Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Ստորոգյալ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Ստորոգյալ

Վիգեն Ավագյան

ՍՏՈՐՈԳՅԱԼ

Նախադասության գլխավոր անդամներից մեկն է ստորոգյալը, որով որևէ հատկանիշ հավասար հարաբերությամբ վերագրվում է ենթակային։ Ստորոգյալը սերտորեն կապվում է դիմավոր բայի հետ, որովհետև վերջինս նախադասության մեջ ստորոգյալ է լինում։ Օրինակ՝

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն (Հ. Թ.)։

Հասմիկն ուրախությունից պար է գալիս:

Մի դեպքում ստորոգյալը ներառնում է հատկանիշը, բայիմաստը, ստորոգումը (գնացի, խոսում եմ, ման է գալիս) և, արտահայտվելով որևէ խոնարհված բայով, կոչվում բայական պարզ ստորոգյալ, մի այլ դեպքում, արտահայտվելով այլ խոսքի մասով ու վերացական կամ էական բայով, կոչվում անվանական բաղադրյալ ստորոգյալ։ Բայական պարզ ստորոգյալն արտահայտվում է բոլոր հինգ եղանակների դրական և ժխտական խոնարհման պարզ ու բաղադրյալ ժամանակաձևերով, իսկ բաղադրյալ ստորոգյալն արտահայտվում է գոյականով, ածականով, թվականով, դերանունով, առարկայացույց ու հատկանշացույց դերանուններով և վերացական կամ էական բայերով։ Ընդ որում, պարզ ստորոգյալը պատասխանում է խոնարհված բայերին հատուկ հարցերին (ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ է արել, ի՞նչ է լինելու, ի՞նչ եղավ, ի՞նչ անի...), իսկ բաղադրյալ ստորոգյալը՝ նշված խոսքի մասերին հատուկ հարցերին (ո՞վ է, ի՞նչ է, ինչպիսի՞ն է, քանի՞սն է, ո՞րն է...)։