Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Բարդ նախադասություն
Բարդ կոչվում է այն նախադասությունը, որն ունի երկու և ավելի ստորոգում։ Սխալ է կարծել, թե բարդ նախադասությունները պարզերի մեխանիկական գումարն են։ Ամենևի՛ն։ Նույնիսկ սխալ է բարդ նախադասությունների տարրալուծումը «պարզերի»։ Բոլոր տեսակի ու կառուցվածքի նախադասությունները «ծնվել», կազմավորվել են մարդու խոսքում և ունեն առարկայական հիմք։ Եթե որոշ մտքեր արտահայտվում են պարզ նախադասություններով, նույնիսկ մեկ բառով, ապա մտքեր կան, որոնք դրսևորվում են բարդ նախադասություններով, որովհետև վերջիններիս կազմի մեջ մտնողները (այսպես կոչված պարզ նախադասությունները) միասնաբար են արտահայտում այն, ինչ ցանկանում է հաղորդել խոսողը։ Օրինակ՝ Հրթիռն օդ բարձրացավ, երբ ամեն ինչ փորձարկվել էր նախօրոք: Այստեղ երկու ստորոգում կա, հետևաբար երկու նախադասություն, որոնք միմյանց հետ կապված են անբաժանելի՝ մտային և քերականական կապով։ Նույնիսկ անհնարին է դրանք գործածել ինքնուրույնաբար, որովհետև առանց մեկի մյուսը չի լինի: Ավելի՛ն. այդտեղ մեկը մյուսի քերականական լրացումն է ճիշտ այնպես, ինչպես, ասենք, պարզ նախադասության որևէ անդամը, տվյալ դեպքում՝ ժամանակի պարագան։ Այսպես էլ՝ Մենք մեկնեցինք այնտեղ, որտեղ սպասում էին մեզ: Ընդգծվածը նախորդ նախադասության տեղի պարագան է ճիշտ այնպես, ինչպես ասենք, Տղաներր գնացին գյուղ նախադասության «գյուղ» բառը։ Կամ՝
Հեյ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։ (Հ.Թ.)
Այստեղ ունենք մեկ բարդ նախադասություն, որի կազմի մեջ մտնող նախադասությունները միմյանց հետ կապված են ներքին, մտային տրամաբանական կապով և չեն կարող գործածվել առանձին-առանձին:
Ուրեմն՝ նրանց անջատումը կլինի զուտ արհեստական-մեխանիկական, որից և խոսքը, իհարկե, կտուժի, բանաստեղծական վսեմությունը կխաթարվի։ Այսպիսով՝ բարդ նախադասությունները մի բարդ ամբողջություն է, որի բաղադրամաս-պարզ նախադասությունները հետ կապված են մտային-ներքին անքակտելի հարաբերությամբ կամ, փիլիսոփայական լեզվով ասած, դիալեկտիկական հակադրամիասնությամբ։ Հաստատենք դա մի այլ օրինակով՝
1)Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
2)Ամեն անգամ, երբ նայում եմ, 3) թե ի՞նչքան է դեռ մընում,—
4)Զարմանում եմ, 5) թե ո՜վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տըվել ինձ,
6)Ինչքան շատ եմ դեռ Քեզ տալու, 7) որ միանանք մենք նորից: (Հ.Թ.)
Այս քառյակն ամփոփող նախադասությունները եթե փորձենք անջատել իրարից, ապա կունենանք միայն բանաստեղծական վսեմությունից և մտքերի ամբողջականությունից, փիլիսոփայական խորքից զուրկ նախադասություններ։ Կամ՝
1) Քանի՜ ձեռքից եմ վառվել,
2) Վառվել 3) ու հուր եմ դառել,
4) Հուր եմ դառել՝ 5) Լույս տըվել,
6) Լույս տալով եմ ըսպառվել։ (Հ.Թ.)
