Jump to content

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Ստորադաս (երկրորդական) նախադասությունների շարահյուսական պաշտոնները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Ստորադաս (երկրորդական) նախադասությունների շարահյուսական պաշտոնները
ՍՏՈՐԱԴԱՍ (ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ) ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Ստորադաս (երկրորդական) նախադասությունները բացի պարզ ստորոգյալից կարող են կատարել շարահյուսական այնպիսի պաշտոններ, որպիսիք հատուկ են պարզ նախադասության անդամներին։ Այդ պաշտոնները գտնելու համար ամենից առաջ հարկավոր է զգալ գերադասի ու ստորադասի քերականական-լրացական կապը, իմանալ գերադասի «պահանջը»։

Երկրորդ՝ պետք է հարց տալ գերադաս նախադասությանը։ Օրինակ՝ Գագիկն ասաց (ի՞նչ), որ ինքը մեկնելու է ճամբար: Տղաները գնացին Մոսկվա (ինչո՞ւ), որպեսզի մասնակցեն օլիմպիադային: Ես խուսափում եմ նրանից (ումի՞ց), ով ծույլ է ու անաշխատասեր: Ըստ որում, հարց տալիս, անշուշտ, պետք է նկատի ունենալ ստորադասի միտքը, հաղորդակցության նպատակը, գերադասի հետ ունեցած որոշակի հարաբերությունը։ Այսպես.

ա) Ես սիրում եմ նրան, որովհետև ազնիվ մարդ է:

բ) Ես սիրում եմ նրան, ով աշխատում է ազնվաբար:

գ) Ես սիրում եմ նրան, երբ անկեղծ է խոսում:

դ) Ես սիրում եմ նրան, որպեսզի շահեմ նրա համակրանքը:

ե) Ես սիրում եմ նրան, չնայած միշտ անտարբերություն եմ զգում իմ նկատմամբ:

Ընդգծված ստորադասները համապատասխանաբար կատարում են հիմունքի պարագայի, ուղիղ խնդրի, ժամանակի պարագայի, նպատակի պարագայի և զիջման (հակառակ հիմունքի) պարագայի պաշտոններ։

Ավելացնենք, որ նույն գերադասին կարող են ստորադասվել նաև այլ պաշտոնի նախադասություններ։

Երրորդ՝ պետք է նկատի ունենալ, թե ինչ հարաբերություններ են արտահայտում ստորադասական շաղկապներն ու հարաբերական դերանունները։ Սովորաբար երբ, հենց, հենց որ, մինչև (որ), մինչդեռ, քանի դեռ և այլ շաղկապներ պայմանավորում են ժամանակի պարագա երկրորդական նախադասություն, որովհետև-ը՝ պատճառի-հետևանքի պարագա, որպեսզի-ն նպատակի, եթե, թե (որ)՝ պայմանի, իսկ չնայած (որ), թեև, թեպետ, թեկուզ, որքան էլ, փոխանակ և այլն՝ զիջման պարագա և այլն:

Չորրորդ՝ պետք է նկատի ունենալ, թե ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում հարաբերյալները և հարաբերականները միմյանց նկատմամբ (նա... ով, այն... ինչ, այնքան... որքան, այնքան... ինչքան, այնպես... ինչպես, այնտեղ... որտեղ, նրանից... ումից, նրանով... ումով, նրան...ում(ով), այնպիսին... ինչպիսին)։ Օրինակներ՝ Ինչպես կպատասխանես, այնպես էլ կստանաս (ձևի պարագա)։ Այնքան աշխատեց, որքան պահանջվում էր(չափի պարագա)։ Գնացել է այնտեղ, որտեղ սպասում էին ընկերները(տեղի պարագա)։ Հյուրասիրում եմ նրանով, ինչով մեծարում են պատվարժան մարդկանց(միջոցի անուղղակի խնդիր)։

