Jump to content

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Միջանկյալ նախադասություններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Միջանկյալ նախադասություններ
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Իրենց շարահյուսական դերով միջանկյալ նախադասությունները, նման լինելով միջանկյալ բառերին, տարբերվում են նրանով, որ ունեն ստորոգում, հնչերանգային ավարտվածություն և միտք արտահայտելու զանազան հնարավորություններ։

Միջանկյալ նախադասությունները հիմնականում հանդես են գալիս միջադաս և վերջադաս շարադասությամբ, կարող են լինել պարզ և բազմաբարդ։ Նրանք գործածվում են խոսողի ամենաբազմազան վերաբերմունքներն արտահայտելու, երևույթի մասին կողմնակի, լրացուցիչ տեղեկություններ հաղորդելու, այս կամ այն անդամի իմաստները, նախադասությունների մտքերը համակողմանիորեն լրացնելու, մեկնաբանելու, ճշտելու, օտար կամ բարդ, անհասկանալի մտքերն ու արտահայտությունները թարգմանելու-պարզաբանելու և այլ նպատակների համար։

Միջանկյալ նախադասություններն իրավացիորեն բաժանվում են 2 խմբի՝ միջանկյալ և ներդրյալ:

Միջանկյալ նախադասությունները, ճիշտ է, շատ թույլ, բայց, այնուամենայնիվ, քերականորեն կապված են հիմնական, ընդհանուր նախադասության, նրա այս կամ այն մասի հետ, սակայն որոշակի անջատական, համեմատաբար թույլ հնչերանգ ունենալով (անպայման կապված խոսողի վերաբերմունքի ու նպատակի հետ)՝ նրանք տրոհվում-կտրվում են շարահյուսական կոնկրետ պաշտոն ունեցող «մաքուր» քերականական միավորներից։ Արդ՝ ինչո՞ւ և ե՞րբ են կիրառվում միջանկյալ նախադասությունները։ Նրանք կիրառվում են, եթե գործածվում են նախադասության, նրա որևէ անդամի վերաբերյալ լրացուցիչ, կողմնակի, ճշտող մեկնաբանող և այլ տեղեկություններ տալու, ինչպես նաև խոսողի բազմազան վերաբերմունքներն արտահայտելու և, երկրորդ, բարդ նախադասությունը ոճական անհարթությունից զերծ պահելու համար։ Օրինակներ՝ Ինչպես հայտնի է[1], երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը։ Երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը, ինչպես վաղուց արդեն հայտանի է: Երկրագունդը, ինչպես արդեն հայտնի է, պտտվում է իր առանցքի շուրջը։ Այս մարդը, ասում են, ժամանակին ղեկավարել է դիվիզիաներ, եղել հրամանատար։ Այս տարի, ինչ ուզում է թող լինի, պիտի մեկնեմ Մոսկվա՝ բուժվելու։ Նա գիշերով զգուշությամբ մտավ Մարգարիտի ննջասենյակը և, հասկանալի է, լույսը հանգցրեց, որպեսզի ոչ ոք չտեսնի իրեն։ Որքան ինձ հայտնի է, նա դեռ չի հանձնել ոչ մի քննություն։ Արամը, եթե կարելի է այսպես արտահայտել, դեռ հասու չէ՝ այդպիսի բարդ հարցեր լուծելու համար: Համազասպը, աստված ոչ անի, եթե իմանա քո գնալու մասին, ինձ կպատժի։ Արտեմը, ճշմարիտ է, լավ բանաստեղծ է, բայց շատ է տուրք տալիս վերացականությանը։

Միջանկյալ նախադասությունները առհասարակ գործածվում են ամենից շատ միջադաս և վերջադաս, քան առաջադաս շարադասությամբ։ Ընդ որում, նախադաս գործածվելիս ավելի ընդգծվում, որոշակիանում է նրանց քերականական դերը (Ինչպես գիտենք, այս կողմերում նա երևացել է...)։ Դժվար չէ նկատել, որ այսպիսի շարահյուսական միավորները, ինչպես վերը նշվեց, քերականական, հետևաբար և՝ հնչերանգային կապ ունենալով բուն նախադասության հետ, առնվում են ստորակետերի մեջ։

Ի տարբերություն դրանց, ներդրյալ նախադասությունները, բացարձակապես կտրված լինելով հիմնական նախադասությունից և՛ քերականորեն[2], և՛ հնչերանգով, առնվում են փակագծերի մեջ։ Դրանց անկախությունն այնքան զգալի է, որ ցանկացած դեպքում կարելի է «կտրել» «մայր» նախադասությունից և գործածել որպես ոչ թե միջանկյալ (ներդրյալ), այլ անկախ, ինքնուրույն նախադասություն։ Ներդրյալ նախադասությունները պարզաբանում են «մայր» նախադասությունը, նրա այս կամ այն անդամը, կողմնակի հաղորդում տալիս դրանց մասին։ Նրանց միջոցով որոշակիորեն է արտահայտվում խոսողի վերաբերմունքը և այլն։ Օրինակներ՝ Այդ օրը (էլի պիտի ջղայնանաս վրաս) դու ճիշտ չվարվեցիր ինձ հետ։ Գրիգորյանը (նա մի ժամանակ Ադամյան-Գրիգորյան էր գրվում) վաղուց է տեղափոխվել Բաքվից։ Մինչև այսօր (պատկերացնում ես ինչպիսի՜ անհոգ մարդ է) իր երեխաների երեսը չի տեսել։ Պատերազմը (Ա՜խ, Սուրե՜ն, Սուրե՜ն, արդյոք ո՞ւր ես, կենդանի՞ ես, թե ոչ) շատ մարդկանց կյանքը տարավ, այրիացրեց բազմամիլիոն կանանց (խեղճ հայուհիներ, իբր թե ե՞րբ եք լավ օր տեսել)։ Դե որ ասում եք, սկսեմ (նա պահանջեց ծխախոտ ու լուցկի, նստեց իր թախտին ու բացեց պատմությունների կծիկը)։ (Նախապես ներողություն ենք խնդրում ընթերցողից՝ գրքում տեղ գտած թերությունների համար), իսկ հիմա սկսենք, ընկերնե՛ր...

Նախադաս միջանկյալ (ներդրյալ) նախադասությունները գերազանցապես գործ են ածվում դրամատիկական երկերում։ Հայ գեղարվեստական գրականության մեջ ու մամուլում նրանք հաճախ «մայր» նախադասություններից անջատվում են ստորակետ-գծով, ստորակետերով, փակագծերով և այլն, որ, իհարկե, ճիշտ չէ, որովհետև՝

1. Վերանում են այն սահմանները, որոնք առկա են միջանկյալ և ներդրյալ նախադասությունների միջև։

2. Կորչում է միևնույն երևույթի ճիշտ արժեքավորման միասնական մոտեցումը (կետադրելը դառնում է կամածին)։

3. Դժվարանում է ուսուցումը (մտապահումը)։

4. Գնահատելը դառնում է սուբյեկտիվ, մոտեցումը՝ տարբեր։

Այսպիսով՝ ներդրյալ նախադասությունները պարտադիր կերպով պետք է առնել փակագծերի մեջ, ինչպես, օրինակ Ատոմ Յարճանյանը (Սիամանթոյի գրական անունն է) խոշոր բանաստեղծ է։ Կարինեին կանչեցի (նա չէր սպասում դրան) և նախատեցի՝ դասերից բացակայելու համար։ Օրը (մայիսի 5-ն էր) լի էր խինդով ու լույսով։

Հարկ է նշել նաև, որ կան դեպքեր, երբ ստորադաս նախադաությունները, ներդրյալ նախադասություններ լինելով, առնվում են փակագծերի մեջ։ Դրանով գրողը բոլորովին երկրորդաբար է գործածում այդ նախադասությունները։ Օրինակ՝ Ես մինչև անգամ հավատացած էի, թե Գարեգինը սիրում է ինձ նույն չափով, որ չափով որ ես իրեն (թեպետ տանջող մտածմունքների ժամանակ հակառակն էի կարծում)— Մուրացան։ Օշափը (որովհետև նրա միայն երկու գլուխներն էին մրափած) իր ճանկերից բաց չէր թողնում որսած զոհի արյունոտ մնացորդները (Ղ. Աղայան)։ Զազունյանի վրա սիրահարվելով (թեև նա այդ բանին ոչ մի կերպ չէր ուզում հավատալ)՝ նա իրեն կատարելապես մենակ էր զգում (Ն.—Դ.)։ Մասնակի շարադասական փոփոխությունների ենթարկելուվ՝ այս և սրանց նման շատ նախադասություններ կարելի է դարձնել ստորադասական։ Դառնալով ստորադաս նախադասություններ՝ նրանք փոխում են իրեց հնչերանգը և ներկայացվում են ոչ թե փակագծերով, այլ ստորակետերով։ Հեղինակները, սակայն, տվյալ դեպքում այդպես չեն վարվել, որովհետև կարևոր են համարել լրացուցիչ, երկրորդաբար կիրառված մտքեր արտահայտելը։ Ահա թե որքան կարևոր է խոսողի վերաբերմունքը։ Բոլոր դեպքերում, եթե խոսողը ետին պլան է մղում երկրորդական նախադասության արտահայտած միտքը, չի կարևորում դա, այլ լրացուցիչ, ավելորդ անգամ տեղեկացնելու նպատակով է գործածում, ապա նրանց փոխարեն գործ է ածում ներդրյալ-միջանկյալ նախադասություններ։ Ավելացնենք, որ ներդրյալ կոչված նախադասությունները կարող են լինել նաև համադասական և ստորադասական... Ընդ որում, դրանք կարող են գործածվել թե՛ շաղկապներով, թե՛ շարահարությամբ։ Բերենք ևս մի քանի օրինակներ՝ Չե՞ն գտնվի արդյոք Վարդանի նման մարդիկ (իսկ Վարդանն իմ աչքում ահռելի հեղինակություն է, բոլորի կողմից պաշտված անձնավորություն, որ ասես սրբություն է դարձել իր ազգի համար)։ Դավիթը ներս մտավ շփոթված (նրան ինչ-որ բան էր պատահել, սակայն թաքցնում էր բոլորից) և առանց բարևելու նստեց բազկաթոռին (բազկաթոռը հոր նվերն էր որդու տարեդարձին, որ վերջերս նշվեց մեծ շուքով)։

Այսպիսով՝

միջանկյալ կոչվում է այն նախադասությունը, որ քերականորեն չի կապվում հիմնական նախադասության հետ և նրանից անջատվում է ցածրատոն հնչերանգով։

  1. Հիմունքի պարագայի նրբերանգ էլ ունի։
  2. Խոսքը չի վերաբերում, ասենք, այն երկրորդականներին (և ոչ միայն նրանց), որոնք խոսողի, գրողի ցանկությամբ կարող են անկարևոր դիտվել՝ առնվելով փակագծերի մեջ՝ Հասմիկը (որ մի ժամանակ իմ հարևանուհին էր) դարձել է հայտնի դերասանուհի