,
հետո լեռները կիջնեն ուսերիս,
հետո թեւերիս կպառկես ինքդ՝
ինչպես դաշտային ծաղիկների փունջ,
հետո եւ ծովը կիջնի ուսերիս
ու ես կգնամ անհայտ ուղղությամբ։

Եվ երբ կհասնեմ այնտեղ, որտեղ որ
կանգնելն ավելի լավ է գնալուց,
ես ցած կդնեմ
անսովոր բեռս,
քեզ հետ կփորձենք մեր ցավից պահվել՝
պատահած ծաղկի բյուրեղ-բաժակում,
սակայն կտեսնեք,
որ ցավից երբեք փախչել չի լինի,
կսկսենք քիչ-քիչ սիրել ցավը մեր,
որով որ ծաղկի բաժակներն են լի։
Քամիների մեջ իրար կզարկվեն
լուրթ բաժակները այդ ծաղիկների,
որոնց անունը չենք էլ իմանում,
եւ մենք կհնչենք ողջ աշխարհով մեկ։
ՈՒ ծաղիկները մեզնից կձուլեն
սեր ու տառապանք
եւ, անշուշտ, կարոտ՝ անտրոհելի։
Ես նկարել եմ կարոտս թղթին։