Jump to content

Նատյուրմորտ՝ հուշերով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ՝ ՀՈՒՇԵՐՈՎ


Առվի արծաթը հոսում է անկանգ.
- Տատս իր գոտին սարում է թողել։
Բույնը չի լքում հավքը օրոցկան.
- Աչքահուլունք են աստղերը կախել։

Կիսալուսինը սուրսայր է այնքան.
- Ո՞ւմ գերանդին է թփի մեջ պահված։
Ականջ է ծակում լռությունն անգամ.
- Երազը ջրին տարավ ձորն ի վար։

Մութը ճեղքվում է լեռան կողն ի վեր.
- Մի աղջիկ ջուր է Քարաղբրից բերում։
Արեւից էլ բորբ իմ գարնան օրեր.
- Սառը ջրի մեջ շուրթեր են այրվում։

Պապս չգիտե, որ մենակ չեմ ես։
- Պապիս «ուշունցն» էլ սիրուն է, անմեղ։
Շիկնանքից մի խոտ պոկել՝ ծամում ես.
- Հուշը լեզվիս տաք որքան է համե՜ղ։

Երկնքից առկախ՝ կածանների բույլ.
- Ներկա-բացակա... Քանի՞ սար չկա.
Երազներն ի վեր շնկշնկոց է թույլ.
- Այն, ինչ մերն է, նորից ետ կգա...