Jump to content

Ինչպե՞ս է հարկը դրվելու կապալով տված հողամասի վրա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՉՊԵ՞Ս է ՀԱՐԿԸ ԴՐՎԵԼՈԻ ԿԱՊԱԼՈՎ ՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ

Հողը կապալով վերցնում են սովորաբար ավելի ունևոր տնտեսությունները, այսինքն՝ այն տնտեսությունները, որոնք բավական լծկաններ ու գյուղատնտեսական գործիքներ ունեն և կարողանում են, բացի իրենց հողամասից, ցանել նաև ուրիշի հողը։ Իսկ հողը կապալով տալիս են գլխավորապես այն տնտեսությունները, որոնք չեն կարողանում իրենց ուժերով ցանել։ Իհարկե, կան դեպքեր, երբ հողը ուրիշից կապալով է վերցնում հողազուրկ գյուղացին, բայց այդպիսի դեպքեր քիչ են և բացառություն են կազմում։

Այդ պատճառով էլ Ժողկոմխորհը որոշել է կապալով տրված հողերի հարկը գնել կապալառվի (կապալով վերցնողի) վրա[1]։ Կապալով վերցրած հողամասը հաշվի է առնվելու կապալառվի տնտեսության մեջ և այդ հողամասի հարկը ընկնելու է կապալառուի վրա։

Բայց, որովհետև կապալառուն բացի հարկից վճարում է և հողի կապալավարձ, դրա համար էլ նրա հարկը որոշ չափով պակասեցվում է։ Կապալով վերցրած հողամասի եկամուտը հաշվելիս՝ այդ եկամուտը 10%-ով պակասեցվում է, և հարկը հաշվվում է այն պակասեցված եկամուտից։

Հողերը կիսրար ցանելու պայմանները շատ տարբեր են. զանազան շրջաններում կիսրարի պայմանները զանազան են, բայց, ընդհանուր առմամր, կիսրար հողամասի մշակելու աշխատանքը և բերքը կիսվում է, հողատերը և ցանողը կիսրար հողամասից մոտավորապես հավասար եկամուտ են ստանում։

Ժողկոմխորհը որոշել է կիսրար հողամասի վրա ընկնող հարկի կեսը դնել հողատիրոջ, կեսը՝ հողը մշակողի վրա։

Եթե հարկը այդ ձևով գանձելը որևէ շրջանում նպատակահարմար չի լինի, գավառական գործկոմը կարող է այդպիսի շրջանում կիսրար հողամասի հարկը դնել հողը ցանողի վրա։ Այդ դեպքում, կիսրար հողամասի եկամուտի հարկը գանձելու ժամանակ պետք է 20 տոկոսով պակասեցվի։

Եկամուտը 20 տոկոսով պակասեցվում է, որովհետև ցանողը կիսրար հողամասի բերքը ամբողջապես չի ստանում, այլ որոշ մասը տալիս է հողատիրոջ։ Դրա համար էլ չի կարելի հողամասի ամբողջ եկամուտը հաշվել ցանողի վրա։

Հարկի ո՞ր մասը ե՞րբ պիտի վճարել

Հարկը վճարելու ժամանակը նշանակված է այն հաշվով, որ գյուղացին հնարավորություն ունենա հարկը վճարել հեշտությամբ, այսինքն՝ այն ժամանակը, երբ նա սովորաբար վաճառում է իր տնտեսության մթերքները և կարող է հարկ վճարել։

Լեռնային և դաշտային շրջաններում գյուղացին տարբեր ժամանակ է վաճառում իր մթերքները, օրինակ՝ յուղը և պանիրը վաճառվում է ամառը, իսկ բամբակը և խաղողը՝ աշնանը։ Դրա համար էլ լեռնային և դաշտային շրջանների գյուղացիների համար Ժողկոմխորհը նշանակել է հարկը վճարելու տարբեր ժամկետներ. լեռնային մասի համար ժամկետները ավելի առաջ են նշանակված, իսկ դաշտային մասի համար՝ ավելի ուշ։

Ամբողջ Հայաստանի համար, բացի Երևանի և էջմիածնի գավառի, դաշտային մասի համար նշանակված են հետևյալ ժամկետները'

1-ին ժամկետ՝ 1927 թվի սեպտեմբերի 20-ը։ Մինչև այն ժամանակ պետք է վճարել հարկի 30 տոկոսը։ 2-րդ ժամկետ՝ 1927 թվի դեկտեմբերի 1-ը։ Մինչև այն ժամանակ պետք է վճարել հարկի 50 տոկոսը։

3-րդ ժամկետ՝ 1928 թվի հունվարի 1-ը։ Մինչև այդ ժամկետը պետք է վճարել հարկի մնացած 20 տոկոսը։

Երևանի գավառի՝ Ղամարլուի, Հրազդանի և Վեդիբասարի գավառակների և Էջմիածնի գավառի Ղուրդուղուլի, Զանգիբասարի գավառակի և Սամաղարի ու Աշտարակի գավառակների դաշտային մասի համար նշանակված են հարկը վճարելու հետևյալ ժամկետները՝

1-ին ժամկետ՝ 1927 թվի հոկտեմբերի 1-ը: Մինչև այն ժամանակը պետք է գանձվի հարկի 15 տոկոսը։

2-րդ ժամկետ՝ 1927 թվի դեկտեմբերի 1-ը։ Մինչև այն ժամանակը պետք է գանձվի հարկի 55 տոկոսը։

3-րդ ժամկետ՝ 1928 թվի հունվարի 1-ը։ Մինչև այդ ժամանակը պետք է գանձվի 30 տոկոսը։

Ե՞րբ կիմանա գյուղացին իր հարկի չափը

Բացի վերը ասված բոլոր որոշումներից, ժողկոմխորհը որոշել է նաև, որ հարկը հաշվելու բոլոր նախապատրաստական աշխատանքները պետք է վերջացնել մինչև ս․ թ. օգոստոսի 10-ը և մինչև այդ օրը գյուղացիներին բաժանել իրենց հարկաթերթերը։

Այսպիսով՝ գյուղացին մինչև ս. թ. օգոստոսի կեսը կարող է իմանալ, թե որքա՞ն հարկ պետք է վճարի։

Ժողկոմխորհի նոր որոշումով արդեն հաստատված են գյուղատնտեսական կուլտուրաների, անասնաբուծության և մեղվաբուծության եկամտի նորմաները՝ ըստ գավառակների և գյուղերի։ Եկամտի նորմաները ուղարկված են գավառակներին և գյուղերին և պետք է հայտարարվեն գյուղական համայնքի ժողովներում։

  1. 1