Առկա վեց նախասությունները բանաստեղծական տողեր են ըստ ամենայնի, հետևաբար նրանք կզրկվեն գաղափարական ու գեղարվեստական արժեքներից, եթե կտրվեն ընդհանուր շղթայից ու գործածվեն անջատաբար։
Պատկերավոր ասած՝ բարդ նախադասությունները նման են շղթայի, իսկ նրա կազմի մեջ մտնող, այսպես կոչված, պարզ նախադասությունները օղակների։ Պետք է ասել, որ բարդ նախադասությունները մարդկային մտքի բարձր մակարդակի ու զարգացման հետևանք են, ուշ առաջացած երևույթ։ Հայտնի է, որ նախապես առաջացել է պարզ նախադասությունը, հետո միայն՝ բարդը։ Ընդ որում, նախապես առաջացել է բարդ համադասականը, հետո բարդ ստորադասականը։ Այս աստիճանականությունը պայմանավորված է, անշուշտ, մարդկային մտքի զարգացմամբ։ Պատմահամեմատական լեզվաբանությունը հաստատել է նաև, որ շաղկապները հետևանք են նյութական բովանդակություն ունեցող բառերի նյութական-իմաստային և քերականական հատկանիշների խամրման-մահացման և, հետևաբար, առաջ են եկել ուշ շրջանում: Այստեղից իսկ հետևում է, որ նախապես առաջացել են անշաղկապ բարդ նախադասությունները, հետո էլ՝ շաղկապավոր (համադասական, ստորադասական)։
Ընդ որում, բոլոր դեպքերում թե՛ պարզ, թե՛ բարդ նախադասություններր լեզվում գործածվել են անհրաժեշտաբար՝ բազմազան ու բազմապիսի մտքեր արտահայտելու համար։ Դժվար չէ նկատել, որ այն որ, ծավալուն միտքը, որ հնարավոր չէ արտահայտել պարզ նախադասությամբ, դրսևորվում է բարդով։ Ինչպես տեսանք, խոսքը, որպես հաղորդակցական ոլորտի ամենամեծ, ծավալուն միավոր, իր մեջ կարող է ներառնել բազմաթիվ պարզ ու բարդ նախադասություններ՝ մեկ անգամ ևս վկայելով, որ մարդկային մտքի դրսևորման հնարավորություններն անսահմանափակ են, բազմազան, ճկուն ու բարդ։
Ինչպես հայտնի է, պարզ ու բարդ նախադասությունները միմյանցից տարբերվում են ստորոգման քանակով։ Մեկ ստորոգում ունեցող է նախադասությունը պարզ է, երկու և ավելի ստորոգում ունեցողը՝ բարդ։ Բարդ նախադասություններն էլ, ինչպես հայտնի է, ըստ կազմիչ հաղորդակցականն միավորների քերականական անկախության ու լրացական, կախյալ հարաբերության լինում են երկու տեսակ՝ համադասական և ստորադասական, որոնք իրարից զանազանվում են մի շարք էական հատկանիշներով՝
1. Համադասական նախադասության կազմի մեջ մտնող հաղորդակցական միավորները, ի տարբերություն ստորադասականների, միմյանց նկատմամբ չունեն լրացական, քերականական կախվածության հարաբերություն.
Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր անցնեիր վրանիս մոտով (Վ. Տ.)։
2. Համադասական նախադասության կազմի մեջ մտնող հաղորդակցական միավորների հնչերանգները միաբնույթ են, իսկ ստորադասականինը՝ ոչ։ Իսկ սա նշանակում է, որ նրանք առավել ինքնուրույն են, մինչդեռ ստորադասականներինը՝ ընդհակառակը.
Մթնեց։ Ծերունին լուռ չարչարանքով
Մի քանի կոճղեր դրեց կրակին,
Նորից բարևեց իր երկրի կարգով
Ու բարի մաղթեց ջահել ղոնախին... (Հ.Թ.)։
3.Բարդ նախադասության կազմի մեջ մտնող հաղորդակցության միավորները միմյանց հետ կարող են շղթայակցվել համապատասխան շաղկապներով ու շաղկապական բառերով, որոնք, որպես զուտ կապական միջոցներ, հատուկ են միմիայն համադասությանը, այնինչ ստորադասականներն ունեն միայն իրենց բնորոշ շաղկապական միջոցները, որոնք (հարաբերական դերանուններով արտահայտվածները) կարող են լինել նաև նախադասության անդամ։
4. Եթե համադասականի բացատրության մեջ մտնող նախադասությունները կարող են առանձին գործածվել, ապա ստորադասականի հատկապես երկրորդականները ոչ։ Այստեղ, հասկանալի է, հաշվի չեն առնվում իբրև վերնագիր դիտվող երկրորդական նախադասությունները՝ «Երբ բացակայում է խիղճը», «Թեև նամակը չի տպագրվել», «Եթե անկեղծ լիներ...», և համադասականի այն նախադասությունները, որոնք թերի են կամ որոնց զեղչված անդամներն առկա են նախորդների մեջ (Տղաները գնացին ֆուտբոլ, իսկ աղջիկները՝ կինո։ Նա փոխադրվեց հաջորդ դասարան, իսկ դու ոչ...)։
5. Եթե ստորադասականի կազմի մեջ մտնող նախադասությունների բայ-ստորոգյալներն ունեն ժամանակների համապատասխան հաջորդականություն (Եթե գաս, կստանաս պատվիրածդ գիրքը: Եկավ գործարան թե չէ, բոլորովին փոխվեց...), ապա համադասականների բայ-ստորոգյալների ժամանակաձևերի դրսևորումներն «ազատ» են։
6. Եթե համադասականի շաղկապական միջոցները կարող են շղթայակցել նաև նախադասության անդամներ, բարդ նախադասության հատվածներ (խոսք), գործածվել գլխավոր նախադասության սկզբում, ինչպես նաև ոճական երանգներով, ապա ստորադասականներինը` զուրկ են դրանից։
Այսուհանդերձ, սխալ կլինի կարծել, թե համադասությունն ու ստորադասությունր միմյանցից լրիվ «օտարված» իրողություններ են։ Ո՛չ: Նրանք իրար հետ զուգահեռ գործածվում են նույնիսկ մեկ բարդ հաորդակցական միավորի մեջ։ Օրինակ՝ Գոհարն իր վարդերը դրեց ծաղկամանի մեջ, սառը ջուր ավելացրեց, ապա մի պտղունց աղ լցրեց, որպեսզի վարդերը շուտ չթառամեին և մնային այնքան ժամանակ, մինչև, սիրած տղան վերադառնար գործուղումից:
Ավելին. երբեմն էլ նրանք այնքան են մերձենում, որ շատ դժվարությամբ են տարբերակվում իրարից։ Եվ սա՝ հատկապես անշաղկապ կապակցություններում: Օրինակ՝ Ուսուցիչ ես, գրագետ մարդ ես, պիտի կարդայիր ու տեղնուտեղը բացաարեիր գրվածը: Այս նույն նախադասությունը կարող ենք գործածել՝
1. Ուսուցիչ ես՝ գրագետ մարդ ես. պիտի կարդայիր ու տեղնուտեղը բացատրեիր գրվածը։
2. Ուսուցիչ ես, գրագետ մարդ ես, հետևաբար պիտի կարդայիր ու տեղնուտեղը բացատրեիր գրվածը։
3. Ուսուցիչ ես, հետևաբար գրագետ մարդ ես, ուրեմն՝ պիտի կարդայիր ու բացատրեիր գրվածը։
4. Եթե ուսուցիչ ես, գրագետ մարդ ես, հետևապես պիտի կարդայիր ու տեղնուտեղը բացատրեիր գրվածը։
5. Քանի որ ուսուցիչ ես, ապա գրագետ մարդ ես, հետևաբար պիտի կարդայիր ու բացատրեիր գրվածը։
6. Ուսուցիչ ես, գրագետ մարդ ես, հետևաբար պիտի կարդայիր ու տեղնուտեղը բացատրեիր գրվածը:
Այսպես կարող ենք բերել նաև մի քանի նախադասություններ՝ ցույց տալու համար, որ համադասությունն ու ստորադասությունը իրարից տարբերվում են ոչ միայն շաղկապական միջոցներով ու յուրահատուկ հնչերանգով, այլև հետազոտողի (խոսողի) անհատական ըմբռնումով ու վերաբերմունքով, որ բխում է տվյալ նախադասության համադասական ու ստորադասական երանգների հավասար առկայությունից։ Կամ՝ հմմտ.
1. Դասարանի ավագ դարձավ, հոգեբանությամբ փոխվեց, օտարացավ ընկերներից:
2. Դասարանի ավագ դարձավ՝ հոգեբանությամբ փոխվեց, օտարացավ ընկերներից։
3. Թշնամու կամակատարը չեղավ, մնաց նույն մաքուր ու ազնիվ մարդը։
4. Թշնամու կամակատարը չեղավ՝ մնաց նույն մաքուր ու ազնիվ մարդը։
Առաջին և երրորդ նախադասությունները համադասական են. իսկ 2-րդը (ժամանակի պարագա երկրորդական) և 4-րդը (պատճառի կամ հետևանքի պարագա երկրորդական)՝ ստորադասական։ Սրանում համոզվելու համար կարող ենք վերականգնել համապատասխան ստորադասական շաղկապները (երբ, քանի որ, որովհետև և այլն)։
Առհասարակ որևէ նախադասություն շարահյուսորեն վերլուծելիս պիտի գտնել ու ընդգծել՝
1) նրանում առկա ստորոգումը (կամ ստորոգումները). քանի ստորոգում կա, այնքան էլ՝ նախադասություն, եթե, իհարկե՝
ա) բայ-ստորոգյալները ոճական նպատակով չեն կրկնված (Գնա՜ց, գնա՜ց ասես մինչև աշխարհի վերջը).
բ) բայ-ստորոգյալները զուգաբայական հարադրությամբ չեն արտահայտված (Հասավ բերեց գիրքը։ Թռավ եկավ ինձ մոտ։ Կանգնեց մնաց տեղում).
գ) բայս-տորոգյալները բայական, նյութական բովանդակություն ունեն և ոչ թե ոճական եղանակավորող. Դե եկ ու մի խենթանա։ Բեր ձեռք քաշիր դրանից։ Ընդգծվածները այստեղ գործածվում են ոչ թե նյութական-բայական, այլ ոճական-եղանակավորող նրբերանգով:
2) Ելնելով ստորոգման արտահայտությունից՝ պետք է նախադասությունները համարակալել, որովհետև դա խիստ որոշակիություն է մտցնում և հեշտացնում ոչ միայն նախադասության կառուցվածքի ճանաչումը, այլ ընդհանրապես վերլուծությունը։ Այսպես, օրինակ՝ 1. «Համբոն ուզում էր՝ 2. իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, 3. մի գործի տա, 4. որ մարդ դառնա, 5. աշխատանք անի» (Հ. Թ.)։
3) Պետք է նկատի առնել այդ նախադասությունների կապակցական միջոցները (շաղկապական և անշաղկապ, շաղկապների տեսակներն ու արտահայտված հարաբերությունները) և պարզել`
ա) Եթե նախադասությունը համադասական է, նրա կազմի մեջ մտնող հաղորդակցական միավորների հարաբերությունների բնույթը։
բ) Եթե նախադասությունը ստորադասական է, գլխավոր և երկրորդական նախադասությունների հարաբերությունը, երկրորդականի շարահյուսական պաշտոնը։
գ) Եթե նախադասությունը խառը բնույթի է, այսինքն՝ համադասականի և ստորադասականի առկայությամբ ձևավորված, ապա մեկի կամ մյուսի գերակշռությունը։
4) Պետք է որոշել նախադասության անդամների պաշտոնները՝ վերլուծությունն սկսելով գլխավոր նախադասություններից։
5) Վերջապես, պետք է կազմել տվյալ նախադասության գծապատկերը։ Բացի այս բոլորից՝ համադասական և ստորադասական նախադասությունները տարբերակելիս պիտի անպայման հաշվի առնել ոչ թե նրանց կազմի մեջ մտնող նախադասությունների տրամաբանական կապը, այլ լեզվական-շարահյուսականը՝ քերականականը։ Օրինակ՝ Աշակերտը լավ պատասխանեց և ստացավ «գերազանց» գնահատական: (1) Աշակերտը լավ պատասխանեց, հետևաբար ստացավ «գերազանց» գնահատական: (2) Ըստ էության սրանք նույն միտքն ու բովանդակությունն ունեն, սակայն քերականորեն տարբեր են։ Որքան էլ դրանցում առկա լինի պատճառահետևանքային կապը, այնուամենայնիվ, առաջինը համադասական է, իսկ երկրորդը՝ ստորադասական։ Եվ դա, ամենից առաջ, շաղկապների շնորհիվ։ Կամ՝ Աշակերտը դասը պատասխանեց, բայց ստացավ «անբավարար»: (1) Թեև աշակերտը դասը պատասխանեց, բայց «անբավարար» ստացավ (2):
Ինչ խոսք, դարձյալ, կախված շաղկապական միջոցներից, առաջինը համադասական է, երկրորդը՝ ստորադասական։ Եզրակացությունը մեկն է՝ համադասական ու ստորադասական նախադասություններն իրարից զանազանվում են հիմնականում շաղկապական միջոցներով ու հնչերանգով։