Jump to content

Նոր գյուղեր՝ չքավոր և հողազուրկ գյուղացիների համար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆՈՐ ԳՅՈՒՂԵՐ' ՉՔԱՎՈՐ ԵՎ ՀՈՂԱԶՈԻՐԿ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանում կան բավական թվով հողազուրկ գաղթականներ։ Բացի այդ, այնպիսի գյուղեր էլ կան, որտեղ թեկուզ բոլորը հողով բավարարված են, բայց շնչաբաժին հողն այնքան քիչ է, որ հարկավոր է տնտեսությունների մի մասն ուրիշ վայր տեղափոխել, որտեղ ազատ հող կա։ Այդ գործը ղեկավարում է Հողժողկոմատի գաղթի և բնակեցման բաժինը։

Այս տարվանից մեծ թափով և բոլոր գավառներում սկսվել են տեղափոխման աշխատանքները։ Նոր գյուղեր են հիմնվում ազատ հողերի վրա, բացի այդ, հողառատ գյուղերում տեղավորվող գաղթականների համար պետությունը կառուցում է տներ։

Այս տարի կառուցվում է հազար տուն Հայաստանի զանազան գյուղերում։

Աշխատանքների մեծ մասը կենտրոնացված է էջմիածնի, Երևանի և Լենինականի գավառներում։

Կառուցվող տները մեկական սենյակից են։ Դեռ գարունը չբացված՝ տեղում արդեն սկսել են քարի և փայտեղենի պատրաստություն տեսնել, դռներն ու լուսամուտները պատրաստել։

Նշանակված են տեխնիկներ, որոնք հսկում են տների շինարարության աշխատանքներին։

Քար պատրաստելու և հիմքերը փորելու աշխատանքներին մասնակցում են իրենք՝ գաղթականները։ Նրանք օգնում են և վարպետներին տների կառուցման գործում։

Բացի նոր կառուցվող տներից, վարկ են ստանում և այն չքավոր տնտեսությունները, որոնք իրենց միջոցներով կարողացել են պատերը շարել, բայց միջոց չունեն տան կտուրը ծածկելու։ Նրանք վարկը ստանում են կա՛մ դրամով և կա՛մ էլ շինանյութերով։

Ո՞ր գավառներում քանի տուն է կառուցվում

էջմիածնի գավառում շենքերի վերանորոգման համար վարկ են ստացել 100 տնտեսություն։ Բացի այդ, կառուցվում են նոր տներ Ղուրդուղուլու շրջանում՝ 107 տնտեսության համար։ Սահաթլու գյուղում տեղավորված եզիդի 35 տների կառուցման համար տրվում է 150 ռ. ամեն մի տնտեսության։ Գավառում հիմք է դրված երկու նոր գյուղի, մեկը՝ Սամաղարի շրջանում, որտեղ պիտի կառուցվի 46 տուն, իսկ մյուսն Ազատաշեն նոր գյուղն է, որտեղ կառուցվելու է 60 տուն։

Երևանի գավառում կառուցվում է 360 տուն, որի 25 տունը Պահակ նոր գյուղում, 40-ը՝ Դիտակ գյուղում, մնացածը Հրազդանի և Ղամարլուի գավառակների գյուղերում։ Որովհետև Երևանի գավառում կան տուն չունեցող թուրք տնտեսություններ, առաջին հերթին կառուցումները կատարվում են նրանց համար։

Հայտնի է, որ Նոր Բայազետի գավառի Բասարգեչարի շրջանը համեմատաբար հողառատ է։ Դրա համար էլ շատ տներ են կառուցվում այդ շրջանում, որտեղ պիտի ապրեն Շամշադինի գյուղերում և Դիլիջան քաղաքում մինչ այժմ եղած հողազուրկ գաղթականները։ Թե՛ Շամշադինի գյուղերից և թե՛ Դիլիջանից գաղթականներին արդեն տեղափոխում են Բասարգեչար՝ նոր կառուցվող տներում և գյուղերում տեղավորելու։ Նոր Բայազետի գավառում հիմնվում է երկու նոր գյուղ, մեկը՝ Ռշտունիքը, 60 տնով. մյուսը՝ Նորակերտը, 40 տնով։ Վերին Դարղալու գյուղի թուրք չքավոր տնտեսությունների համար կառուցվում է 15 տուն։ Բացի այդ, Բասարգեչարի զանազան գյուղերում կառուցվում է 100 տուն:

Զանգեզուրի գավառում հիմնվում է 3 նոր գյուղ. մեկը՝ Սանդխլու գյուղը, 60 տուն. երկրորդը՝ Գորիսի մոտ, 100 տուն, իսկ երրորդը Խնձորեսկ գյուղից տեղափոխվող 100 տնտեսությունների համար։ Բացի այդ, Վաղուդի թուրք գյուղում կառուցվում է 14 տուն, և 28 տուն էլ Ղափանում՝ Հունաստանից եկած գաղթականների համար։

Դարալագյազի գավառում կառուցվում է 150 տուն, որից 100-ը Իստիսու՝[1] և Զիրաք գյուղերի թուրք չքավոր տնտեսությունների համար։

Փամբակ-Լոռիում ազատ հողերի վրա հիմք է դրվում չորս նոր գյուղի, որտեղ պիտի տեղավորվեն գավառի զանազան գյուղերում մինչև այժմ առանց հողի ապրող գաղթականները։ Նորաշենում կառուցվում է 100 տուն, Շարիֆով կոչված տեղում՝ 40 տուն, Շադինովի հողում՝ 40 տուն, և Չերիմշայում՝ 50 տուն։ Վերջին երեք հողամասերը նախկին կալվածատիրական հողեր են, որ հեղափոխության հենց առաջին օրերում ազգայնացման էին ենթարկված։

Ինչպե՞ս են կառուցվում տները

Կառուցվող տները երկու տեսակի են, երկուսն էլ մեկական սենյակից։ Առաջին տիպի տներն ավելի փոքր են, ունեն միայն մի դուռ ու լուսամուտ, իսկ երկրորդ տիպի տունը երկու լուսամուտ և մի դուռ ունի և ավելի ընդարձակ է։ Միջին հաշվով՝ այսպիսի ամեն մի տան կառուցումը նստում է 200 ռուբլի։

Տան վրա ծախսված գումարը հաշվում է 10 տարով վարկ, 3 և կես տոկոսով։ Դրամը տեղերում բաց են թողնում վարկային ընկերությունները այն պահանջի համեմատ, որ նրանց ներկայացնում են գաղթի և բնակեցման բաժնի տեխնիկները։ Այդ արվում է նրա համար, որ տների կառուցման հատկացված գումարը նպատակին ծառայի, որովհետև եղել են դեպքեր, երբ տան կառուցման գումարը չքավոր տնտեսությունը հացի է տվել և դարձյալ մնացել առանց բնակարանի։

Կառուցվող բոլոր տներն էլ մի պլանի են։ Նոր գյուղերում կտրատվում են ուղիղ և լայն փողոցներ, տները շինվում են իրարից հեռու, թողնվում են հրապարակներ, մի խոսքով՝ մինչև այժմ ազատ հողամասերում կառուցվում են նոր գյուղեր, որտեղ չքավոր տնտեսությունները պիտի ապրեն։

Խորհրդային իշխանությունը նոր գյուղերի կառուցումով ո՛չ միայն օգնում է չքավոր և հողազուրկ տնտեսություններին, այլև հիմնելով նոր ու պլանով տներ՝ մյուս գյուղերի համար ցույց է տալիս, թե ինչպես պիտի լինի նոր գյուղը և նոր գյուղացու տունը։

  1. 1