Հինգերորդ՝ պետք է նկատի ունենալ, թե ստորադաս նախադասությունը գերադասի հետ քերականորեն ինչպես է կապվում և նրա ո՛ր անդամի՝ գոյակա՞ն, թե՞ բայական անդամի լրացումն է։ Այսպես. Այնքան մարդիկ են հավաքվել, որքան երբեք չեմ տեսել: Այն օրը, երբ քեզ տեսա, տխուր էիր շատ: Ընտանի կենդանիները, ինչպես շունը, ոչխարը, կովն են, մարդու դարավոր բարեկամներն են: Այս և շատ այլ նախադասություններում եղած շաղկապական միջոցները (այնքան, երբ, ինչպես) արտահայտում են չափի, ժամանակի և ձևի իմաստ։ Այնուհանդերձ, ընդգծվածի ստորադաս նախադասություններր կատարում են որոշչի պաշտոն, որովհետև քերականորեն լրացնում են մարդիկ, օրը և կենդանիները գոյականներին։

Վեցերորդ՝ այս բոլորից բացի ստորադաս նախադասությունը ճիշտ գտնելուն մեծապես օգնում է նրա պարզեցումը։ Դա հեշտացնում է ստորադասի պաշտոնը ստույգ որոշելն ու գտնելը։ Օրինակ՝ Մենք մտանք գրադարան, որպեսզի ընթերցենք (Մենք մտանք գրադարան՝ ընթերցելու կամ ընթերցելու նպատակով): Խուսափիր նրանից, ով անազնիվ է (Խուսափիր անազնիվից): Ով համարձակ է, նա էլ հաղթում է (Համարձակն է հաղթում)։ Աշխատանքային հունի մեջ մտավ՝ հռչակը միանգամից տարածվեց (Աշխատանքային հունի մեջ մտնելուն պես կամ մտնելուց հետո՝ մտնելու հետ միաժամանակ հռչակը միանգամից տարածվեց... )։

Յոթերորդ՝ պակաս կարևոր չէ նաև գերադաս նախադասության բաց-ստորոգյալի սեռի որոշումը, օրինակ՝ ներգործական սեռի բայ-ստորոգյալը պահանջում է ուղիղ խնդիր ստորադաս նախադասություն, հեռանալ, զատվել, պոկվել, առանձնանալ, մեկուսանալ, բաժանվել, շեղվել և նման բայեր՝ անջատման, պարծենալ, հպարտանալ ու այլ իմաստ ունեցող բայեր միջոցի անուղղակի խնդիր են պահանջում։ Ստորադաս նախադասությունները, ինչպես հայտնի է, կատարում են զանազան շարահյուսական պաշտոններ։ Նրանք լինում են՝

Ենթակա.— Գերադաս նախադասությունը այս դեպքում հաճախ անենթակա է լինում։ Օրինակ՝ Երևում է, որ լավ է նախապատրաստվել քննությանը:

Երբ գերադասն անենթակա նախադասություն է, և նրա բայ-ստորսգյալը ներգործական սեռի է, ստորադասը կատարում է ուղիղ խնդրի պաշտոն. «Ասում են՝ ուռին աղջիկ էր ինձ պես...» (Հ. Թ.)։ Այլ օրինակներ՝ Թվում է, թե նրանք տեղ հասած կլինեն: Պարզվեց, որ Արտակը փոխադրվել է իններորդ դասարան: Լավ է, երբ ինձ հասկանում եք։ Հավանական է՝ եկել ու հանգստանում է:

Պատահում է, սակայն, որ գլխավոր է մեջ առկա է լինում ձևական ենթական (ցուցականը), որը երկրորդականի պարզումից հետո կրճատվում է. Խոսում է նա, ով երեկ ժամանել է Երևան (Խոսում է երեկ Երևան ժամանածը)։ Կատարվում է այն, ինչ հանձնարարել է ուսուցիչը (Կատարվում է ուսուցչի հանձնարարածը)։

Ստորոգելիական վերադիր լինում է այն դեպքում, երբ գերադաս նախադասության ստորոգյալի ստորոգելիական վերադիրը ցուցական, մասամբ էլ հարցահարաբերական դերանուն է։ Օրինակ՝ Պարգևատրվածները նրանք են, ովքեր կանգնած են դահլիճի բեմահարթակում (Պարգևատրվածները դահլիճի բեմահարթակում կանգնածներն են), Իմ խնդրանքն այն է, որ երեխային ճիշտ դաստիարակեն (Իմ խնդրանքը երեխային ճիշտ դաստիարակելն է), Գիրքը սա՞ է, որ երեկ փնտրում էիր։ Զանգահարողն ո՞վ էր, որ ներս չի մտնում։ «Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց…» (Հ.Թ.)։ «Եվ ի՜նչ է կինը՝ առնախանձ մի սարդ…» (Ավ. Իս.)։

Անշաղկապ կապակցությունները քիչ են գործածվում, իսկ, ինչպես նկատելի է, հարցական երանգների դեպքում ստորոգելիական վերադիր երկրորդականը չի պարզվում (կամ հակառակ դեպքում խճողվում է նախադասության միտքը)։ Այն էլ նշենք, որ երբ գլխավորի ստորոգելիական վերադիրը խնդիր կամ պարագա է, երկրորդականը այդ պաշտոններն է կատարում (Գիրքը այնտեղ է, որտեղ դրել ես…)։

Որոշիչ.— Գլխավոր նախադասության որևէ գոյական անդամի էությունը տարբեր կողմ երից որոշող ստորադաս նախադասությունը կատարում է որոշչի պաշտոն։ Ընդ որում, շատ հաճախ գլխավորի գոյականների հետ գործածվում են ձևական այս, այդ, այն, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան (այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ), այսօրինակ, այդօրինակ, այնօրինակ (մարդիկ), երբեմն էլ սույն, նույն, միևնույն (աշակերտները), ցուցականները, որոնք ավելի են ընդգծում երկրորդականի. շարահյուսական պաշտոնը։ Այն մարդիկ, ովքեր աշխատասեր են, սիրվում են շրջապատից։ Այնպիսի հերոսներ, ինչպիսիք Հունանն ու Ջահանն են, երկար կապրեն մեր սրտում։ Այնքան քարեր էին կուտակված, որ դժվար էր հաշվել: Մեկնեցի այն գյուղը, որտեղ ծնվել էր Ջահան Կարախանյանը: Այն նույն գիշերը, երբ սկսվեց պատերազմը, նա կամավոր մեկնեց ճակատամարտի։ «Մարդ կա աշխարհն է շալակած տանում, մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի» (Պ. Սևակ)։

Հատկացուցիչը քիչ գործածական է։ Հատկացուցիչ ստորադաս նախադասությունն արտահայտում է գերադասի գոյականական անդամի պատկանելությունը, վերաբերությունը և այլն։ Գերադասում սովորաբար գործածվում է նաև հարաբերյալ, որը ձևականորեն կատարում է հատկացուցչի դեր։ Օրինակ՝ Սիրում եմ նրա բնավորությունը, ով անկեղծ մարդ է (Սիրում եմ անկեղծ մարդու բնավորությունը)։ Դարձյալ լսում ենք նրանց երգը, ովքեր եկել էին Երևանից (Դարձյալ լսում ենք Երևանից եկածների երգը)։ «Ջիգյարին գյուլլա դիպչի, ով որ քեզ սիրի, աղջի՛կ»(Հ.Թ.)։

Բացահայտիչ ստորադաս նախադասությունը մեկնաբանում-պարզաբանում է գերադասի գոյականական անդամի ով կամ ինչ լինելը։ Գերադասի ենթակաները հաճախ անձնական դերանուններ են լինում կամ գոյականներ, որոնք ստորադաս նախադասությունների հետ կապակցվում են ով, ինչ, որ և այլ հարաբերական բառերով։ Օրինակ` Մենք, որ Ձեր աշակերտներն ենք, չենք մոռանա Ձեզ։ Դու, որ երեկվա մանուկն ես, մեծ-մեծ խոսելու իրավունք չունես։ Նարեկացին, որ հայ Վերածննդի հիմնադիրն է, հավերժ կապրի։

Մասնավորեցնող բացահայտիչները կոնկրետացնում են գերադասի տեղի ու ժամանակի պարագայի արտահայտած իմաստները։ Օրինակ` Վաղ առավոտյան, երբ աքաղաղը դեռ չէր կանչել, դուրս եկանք տնից։ Գյուղից այն կողմ, որտեղ տարածվում էին հանրային դաշտերը, այժմ նոր քաղաքի հիմքն են գցում։

