Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Խոսք
Հայտնի է, որ լեզուն տվյալ ազգի խոսողությունն է՝ խոսելու ողջ կարողությունը։ Որպես հաղորդակցման միջոց՝ լեզուն նման է անվերջանալի շղթայի։ Նրա ամենամեծ միավորը խոսքն է, որն, իհարկե, անհատական է՝ ի տարբերություն լեզվի, որը համընդհանուր է՝ հասարակական։ Խոսքը լեզվի գոյն է, նրա «նյութական բազան»՝ կոնկրետ արտահայտությունը։ Իսկ սա նշանակում է, որ լեզուն գոյություն ունի խոսքի մեջ և խոսքի միջոցով։ Այսպիսով` լեզուն խոսքածին է, ինչպես որ գիտակցությունն է «մտքածին»։ Խոսքը խոսողության՝ լեզվական պոտենցիալի կարողության արգասիքն է, այսինքն՝ այն մտածությունը, որն այս կամ այն ձևով դրսևորվում է նախադաությունների միջոցով։ Լեզուն և մտածողությունը միմյանցից անբաժան են։ Լեզուն է մտքի գոյը, իսկ մտածողությունը մարդու մտածելու ամբողջ կարողությունն է։ Մտածողությունը ևս մտածությունների անվերջանալի շղթա է, այսինքն՝ մտածողությունները այդ շղթայի օղակներն են։ Մտածությունները դրսևորվում են խոսքերի միջոցով։ Ինչպես հայտնի է, խոսքը դրսևորվում է 3 կերպ՝ բանավոր ասվում է և լսվում, գրավոր (գրվում է և կարդացվում), ներքին (մտածվում է որևէ բան, բայց չի արտահայտվում): Այստեղից դժվար չէ հետևցնել, որ գրավոր, բանավոր ու ներքին մտածությունը՝ խոսքը, կարող է լինել շատ ծավալուն ու համառոտ։ Օրինակ՝ Դեմիրճյանի «Վարդանանքը» մեկ ծավալուն գրավոր խոսք է՝ արտահայտված 451 թ. Հայաստանի ծանր կացության, հայ ժողովրդի ազատագրական պայքարի, Ավարայրի ճակատամարտի, պարսիկների լուծը թոթափելու մասին և այլն։ Այս ծավալուն խոսքը, սակայն, բաղկացած է նաև «մանրախոսքերից»։ Ասենք՝ Հայոց այրուձիու փախուստը, Անգղի հերոսամարտը, Ավարայրի ճակատամարտը, Արտաշատի ժողովր և այլն տարբեր խոսքեր են։ Սրանք էլ իրենց հերթին բաղկացած են առավել փոքր խոսքերից։ Այսպես էլ, դիցուք, «Գիքոր» պատմվածքն է, որը մեկ խոսք է՝ բուրժուական ապիկար աշխարհում արդար ու ազնիվ մարդու կործանման մասին։ Բայց մտածություն-խոսքը բաղկացած է ենթախոսքերից՝ Գիքորի քաղաք գնալը (1), ծառա ընկնելը (2), Համբոյի խրատը (3), Գիքորի «մուշտարի կանչելը» (4), կապիկ պարածելը (5), բախտ փորձելը (6), բալի «պատմությունը», Նատոյի դժգոհությունը (7), Գիքորի հանդիպումը համագյուղացիների հետ (8), նրա հիվանդանալը (9), մահը (10), սգավոր Համբոյի վերադարձը (11) և այլն։ Ինչպես ասացինք, խոսքը կարող է բաժանվել նաև «մանրախոսքերի», վերջիններս էլ՝ առավել փոքրածավալների, սրանք էլ իրենց հերթին կբաժանվեն կարճառոտ խոսքերի… Օրինակ՝ «բալի պատմությունը» կաոող է բաժանվել հետևյալ «մանրախոսքերի»՝ Գիքորին շուկա ուղարկելը (1), Արտեմի ու Գիքորի առևտուրը (2), բազազի «խորհրդածությունը» բալի մասին (3), Գիքորի վերադարձը տուն (4), բալի թանկության մասին նրա «խոսքը» (5), հյուրերի փռթկոցն ու «քաղաքավարի» հրաժարվելը (6), Նատոյի խայտառակվելը (7), Արտեմին հայտնելն այդ մասին (8), բազազի գազանաբար ծեծելը (9), Գիքորի ֆիզիկական և հոգևոր տանջանքն այդ առիթով (10)։ Հեշտ է նկատել, որ դրանցից յուրաքանչյուրն արտահայտվում է մի շարք նախադասություններով, ուրեմն՝ խոսքը նախադասությունների գումար է։ Ընդսմին, խոսքի մի ծայրը խարսխվում է պարզ համառոտ նախադասությանը, մյուսը՝ հատորների ծավալ ունեցող հաղորդակցական մեծագույն միավորին։ Օրինակ՝ մինչև մարդը «հասնի» այն եզրակացությանը, որ կապիտալիստական աշխարհն իրենից ներկայացնում է մի կատարյալ քաոս, որի խորտակվելն անխուսափելի է (Շիրվանզադեի «Քաոս»), նա պիտի իրար «գումարի» բազմաթիվ «մանրախոսքեր»՝ Ալիմյանի կտակը, մահը, քելեխի տեսարանը, կոնտրկտակի «պատմությունը», «ոսկի երիտասարդության», հրդեհի տեսարանի, Սմբատի ապրումները և այլն։ Սրանց սահմանները «դանակով հավասար կտրել» հնարավոր չէ, և դրա կարիքն էլ չկա։ Օրինակ՝ Հ. Թումանյանի «Հառաչանքը» մեկ խոսք է՝ ասված անարդար աշխարհի տմարդի հարաբերությունների մասին, սակայն ամեն տեսակի անարդարության մասին ասվածը ևս մեկ «մանրախոսք» է (լատանի, վազերի, մի թիզ հողի մասին եղած հատվածները), որը, սակայն, արտահայտվում է մի քանի քառատողերով։ Այս առումով ավելի հեշտ է չափածոյի խոսքերի մասնատումը, քան՝ արձակի, որովհետև հաճախ դժվարանում ես ասել, թե տվյալ նախադասություն-միտքը ո՞ր խոսքինն է։ Սակայն դա էական չէ։ Էականն այն է, որ երկբայելի միտք-նախադասությունը բոլոր դեպքերում զետեղվում է որևէ խոսքում։
Խոսքը տարբերակելիս երբեմն հանդիպում ենք դժվարության, երբ այն համընկնում է նախադասությանը։ Հիրավի, կան բազմաթիվ նախադասություններ, որոնք միաժամանակ նաև խոսք են: Պետք է, սակայն, նկատի ունենալ, որ բոլոր նախադասությունները չեն, որ նաև խոսք են։ Օրինակ՝ Համբերությունը կյանք է. Թրի կտրածը կբուժվի, լեզվի կտրածը չի բուժվի:
Ծույլը աշխատելիս հիվանդ է, ուտելիս՝ առողջ:
Խելոքի հետ քար քաշիր, հիմարի հետ փլավ մի ուտի:
Ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում:
Համարձակությունը գործի կեսն է:
Լավ է կույր լինել աչքով, քան թե մտքով:
Ամեն գործի սկիգբն է դժվար:
Լավ է՝ խելոքը քեզ լացացնի, քան հիմարը ուրախացնի:
Դժվար չէ նկատել, որ այս և սրանք նման նախադասությունները միաժամանակ նաև խոսքեր են, քանի որ արտահայտում են ընդհանրական խոսք, իմաստուն մտքեր։ Այսպիսի խոսք-նախադասությունները մարդկանց դարավոր կենսափորձի արդյունք են։ Այդպիսին են առած-ասացվածքները, թևավոր խոսքերը, զանազան խրատական-դաստիարակչական բնույթի արտահայտությունները, ինչպես՝ Ուղտին գդալով մի ջրիր: Հագար անգամ չափիր, մեկ անգամ կտրիր: Շունը շանն ինչ պիտի անի: Շան անունը տուր, փայտը ձեռքդ առ: Բարեկամի հետ աղուհաց արա, բայց առևտուր մի անի: Հնգամյակին՝ բանվորական երաշխիք: «Կուսակցությունը մեր դարաշրջանի միտքն է, պատիվն ու խիղճը» (Լենին)․․․ Դժվար չէ նկատել, որ այսպիսի խոսքերը կարող են լինել և՛ ժողովրդական, և՛ անհատական։ Հիշենք Շեքսպիրի, Սայաթ-Նովայի, Տոլստոյի, Թումանյանի, Պարոնյանի իմաստուն խոսքերը։ Այս առումով շատ հարուստ է նաև Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը («Մի ծաղկով գարուն», «Մի դալար բողբոջ՝ չորացած ծառի ճյուղին», «Անձրևից փախչողը՝ կարկուտի տակ», «Կույր աչքը կների, կույր սիրտը չի ների» և այլն)։
Ի դեպ, ժողովրդական իմաստուն խոսքերը հարստանում են նաև անհատական խոսքերով, ինչպես՝ «Սայլը տեղից չի շարժվում» (Ի. Կռիլով), «Լինե՞լ, թե՞ չլինել այս է խնդիրը» (Շեքսպիր), «Մահը մերն է,մենք մահինը» (Հ․Թումանյան) և այլն։
Այսպիսով՝ խոսք կոչվում է հաղորդակցական այն ամենամեծ միավորը, որն արտահայտում է մտածություն կտմ բառերով արտահայտվող «խտացված», ընդհանրական միտք (մտքեր)։