Jump to content

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Բայական բաղադրյալ կամ բարդ ստորոգյալ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Բայական բաղադրյալ կամ բարդ ստորոգյալ
ԲԱՅԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՅԱԼ ԿԱՄ ԲԱՐԴ ՍՏՈՐՈԳՅԱԼ

Բայական բաղադրյալ կամ բարդ է կոչվում այն ստորոգյալը, որը կազմված է անորոշ դերբայից և եղանակիչ բայից։ Եղանակիչ բայերն իրո՛ք որ գործածվում են եղանակավոր-ոճական նրբերանգներով և ոչ թե նյութական-բայական ինքնուրույն իմաստով ու դերով՝ ստեղծելով մի յուրահատուկ շարահյուսական կառույց, ինչպես՝ սկսում է խոսել, պատրաստվում է գնալ, դժվարանում եմ ասել, հարկադրված եմ լսել, ուզում է ասել, պարտավոր է պահել, ի վիճակի չէ գնալ, համարձակվում է ելույթ ունենալ, ձգտում է հասնել...

Սրանք միօրինակ չեն և կարող են ըստ բայական սեռի և կերպաեղանակիչ միավորի՝ խոսքամասային արժեքի, ենթատեսակների բաժանվել։ Այսպես.

ա) Կան ներգործական սեռի բայից և անորոշ դերբայից կազմված ստորոգյալներ, ինչպես՝ ուզում է լսել, ցանկանում է գրել և այլն։ Այսպիսի կառուցվածքները նույնիսկ կարելի է շարահյուսորեն բաժանել, ասենք՝ ուզում է՝ ստորոգյալ, լսել՝ ուղիղ խնդիր... Այնպես որ, այս կաղապարը բաղադրյալ (բարդ) ստորոգյալ համարելը կարծես պայմանական է դառնում կամ, համենայն դեպս, բավականին տարբերվում է մյուս տեսակներից։

բ) Կան չեզոք կամ կրավորաձև չեզոք սեռի բայերից և անորոշ դերբայից կազմված ստորոգյալներ, ինչպես՝ համարձակվում է խոսել, ստիպված է լսել, հարկադրված է պատմել, դժվարանում է քայլել և այլն։

գ) Կան նաև ածականից, էական բայից և անորոշ դերբայից կազմված ստորոգյալներ, ինչպես՝ պարտավոր է ասել, անհրաժեշտ է նշել, անկարելի է նստել, կարող է խոսել...