ԽՆԴԻՐՆԵՐ

Ուղիղ խնդիր լինում է այն դեպքում, երբ գլխավոր նախադասության բայ-ստորոգյալը ներգործական սեռի է և կրող խնդիր է պահանջում։ Ընդ որում, այս պարագայում գերադասում հաճախ լինում են հարաբերյալ-ձևական ուղիղ խնդիրներ (այս, այդ, այն, այն ամենը, այն բանը, այն բոլորը, այն ամենքին և այլն)։ Օրինակներ՝ Շատ եմ սիրում, երբ ինձ հետ մարդիկ վերաբերվում են ճիշտ ու ազնվաբար: Քիչ առաջ իմացանք, որ ճամբար են մեկնել մեր դասարանցիները: Նրանք գնեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ճամբարի համար: Հեռացրին բոլոր նրանց, ում անունները գրված չէին ցուցակում: Գիտեմ՝ քեզ չեն մեղադրի: Ասում են՝ տղաները վերադարձել են դաշտից:

Ասացական, իմացական, մտածական և այլ բայեր, համապատասխան իրենց իմաստին (բնույթին), կարող են նաև վերաբերության խնդիր առնել (իմացանք, մտածում ենք, գիտենք, պատմում էին... Ի՞նչ և ինչի՞ց՝ ինչի՞ մասին):

Հանգման և մատուցման խնդիր լինում է այն դեպքում, երբ գերադաս նախադասությունը գերազանցապես ունենում է ձևական հանգման և մատուցման խնդիրներ (սրան, դրան, նրան, այն բանին, այն ամենին և այլն)։ Օրինակներ՝ Մենք ողջունեցինք նրանց, ովքեր եկել էին մեր հանդիսավոր երդմանը։

Պարտական ենք այն բոլորին, ում համար պայքարել ենք։
Սպասում էինք՝ գուցե հիմա՞ վերադառնա Արայիկը:
Հավատում եմ՝ կգաս ժամանակին ու կկատարես խոստումդ:
Գիրքը հանձնեցի նրան, ով իմ հայոց լեզվի ուսուցիչն է եղել:
Ծաղկեփունջը նվիրեցի բոլորին, ովքեր կանգնած էին բեմահարթակին:

Հանգման խնդրի տարատեսակ է դիտվում նաև, այսպես կոչված, շահի անուղղակի խնդիրը (Խնջույք կազմակերպեցինք նրանց պատվին, ովքեր հերոսացել էին պատերազմում: Ծաղիկները բերել էին նրա համար, ով մրցույթում աոաջին տեղն էր գրավել):

Անջատման խնդիր ստորադաս նախադասության դեպքում գերադաս նախադասության մեջ գերազանցապես լինում են ձևական անջատման խնդիր հարաբերյալներ` ցուցական դերանուններ։ Մնացած դեպքերում այդ պաշտոնը որոշվում է անջատման անուղղակի խնդիր պահանջող բայերի միջոցով։ Օրինակ՝ Հեռացիր նրանից, ով փոքրոգի է: Փախչում եմ այն ամենից, ինչ տեսել եմ հայրենադարձության ճանապարհին: Հեռանում եմ՝ չլինի՞ դարձյալ խանգարի ինձ:

Ի դեպ, կարող է զեղչված լինել նաև հարաբերյալը (Թոթափվիր՝ ինչից կարող ես: Բեռնաթափվիր, ինչը կարող է քեզ անհանգստացնել):

Միջոցի խնդրի դեպքում գերադաս նախադասության հարաբերյալը սովորաբար արտահայտվում է ցուցական դերանվան գործիական հոլովով է (սրանով, դրանով, նրանով, սրանցով, այն ամենով, այն բոլորով…)։ Արտակը հպարտանում էր այն ամենով, ինչ ուներ: Գրիր նրանով, ինչով կարող ես:

Պատահում է, որ զեղչվում է հարաբերյալը. Հյուրասիրեցի՝ ինչ կար մեր տանը: Փորում է՝ ինչով կարողանում է: Դժվար չէ նկատել, որ այս և մյուս դեպքում միջոցի անուղղակի խնդիրը պայմանավորվում է նաև գլխավորի բայ-ստորոգյալի բառիմաստով (խնդրառությամբ)։

