Jump to content

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Գլխավոր անդամներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Գլխավոր անդամներ
ԳԼԽԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ

Վերը նշվեց, որ միտք արտահայտելու համար անհրաժեշտ են ստորոգյալը և ենթական։ Քանի որ ստորոգյալի դիմային վերջավորությունն ու օժանդակ բայը սերտորեն առնչվում են բայի դեմքերին, այսինքն՝ ցույց են տալիս գործողություն կատարողին (I, II, III դեմք), ուստի ենթակաները (ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, իրենք) ասես ավելորդ են դառնում գործածության համար։ Այսպես. «Սիրում եմ մեր երկինքը մուգ»։ «Խոսում ես մեր սրտի խորքից»։ «Լսում էինք Կոմիտասի երգերը»։ Սա է թերևս այն հիմնական պատճառը, որ մի ժամանակ ենթական համարվել է ստորոգյալի «լրացումը»։ Ենթական ու ստորոգյալը համարվում են նախադասության գլխավոր անդամներ։ Նախ՝ ենթական, փիլիսոփայության «լեզվով» ասած, այն մատերիան է, որն ունի հատկանիշներ՝ փոփոխական և ոչ փոփոխական (կայուն)։ Ստորոգյալը նրա փոփոխական, «ընթացքային» հատկանիշն է։ Իսկ սա նշանակում էր որ ենթական ու ստորոգյալն իրարից անբաժան են, հետևաբար հավասարապես գլխավոր են, մանավանդ նրանք քերականության մեջ հանդես են գալիս համաձայնական կապակցությամբ: Երկրորդ՝ ենթական համարելով ստորոգյալի լրացումը, հանիրավի «գերապատվությունը» տալիս ենք ստորոգյալին։ Ասելով «ենթական ստորոգյալի լրացումն է»՝ նույն իրավունքով էլ կարելի է հակառակը պնդել, չէ՞ որ անձնական դերանուններով է պայմանավորված ստորոգյալի դեմքը (եթե, ասենք, գործածում ենք ես-ը, ապա ստորոգյալը պիտի գործածվի առաջին դեմքով, եզակի թվով...)[1]։ Երրորդ՝ բոլոր երկրորդական անդամները լրացնում են թե՛ ենթակային (գոյականական անդամ), թե՛ ստորոգյալին (բայական անդամ), մի հանգամանք, որ վկայում է երկու գլխավոր անդամների հավասարազոր գոյությունը։

Այսուհանդերձ, նախադասության գլխավոր անդամներից ստորոգյալն ունի ավելի լայն «մենաշնորհ», որովհետև ամեն մի ստորոգյալ (նյութական դիմավոր բայ) միայնակ նախադասություն է կազմում (Պատմեցի։ Երգելու էի։), իսկ ենթական՝ ոչ։ Ավելի՛ն. կան անենթակա նախադասություններ, որտեղ, ինչպես գիտենք, ստորոգյալը կա, բայց ենթական՝ ոչ։ Ենթական կարող է արտահայտվել երկրորդական նախադասությամբ ևս, մինչդեռ ստորոգյալը՝ ոչ։ Ենթական կարող է լինել կողմնակի (Արամի հայտնվելը, Արևը ծագելուն պես...), մինչդեռ ստորոգյալը՝ ոչ։ Այս բոլորը, սակայն, չեն ազդում ենթակայի և ստորոգյալի գլխավոր անդամներ լինելուն։

  1. Սա ակնբախորեն ապացուցվում է, ասենք, ռուսերենի օրինակով. Он пошел. Она пошла. Оно поеходило.