Jump to content

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասության բազմակի անդամներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասության բազմակի անդամներ
ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅԱՆ ԲԱԶՄԱԿԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Հաճախ է պատահում, որ նախադասության միևնույն անդամը կրկնվում է: Ընդ որում, դա կատարվում է կամ ոճական նկատառումով, կամ խոսողը ցանկանում է ներկայացնել եղելության առավել ճշմարիտ, համակողմանի պատկերը` ընդգծելով միևնույն նախադասության մեջ գործողություն կատարողների, գործողությունների, նրանց այլազան հատկանիշների բազմակիությունը։ Նախադասության անդամների բազմակիությունը կոչվում է նաև համադասություն։ Միևնույն շարահյուսական պաշտոնը կատարող երկու և ավելի անդամները կոչվում են նախադասության բազմակի անդամներ։ Նախադասության բազմակի անդամներից լիովին տարբերվում են, այսպես կոչված, բաղադրյալ անդամները` բաղկացած երկու և ավելի անդամներից, որոնք, սակայն, մեկ շարահյուսական պաշտոն կատարող կառուցվածքներ են։ Այդպիսիք կարող են լինել բաղադրյալ գոյականները (սոցիալիստական աշխատանքի հերոս, Միավորված ազգերի կազմակերպություն, հանրապետության ժողովրդական արտիստ...), թվականները (հազար ինը հարյուր ութսուներեք, երկու միլիոն երեք հազար իննսունվեց...), դերանուններր (յուրաքանչյուր ոք, ինչ-որ մեկը...), բայերը (հասնել բերել, գրել վերջացնել, ավլել թափել, պառկել քնել...), կապական կառույցները (մի քանի օր առաջ, երեք-չորս տարի հետո...) և այլն։ Բաղադրայլ անդամները հիմնականում հարադրավոր[1] և բարդ բաղհյուսական բարդություններ են լինում, ինչպես, օրինակ՝ ներս ու դուրս անել, նստել-վեր կենալ սովորել, ի վիճակի չլինել վեր կենալ, գիշեր ու ցերեկ, սար ու ձոր, օր ու գիշեր, տեր և տնօրեն, հասարակական-քաղաքական, կուլտուր-լուսավորչական, սոցիալ-տնտեսական և այլն։ Ավելացնենք, որ բաղադրյալ կարող են լինել նախադասության բոլոր անդամները (Նստածների կեսից ավելին ուսանողներ էին. Դեպքը տեղի է ունեցել մեր թվարկությունից ութ դար առաջ)...

Բազմակի-համադաս. Երկու և ավելի անդամները, որոնք նախադասության մեջ կատարում են միևնույն շարահյուսական պաշտոնը, կոչվում են համազոր բազմակի անդամներ։ Ավելի´ն. բազմակի կարող են լինել նաև կոչականները, միջանկյալ բառերը և այլն։ Նրանք իրենց հիմնական դերին զուգահեռ ունեն նաև ոճական գեղարվեստական արժեք։

Բազմակի անդամների հնչերանգը որոշակի է, տրոհումը` հեշտ: Օրինակ` Թումանյանը, Իսահակյանը, Տերյանը, Չարենցը և Բակունցը պատիվ կարող են բերել և՛ հայ գրականությանը, և՛ համաշխարհային մշակույթին։ Շախմատի մրցումներ տեղի ունեցան Մոսկվայում, Ռիգայում, Կիևում և Երևանում: Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, առհասարակ Անդրկովկասի ժողովուրդները միշտ եղել են բարեկամներ: Կարմիր, սպիտակ, դեղին ծաղիկներն ստեղծել էին մի հեքիաթային աշխարհ ։ Ընդգծվածները բազմակի համադաս անդամներ են՝ ենթակա, տեղի պարագա, հատկացուցիչ, որոշիչ։ Այդպես էլ բազմակի համադաս անդամներ կարող են լինել նախադասության բոլոր անդամները, ինչպես նաև կոչականներն ու միջանկյալ բառերը (Սիրելի՛ աշակերտներ, մեր վաղվա գիտնականներ, լուսավոր ապագայի տերեր, ձեր ձեռքումն է մեր հայրենիքի բախտը։ Այո՛, իհարկե, ես ինձ վստահված գործը կկատարեմ խնամքով)։ Բազմակի համադաս անդամները կարող են արտահայտվել տարբեր խոսքի մասերով։ Նրանք միևնույն շարահյուսական պաշտոնն են կատարում, միևնույն անդամի լրացումներ են (գոյականական անդամի և բայական անդամի լրացումներ). իսկ բազմակի ենթական ու ստորոգյալը, պարզ է, լրացումներ չեն լինում։ Ի դեպ, լրացումները կարող են միևնույն պաշտոնը կատարել, լինել բազմակի, բայց ոչ համադաս։ Այդպիսին են հատկապես որոշիչն ու հատկացուցիչը, ինչպես՝ Կողբի դպրոցի աշակերտների գրավոր աշխատանքներն ուղարկվեցին ժողկրթբաժին։ Մի զարմանալի պայծառատես մարդ է հայրս։ Այս առումով առանձնանում են հատկապես որոշիչները՝ արտահայտված տարբեր խոսքի մասերով և իմաստային այլևայլ տեսակներով։ Ընդգծվածները անհամասեռ բազմակի անդամներ են։ Այստեղ, պարզ է, չկա նաև հնչերանգային անջատվածություն։ Չպիտի տրոհել այն որոշիչները, որոնք արտահայտված են՝

ա) Ածականով, դերանունով, ինչպես՝ Գարնանային այդպիսի խաղաղ օրեր շատ եմ տեսել։ Մի այդպիսի ցրտաշունչ օր ընկերս դուրս եկավ զբոսանքի: Հայ ոչ մի դասական հանճարեղ գրող չի շրջանցել իր ժողովրդի հին պատմությունը։

բ) Համապատասխան դերանուններին նախորդող կամ հաջորդող թվականներով. հինգ այդպիսի տետր է հարկավոր։ Երեք տասնամյակի այդ տքնաջան աշխատանքը տվեց փայլուն արդյունք։

գ) Հարաբերական և որակական ածականներով, ինչպես՝

Ձմեռային ցուրտ եղանակ էր։ Աշնանային մեղմ քամին խաղում էր նրա գանգուրների հետ։ Երկաթե հաստ սյուները ցցված էին պատշգամբում։ Նուրբ բրդյա գործվածքեղենի ֆաբրիկան կատարել է իր տարեկան պլանը։ Հաստափոր կավե ամանները շարված են դրսում։

գ) Մակբայով և ածականով, ինչպես՝ Բավականին տխուր պատմություն ունի այս քաղաքը։ Չափազանց խիստ մարդ էր նա։ Բոլորովին անտեղյակ մարդուն ինչպե՞ս կարելի է մեղադրել։

ե) Դերբայներով, թվականով, ածականով. ինչպես՝ Անցած քսան երկար ու ձիգ տարիների ընթացքում նա մեկ անգամ գոնե չայցելեց իր հորը։ Եկող երկրորդ զինվորը իմ եղբայրն է։

զ) Անհամասեռ որակական ածականներով. ինչպես՝ Զարմանալի ազնիվ մարդ է հայրս։ Անպատկերացնելի խոհեմ զորավար էր Վարդանը։

Չեն տրոհվում նաև այն բազմակի որոշիչները, երբ՝

ա) Նրանցում մակբայները հանդես են գալիս որոշչի դերում և լրացնում են իրար։ Չափազանց շատ մարդիկ էին հավաքվել հրապարակում։ Այս անգամ բավականին քիչ «անբավարարներ» ես նշանակել։

բ) Երբ դերանունը (կամ դերանունները) ածականին (կամ ածականներին) է լրացնում՝ Ինչ մի բարի մարդ ես գտել։ Ոչ մի տարեց դասական գրող առանց հուշեր թողնելու չի հեռացել կյանքից։

Բազմակի լրացումներից պիտի տարբերել զուգաբայական հարադրությունները կամ զուգադրական բայերը (վազեց բերեց, մեռավ պրծավ, գնաց կորավ, առավ թռավ), որոնք միասնաբար ունեն շարահյուսական մեկ միավորի արժեք:

  1. Ա. Աբրահամյան. Բայը ժամանակակից հայերենում, Ե., 1962 թ., հ. 1։ Ա. Մարգարյան, Հայերենի հարադիր բայերը, Ե., 1966 թ.։