Ներկարար թագավորը
Լինում է, չի լինում, մի թագավոր է լինում։ Այդ թագավորը շատ է ուզում, որ իր արքունիքում սրան-նրան քսմսվող մլավանը վագր լինի։ Բայց, ինչ արած, կատու էր, այն էլ՝ տոհմական։ Թագավորի միտքը մի օր տակ տվեց, գլուխ տվեց, այսպիսի մի որոշում կայացրեց.
-Ներկեր են հարկավոր։
Նազիր-վեզիրներն իսկույն գործի անցան, երկրե-երկիր գնացին, հասան մինչեւ Իրան ու Թուրան եւ երկրագնդի ամենապայծառ գույները հավաքեցին ու բերեցին։ Իր ձեռքով վերցրեց թագավորը ու կատվին վագրի գույն տվեց, բան չստացվեց, մի երկարաձիգ «միավու» ամեն ինչ փչացնում էր, առյուծի գույն տվեց, բան չստացվեց, մի մռռոցն ամեն ինչ փչացնում էր, թռչնի գույն տվեց, էլի բան չստացվեց, կատուն վառարանի տակից ու արքայական թախտից բաց ուրիշ տեղ չէր գնում։
Տեսնելով, որ թագավորը շատ է չարչարվում, խորհրդատուներից մեկը մոտեցավ եւ ասաց.
-Թագավորն ապրած կենա, եթե արքունիքի մկներին կերակրեն, գիրացնեն նրանց, մուկ բռնող կատվի անունն ավելի կբարձրանա։ Կասեն՝ կատուս ո՞րն է, վագր է, կերած մկներից ամեն մեկն էլ մի ոչխարի չափ դարձավ, բայց էլի դրանով ոչինչ չփոխվեց աշխարհում, բացի մի բանից։
-Ինչի՞ց,- կհարցնեք դուք։
-Այն, որ թագավորի համար այդ օրվանից սովորություն դարձավ իր ամեն մի խոսքն ու գործն էլ ներկել, մեկ էլ այն, որ դրանից հետո նրա մասին ժողովրդի մեջ ասում էին՝ կատու «կրասկա» տվող թագավոր։
Բա՜... Հնուց ասված բան է՝ աչքը որ չտեսնի՝ կկուրանա, լեզուն որ չխոսի՝ կպապանձվի, ականջն էլ որ չլսի՝ կխլանա։