Շանթ ու կրակ ղարաբաղցին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լույսի ծավալումներ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե (Շանթ ու կրակ ղարաբաղցին)

Վարդան Հակոբյան

«Արցախն Ավարայր»

...ՇԱՆԹ ՈՒ ԿՐԱԿ ՂԱՐԱԲԱՂՑԻՆ

Բանաստեղծություն էի նվիրել մի աղջկա, իմ տողերում խոսում էի դպրոցականին «արգելվող» զգացմունքներով։ Ահա թե ինչու, երբ Հրաչյա Բեգլարյան բանաստեղծը եկավ Հին Թաղլար, ես ոչ թե դասի էի, այլ դպրոցից հեռացված, գյուղի դիմաց բլրալանջին Տերյան էի կարդում։ Մայիս էր։ Բայց Ստեփանակերտից եկած բանաստեղծը մինչ այդ դպրոցն ստուգելու եկածներից ոչ մեկի նման չէր։ Առաջին հարցն էր՝ ստեղծագործող աշակերտ ունե՞ք... Եվ, ստիպված, մարդ են ուղարկել իմ ետեւից, իբր թե՝ բան չի եղել...

Ինձ տարան ուղիղ Հրաչյա Բեգլարյանի մոտ։

Անսովոր, շիտակ խոսք ու հայացք, ազնիվ ու անմիջական վերաբերմունք, գարնանային հասակ ու հայ ժողովրդի, նրա պատմության նկատմամբ խորը, անկշռելի ու մեծ սեր, նվիրվածություն... Ահա տպավորությունս։

Առաջին անգամ բանաստեղծ էի տեսնում։ Հարցեր էր տալիս, պատասխանում էի։ Աշակերտական հավաք կազմակերպեց ու սկսեց տեղալ հարցերի տարափ. ո՞վ է կարդացել «Վարդանանքը», ո՞րն է «Սամվել» վեպի գաղափարական բովանդակությունը, ո՞ր դարի իրադարձություններն են պատկերվում «Գեւորգ Մարզպետունի» վեպում, այսօր ի՞նչ է մեզ հուշում Րաֆֆին իր «Խամսայի մելիքությունները» գրքով, ո՞վ կարող է Շիրազ արտասանել... Եվ անընդհատ ձեռքս բարձրացրած էր մնում։ Ասաց՝ լավ, դու, երեւում է, գիտես պատասխանները, ձեռք մի բարձրացրու, թող հիմա էլ ուրիշները պատասխանեն... Զգում էի, որ խոսքերս, արտահայտություններս դուր են գալիս։ Խորհուրդ տվեց, քաջալերեց։ Ուսուցիչներիս մոտ այնպիսի գովեստով խոսեց իմ մասին, որ... Նրանց մնում էր միայն եզրակացնել.

-Տարօրինակությունը, երեւի, բանաստեղծներին հատուկ է...

Հրաչյան, այսպիսով, բոլոր «պատանեկան անկարգություններս» կնքեց որպես բանաստեղծական հատկանիշներ, դրանով իսկ, այլեւս վերջ տրվեց դպրոցից ինձ հեռացնելուն, որը դարձել էր խրոնիկական։

Սա հիշեցի այսօր, երբ գրիչ առա՝ Հրաչյա Բեգլարյանի մասին խոսք գրելու։ Շատ տարիներ են անցել այդ օրից։ Եվ ամեն ինչ այսօր դիտվում, վերընկալվում է նորովի։ Նոր եմ հասկանում՝ ինչքան «ծռություններս» շատ լինեին, երեւի, Հրաչյան այնքան շատ պիտի հավաներ...

Հիմա էլի նույն Հրաչյա Բեգլարյանն է, որի 60-ամյակը, տվյալ դեպքում, խիստ կասկածելի է։ Մազերի ճերմակն է շատացել, մանավանդ վերջին տարիներին, երբ պատերազմական ծանր շրջան ենք ապրում։ Չգտած հարցերիս պատասխանները հաճախ եմ իմ ավագ գրչեղբորից` Հրաչից լսում ու, նման դեպքերում, ընդգծելով նրա՝ նահապետի, փորձն ու իմաստությունը, կիսակատակ ասում եմ.

