Շատերից մեկը (Ակսել Բակունց)
ՇԱՏԵՐԻՑ ՄԵԿԸ
Յայջի դյուզը հեռվից նման է իրար վրա անկարգ թափված քարակույտերի: Փոքր-ինչ վերև կիսաբոլորաձև կանգնած են դիք ժայռերը՝ պատրաստ ցած փլչելու նվազագույն ցնցումից: Միայն խոտի դեղնած դեզերը, աթարի դարչնագույն բուրգերն ու բարակ ծուխն են մատնում, որ այստեղ գյուղ է:
Կատաղի գելխեղդները հաչոցով են դիմավորում մեզ: Մի հսկայամարմին տղա սիրով հանձն է առնում մեզ մինչև գյուղխորհուրդ ուղեկցել:
Համեմատաբար ընդարձակ մի բակում զվարթ ու աղմկոտ խաղում են երեխաները:
— Մեր դպրոցն է, — ասում է մեր ուղեկցորդը:
Զանգը հնչեց, և երեխաները դասամիջոցից հետո սկսեցին հավաքվել դասարան: Ձիս տղային տալով՝ ես մտա դպրոց:
Դպրոցի շենքը ոչնչով չի տարբերվում սովորական գյուղական խրճիթից: Միայն պատերն ավելի սպիտակ են թե՜ դրսից, թե՜ ներսից: Երկաթե ճաղերով երկու փոքրիկ պատուհանը Նիկոլայի ժամանակվա նախնական կալանքի բանտախուց են հիշեցնում:
Ուսուցիչը՝ մի քիչ կորամեջք, հոգնաբեկ, տեսքից ֆլեգմատիկ, մոտեցավ, բարևեց ու սիրով թույլ տվեց դասը լսել:
Դպրոցը տեղավորված էր մի սենյակում: Ուսուցիչը պարապում էր առավոտից իրիկուն, նախ մեկ, հետո մյուս խմբի հետ, իսկ երեկոյան՝ լիկկայանում:
Չներկած, բավական կոպիտ նստարաններին մոտ քառասուն հոգի էր նստած: Պատերը մերկ են, քարտեզ չկա, եթե չհաշվենք պետապի կեղտոտված պլակատը: Անկյունում մեծ վառարան: Աթար են վառում, և դրանից դասարանում խեղդող, ծանր հոտ է: Աշակերտները հերթով մի քիչ աթար են բերում, օրվա վառելիքը:
Հայոց լեզվի դաս էր: Իմ ներկայությունը շեղում էր աշակերտների ուշադրությունը, և նրանց հետաքրքրասեր աչքերը շուտ-շուտ ինձ էին նայում: Նրանք իրար մեջ քչփչում էին:
Արևը լուսամատի ճաղերի միջից թույլ լուսավորում էր կիսախավարի մեջ թաղված մեծ դասարանը:
Մտան գյուղխորհրդի նախագահն ու երկու գյուղացի, բարձրաձայն բարևեցին ինձ: Ես դիտավորյալ խուսափում էի նրանց հետ զրույցի բռնվելուց, որ չխանգարեմ պարապմունքը: Բայց, երևում է, դա ընդունված բան է դասի ժամանակ ներս են մտնում գյուղացիները և, ուսուցչին դասից կտրելով, խոսում են անձնական գործերից:
Մի շիլաչք երեխա, վերջին նստարանին նստած, ամբողջ ժամանակ առաջինն էր պատասխանում:
— Տես է, շաշ ա, բայց բոլորից խելոք ա, — բարձր ասաց նախագահն ու ծիծաղեց: Աշակերտներն էլ ծիծաղեցին: Միայն ինքը, իր ֆիզիկական թերությունից նվաստացած, վիրավորված տեղը նստեց, կարմրեց ու ձայնը կտրեց մինչև դասի վերջը:
Մի քիչ անց, վառարանի մոտ կանգնած, գյուղացիները խոսում էին դպրոցի առաջիկա վերանորոգման մասին, իսկ ուսուցիչը բացատրում էր երեխաներին, ինչպիսի գազաններ են լինում:
Երբ մենք դուրս եկանք, ես գյուղխորհրդի ընկերոջը հասկացրի, որ դասերին չի կարելի բարձր խոսել ու խանգարել պարապմունքներին:
Դպրոցական տարիքի բոլոր երեխաները սովորում են, բայց ուսուցչի գործը ծանր է: Ուժասպառության աստիճան ծանրաբեռնված է: Խիստ մեծ է երկրորդ ուսուցչի պահանջը:
— Դժվար է, ուժից վեր, — գանգատվում է ուսուցիչը` ընկ. Արշակը: — Իններորդ տարին է, որ ուսուցիչ եմ և զգում եմ, որ ուժերս շատ չեն բավականացնի:
Դասից հետո գնացինք նրանց տուն: Նույնպիսի խրճիթ է, ինչ որ դպրոցի շենքը, միայն պատերն ավելի սև են: Միակ լուսամուտին լրագրի յուղած թուղթ էր փակցրած, և դրանից սենյակում մութ էր: Հատակը հողից էր, բայց խոնավություն չկար: Սենյակի մեջտեղը մեծ սեղան, «Բաքու» թերթի հին համարով ծածկված: Սեղանի մոտ փայտե մահճակալ ու աթոռ, անկյունում վառարան, իսկ մուտքի մոտ կժով ջուր: Ահա և գյուղական ուսուցչի սենյակի ամբողջ կահավորանքը:
Առջևի պատին կավիճով ու ածուխով արված ինչ-որ գրություններ կան.
«Դավթից պղնձի ու բադյայի համար մի փութ կորեկ», «Անդրեասից՝ Մանուկի որդուց, ևս մի փութ գարի»:
Տեսնելով, որ փորձում եմ կարդալ պատի գրությունները, ընկ. Արշակը ժպտալով շտապեց բացատրել բանն ինչ է.
— Անցյալ տարի ամառն այստեղ կլայեգործ էր ապրում: Նրա նշումներն են, ումից ինչքան ստանալիք ունի:
Ընկ. Արշակն ամուսնացած է, ունի մի տղա: Կինը նույն գյուղից է, կիսագրագետ գեղջկուհի, ամբողջությամբ զբաղված է տնային տնտեսությամբ, եփել-թափելով:
— Աշխատանք շատ կա: Դպրոցից բացի գյուղխորհրդի մշտական քարտուղարն եմ: Եթե մեկին նամակ է պետք գրել կամ ստացածը կարդալ կամ մի դիմում գրել, բոլորն ինձ մոտ են գալիս, նույնիսկ դասի ժամին:
Միակ լրագիրը, որ կարդում է (այն էլ ոչ միշտ) տեղական «Ռաշպարն» է: Նա շատ բան չգիտե, ինչ է կատարվում մեծ քաղաքներում, ուրիշ երկրներում:
Եվ գրեթե ամեն ինչ իմանում է՝ սրանից նրանից լսելով: Գյուղացիներից մեկը քաղաք կգնա, այնտեղ մի բան կլսի ու կգա գյուղում կպատմի, որ Գերմանիան Անգլիայի հետ Ֆրանսիայի դեմ պայման է կապել ու դրա նման այլ հիմարություններ:
Իսկ ընկ. Արշակը թերի միջնակարգ կրթություն ունի: Ինը տարի առաջ նա վերջին անգամ թողեց Բաքուն ու եկավ հայրենիք: Այն ժամանակվանից մշտապես ապրում է գյուղում: Եվ մի տեսակ ձուլվել է գյուղացիների տարերքին, դարձել համարյա մյուս գյուղացիների պես: Միայն աշխատում է լավ ուսուցիչ լինել, ետ չմնալ գոնե գավառական քաղաքի կյանքից:
— Մի ուրիշ թերություն էլ կա: Ռոճիկի համար ստիպված քաղաք ենք գնում: Իսկ այստեղից քաղաք ահագին ճանապարհ է, մի տասնութ վերստ: Ռոճիկը անկանոն են տալիս, երբեմն մաս-մաս:
Սեղանին ժողկրթբաժնից ստացած գրքերն են, որոնք հանրակրթական են, կան գրքեր նաև աշխատանքային դպրոցի և կոմպլեքսային մեթոդի մասին: Նրանք դեռ թղթատված չեն, և փոշու հաստ շերտ կա վրաները, որ ցույց է տալիս, թե շատ ժամանակ է անցել:
— Կարդալու ժամանակ չկա: Հոգնած գալիս ես, մի բան ուտում, իսկույն քունդ տանում է:
Ընկ. Արշակի կինը գործ է անում վառարանի մոտ, ընթրիք է պատրաստում: Նա էլ մյուս գեղջկուհիների պես ամաչկոտ ու «չխոսկան» է: Ինձ հետ նշաններով է խոսում, իմ ներկայությամբ ամուսնու հետ՝ շշուկով:
Ընկ. Արշակը հանում է տրեխները, պպզում, աթոռը ինձ տրամադրելով: Թութուն է ծխում (կանաչավուն տերևներ՝ աղբի հետ խառը), լրագրի թղթով խնամքով «ծգարա» է փաթաթում:
Իմ հարցին, թե ինչու իր համար լրագիր չի գրվում, նա մի տեսակ անօգնական օրորում է գլուխը, ժպտալով` շատ աշխատած ու հոգնած մարդու ժպիտով:
— Ինչ կա որ, կգրվեմ: Հասցեն չգիտեմ: ժողկրթբաժինը մեզ դրա մասին ոչինչ չի ասել:
Միակ հաճույքը նրա համար այն օրերն են, երբ գնում է քաղաք ռոճիկ ստանալու: Մի-երկու օր կմնա այնտեղ և թարմ տպավորություններով կվերադառնա աթարի բուրգերով, ծուռ փողոցներով իր գյուղը, իր դպրոցը:
— Շատ բան են տալիս նաև ուսուցիչների պատրաստման ամառային դասընթացները: Արդեն երկու տարի է, մեզ մոտ կան: Մի տեսակ լավ է լինել դասընթացին, թարմություն կա, թե չէ էս ժայռերի մեջ լրիվ կկորչես, — խղճալի, միայնակ հոգու թախիծով ասում է նա:
Զրուցում ենք երկար, մինչև ուշ գիշեր: Ամեն ինչ նոր է ու հետաքրքիր նրա համար՝ ավիացիայի և ռադիոյի նվաճումները, ուսուցիչների համագումարն ու ջերմաքարշը: Նա խոստացավ թերթ գրվել, որ մանրամասն իմանա ամեն ինչի մասին, որ խոսեցինք այդ գիշեր:
Մյուս առավոտ, երբ հրաժեշտ էի տալիս նրան, նա դասարանից դուրս եկավ ինձ ճանապարհ գցելու և ամուր սեղմեց ձեռքս:
— Ես կգրեմ թերթում քո կյանքի մասին, ընկ. Արշակ, — ասացի նրան:
— Է՛, ո՞վ եմ ես: Ռադիոյի, աերոպլանի մասին գրեցեք, — բարեհոգի արձագանքեց նա ու մտավ դասարան: