Jump to content

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Կապակցություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Կապակցություն
ԿԱՊԱԿՑՈԻԹՅՈԻՆ

Ինչպես տեսանք, նախադասության միտքն անխաթար մնալու համար նրա անդամները պիտի միմյանց հետ կապված լինեն քերականական և մտային-տրամաբանական հարաբերություններով և ճիշտ կապակցվեն իրար հետ։ Կապակցության բոլոր տեսակներն էլ կոչված են ապահովելու նախադասության որոշակի միտքը, նրա անդամների ճիշտ շարադասությունը։

Շարադասությունը նախադասության անդամների մտային-իմաստային կապն իրացնող հարաբերություն է ապահովում։ Օրինակ՝ Մեր ինստիտուտի բանասիրական բաժանմունքի երկրորդ կուրսի ուսանողներն արդեն գնացել են էքսկուրսիա: Այստեղ լրացում-լրացյալները (և առհասարակ բոլոր անդամները) միմյանց հետ կապված են ոչ միայն քերականական, այլև տրամաբանական-իմաստային հարաբերությամբ, որի շեղման-խաթարման դեպքում նախադասությունը կաղճատվի։ Ահա. «Մեր էքսկուրսիա բաժանմունքի արդեն ինստիտուտի ուսանողները բանասիրական գնացել են կուրսի երրորդ»։ Ուրեմն՝ նախադասության անդամների տրամաբանական դասավորությունը կոչվում է շարադասություն։ Շարադասական սխալը կարող է առաջ բերել նախադասության անդամների ճիշտ տարբերակման երկընտրանք։ Օրինակ՝ Եվ տարակուսած դիրեկտորը չէր իմանում՝ ինչ անել։ Այստեղ ընդգծվածը կարող է դիտվել և՛ որպես դիրեկտոր բառի և՛ որպես չէր իմանում բայի լրացում։

Կապակցության միջոցներն են՝ 1. համաձայնություն. ենթական ու ստորոգյալը քերականական սերտ հարաբերությունների մեջ գտնվելով՝ համաձայնում են թվով ու դեմքով. եզակի և հոգնակի ենթակաները պահանջում են նույն թվով և ստորոգյալ և հակառակը (Արամը աշխատում է։ Ես գրում եմ։ Աղջիկները չուշացան։ Դուք խոսեցեք)։ Պատահում է, սակայն, որ ենթական ու ստորոգյալը թվով չեն համաձայնում։ Դա լինում է այն դեպքում, երբ՝

ա) Ենթակաները իմաստով շատ մոտ են և արտահայտում են մի հասկացություն (ամբողջություն)։ Օրինակ՝ Հույսն ու հավատը կորել է։ Գալն ու գնալը չիմացվեց։ Տերն ու տնօրենը հայտնի չէ:

բ) Ենթակաները գործածվում են անջատ, ինչպես՝ Իմ սերը, պատիվը սրբությունը դու ես (այստեղ յուրաքանչյուր ենթակա ասես առանձին կերպով գործածվում է ստորոգյալի հետ)։

դ) Ոճական առումով նույն ենթական կրկնվում է (Երևա՛նը, Երևա՛նը, Երևա՜նն է երևում։ Արա՜մը, Արա՜մը, Արա՜մն է եկել)։

դ) Միավանկ գոյականով ենթական գործածվում է հոգնակիակերտ մասնիկով ու ստացական հոդով։ Դա շատ ավելի է գործածվում ժողովրդախոսակցական լեզվում (Տուններդ չքանդվի։ Աչքներս ջուր դառավ)։

ե) Ենթական որևէ ստեղծագործության՝ հոգնակի թվով գործածված վերնագիր է։ Օրինակ՝ «Կայծերը» մեկ օրում սպառվեց։ «Գերիները» լավ վեպ է։

զ) Ենթական անեզական լինելով՝ մեկ հասկացության անուն է՝ Այդ շարժումը գլխավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ալպերը հիանալի մարգագետիններ ունի: Վերջերս դպրոցական ծրագրում իր ուրույն տեղը բռնեց 10-րդ խոսքի մասը՝ եղանակավորող բառերը:

է) Ենթական բազմակի է և արտահայտվում է կրկնվող թե, ոչ և այլ շաղկապներով։

Օրինակ՝ Անտանելի է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Թող ներս չմտնեն ո՛չ Սուրենը, ո՛չ էլ Գագիկը:

Որոշ բառակապակցություններով արտահայտված ենթակաների հետ երբեմն հանիրավի գործածվում են եզակիի փոխարեն հոգնակի թվով ստորոգյալներ, որ, սակայն, սխալ է. Ուսանողների մեծ մասը գնացել են ճամբար։ Դասախոսների կեսից ավելին հանգստանում են Ծաղկաձորում։

Համաձայնությունը հատուկ է նաև բացահայտչին և բացահայտյալին, որոնք իրար հետ համաձայնում են դեմքով, թվով և հոլովով, օրինակ՝ Ես՝ Գրիգոր Հունանյանս, պատրաստվում եմ եմ լավ սովորել: Մեր դիրեկտորից՝ ընկեր Սուքիասյանից, բոլորն էլ գոհ մնացին: Դուք՝ ուսանողներդ, պիտի սիրեք մեր հայրենիքը։ Ես կարդում եմ իմ սիրելի գիրքը՝ «Քաոսը»:

2. Խնդրառություն. սա նախադասության անդամների այն կապակցությունն է, երբ որևէ լրացում ընդունում է իր լրացյալի թելադրած հոլովը. դա դրսևորվում է ամենից առաջ բայի և նրանց խնդիր լրացումների միջև, ըստ այդմ ներգործական (նաև պատճառական) սեռի բայերը պահանջում են ուղիղ խնդիր, իսկ կրավորական սեռի բայերը՝ ներգործող անուղղակի խնդիր։ Օրինակ՝ Անահիտը սիրում է (ի՞նչ) խնձոր: Անահիտը պաշտում է (ու՞մ) մայրիկին: Գիրքը կարդացվում աշակերտների կողմից: Մայրը սիրվում է որդուց: Դաշտը ծածկվեց կանաչով: Ասվեց, որ ներգործական (նաև պատճառական) սեռի բայերը. իրենց արտահայտած բայիմաստների (բառիմաստների) հիման վրա կարող են ունենալ նաև զանազան անուղղակի խնդիրներ (Սուրենը մատիտով գրում է։ Պատին գրում է։ Գրքից արտագրում է...)։ Պատահական չէ, որ Մ. Աբեղյանը, հիմք ընդունելով բայիմաստը, անուղղակի խնդիրները համարում է «բնության խնդիրներ», այսինքն՝ բայի բնույթից՝ իմաստից կախված խնդիրներ։ Չեզոք սեռի բայերի խնդիրն, օրինակ, այդպիսին է (Մոտեցա գրատախտակին։ Հեռացա ընկերոջիցս: Հպարտանում եմ հերոսներով) և այլն։

Խնդրառությունը երևան է գալիս նաև ածականների (մասամբ էլ գոյականների լրացումներում)։ Ահա. «Դավին անտեղյակ, ցավին անտարբեր» (Հ.Թ.), խելքից զուրկ, գործով հպարտ մարդ, դեմքից գեղեցիկ կին, մաթեմատիկայից ուժեղ աշակերտ, գյուղում հայտնի մեխանիիզատոր). գոյականների առումով՝ հողից կտրվածությունը, հայրենիքին նվիրվածությունը, սրերով պաշտպանությունը։ Խնդրառության մի տեսակն է հոլովառությունը, որ հատուկ է գերազանցապես կապերին, այսինքն՝ կապերի մեծ մասը պահանջում է սեռականով (մասին, փոխարեն, օրոք, ժամանակ, պատվին...), մի մասը՝ տրականով (համապատասխան, զուգընթաց, հակառակ, կից, առընթեր...), մի մասը՝ հայցականով (ի, առ, դեպի, մինչև...), մի մասը բացառականով (բացի, զատ, հեռու, հետո, ներս, դուրս, վերև, ներքև), իսկ մի մասն էլ գործիականով խնդիր (հանդերձ, մեկ). Աշխարհով մեկ տարածվել է ձեր անունը:

3. Առդրություն, սա կապակցության անկախ ձև է, երբ որոշիչը, հատկացուցիչը և պարագաները գոյականի ու բայի հետ գործածվում են զանազան նպատակներով (քար սիրտ, լավ մարդ, հինգ երեխա, այսպիսի աշակերտ, շեշտակի վերելք, հոսող ջուր, վաստակած հանգիստ, ուտելու հաց, ծառի ճյուղ, գնալ դաշտ, վերադառնալ տուն... դաշտից, լեռներով, այժմ, հերոսաբար և այլն)։