Jump to content

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասություն
ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ

Նախադասությունը, որպես հաղորդակցական միավոր, ունի և՛ առարկայական (օբյեկտիվ), և՛ ենթակայական (սուբյեկտիվ) բովանդակություն։ Առարկայական. Մասիսը մեր սիրո և կարոտի մարմնացումն է։ Երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը: Անձրևը հետզհետե դադարեց։ Ծառերը կանգնած են հերոսների պես։ «Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով, և դուք կքաղցեք ճոխ սեղանների մոտ» (Ավ. Իս.)։ Ենթակայական. Ի՜նչ հրաշալի է գարնանային առավոտը, ջա՜ն: «Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ...» (Հ. Թ.)։ «Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ» (Վ. Տ.)։ Չորս հարյուր հիսունմեկ թվական... Մայիսի քսանվեց... Ավարայրի ճակատամարտ... Բերված նախադասությունները և՛ նման են իրար, և տարբեր են միմյանցից։ Նման են մեկ հիմնական հատկանիշով՝ միտք արտահայտելով՝ ստորոգում ունենալով: Տարբեր են իրենց գլխավոր և երկրորդական անդամների առկայությամբ ու բացակայությամբ, պարզությամբ ու բարդությամբ, համառոտությամբ ու ընդարձակությամբ, մտքերի կոնկրետությամբ։ Ուրեմն՝ նախադասության համար կարևոր չեն այդ տարբերությունները. ամենաանհրաժեշտն այն է, որ նա ունենա ստորոգում: Երկրորդ՝ նախադասության ամենակարևոր հատկանիշներից մեկն էլ հնչերանգային ավարտվածությունն է։ Հիրավի, հանձնվել, լռություն և սրանց նման հազարավոր միավորներ բառային մակարդակում բառույթներ են, ձևաբանականում՝ բայ (դերբայ) և գոյական, մինչդեռ շարահյուսականում՝ նախադասություններ, եթե դրանցով միտք ես արտահայտում (— Հանձնվե՜լ,.. Լռությո՛ւն, ընկերնե՛ր)։ Այո՛, սրանք, նախադասություն դառնալու համար, ձեռք բերեցին որոշակի առոգանություն և հնչերանգային ավարտվածություն։ Այս հատկանիշները շատ կարևոր (պարտադիր) են նաև բարդ նախադասությունների համար։ Ըստ որում, եթե հնչերանգային դադարն ավարտվի բարդ նախադասության որևէ բաղադրիչից հետո, ապա բարդությունը կքայքայվի։ Ավելի՛ն. բարդ նախադասությունը հենց այդպիսին է իր կազմի մեջ մտնող բաղադրիչ-նախադասությունների մտային (ստորոգային) կապերի միասնությամբ ու հնչերանգային «համատեղ» ավարտվածությամբ: Այսպես, օրինակ՝

Եթե ուզեն, արևներին նոր տեմպ կտան ու նոր ուղի,
Եթե ուզեն, վայր կբերեն երկինքներից արեգակներ... (Ե.Չ.)

Կամ՝

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը՝ լավ եմ տեսել ես: (Հ.Թ.)

Հեշտ է նկատել, որ բերված օրինակներում նախադասությունները իրենց բաղադրիչներով թե՛ տրամաբանորեն, թե ՛քերականորեն, թե՛ առոգանությամբ ու շարադասությամբ, թե՛ հնչերանգով սերտորեն կապված են միմյանց հետ։ Բավական է հնչերանգն ավարտել, ասենք, որևէ նախադասությունից հետո (երկրորդական կամ համադաս), ընդհանուր միտքը կա՛մ կխաթարվի, կա՛մ անորոշ կդառնա։

Նախադասության մյուս կարևոր հատկանիշը նրա անդամների յուրահատուկ դասավորությունն է՝ շարադասությունը։ Օր՝. Իմ տնտեսության մասին գրված հոդվածը մեծ աղմուկ առաջ բերեց: Այստեղ կարելի է մտածել երկու բան՝ «Իմ տնտեսության»... և ...«իմ հոդվածը»: Որոշակիացնելու համար իմ-ը պիտի գործածվի կա՛մ նախադասության սկզբում, որպեսզի ստեղծի «իմ տնտեսության» հատկացուցիչ հատկացյալի կապակցություն, կա՛մ հանդես գա բութով (իմ՝ տնտեսության...), որպեսզի նշանակի «իմ գրած հոդվածը»: Սակայն վերջինս «ապահովելու համար» իմ-ը պարզապես պիտի դնել իր տեղում (Տնտեսության մասին գրված իմ հոդվածը...)։ Կամ՝ Շատ բարկացած ուսուցիչը արագ մոտեցավ աշակերտին. բավական է՝ ընդգծվածը դրվի ուսուցիչը բառից հետո, և կփոխվի նախադասության միտքը։ Այսպիսով՝ որպեսզի նախադասության միտքը լինի որոշակի, հարկավոր է հետևողականորեն պահպանել նրա անդամների շարադասությունը լրացում-լրացյալների, կոչականների, միջանկյալ բառերի իսկական տեղը և այլն։ Նախադասությունների համար խիստ կարևոր է նաև խոսքային միջավայրի հաշվառումն ու ճիշտ գնահատումը։ Օրինակ՝ Սամվելը սպանեց իր դավաճան ծնողներին։ Մարդիկ, որոնք դեմ էին դուրս եկել վիրավոր հայրենիքին ու ժողովրդին։ Վարդանը երեսանց ուրացել էր հայրենիքը, որպեսզի փրկեր իր անձը։ Որպեսզի ժամանակ շահեր՝ Հայասատանում գլխավորելու խմորվող շարժումները[1], որոնք հետզհետե լայնորեն ծավալվում էին։

Ընդգծվածներից առաջինը (մարդիկ) գլխավոր նախադասություն է իսկ երկրորդը՝ ստորադաս։ Խոսքային միջավայրի դերը շատ կարևոր է նաև թերի նախադասությունների ու բառ-նախադասությունների համար։ Այսպես.

— Ո՞ւր ես գնում, Հասմի՜կ։

Կինո:

— Իսկ դասերդ պատրաստե՞լ ես։

Այո՛:

Ուրեմն՝ նախադասության կարևորագույն հատկանիշներն են ստորոգումը, հնչերանգային ավարտվածությունը, շարադասությունը, խոսքային միջավայրը։

Այսպիսով՝ նախադասությունը ստորոգումով ու հնչերանգային ավարտվածությամբ ձևավորվող հաղորդակցական փոքրագույն միավորն է։

  1. Խրախուսելի չէ խոսքում ստորադաս նախադասության ինքնուրույն գործածությունը։