Jump to content

Նոստալգիա (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՆՈՍՏԱԼԳԻԱ


Կորցրել եմ իմ մանկության երկինքը, ափսոս։ Այնքան
աստղեր ուներ։ Եվ ամեն աստղ ինձ ճանաչում էր։
Ես էլ, իմ հինգ մատի պես, աստղերին
գիտեի։ Չէ՞ որ ես որքան երկրավոր, նույնքան էլ
երկնավոր էի. մի ոտքս միշտ հողին էր, քարին էր,
Մեր ձորագետի ջրերում էր, մի ոտքս՝ երազին, աստղին,
կապույտին։
- Սլավի՜ի՜ի՜կ, - հայրս է կանչողը։
Քառսուն ջրաղացքարի տակ էլ լինեի, հորս ձենը հասնում
էր ինձ, վազում էի տուն։ Հայրս իր սեւ-սեւ, սիրուն,
ըմբոստացայտ ու բարի աչքերը հառում էր ինձ վրա, մի
քանի վայրկյան չէր խոսում, հետո, թե.
- Գնա կացինն ու պարանը բեր, դիր էշի վրա։ Էսօր
«Մանուկ Աբեղյան» կարդացել ե՞ս...
Հետո երբ ինքը գնում էր անտառ ու գալիս,
ինձ գրկում էր երկար ձեռքերով ու իմ ունքամեջը
համբուրում էր։ Ես քաջալերված դրանից, դժգոհում էի.
- Մի դատարկ գործի համար ինձ խաղատեղից
կանչում-բերում ես...
Հիմա եմ հասկանում՝ ուզում էր մանկությանս
պատահարաշատ վայրերից ինձ տուն բերել, նոր
գնալ ծմակ՝ փայտի, որ հանգիստ լինի։
- Սլավի՜ի՜ի՜կ...
Եթե այս ձենն իմ ականջից գնա, իսկույն կխլանամ։
- Հայրի՜ի՜ի՜կ...
Հիմա ես եմ կանչում։ Ու ձեն չկա։
Աստղեր, աստղեր։ Ձեզ ինչ ասեմ։ Կամ՝
ինչ կարող եմ ասել։ Հայրս երկնքում է, որդիություն
արեք հորս, աստղեր։