-Մարգարե՜...

Ամենամեծ իմաստուններն ինձ համար իմ մանկության մեջ ապրող արցախցի այն ծերունիներն են, որոնց կերպարը ձուլվել է մեր հող ու ջրի հետ։ Նրանցից է գալիս Հրաչյան, որը դարձել է Արցախ աշխարհի նահապետներից մեկը, առաջին հերթին՝գրական համեստ վաստակով ու շիտակ ապրվող կյանքով։

Իր խոսքն ունի, իր սկզբունքը, որ ծռել չի լինի։ Կեւորկովյան հայտնի պլենումից հետո ով չի հիշում Հրաչյայի ըմբոստացումը, ճշմարիտ ցասումն ու վրդովմունքը, այն ժամանակ, երբ շատ քչերն էին համարձակվում ընդդիմանալ։ Իր բնավորության համաձայն, Հրաչյան միշտ կրակի առաջին գծում է, այն էլ՝ ամբողջ գերդաստանով, տնով-տեղով։ Նույնիսկ ամենախաղաղ ժամանակներում նա հրացանով էր։ Հայը միշտ պիտի զինված լինի, զենք ունենա. սա նրա սիրած խոսքն է։ Նրա դավանանքն է սա։ Փոթորկուն է ու խաղաղ։ Ճիշտ եւ ճիշտ՝ իր ներկայացրած ղարաբաղցին.

Խաղաղ է նա, համբերատար,
Բայց թե հոգով դառնացրիր,
Ամպի նման կորոտա
Շանթ ու կրակ ղարաբաղցին...

Այս քառատողը նրա հանրահայտ բանաստեղծությունից է։ Բայց, ահա, մի անգամ, երբ գրականության տասնօրյակի օրեր էին, Կուսաբերդում հյուրընկալվել էր գրողների մի խումբ՝ բարձր կարգի պաշտոնյաների հետ, ազերի գրողներից մեկն իրեն վատ պահեց։ Եվ տեղն ու տեղը՝ «քաջ որսկանի գյուլլի պես», թնդաց Հրաչիկի բանաստեղծությունը՝ շեշտված քառատողով, ուղիղ ազերու ճակատին։

Մի օր էլ, այսօրվա պես հիշում եմ, Կեւորկովը ինձ կանչեց իր մոտ։ Այնտեղ էին Գ. Գաբրիելյանը եւ Հր. Բեգլարյանը։ Զգացի, որ ինչ որ «անհարթություն» կա էլի, բայց գրողների ներկայությունն ինձ հուսադրեց որոշակիորեն։ Կեւորկովն, առանց նախաբանի, ինձ մեկնեց մի նամակ։ Կարդում եմ։ Գրվել է Ստեփանակերտում։ «Նացիոնալիզմ» է համարվում «Նորք» ամսագրում տպագրված «Իմ երգը» բանաստեղծությունը, նշվում է, որ ես իրավունք չունեմ աշխատել այնպիսի մի բարձր կազմակերպությունում, ինչպիսին գրողների միությունն է։ Եվ այլն, եւ այլն։ Բանաստեղծության հղացման գաղափարին քաջատեղյակ էին Գաբոն եւ Հրաչը։ Բանաստեղծությունս, փաստորեն, պատասխան էր Ս. Ռուստամի Ղարաբաղին «ձոնված» տողերին (թարգմանաբար այն տպագրվել է եւ «Գրական Ադրբեջանում»), ուր նա ասում է՝ Ղարաբաղ, քեզ օտարի («յադի») ձեռքը չեմ տա, չեմ թողնի քեզ օտարի ձեռքին։ Օտարը, ըստ նրա, հայերս էինք։ Ես էլ պատասխանել էի «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծությամբ։ Անանուն նամակին կցված էր բանաստեղծությունս՝ «Նորք» հանդեսից կտրված էջի վրա։ Ահա այն ամբողջությամբ.