Ներգործող.— Հայտնի է, որ այս խնդիրը հաճախ կոչվում է կրավորական սեռի, որովհետև գերազանցապես գործածվում է կրավորական սեռի բայերի հետ։ Ներգործող խնդիր ստորադաս նախադասությունը ցույց է տալիս այնպիսի իրողություն, որից գործողությունն անցնում է գերադասի ենթակային։ Ընդ որում, գերադասում գերազանցապես գործածվում են բացառական հոլովով դրված ձևական ներգործող խնդիր հարաբերյալներ՝ նրանից, նրանցից, նրանց կողմից և այլն։ Այդ հարաբերյալները երբեմն էլ դրվում են գործիական հոլովով՝ նրանով, նրանցով, այն ամենով և այլն։ Օրինակներ՝ Ուսուցիչը հարգվում է նրանց կողմից, ովքեր իր աշակերտներն են: Թշնամին պարտվեց նրանցից, ումից միշտ երկյուղել է: Պարտեզը ծածկվեց այն ամենով, ինչ ցանկանում էի աճեցնել:

Պատահում են, սակայն, դեպքեր, երբ գլխավորի բայ-ստորոգյալը կրավորական սեռի չէ, բայց ստորադասը կատարում է ներգործող պաշտոն։ Օրինակ` Երեխան ամաչում է նրանցից, ովքեր նայում են իրեն:

Արտակը վախենում էր նրանից, ով դիմակով էր:

Վերաբերության անուղղակի խնդրի դեպքում գերադաս նախադասության մեջ հաճախ լինում են այդ պաշտոնը ձևականորեն կատարող հարաբերյալները՝ սրանից, դրանից, նրանից, սրանցից, նրանցից, այն ամենից, այն բոլորից... ինչպես նաև՝ այդ հարաբերյալների սեռական հոլովով և մասին, վերաբերյալ, շուրջ ու վերաբերական մյուս կապերով կազմված կառույցներ։ Ըստ որում, գերադասի բայ-ստորոգյալները լինում են հիմնականում ասացական բայեր։ Օրինակ՝ Մենք զրուցում էինք նրանից, թե երբ է աշխարհում լինելու կայուն խաղաղություն: Վետերանները խոսում էին նրանց մասին, ովքեր ընկել էին պատերազմի դաշտում: Ուսուցիչը հանձնարարեց շարադրություն գրել, թե ով ինչպես է պատկերացնում գեղեցիկը:

ՊԱՐԱԳԱՆԵՐ

Ժամանակի.— Ժամանակի պարագա ստորադաս նախադասությունը հեշտորեն զանազանվում է շաղկապներով ու շաղկապական բառերով՝ երբ, հենց, քանի (որ), քանի դեռ, մինչ, մինչև, որ, թե չէ և այլն։ Օրինակ՝ Երբ գալիս ես դասի, նա միշտ հետևում է քեզ։ Սուրենը, քանի դեռ չէր անցել աշխատանքի, գործնական մարդու տպավորություն չէր թողնում։ Դռները միշտ փակ պահեք, հենց որ քամի բարձրանա:Դրուժինայի նախագահ նշանակվեց՝ բնավորությամբ ավելի համակրելի մարդ դարձավ։ Տեղ հասնեմ՝ նամակ կգրեմ քեզ:

Նշենք նաև, որ անշաղկապ կապակցությունները ավելի շատ հատուկ են ժողովրդախոսակցական լեզվին։

Տեղի. ― Լինում է այն դեպքում, երբ բարդ ստորադասական նախադասության մեջ սովորաբար առկա են այնտեղ... որտեղ, այնտեղից...որտեղից, այնտեղ... ուր, այնտեղով... որտեղով և այլ հարաբերյալ-հարաբերական բառերը։ Օրինակ՝ Մեր ջոկատը գնաց այնտեղ, որտեղ պիոներները վրաններ էին խփել: Գունդը շարժվեց այնտեղով, որտեղով անցել էր Թամանյան դիվիզիան: Այնտեղ, ուր մեկնել էին զինվորները, հսկում էին արծվատես սահմանապահները։ Փախստականները հեռացան՝ որտեղից եկել էին:

Այսպիսի շարահարական կառուցվածքները առավելապես հատուկ են ժողովրդախոսակցական լեզվին։

Ձևի.- Լինում է այն դեպքերում, երբ բարդ ստորադասական նախադասության մեջ սովորաբար առկա են այնպես... ինչպես, այն ձևով... ինչպես որ և նման հարաբերյալ-հարաբերականները։ Օրինակներ՝ Աղջիկն այնպես խոսեց, ինչպես սովորեցրել էինք։ Արտակն այնպես է աշխատում, ինչպես կարգադրված էր:

Նման դեպքերում հաճախ էլ գործածվում են ասես, կարծես և նման այլ եղանակավորող բառեր, ինչպես՝ Հասմիկն այնպես է քայլում, ասես սիրամարգ լինի: Նա այնպես է խոսում, կարծես ոչինչ չգիտի:

Չափի.— Լինում է այն դեպքերում, երբ բարդ ստորադասական նախադասության մեջ սովորաբար առկա են այնքան... որքան, այնչափ... որչափ, այն աստիճան... որ, այնքան... որ հարաբերյալ-հարաբերականները։ Օրինակ՝ Նա այնքան աշխատեց, ինչքան պետք էր իրեն։ Արամն այն աստիճան քրտնել էր, որ ասես լողացած լիներ։

Պատճառի.— Պատճառի պարագա ստորադաս նախադասությունները գերադասի հետ սովորաբար կապվում են որովհետև, քանի որ, քանզի, ինչ է թե (թե ինչ է), մանավանդ որ և այլ շաղկապներով, ինչպես, օրինակ՝ Որովհետև սաստիկ հոգնած էր, տուն հասնելուն պես պառկեց ու քնեց։ Քանի որ հիվանդ էր, աշխատանքի չգնաց։ «Ես ներում եմ քեզ, ներում եմ էլի, Քանզի խեղճ ես դու և ոչ թե չար» (Ե․Չ․)։

Պատճառի պարագա ստորադաս նախադասություններում երբեմն էլ գործածվում են նրա համար, այն պատճառով կապային կառույցները, որոնք, սակայն, հիմնականում հանդես են գալիս ժողովրդախոսակցական լեզվում, ինչպես՝ Նրա համար եմ զայրանում, որ քո մասին բոլորովին չես մտածում:

Այսպես էլ՝ անշաղկապ կառուցվածքները՝ «Տանը խռովել էր՝ հանդում մոշ չէր ուտում», «Արտը՝ խախուտ, մանանան՝ կարկուտ» և այլն։

Նպատակի.— Նպատակի պարագա ստորադաս նախադասությունների գերադասների հետ սովորաբար կապակցվում են որպեսզի, որ շաղկապներով, ինչպես նաև անշաղկապությամբ։ Օրինակ՝ Ամեն ջանք գործադրում էր, որպեսզի նպատակին հասնի: Մտանք պարտեզ, որպեսզի թարմանանք: Նստեցի դասախոսության, որ այն սղագրեմ: Մտան խանութ՝ ծխախոտ գնեն ու շուտ վերադառնան:

Հիմունքի.— Հիմունքի պարագա ստորադաս նախադասությունները գերադասների հետ կապակցվում են հիմնականում որովհետև, որ, չէ՞ որ, քանի որ, մանավանդ որ շաղկապներով։ Օրինակ՝ Արամը «գերազանցներ» էր ստանում, որովհետև ամեն օր հետևողականորեն աշխատում էր: Քանի որ կնքված էին փաստաթղթերը, մենք նրա գոոծն ընդունեցինք։ Որ շատ լավ էր աշխատում, մենք նրան հարգում էինք: Քանի որ խոսք եմ տվել, չեմ կարող մերժել նրա խնդրանքը:

Սակավ դեպքերում հիմունքի պարագա ստորադաս նախադասություններում գործածվում են որքան, որքանով (որ), ինչպես դերանունները: Օրինակ՝ Որքան գիտեմ, նա դեռ չի վերջացրել համալսարանը, Ինչպես հայտնի է, երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը, Ինչքան ես գիտեմ, Արամն արդեն աշխատում է։

Սրանք գործածական են հատկապես ժողովրդախոսակցական լեզվում: Այսպես էլ շարահարական կառուցվածքները, ինչպես՝ Բոլոր չափահասները մեկնեցին բանակ՝ ծանուցագրեր էին ստացել[1]։

Հակառակ հիմունքի (զիջման).— Այս պաշտոնը կատարող ստորադաս նախադասությունները գերադասի հետ կապակցվում են թեև, թեպետ, թեպետև, փոխանակ, թեկուզ, թեկուզև, չնայած որ, որքան էլ, էլ, ինչքան էլ և այլ շաղկապներով։ Օրինակ՝ Չնայած որ սաաոիկ հոգնած էր, այդուհանդերձ աշխատում էր սրտով ու ավյունով։ Թեև դպրոց դեռ չէի գնում, բայց վարժ կարդում էի։ Որքան էլ զբաղված էի լինում, ժամանակ էի գտնում՝ կարդալու օրվա թերթերը։ Մենք նրան շատ էինք սերում, թեկուզև մեր նկատմամբ ինքն անտարբեր էր: Որքան էլ խնդրեինք, չէր լսում մեր աղաչանքները։ Փոխանակ դասերը պատրաստի, անընդմեջ զբաղվում էր ֆուտբոլ խաղալով։

Այսպիսի ստորադաս նախադասությունները գերադասի հետ երբեմն էլ գործածվում են շարահարությամբ։ Օրինակ՝ Ասես կամ չասես, մեկ է, չի լսում քեզ։ Լավ էր նախապատրաստվում՝ անհաջողություն էր կրում, անպատրաստ էր ներկայանում՝ արդյունքի էր հասնում։

Սրանք գործածական են ժողովրդախոսակցական լեզվում։

Պայմանի.— Պայմանի պարագա ստորադաս նախադասությունները գերադասների հետ կապակցվում են հիմնականում եթե, թե, թե որ, եթե միայն, քանի, քանի դեռ, քանի որ, որ և այլ շաղկապներով։ Օրինակ՝ «Եթե ուզեն, արևներին նոր տեմպ կտան ու նոր ուղի» (Ե. Չ.)։ Այսօր, քանի որ շատ ցուրտ է, պիտի հագնես վերարկուդ։ Խոստումդ կկատարեմ, միայն թե ինձ լավ լսիր: Քանի որ դասերը չեն սկսվել, Արմենը արձակուրդից չի վերադարձել։

Պայմանի պարագա ստորադաս նախադասությունը երբեմն էլ գերադասի հետ կապակցվում է շարահարությամբ, ինչպես՝ Հարցնես՝ կպատասխանի, չխոսես՝ լուռ կնստի ու կմնա։ Տաս՝ կուտի, չտաս՝ ոչինչ չի պահանջի։ Լավ աշխատես՝ արդյունքի կհասնես, չաշխատես՝ ոչինչ չես ստանա։ Այսպիսի նախադասությունները ևս մեծ մասամբ գործածական են ժողովրդախոսակցական լեզվում։

Հետևանքի.— Ի տարբերություն մյուս ստորադաս նախադասությունների, հետևանքի պարագա ստորադաս նախադասությունները լրացնում են գերադասների ոչ թե այս կամ այն անդամին, այլ՝ ամբողջ գերադաս նախադասությանը։ Թերևս սա է պատճառը, որ Մ. Աբեղյանը այդպիսի կառուցվածքները համարում է «համադաս խոսքեր»:[2]

Արդի սովետահայ լեզվաբանությունը, սակայն, հետևանքի պարագա ստորադաս նախադասությունները գնահատում է իբրև ոչ թե «համադաս», այլ՝ «ստորադաս խոսքեր»։[3]

Հետևանքի պարագա ստորադաս նախադասությունները ցույց տալիս այնպիսի գործողություն կամ եղելություն, որ բխում է գերադասի արտահայտած իրողությունից՝ իբրև նրա հետևանք՝ նրա հետ կապակցվելով ուստի, ուստի և, հետևաբար, հետևապես, ուրեմն, ուրեմն և, այնպես որ և այլ շաղկապներով։ Օրինակ՝ Քննությունները մոտենում են, հետևաբար անհրաժեշտ է լավ նախապատրաստվել: Նարինեն քննական հարցերին հիանալի պատասխանեց, ուստի ստացավ «գերազանց» գնահատական։

Այժմ չես գոհացնում մեզ, այնպես որ դեռ շատ պիտի աշխատես: Գյուղացին տարին բոլոր աշխատեց, փորեց, ժամանակին ցանեց, մշակեց, հողը, որից ստացավ բարձր բերք:

  1. Այսպիսի ստորադաս նախադասությունները գերադասներից բաժանվում են նաև միջակետով։
  2. Մ.Աբեղյան, Հայոց լեզվի տեսության Ե., 1965, 663-665։
  3. Տե՛ս Ն. Պառնասյան, Ստորադասական կապակցությունները արդի հայերենի բարդ նախադասություններում, Ե., 1961, Վ. Առաքելյան, Հայերենի շարահյուսություն, Ե, 1964, հ. 2, Բ. Վերդյան, Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն, Ե., 1970 և այլն։