Jump to content

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Կոչական

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Կոչական
ԿՈՉԱԿԱՆ

Այն առարկայանիշ միավորները, որոնք ցույց են տալիս, թե խոսողն ում է դիմում, կոչվում են կոչականներ։ Իբրև կոչականներ գործածվում են անձնանիշ կամ իբրև այդպիսիք կիրառվող բառերը։ Օրինակներ՝ Ուսուցիչնե՛ր, ձեզ է վստահված վաղվա քաղաքացու դաստիրարակությունը։ Բնությունը մեր ամենամերձավոր բարեկամն է, սիրելի՛ ընկերներ: Քեզ, հայրենի՛ք, շատ եմ սիրում։

Կոչականներր կարող են լինել մենանդամ և բազմանդամ: Բազմանդամ կոչականները համադաս կամ համասեռ միավորներ են և իրարից, բնականաբար, անջատվում են ստորակետով. Մայրե՛ր, քույրե՛ր, եղբայրնե՛ր, բարեկամնե՛ր և հարևաննե՛ր, մնաք բարով։

Կոչականը հանդես է գալիս մենակ և լրացումներով։

Լրացում ունենալն էլ հիմք է տալիս ասելու, որ կոչականը փաստորեն նախադասություն յուրահատուկ անդամ է[1]։ Ավելի՛ն․ կոչականը կարող է հանդես գալ նաև նախադասության արժեքով։ Այն կոչականը (լրացնող անդամներով և միայնակ), որն ունի յուրահատուկ առոգանություն ու հնչերանգային ավարտվածություն, հաղորդակցության ոլորտում նմանվում է անդեմ նախադասության։ Օրինակ՝ Թանկագի՛ն ընկերներ: «Իմ սիրելի որդի Գիքոր»: Հարգելի՛ հյուրեր, բարեկամներ, մշակույթի գործիչներ...

Դժվար չէ նկատել, որ կոչական անդեմ, ինչպես նաև սրանց նման շատ կառույցներ խոսքային իրավիճակի արդյունք են։ Նրանք դառնում են նախադասություն հենց հնչերանգի (որ ստորոգման տրամաբանական միջոց է), հնչերանգային ավարտվածության ու խոսքային միջավայրի շնորհիվ։ Ուրեմն` այն կոչականները, որոնք ունեն նախադասությանը հատուկ հիշյալ հատկանիշները, ինքնուրույն միակազմ նախադասություններ են, ճիշտ այնպես, ինչպես մյուս անդեմ նախադասությունները։ Այդպիսին են նաև նախադաս շարադասությամբ կոչականները, որոնք, ինչպես ռուսերենում և այլ լեզուներում, իրո՛ք որ գնահատվում են իբրև յուրահատուկ անդեմ նախադասություններ։ Կոչականի մի դրսևորումը Մ․ Աբեղյանը ևս «յուրահատուկ խոսք» է համարում։

Կոչականները, ունենալով ազատ շարադասություն, միջադաս և վերջադաս գործածվելիս ասես կորցնում են նախադասության բնորոշ հատկանիշները և սերտորեն մոտենում են միջանկյալ բառերին, բայց նրանք միջանկյալ բառերից բոլոր դեպքերում խիստ տարբեր են, որովհետև ունեն նյութական բովանդակություն, իսկ միջանկյալ բառերը, ընդհակառակը, զուրկ են դրանից և հանդես են գալիս զուտ վերաբերմունքային ոճական երանգով։

Արդ՝ քանի որ կոչականը գործողության թերևս կատարողն է, ուստի, ըստ Աբեղյանի. «Երբ բայն երկրորդ դեմքով է, կոչականը բացահայտիչն է ենթակայի»[2]։ Եվ հիրավի, կոչականով նախադասության ենթական դու-ն է (կամ դուքը)։ Իսկ ուղղակի խոսքի կոչականը անուղղակի խոսքում հաճախ ենթակա (կամ հանգման խնդիր) է դառնում։ Օրինակ՝ Մայրն ասաց․ «Արտա՛կ, գնա դասի»: Մայրն ասաց, որ Արտակը գնա դասի կամ Մայրն Արտակին ասաց, որ նա գնա դասի։ Ուրեմն՝ պատահական չէ, որ դպրոցական գործող դասագրքում կոչականը համարվում է ուղղական հոլովով դրվող բառ։ Սովորաբար նշվում է նաև, որ կոչականը, քանի որ քերականական կապ չունի նախադասության անդամների հետ, նախադասության անդամ չէ։ Բայց չէ՞ որ նա յուրահատուկ կապի մեջ է նախադասության ենթակայի և ստորոգյալի հետ (Սուրե՛ն, գնա դասի, Տղանե՛ր, եկեք ինձ մոտ)։ Ուրեմն՝ կոչականը նախադասության անդամ չհամարելը թերևս պիտի ընդունել վերապահությամբ միայն, մանավանդ որ ունենում է գոյականական անդամի լրացումները, որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ (Սիրելի՛ բարեկամներ, մե՛ր տղա, իմ հարգելի ուսուցիչ Գրիգորյան․․․)։

Եվս մեկ նրբություն. կոչականը կարող է գործածվել նաև հոդով։ Օրինակ՝ Աղջիկս, արի ինձ մոտ։ Սիրելիդ[3] իմ Վարդան, ես քեզ ասելիք ունեմ։ Հարգելի՛ս, ինչո՞ւ չես կատարել հանձնարարությունը։

Սա ևս խորհելու առիթ է տալիս։ Քանի որ կոչականը կարող է ունենալ իր լրացումները, հետևաբար առաջանում է կոչականական բառակապակցություն, որը և լինելով շարահյուսական ուրույն միավոր, նախադասության անդամներից անջատվում է իր կայուն հնչերանգով գրավոր խոսքում անջատվելով ստորակետով։

Ինչպես հայտնի է, այդ ստորակետը դրվում է կոչականից կամ կոչական կապակցությունից հետո նախադաս լինելու դեպքում, առաջ ետադաս լինելու դեպքում և երկու կողմից՝ միջադաս լինելու դեպքում։ Օրինակներ՝ Տղանե՛ր, բացե՛ք պատուհանները։ Իմ սիրելի՛ որդիներ, բարձր պահեք դպրոցի պատիվը։ Այսօր, մեր սիրելի՛ շրջանավարտներ, դուք հեռանում եք հարազատ դպրոցից։ Բարով եք եկել, առաջի՛ն դասարանցիներ։

Կոչականն իր վերջին վանկի ձայնավորի վրա միշտ ընդունում է շեշտ շնորհիվ ընդգծված հնչերանգի, իսկ երբ կոչականն ունենում է լրացումներ, ապա, դարձյալ շնորհիվ համապատասխան հնչերանգի, շեշտն անցնում է լրացման վերջին վանկի ձայնավորի վրա (Համալսարանի՛ շրջանավարտներ, մտեք այս լսարանը)։ Քանի որ կոչականով նախադասության բայ-ստորոգյալը հիմնականում հրամայական եղանակի բայաձև է, նրա վերջին ձայնավորը ևս ստանում է շեշտ։ Շեշտ է ստանում նաև կոչականով նախադասության քերականական դու (կամ դուք) ենթական, եթե առկա է (Դո՛ւ, վարպե՛տ Գրիգոր, պարտավոր ես կատարել խոստումդ)։

  1. Կոչականը նախադասության ուրույն անդամ և նախադասություն համարելուն մենք համաձայն չենք — խմբ․:
  2. Տե՛ս Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, 1965, էջ 410։
  3. Գրքային է, ո՛չ հանձնարարելի։