Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԻԱՆՍ
Ծաղիկը, լույսը, երեխան,
ամեն ինչ աշխարհում
ծնվում է սիրուց։
Կանգնել է ճամփի մոտ ծաղիկը,
ճչում է սեթեւեթ,
չպոկես՝ ի՞նչ անես։
Անձրեւը, շողը, հավատը,
ամեն ինչ աշխարհում
ծնվում է սիրուց։
Կանգնել է ճամփի մեջ երեխան,
ձեռքը մեկնել է,
չգրկես՝ ի՞նչ անես։
Կարոտը, տունը եւ ճամփան,
ամեն ինչ աշխարհում
ծնվում է սիրուց։
Կանգնել է ճամփին մեր տունը հին,
կանչում է հայացքով,
չգնաս՝ ի՞նչ անես։
Երազը, հույսը եւ սերը,
ամեն ինչ աշխարհում
ծնվում է սիրուց։
Կանգնել է ճամփին մեր սերը մեծ՝
հրեղեն փշերով,
չվառվես՝ ի՞նչ անես։
|
|