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին... Ղարաբաղը ծառ է իմ արմատի վրա, Ղարաբաղը սեր է իմ հավատի վրա, Ղարաբաղը տեր է իմ կարոտի վրա, Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին. Ղարաբաղը հեւք է բացվող արշալույսի, Ղարաբաղը ձեռք է՝ Քիրսից ձգված լուսին, Ղարաբաղը հերկ է մաքուր, անբիծ լույսի, Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին. Ղարաբաղը ջուր է՝ ես եմ քամել քարից, Ղարաբաղը թուր է՝ ես եմ կոփել դարից, Ղարաբաղը հուր է՝ ճառագած մեր սրտերից, Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին. Ղարաբաղը հուն է հուսող լուսաբացի, Ղարաբաղը բույն է արծվի, ձեռք չի հասնի, Ղարաբաղը տուն է՝ սերված Ամարասից, Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին. Ղարաբաղը ելք է՝ բացված սրտի նման, Ղարաբաղը երգ է, բառեր չունի սակայն, Իմ պապերի ձայնով միայն երգեցեք այն, Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Երբ ես փորձեցի «բացատրություն» տալ, Կեւորկովը լռեցրեց.

-Էտ թուղթերը մին ինձ տո...

Ապա, նա ինձնից վերցնելով «անանիմկան», երկու ձեռքով ցուցադրաբար պատառոտեց այն, նետեց աղբյուսի մեջ, Գաբոյի եւ Հրաչի քաջալերող խոսքերի ներքո, դարձավ ինձ. «Ինդի պեներ կյիրի, վեր ժուղուվրթեն նացիոնալիզմավ գռգռացնիս վեչ»։

Այդպես «կուսակցության ու կոմունիզմի» դատից չէի պրծնի, եթե չլինեին Հրաչյա Բեգլարյանի, Գաբո Ապոր միջամտությունները։ 1984թ. տպագրված իմ «Մի կռունկ անցավ» գիրքը բացվում է «Հայաստան» բանաստեղծությամբ։ Կեւորկովը այնպես էր զայրացել, որ...

-Էս հինչ ըս անում, արա. Բագրատեն ստղաս քյինիլան յետը հու ա Ադրբեջանա մաչին «Հայաստան» կյիրալ-տպալ, որ տու կյիրալ ըս... Նացիոնալիզմի թազա վար ըս յեր կալա՞լ... Մեհետ նացիոնալիստ Րաֆֆու անըմնըս կիրում, մեհետ ասըմըս՝ «Գրկինք ամուր ու պինդ պահինք լեռները մեր»... Էդ հուր անա ըս պենդ պահըմ, արա՛»։

Եվ այսպես, շարունակ։ Միշտ էլ կրակին ջուր լցնողն ու օգնության հասնողը, հիմնականում, «արդարադատ» ղարաբաղցին էր լինում՝ Հրաչյա Բեգլարյանը։ Եվ միշտ մտածում եմ՝ ինչքան լավ է լինում, երբ կողքիդ լինում է այնպիսի մի ավագ ընկեր, որին կարող ես հավատալ ու անվերապահորեն վստահել ամենանվիրական զգացմունքներդ անգամ։ Պատահական չէ ամենեւին էլ, որ երբ հղացավ Արցախը Հայաստանին միացնելու մասին նամակ գրելու միտքը, առաջինը վազեցի Հրաչի մոտ, դուրս եկանք, շրջեցինք Շահումյանի արձանի շրջակայքում ու կիսվեցինք, պայմանավորվեցինք մեր անելիքները։

Այսպես, գրական ընտանիքի նահապետի բարձր հատկանիշների դրսեւորումով, Հրաչյա Բեգլարյանը ինձ համար, ինչպես Սեւակը կասեր, ընկեր է ոչ թե բաժակի, այլ ամենից առաջ՝ սկզբունքի։

Միշտ խիզախ, միշտ անվեհեր, միշտ իր ժողովրդի դատի պաշտպանության դիրքերում, անընկճելի, անկոտրելի, ծուռ թե շիտակ՝ միշտ ինքն ու ինքը, միշտ՝ շանթ ու կրակ. այդպիսինն է բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանը, մեր Արցախի օրհներգիչն ու նվիրյալը, իմ ավագ գրչախպերը, իմ ընկերը, իմ անկրկնելի Հրաչը...