Շամիրամ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Շամիրամ

Եղիշե Չարենց

Իրիկնային փողոցում ես տեսա նրան։
Նա — սևաչյա պչրուհի[1], գուցե — Շամիրամ։

Եվ ինձ տվեց հինավուրց հուռութները[2] նա,
Երկու համբույր — փողոցում, մայթերի վրա:

Եվ հմայեց ու տարավ նա դղյակը հին։
Լապտերները ժպտալով ճանապարհ դրին։

Եվ, չնայած որ անթիվ դարեր են անցել՝
Նո՛ւյնն է երազը նրա, լոկ մարմինն է — ծեր։

Նո՛ւյնն է խոսքը, կարծես նոր տրվող աղջկա,—
Միայն մարած աչքերում էլ հրդեհ չկա։


  1. պչրուհի — պչրասեր կին. պչրանք — զարդարանք, հարդարվելու զարդեր. փխբ. զարդ, գեղեցկություն:
  2. հուռութ — հմայություն, հմայանք, կախարդություն. սնոտ. հմայությամբ չար աչքից՝ փորձանքից ևն. պահպանող իր, որ մարդիկ կրում են իրենց վրա, համայիլ: