Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Անենթակա նախադասություն
Անենթակա նախադասությունները տրամագծորեն տարբերվում են զեղչված ենթակայով նախադասություններից։ Վերջիններիս զեղչված գլխավոր անդամը հեշտությամբ վերականգնվում է՝ նախադասության մեջ առկա ստորոգյալի դեմքի շնորհիվ (ես, մենք, դու, դուք, նա, ինքը, նրանք, իրենք, ինքները), մինչդեռ անենթակա նախադասություններում չկա ենթակա, հետևաբար հնարավոր չէ այն վերականգնել։ Ընդսմին կան այնպիսի անենթակա նախադասություններ, որոնցում տրամաբանորեն ասես առկա են ենթակաները (և, իբր թե, «վերականգնվում են»), մինչդեռ իրականում դրանք երկկազմ նախադասություններ են (հմմտ. Մթնեց և Օրը մթնեց: Ցրտեց և Օրը ցրտեց կամ Եղանակը ցրտեց...): Ընդգծվածները երկկազմն նախադասություններ են։
ա) Անենթակա նախադասությունները ծագումնաբանորեն բազնազան լինելով՝ ընդգծում, դրսևորում են բնության երևույթներ, եղանակին, կլիմային, օրվա պահերին վերաբերող մտքեր և այլն։ Օրինակներ՝ Լուսանում էր: Ձյունելու է: Շուտով արև կանի: Անձրևելու է: Ամպած է: Այս տարի խիստ ցրտեր կանի: Կարկուտ է թափելու: Կայծակին է տալիս:
բ) Անենթակա նախադասությունները, որպես շարահյուսական հաղորդակցական ինքնատիպ միավորներ, կազմավորվել են նաև այլ հիմունքներով։ Մարդն իր կյանքում մտնում է բազմազան հարաբերությունների մեջ։ Հազարավոր ճշմարտություններ, որոնք ձեռք են բերվել մարդու կենսափորձից, քերականորեն ձևավորվել են իբրև անենթակա նախադասություններ՝ վերաբերելով բոլորին առհասարակ։ Այդպիսի նախադասություններն արտահայտում են կյանքի զանազան իրողություններին վերաբերող մտքեր։ Օրինակ, երբ ասում ենք՝ Պատիվդ անաղարտ պահիր, հասկանում ենք, որ տվյալ պահանջը ոչ թե միայն խոսակցին երկրորդ դեմքին, այլ բոլոր անձանց է վերաբերում։
Այսպես էլ՝ Հարգիր մեծերին: Հասարակության մեջ քեզ քաղաքավարի պանիր: Լվի համար կարպետը չեն վառի: Ճտերն աշնանն են հաշվում: Երկաթը տաք-տաք կծեծեն: Եղիր առողջ և առույգ: Պահպանիր մաքրություն ամենուրեք։ Ամեն լսածի չեն հավատա: Մի՛ խուսափիր հասարակական աշխատանքներից:
Դժվար չէ նկատել, որ անենթակա նախադասությունները ոչ միայն խոր ու դաստիարակչական միտք են արտահայտում, այլև պատկերավոր են և ունեն ոճական որոշակի արժեք։
գ) Անենթակա նախադասություններն առաջանում են նաև որոշ իմացական բայերի (հատկապես ներգործական և կրավորական սեռի) խոնարհված ձևերով, ինչպես, օրինակ՝ ասում են, խոսում են, նաոում են, ցրում են, հաղորդում են, պատասխանում են, ասվել է, նշվել է, ենթադրում է, պարզվեց, ստացվեց, պարզաբանված է, նկատվել է և այլն (Այդ մասին շատ է գրվել, Այդ հարցի վերաբերյալ շատ է խոսվել)։
դ) Հայերենում կան մի շարք միադիմի կառուցվածքներ, որոնք հանդես են գալիս որպես գլխավոր նախադասություններ, որոնց ստորադաս նախադասությունները ենթակայի պաշտոն են կատարում։ Այդպիսի նախադասությունները երկու տեսակ են լինում՝ բայական (թվում է, երևում է, կարող է պատահել, դուրս է գալիս…) և անվանական-բայական (լավ է, ճիշտ է, հաճելի է…)։ Վերջինս շատ է տարածված։ Այդպիսի անենթակա նախադասությունները ձևավորվում են համապատասխան վերացական գոյականներով ու ածականներով և էական բայով՝ ասպետություն է, հիմարություն է, հերոսություն է, ազնվություն է, մեծահոգություն է, հիանայի է, աններելի է, անկարելի է, վատ է, գովելի է, հայտնի է... (Հայտնի է, որ աշխարհի ամենաջրառատ գետը Ամազոնն է)։
Խոսակցական լեզվում անորոշ դերբայի սեռական հոլովաձևով և էական բայով ևս ձևավորվում են անենթակա նախադասություններ (Ժլատին խղճալու չէ, Հիմար մարդուց նեղանալու չէ...)։
Անենթակա նախադասություններ են կազմում նաև որոշ չեզոք սեռի բայեր, ինչպես, օրինակ՝ Մթնում լավ է քնվում, Թաց տեղը չի նստվում և այլն։ Սրանք ժողովրդախոսակցական երանգ ունեն, հետևաբար հանձնարարելի չեն։
Անենթակա են համարում այն նախադասությունները, որոնցում առկա է մարդ բառը (Մարդ մեծահոգի կլինի, Մարդ միայն լավություն պիտի անի): Այստեղ, սակայն, առկա է քերականական համաձայնությունը. դրանք փաստորեն երկկազմ նախադասություններ են, որտեղ մարդ բառը, անշուշտ, ենթակա է։
Անենթակա նախադասությունների բայ-ստորոգյալն արտահայտվում է գերազանցապես 2-րդ, սակավ՝ 1-ին և 3-րդ դեմքերի բայաձևերով։ Ըստ որում, շատ ավելի սահմանափակ է կիրառվում 1-ին դեմքը (Գոգումդ նստեմ՝ մորուքդ փետեմ, «Ծնվում ենք ակամա, ապրում՝ զարմացած, մեռնում՝ կարոտով»— Սաադի)։
Անենթակա նախադասությունների բայ-ստորոգյալները արտահայտվում են բոլոր եղանակների բայաձևերով (հրամայականի առավելությամբ). բայց ոչ բոլոր ժամանակաձևերով. անցյալ ժամանակաձևերով շատ քիչ են գործածվում։ Ինչպես երկկազմ, այնպես էլ անենթակա նախադասությունները լինում են տարբեր հնշերանգի՝ պատմողական (Քունս տանում է), հարցական (Խոսվե՞լ է այդ կինոնկարի արժանիքների մասին), հրամայական (Մի՛ լինիր ուրագի պես), բացականչական (Կամա՜ց, կամա՜ց լուսացա՜վ)։ Սրանցից, սակայն, առավել գործածական են պատմողական և հրամայական բնույթի նախադասությունները։
Ոմանք անենթակա են համարում նաև՝ Աշուն է: Գարուն է: Շոգ է: Ցուրտ է: Անձրև է և սրանց նման այլ նախադասություններ։ Դրանք փաստորեն երկկազմ նախադասություն են (անձրև ենթակա է, է՝ ստորոգյալ...) Դրանց ստորադասվող նախադասությունները կատարում են ոչ թե ենթակայի, այլ պարագայի պաշտոն։ Օրինակ՝ Ամառ էր, երբ սկսվեց պատերազմը: (Հմմտ. Ասպետություն է, երբ օգնում ես տուժածին): Այսպիսով՝
այն միակազմ նախադասությունը, որում քերականական ենթակա և չկա և այն հնարավոր չէ վերականգնել, կոչվում է անենթակա նախադասություն։